Միսս Տիեզերք (գեղեցկության մրցույթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միսս Տիեզերքից)
Միսս Տիեզերք
Միսս Տիեզերք գեղեցկության մրցույթի պատկերանշանը
Изображение логотипа
ՏեսակԳեղեցկության մրցույթ և կազմակերպություն
Երկիր Թաիլանդ և  ԱՄՆ
ԿարգախոսՎստահորեն գեղեցիկ (անգլ.՝ Confidently Beautiful)
ՀիմնադրվածՀունիսի 28, 1952
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք (նահանգ)
ՏարածաշրջանԱՄՆ
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն
Կարևոր անձինքՊաուլա Շուգարտ (սկսած 1997)
(նախագահ)
Վերադաս կազմակերպությունWilliam Morris Endeavor/IMG
Բյուջե100 միլիոն դոլար (տարեկան)
Կայքmissuniverse.com

Միսս Տիեզերք (անգլ.՝ Miss Universe), ամենամյա միջազգային գեղեցկության մրցույթ[1]։ Աշխարհի ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթներից մեկն է, որն ընդգրկվել է «Մեծ քառյակում»՝ «Միսս Աշխարհ», «Միսս Միջազգային» և «Միսս Երկիր» մրցույթների հետ միասին[2][3]։

«Միսս Աշխարհ», «Միսս Միջազգային», «Միսս Գրանդ Ինտերնացիոնալ», «Miss Supranational»-ի հետ միասին «Համաշխարհային գեղեցկություն» էջի կողմից ներառվել է «Մեծ սաղավարտի» (ռուս.՝ «Большой шлем») կազմում[4][5]։

Գլխադասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում։ 1996-2015 թվականներին պատկանել է Դոնալդ Թրամփին, որը մեքսիկացի արտագաղթյալների հետ սկանդալից հետո այն վաճառել է հոլիվուդյան գործարար Արի Էմանուելին։

Մրցույթն առաջին անգամ ցուցադրվել է ամերիկյան ազգային հեռուստատեսությամբ 1955 թվականին։ 1960 թվականին ցուցադրության վայրը Կալիֆորնիայից տեղափոխվել է Ֆլորիդա։ Մինչև 1971 թվականը մրցույթը տեղի էր ունենում ԱՄՆ-ում, իսկ 1972 թվականից՝ ամեն տարի նոր երկրում։

21-րդ դարի սկզբին մրցույթին միացան Չինաստանը (2002), Ալբանիան (2002), Վիետնամը (2004), Վրաստանը (2004), Եթովպիան (2004), Լատվիան (2005), Ղազախստանը (2006) և Տանզանիան (2007)։

2018 թվականի դեկտեմբերի 17-ից «Միսս տիեզերքի» տիտղոսը կրում է Ֆիլիպինների ներկայացուցիչ Կատրիոնա Գրեյը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-1960-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին «Միսս Ամերիկա» գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո Իոլանդա Բեթբեզեն հրաժարվեց ելույթ ունենալ մրցույթի գլխավոր հովանավոր «Pacific Mills» ընկերության կողմից արտադրված «Catalina» լողազգեստով։ Այդ պատճառով 1952 թվականին ընկերությունը հրաժարվեց «Միսս ԱՄՆ»-ին մասնակցելուց և կազմակերպեց «Միսս ԱՄՆ» այլընտրանքային ազգային մրցույթը, ինչպես նաև «Միսս Տիեզերք» միջազգային մրցույթը։

Հովանավորներ էին ամերիկյան «Pan Am» ավիաընկերությունը և «Universal Studios» կինոընկերությունը։ «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթն առաջին անգամ տեղի է ունեցել 1952 թվականի հունիսի 28-ին Կալիֆորնիայի նահանգի Լոնգ Բիչ քաղաքում։ Սկզբնական շրջանում այն նախատեսված էր լողափային նորաձևության խթանման համար․ մեկ ամիս շարունակ հավակնորդները գովազդում էին լողափային արտադրանք[6]։

Մրցույթը համակցաված էր «Միսս ԱՄՆ» ազգային տիտղոսին։ ԱՄՆ տարբեր նահանգներից ու քաղաքներից թեկնածուները պայքարում էին «Միսս ԱՄՆ» ազգային տիտղոսի համար, որը հնարավորություն էր տալիս մասնակցել «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին։ Աշխարհի տարբեր մասերից մրցույթին մասնակցողները մի քանի օր՝ մինչև «Միսս ԱՄՆ» մրցույթի եզրափակիչ փուլը, ապրում էին մրցույթի ամերիկյան մասնակիցների հետ։

«Միսս Տիեզերք» գեղեցկության կոչմանն առաջին անգամ արժանացել է տասնյոթամյա Արմի Կուսելան Ֆինլանդիայից։ Նա թագադրվել է Ռոմանովների արքայատոհմի պսակադրության խույրով։ Մրցույթին մասնակցում էին աշխարհի 30 երկրների ներկայացուցիչներ։

Մինչև 1957 թվականը մրցույթի կանոնները չէին արգելում մասնակցել ամուսնացած և երեխաներ ունեցող կանանց։ 1952 թվականին հաղթող Արմի Կուսելան ամուսնացավ՝ լինելով մրցանակակիր, սակայն պաշտոնապես չզրկվեց իր տիտղոսից։ Միակ խիստ կանոնը տարիքն էր․ մասնակիցները չպետք է լինեին 17 տարեկանից փոքր և 24 տարեկանից մեծ։

10 տարի շարունակ եզրափակիչ արարողության հաղորդավարը եղել է «CBS» ընկերության հեռուստալրագրող, նորությունների հաղորդավար Ջոն Չարլզ Դելին։

1950-ականներին երկու հաղթող եղել է ԱՄՆ-ից, երեքը՝ Եվրոպայից, մեկը՝ Ասիայից, իսկ երկուսը՝ Հարավային Ամերիկայից։

«Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթն առաջին անգամ հեռարձակվել է «CBS» հեռուստաալիքով 1955 թվականին։

1960 թվականին մրցույթը գնվեց «CBS» հեռուստաընկերության կողմից։ Նոր տերերը փոխեցին մրցույթի անցկացման վայրը, և 11 տարի շարունակ մրցույթն անցկացվեց Մայամի-Բիչում (Ֆլորիդա)։ Այդ ժամանակ էլ ստեղծվեց «Միսս Տիեզերք Կազմակերպությունը», որը միացնում է «Միսս ԱՄՆ» և «Միսս Տիեզերք» մրցույթները։ Մրցույթի տեղափոխումը բացասական գնահատվեց Լոնգ Բիչի իշխանությունների և նրա բնակիչների կողմից ֆինանսական կորուստների պատճառով։ Արդյունքում 1960 թվականին Լոնգ Բիչի քաղաքային խորհուրդը ստեղծեց նոր մրցույթ՝ «Գեղեցկության միջազգային համագումար», այնուհետև՝ «Միսս Միջազգային»։

1960-ականներին մրցույթի ձևաչափը ենթարկվեց փոփոխության. վերջնական փուլ անցնող մասնակիցների թվաքանակը կիսով չափ կրճատվեց, լավագույն հնգյակում հայտնվելու համար ժյուրին ընտրում էր 15 թեկնածուի։ Ներառվեցին «Միսս հանճար», «Միսս ֆոտոգենիկ» և «Ազգային լավագույն կոստյում» անվանակարգերը։

1966 թվականից եզրափակիչ արարողության հաղորդավարը ամերիկացի դերասան և լրագրող Բոբ Բարկերն էր։

1970-1980-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթն առաջին անգամ տեղի է ունեցել ԱՄՆ սահմաններից դուրս։ Հյուրընկալող երկիրը Պուերտո Ռիկո կղզի պետությունն էր։ 1972 թվականից մրցույթն ամեն տարի անցկացվում էր տարբեր երկրներում։

1974 թվականին Իսպանիայի ներկայացուցիչ, հաղթող Ամպարո Մունոսը զրկվեց թագից, քանի որ նախքան մեկամյա ժամկետի ավարտը նա խախտել էր պայմանագրի պայմանները՝ հրաժարվելով Ճապոնիա մեկնելուց։

1977 թվականին մրցույթում առաջին անգամ հաղթել է սևամորթ ներկայացուցիչը՝ Ժանել Կոմմիսիսիոնգը Տրինիդադ և Տոբագոյից։

1978 թվականին, պայմանավորված անհատական համակարգիչների ի հայտ գալով, մրցույթի ձևաչափը նորից փոփոխվեց։ 1970-ականներից սկսած՝ ընտրության գործընթացը արագացնելու նպատակով ժյուրին մրցույթի մասնակիցներին գնահատում էր հատուկ մշակված էլեկտրոնային տերմինալների միջոցով։ Վարկանիշը ցուցադրվում էր էկրաններին ժյուրիի կողմից արդեն սահմանված միջին գնահատականով։ Կիսաեզրափակչում տեղերի քանակը 12 էր։

Չնայած աճող հեղինակությանը՝ 1980-ականներին մրցույթը բախվեց ճգնաժամի։ Տևական նախապատրաստական փուլի պատճառով մրցույթը սկսեց երկարաձգվել։ Իրավիճակը դուր չեկավ հանդիսատեսին, և որոշվեց եզրափակչին նախապատրաստվելու շրջանը կրճատել մինչև 3 շաբաթ։ Նվազել էր նաև մրցույթի մասնակիցների թիվը․ 1987 և 1988 թվականներին մրցույթի մասնակիցների թիվը չհասավ նույնիսկ 70-ի։

1983 թվականին «Միսս Տիեզերք կազմակերպությունը» դեռահաս աղջիկների համար ստեղծեց «Երիտասարդ Միսս ԱՄՆ» (անգլ.՝ Miss Teen USA) գեղեցկության մրցույթը։

1987 թվականին փոխվեց մրցույթն անցկացնելու ժամանակաշրջանը՝ ամռանից դառնալով գարուն։

1990-2000-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսանա Ֆյոդորովա, Միսս Տիեզերք 2002

1990-ականներին մրցույթի մեջ տեղ ունեցան կարևոր փոփոխություններ։ Խորհրդային իշխանության վերակառուցման քաղաքականությունը ճանապարհ հարթեց ԽՍՀՄ-ի և հետխորհրդային տարածքի երկրների թեկնածուների համար։ Նոր դարաշրջանի արժեքները ազդեցին նաև «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի չափանիշների վրա։ Դիմողները պետք է ունենային մշակութային լայն աշխարհայացք, սրամտություն, հումորի զգացում։ Այժմ ֆիզիկական գեղեցկությունից բացի մասնակիցները մի քանի փուլով հարցազրույցի էին մասնակցում ժյուրիի հետ։ Թոփ 5-ը կրճատվեց մինչև թոփ 3, և ի հայտ եկավ նախնական փուլը (անգլ.՝ Preliminary Competition), որտեղ ժյուրիի մի մասը կիսաեզրափակչի մասնակիցներից ընտրում էր եզրափակչի թեկնածուներին։ Նախնական փուլը սովորաբար տեղի էր ունենում եզրափակչից մեկ շաբաթ առաջ։ Կարևոր էր նաև այն, որ 1994 թվականին լողազգեստի արտադրությամբ զբաղվող «Catalina’s» ընկերությունը հրաժարվեց հովանավորել մրցույթը։

1990-ականներից սկսած՝ փոփոխվեց մրցույթին մասնակցելու տարիքային շեմը։ Այժմ մրցույթին կարող էին մասանակցել 18-27 տարեկան աղջիկները։

1995 թվականի վերջին հովանավորներ չունենալու պատճառով մրցույթը հայտնվեց սնանկության եզրին։ Իրավիճակը կտրուկ փոխվեց 1996 թվականին, երբ մրցույթը գնեց ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը և տեղափոխեց Նյու Յորք[7]։ Կազմակերպությունը սկսեց ղեկավարել ամերիկացի պրոդյուսեր Փոլ Շուգարտը[8][9]։ Մրցույթի հաղթողը տիտղոսը ստանալուց հետո մի ամբողջ տարի մասնակցում էր գովազդային ակցիաներին, համարվում էր դեսպան ՄԻԱՎ-ի և կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում, այցելում տարբեր երկրներ՝ հանդիպելու այդ հիվանդություններով տառապող մարդկանց։

21-րդ դարի առաջին տարիներին մրցույթի ձևաչափային հայեցակարգը կրկին ենթարկվեց փոփոխության։ 1990-ականներին ճանաչում ձեռք բերած մոդելային բիզնեսի ոլորտը դարձավ հաղթողի ընտրելու կարևորագույն գործոններից մեկը։ Վերականգնվեց եզրափակչում լավագույն 5 հորիզոնականների սկզբունքը։

2002 թվականի մայիսին Պուերտո Ռիկոյում առաջին անգամ մրցույթի պատմության մեջ հաղթող ճանաչվեց ազգությամբ ռուս Օքսանա Ֆյոդորովան։ 2002 թվականի սեպտեմբերին Ֆյոդորովան զրկվեց իր կոչումից՝ պայմանագրի պայմանները չկատարելու պատճառով։ Նրա անունը հանվեց հաղթողների գրանցամատյանից, իսկ «Միսս Տիեզերք» տիտղոսը փոխանցվեց Պանամայի ներկայացուցչին՝ առաջին Վիցեմիսս Ժյուսթին Փասեքին։

2000-ականների առաջին կեսին որոշվեց մրցույթը կրկին անցկացնել ամռանը։

2003 թվականին «NBS» հեռուստաընկերությունը «CBS»-ից գնեց հեռարձակման իրավունքը, և որոշ ժամանակ անց մրցույթի եզրափակչի ցուցադրությանը ուղիղ հեռարձակմամբ միացավ իսպանալեզու «Telemundo» հեռուստաընկերությունը։

1996 թվականից «Միսս Տիեզերք» կազմակերպությունը դարձավ անկախ ապրանքանիշ՝ անձնական հաշվին ունենալով մի քանի միլիարդ ԱՄՆ դոլար։

2010-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիմենա Նավարետտե, Միսս Տիեզերք 2010

2011 թվականին կատարվեցին ընտրության հետ կապված նորամուծություններ։ Օնլայն քվեարկության միջոցով հեռուստադիտողները կարող էին ընտրել մեկ մասնակցի կիսաեզրափակիչ փուլին մասնակցելու համար։ Այսպիսով, կիսաեզրափակչի համար սկսեց ընտրվել 16 մասնակից։

2015 թվականին հապշտապ փոխվեց մրցույթի սեփականատերը։ Նույն տարվա հունիսին առաջադրվելով Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին՝ Դոնալդ Թրամփը խոսեց Լատինական Ամերիկայի հետ կապված միգրացիոն քաղաքականության խստացման մասին։ Նման ելույթները պատճառ հանդիսացան հանրային քննադատումների և որոշ բիզնես կապերի խզման համար, ներառյալ «Միսս Տիեզերքի»։ Մասնակցությունից հրաժարվեցին Մեքսիկան և Պանաման։ «Միսս Տիեզերք 1996» մրցույթի հաղթող, Վենեսուելայի բնիկ Ալիսիա Մաչադոն մեղադրեց Թրամփին կոպիտ պահվածքի և վիրավորանքների համար։ Մեքսիկական խոշորագույն լրատվամիջոց «Grupo Televisa»-ը և իսպանական ամենամեծ հեռուստատեսային ցանցը՝ «USA Univisión»-ը, նույնպես հայտարարեցին միլիարդատիրոջը բոյկոտելու մասին։ Մրցույթի ամենամյա հեռարձակումից հրաժարվեց NBC-ն, որին պատկանում էր «Miss Universe Organization»-ի ակցիաների փաթեթի կեսը։ Սեպտեմբերին Թրամփը գնեց բոլոր արժեթղթերը և դարձավ մրցույթի միակ սեփականատերը, ապա ընդամենը մի քանի օրում ընկերությունը վաճառեց WME / IMG արտադրական գործակալությանը։

Երբ ես գնեցի այդ մրցույթը շատ տարիներ առաջ, այն լավ վիճակում չէր։ Ինձ համար պատիվ էր այն հասցնել նման հաջողության։ Այժմ այն գտնվում է հիանալի ընկերության ձեռքերում, որը մրցույթն ավելի բարեկեցիկ է դարձնում։
- Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո WME / IMG լրատվամիջոցների սեփականատեր Արի Էմանուելը խոստովանեց, որ նախագահական քարոզարշավի ընթացքում իրեն մոտեցել են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ՝ ցանկանալով բացել «Միսս Տիեզերք» մրցույթի արխիվները, սակայն ինքը հրաժարվել է դա անել։

2015 թվականի դեկտեմբերի 20-ին՝ եզրափակիչ արարողության ժամանակ, մրցույթի հաղորդավար ամերիկացի կատակերգու Սթիվ Հարվին հաղթողի անունը հայտարարելու ժամանակ շփոթեց մրցանակային տեղերը և հաղթող հայտարարեց Կոլումբիայի ներկայացուցիչ Արիադնա Գուտերեսին։ Երբ Արիադնան արդեն վերցրել էր մրցանակը նախորդ տարվա հաղթող Պաուլինա Վեգայից, հաղորդավարը վերադարձավ բեմ և հայտնեց իր սխալի մասին։ Արդյունքում հաղթող ճանաչվեց Պիա Ալոնսո Վուրտցբախը Ֆիլիպիններից։ Ավելի ուշ Սթիվ Հարվին իր թվիթերյան էջում ներողություն խնդրեց շփոթմունքի համար։

2018 թվականի նոյեմբերին պատմության մեջ առաջին անգամ մրցույթին մասնակցեց աղջիկ տրանսգենդեր[10]։

Հիմնական մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսս Տիեզերք 2008-ի լավագույն հնգյակ (ձախից աջ՝ Կոլումբիա, Վենեսուելա, Դոմինիկյան Հանրապետություն, Մեքսիկա, Ռուսաստան)

«Միսս Տիեզերք» մրցույթի մասնակիցները սովորաբար ընտրվում են մասնակից երկրների գեղեցկության ազգային մրցույթներում։ Այնուամենայնիվ, ոչ միշտ է այդպես լինում։ 2004 թվականին ավստրալիական ազգային մրցույթ չէր անցկացվել, և Ավստրալիայի ներկայացուցիչ Ջենիֆեր Հոուքինսը ընտրվել էր մոդելային գործակալության կողմից։

Մրցույթին մասնակցելու նվազագույն տարիքը համարվում է 18-ը։ Մրցույթն անցկացվում է երկու շաբաթ՝ հաջորդ կամ ընթացիկ ձմռանը։ 1970-1990-ական թվականներին մրցույթը տևեց մեկ ամիս, բայց հետո դրա տևողությունը կրճատվեց։

Մրցույթի մասնակիցները մասնակցում են ֆոտոսեսիաների և տարբեր միջոցառումների։ Հիմնական փուլերն են նախնական մրցույթը (անգլ.՝ Preliminary Competition) և հարցազրույցը ժյուրիի հետ։ Մրցույթի նախապատրաստական փուլում մասնակիցներին արգելվում է ոչ միայն ամուսնանալ, այլև գտնվել քաղաքացիական ամուսնության կարգավիճակում։ Մրցույթի մասնակիցները չպետք է ունենան դատվածություն, ոստիկանության հետ կապված խնդիրներ կամ մերկ ֆոտոներ։ Մրցույթի հաղթողը իրավունք չունի նաև մի ամբողջ տարի լուրջ հարաբերություններ ունենալ տղամարդկանց հետ։ Կազմակերպիչներից տեղեկությունները թաքցնելու, ինչպես նաև սահմանված կանոնները չկատարելու դեպքում մասնակիցները ենթարկվում են տույժի։

«Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողը ստանում է մեկ տարվա պայմանագիր և մեծ մրցանակային փաթեթ, որն իր մեջ ներառում է 250 000 դոլար, ամսական 3000-5000 դոլար աշխատավարձ, ոճաբանի ծառայություններ, հանդերձարան, երկու տարվա դերասանական դասընթացներ Նյու Յորքի կինոակադեմիայում վճարովի կրթաթոշակով։

Հաղթողը մեկ տարի ապրում է Նյու Յորքի էլիտար թաղամասում՝ կազմակերպության հատկացրած տանը։ Նա նաև դառնում է Ամերիկայի բարձրաշխարհիկ ընդունելությունների պատվավոր հյուրը, բարեգործական գործունեությամբ շրջում է աշխարհով մեկ և մասնակցում է գեղեցկության ազգային մրցույթներին՝ որպես ժյուրի։

Թագ[խմբագրել | խմբագրել կոդը]

67 տարվա ընթացքում «Միսս Տիեզերք» մրցույթի թագը փոխվել է 9 անգամ[11]։

Առաջին թագը Ռոմանովների թագադրության թագն է, որը նախկինում պատկանել է Ռուսական կայսրությանը։ Առաջին անգամ՝ 1952 թվականին, նրանով թագադրվել է առաջին «Միսս Տիեզերք» ճանաչված Արմի Կուսելան Ֆինլանդիայից։ Թագը զարդարված էր մոտավորապես 1535 ադամանդով և ապահովագրված էր 500 000 դոլարով։ Հաջորդ տարի կայսերական թագը փոխարինվել է բրոնզե թագով։ 1953 թվականին Ֆրանսիայից Քրիսթիան Մարթելը դարձավ «Միսս Տիեզերքի» միակ հաղթողը, որը երբևէ կրել է այս թագը։ Սա, երևի թե, ամենայուրահատուկն է բոլոր խույրերից, քանի որ այն շատ ամուր կառուցվածք ուներ և զարդարված չէր բյուրեղներով կամ քարերով։

1954-1960 թվականներին հաղթողների ստացած թագերը կոչվում էին Տիեզերքի աստղ։ Այն պատրաստված էր ոսկուց և պլատինից՝ զարդարված 1000 սպիտակ և սև մարգարիտներով։ Դրա արժեքը գերազանցել է 500․000 դոլարը։

1961 թվականին «Միսս Տիեզերքի» կոմիտեն որոշեց հատուկ թագ պատրաստել՝ ի պատիվ մրցույթի 10-ամյակի։ Թագի պատրաստման համար օգտագործվել է լեռնային բյուրեղապակի։ Այս թագը կրել են 1961 և 1962 թվականների հաղթողները՝ Գերմանիայից Մարլեն Շմիդթը և Արգենտինայից Նորմա Նոլանը։

1963 թվականին ներկայացվեց «Միսս Տիեզերքի» ամենաերկարաժամկետ թագը, ամերիկյան «Sarah Coventry» ոսկերչական տան նախագիծը։ «Միսս Տիեզերք 1963» մրցույթի հաղթող բրազիլացի Եդա Մարիա Վարգասը այս թագով պարգևատրված առաջին հաղթողն էր։ Իսկ վերջինը «Միսս Տիեզերք 2001» Դենիզ Կինոնեսն էր Պուերտո Ռիկոյից։ Մրցույթի շատ երկրպագուներ վրդովված էին՝ իմանալով, որ սիրված թագը պետք է փոխարինվի։

2002-2007 թվականներն հաղթողները պարգևատրվում էին ճապոնական «Mikimoto» ոսկերչական տան կողմից նախագծված թագով։ Թագի պաշտոնական անունը «Phoenix» էր։ Այն փյունիկիի պոչ էր, որը խորհրդանշում էր կարգավիճակ, ուժ և գեղեցկություն։ Թագը զարդարված էր 30 կարատ (6.0 գ) կշռող 500 ադամանդով և հարավային ծովերից 120 մարգարիտներով՝ 3-8 մմ տրամագծով։ Թագը գնահատվել է 250,000 դոլար։ Մեկ տարի անց հաղթողը պարգևատրվեց մեկ այլ թագով, որն ուներ սրա նման ձևավորում, բայց չափերով զիջում էր։ Չնայած թագի դիզայնը բավականին լավ էր արված, բայց մրցույթի կողմնակիցները ենթադրում էին, որ այն անհաջողություն կբերի։ 2002 թվականին Օքսանա Ֆյոդորովայի թագադրումից մի քանի ամիս անց հաղթողը զրկվեց տիտղոսից։

«Միսս Տիեզերք 2008»-ի հաղթող, Վենեսուելան ներկայացնող Դայանա Մենդոսան եղել է միակ հաղթողը, որը կրել է վիետնամական ոսկերչական «CAO Fine Jewelry» ընկերության կողմից մշակված թագը։ Այն գնահատվում էր 120.000 դոլար և պատրաստված էր 18 կարատանոց սպիտակ և դեղին ոսկուց։ Զարդարված էր ավելի քան 1000 գոհարով, այդ թվում՝ 555 սպիտակ ադամանդով (ընդհանուր 30 կարատ), 375 կոնյակի ադամանդով (14 կարատ), 10 ծխագույն կվարցե բյուրեղով (20 կարատ) և 19 մորգանիտով (60 կարատ)։ Այս թագը տարեկան պայմանագրի մի մասն էր կազմում և, չնայած ինքնարժեքին, դարձավ մրցույթի պատմության մեջ ամենաանհաջողը։ 2009 թվականին Դայանա Մենդոսան դադարեց այն օգտագործել իր ելույթների ժամանակ և վերադարձավ «Միկիմոտո» թագին։

«Միսս Տիեզերք 2009», Վենեսուելան ներկայացնող Ստեֆանիա Ֆերնանդեսը առաջինն էր, որը ստացավ «Diamond Nexus Labs» ոսկերչական ընկերության կողմից պատրաստված «Աշխարհի թագ» կոչվող խույրը։ Այն նաև կոչվում էր «էկո-թագ», քանի որ բոլոր թանկարժեք քարերը էկոլոգիապես մաքուր էին։ 2008 թվականին մրցույթի պաշտոնական կայքում քվեարկություն սկսվեց, որտեղ երկրպագուներին հնարավորություն ընձեռվեց առցանց քվեարկության միջոցով հաղթողի համար ընտրել նոր թագ։ «Diamond Nexus Labs»-ը ներկայացրել էր երեք թագ՝ Խաղաղություն (Peace), Միասնություն (Unity) և Հույս (Hope) անուններով։ Հանդիսատեսի կողմից ընտրված դիզայնով թագին հետագայում արժանացավ Ֆերնանդեսը։ Մեկ տարի անց «Միսս Տիեզերք 2010»-ում Մեքսիկան ներկայացնող Խիմենա Նավարետեն արժանացավ վերամշակված թագին, որի վերին կամարները հանվել էին ավելի հարմարավետ կրելու նպատակով։ Այն պատրաստված էր 416,09 կարատ ընդհանուր քաշով պլատինից և ոսկուց, զարդարված էր 1.371 ադամանդով և սուտակով։ Վերջիններս խորհրդանշում էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրազեկումը։ Վերջին անգամ այն կրել է Վենեսուելայի ներկայացուցիչ Գաբրիելա Իսլերը։ Այսպիսով՝ «Աշխարհի Թագը» օգտագործվել է 2009-2013 թվականներին։

«Միսս Տիեզերք» մրցույթի ներկայիս թագը պատրաստել է չեխական «Diamond International Corporation (DIC)» ընկերությունը, որը մասնագիտացած է չեխական բյուրեղներից զարդեր պատրաստելու մեջ։ Այն գնահատվել է 300.000 դոլար։ Թագի ձևավորումը արտացոլում է Մանհեթանը, որտեղ էլ գտնվում մրցույթի գլխավոր գրասենյակը։ «Թագը խորհրդանշում է գեղեցկություն, կայունություն, ինքնավստահություն և կանանց հզորությունը ամբողջ աշխարհում», - ասում են կազմակերպությունից։ Թագը կշռում է 411 գրամ։ Այն պարունակում է 18 կարատ քաշով սպիտակ ոսկի, 198 փոքր շափյուղա։ Ամբողջությամբ կազմված է 311 ադամանդով զարդարված բոհեմյան բյուրեղից։ Առաջին անգամ թագը կրել է Պաուլինա Վեգան Կոլումբիայից 2014 թվականին։ 2017 թվականի մարտին՝ «Միսս Ինդոնեզիա» մրցույթի եզրափակչում, Ֆրանսիայի ներկայացուցիչ, 2016 թվականի հաղթող Իրիս Միտենարը ներկայացավ «Diamond Nexus Labs»-ի թագով։ Ավելի ուշ մրցույթի պրոդյուսերը հայտնեց, որ «Միսս Տիեզերք» կազմակերպությունը դատի է տալիս չեխական զարդերի ընկերությանը` պայմանագիրը խախտելու համար։ Հայցադիմումում պահանջվում էր 2.04 միլիոն ԱՄՆ դոլարի չափով պայմանագրային վճարներ և փոխհատուցում հովանավորչական պայմանագրի խախտման համար, ըստ որի՝ նախատեսվում էր աշխատել 2015-2024 թվականներին[12]։

20-րդ դարի հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անցկացման վայր Միսս Տիեզերք Երկիր
1926 Գալվեստոն, Տեխաս, ԱՄՆ Քեթրին Մոյլան ԱՄՆ
1927 Գալվեստոն, Տեխաս, ԱՄՆ Դորոթի Բրիթոն ԱՄՆ
1928 Գալվեստոն, Տեխաս,ԱՄՆ Էլլա Վան Հյուսոն ԱՄՆ
1929 Գալվեստոն, Տեխաս,ԱՄՆ Լիզլ Գոլդարբայթեր Ավստրիա
1930 (1) Գալվեստոն, Տեխաս,ԱՄՆ Դորոթի Դել Գոֆ ԱՄՆ
1930 (2) Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա Յոլանդա Պերերա Բրազիլիա
1931 Գալվեստոն, Տեխաս,ԱՄՆ Անետ Դյուշատի Բելգիա
1932 Սպա, Լիեժ (նահանգ), Բելգիա Քերիման Հալիս Էջե Թուրքիա
1935 Բրյուսել, Բելգիա Շարլոտա Վասեֆ Եգիպտոս

21-րդ դարի հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Լուսանկար Միսս Տիեզերք Ազգային մրցանակ Երկիր Մրցույթն անցկացնելու վայր
Միսս Տիեզերք 2018 thump Կատրիոնա Գրեյ Միսս Ֆիլիպին Ֆիլիպիններ Բանգկոկ
Միսս Տիեզերք 2017 thump Դեմի Լեյ Նել Փեթերս Միսս Հարավային Աֆրիկա Հարավաֆրիկյան Հանրապետություն Լաս Վեգաս
Միսս Տիեզերք 2016 thump Իրիս Միտենար Միսս Ֆրանսիա Ֆրանսիա Մանիլա
Միսս Տիեզերք 2015 thump Պիա Ալոնսո Վուրցբախ Միսս Ֆիլիպիններ Ֆիլիպիններ Լաս Վեգաս
Միսս Տիեզերք 2014 thump Պաուլինա Վեգա Միսս Կոլումբիա Կոլումբիա Մայամի
Միսս Տիեզերք 2013 Մարիա Գաբրիելա Իսլեր Միսս Վենեսուելա Վենեսուելա Մոսկվա
Միսս Տիեզերք 2012 Օլիվիա Կալպո Միսս ԱՄՆ ԱՄՆ Լաս Վեգաս
Միսս Տիեզերք 2011 Լեյլա Լոպես Միսս Անգոլա Անգոլա Սան Պաուլո
Միսս Տիեզերք 2010 Խիմենա Նավարետտե Մեքսիկայի գեղեցկություն Մեքսիկա Լաս Վեգաս
Միսս Տիեզերք 2009 Ստեֆանիա Ֆերնանդես Միսս Վենեսուելա Վենեսուելա Նյաչանգ
Միսս Տիեզերք 2008 Դայանա Մենդոսա Միսս Վենեսուելա Վենեսուելա Նյաչանգ
Միսս Տիեզերք 2007 Ռիյո Մորի Միսս Տիեզերք Ճապոնիա Ճապոնիա Մեխիկո
Միսս Տիեզերք 2006 Սուլեյկա Ռիվերա Միսս Պուերտո Ռիկո Պուերտո Ռիկո Լոս Անջելես
Միսս Տիեզերք 2005 Նատալյա Գլեբովա Միսս Տիեզերք Կանադա Կանադա Բանգկոկ
Միսս Տիեզերք 2004 Ջենիֆեր Հոուքինս Միսս Տիեզերք Ավստրալիա ԱՎստրալիա Կիտո
Միսս Տիեզերք 2003 Ամելյա Վեգա Միսս Տիեզերք Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն Պանամա
Միսս Տիեզերք 2002 Օքսանա Ֆյոդորովա Միսս Ռուսաստան Ռուսաստան Սան Խուան (Պուերտո Ռիկո)
Ժյուսթին Պասեկ Միսս Պանամա Պանամա
Միսս Տիեզերք 2001 Դենիս Կինյոնես Միսս Պուերտո Ռիկո Պուերտո Ռիկո Բայամոն

Երկրներ, որոնց ներկայացուցիչները հաղթել են 3 և ավելի անգամ․

Երկիր Քանակ Տարի
ԱՄՆ 8 1954, 1956, 1960, 1967, 1980, 1995, 1997, 2012
Վենեսուելա 7 1979, 1981, 1986, 1996, 2008, 2009, 2013
Պուերտո Ռիկո 5 1970, 1985, 1993, 2001, 2006
Շվեդիա 3 1955, 1966, 1984

Հաղթողների նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Natalie Tadena (July 2, 2015).Donald Trump’s Miss USA Pageant Lands on Reelz Cable Channel. Wall Street Journal.
  2. Enriquez, Amee (2014 թ․ փետրվարի 2). «Beauty Pageant Basics». bbc.com. British Broadcasting Corporation. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  3. «WME/IMG Acquires The Miss Universe Organization». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. Katrina Angco (14 Декабрь 2017). «How PH became the top beauty pageant country in the world». ABS-CBN News. Վերցված է 21 июль 2018-ին.
  5. Rappler.com (4 сентябрь 2017). «Ariska Putri Pertiwi dinobatkan sebagai Miss Grand Slam 2017». Վերցված է 21 июль 2018-ին.
  6. FUNFARE by Ricky Lo (2006 թ․ հունիսի 28). «A misty-eyed look at Armi Kuusela, the 1st Miss Universe». philstar.com. The Philippine Star. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. Prestigious Beauty Pageant (2013 թ․ նոյեմբերի 18). «Four Big Ships Dominate International Beauty Pageants». Prestigious Beauty Pageants. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  8. «Miss USA Olivia Culpo is Miss Universe 2012!». India Today. 2012 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  9. Foreman, Jonathan (1999 թ․ հունվարի 18). «Mistress of the Universe». New York Post. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
  10. «В конкурсе "Мисс Вселенная" впервые примет участие девушка-трансгендер». РИА Новости (ռուսերեն). 20180704T0136+0300Z. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  11. «IN PHOTOS: Miss Universe crowns through the years». Rappler (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  12. https://www.usnews.com/news/us/articles/2017-05-16/miss-universe-producer-sues-czech-maker-of-winners-crowns

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսս Տիեզերք (գեղեցկության մրցույթ)» հոդվածին։