Հայուհիները երկրորդ աշխարհամարտի տարիներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կան ժողովուրդներ, որոնք դեռ հեռու են անկախության ու քաղաքակրթության բարիքները վայելելու բախտից, որովհետև կնոջ ազդեցությունը տկար է նրանց մեջ։ Մի ժողովրդի բարիքը՝ գովելի թե պարսավելի, կախում ունեն մայրերից։ Մայրը միշտ էլ իր հոգուց մի բան տեղափոխում է իր զավակների կրծքի տակ։

- Գ. Նժդեհ[1]

Հայուհիները երկրորդ աշխարհամարտի տարիներին, 1939-1945 թվականներին հայ կանանց կատարած սխրագործություններ։ Ֆաշիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության մղած պայքարում իրենց ուրույն տեղն են գրավում հայ կանայք։ Այդ ծանր օրերին ռազմաճակատում և թիկունքում նրանք ներդրել են իրենց ուժերը, գիտելիքները թշնամուն պարտության մատնելու և սեփական երկրի սահմաններից դուրս հանելու համար[2]։ Հայաստանում խորհրդային բանակի բժշկասանիտարական ծառայության մեջ ընդգրկված անձնակազմում կանայք զգալի թիվ են կազմել։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիզմի դեմ ծավալված պարտիզանական պայքարում և դիմադրական շարժման մեջ իրենց ավանդն են ունեցել նաև թշնամու թիկունքում մարտնչող պարտիզանները, որոնց թվում քիչ չէին նաև հայուհիները։

Հայ կանայք երկրորդ համաշխարհային պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ աշխարհամարտին և Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են մեծ թվով հայուհիներ, ավելի քան 10 հազար հայ կանայք, որոնցից 4 հազարը՝ ՀԽՍՀ-ից, մյուսները՝ ԽՍՀՄ այլ հանրապետություններից և Սփյուռքից։ Պատերազմի ամենածանր փորձությունների ժամանակ հայ կանայք բարձր են պահել հայ ժողովրդի դարավոր պայքարի հերոսական ավանդները՝ կատարելով իրենց պարտքը հայրենիքի հանդեպ։ Հայրենիքի պաշտպանության համար մղված դաժան պայքարում նրանք ցուցաբերել են բարձր գիտակցություն, հայրենասիրություն և վճռականություն։ Համալրելով խորհրդային բանակի շարքերը՝ անձնվիրաբար մարտնչել են ֆաշիստական զորքերի դեմ։

Լենա Գրիգորյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային հայրենիքի նկատմամբ հայ կնոջ ունեցած անսահման սիրո մասին գեղեցիկ կերպով է արտահայտվել կամավոր ռազմաճակատ մեկնած Լենա Գրիգորյանը.

Իմ հայրենիքը ծաղկուն Հայաստանն է։ Բայց իմ հայրենիքը ո՛չ միայն Հայաստանն է, այլև ամբողջ Խորհրդային Միությունը։ Ուզում եմ հազար

կյանք ունենալ, որպեսզի դրանք բոլորը նվիրեմ Խորհրդային Միությանը։

Սոնյա Սինոյան

Սոնյա Սինոյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության տարիներին Սոնյա Սինոյանը Կարի գործարանի առաջավոր բանվորուհիներից էր։ 1941 թվականին Երևանի կոմերիտականները հավաքվել էին համաքաղաքային ժողովի։ Այս ժողովի ընթացքում Սոնյան ցանկություն է հայտնում մասնակցել Հայրենիքի պաշտպանությանը։ Իսկ ժողովից մի քանի օր անց կամավոր մեկնում է ռազմաճակատ։ Այնտեղ նա վայելում էր քաջի համբավ։ Հայրենիքի համար Սոնյա Սինոյանը մարտնչում է չորս ու կես տարի։ Իր դիպուկ կրակով նա ոչնչացնում է շատ հիտլերականների, ձեռքի նռնակներով շարքից հանում է 2 «Վագր» տեսակի տանկ՝ գերի վերցնելով ամբողջ անձնակազմը։ Նրա սխրագործություններն արժանանում են բարձր գնահատականի։ Ս. Սինոյանը պարգևատրվում է Կարմիր աստղի երկու շքանշանով և բազմաթիվ մեդալներով, իսկ Գերագույն գլխավոր հրամանատարության կողմից շնորհակալության է արժանանում Խորհրդային Մոլդովայի, Շումեն, Կոնստանցա, Բուդապեշտ քաղաքների ազատագրման համար մղված մարտերում աչքի ընկելու համար։

Հասմիկ Թամազյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Թամազյանը ծնվել է ՀԽՍՀ Աշտարակի շրջանի Աշտարակ գյուղում։ Հասմիկը՝ որպես լավագույն կոմերիտուհի, ընտրվում է Շրջանային գործադիր կոմիտեի ԼԿԵՄ կազմակերպության տնօրեն։ Հ. Թամազյանը Կովկասի հերոսական պաշտպանության օրերին կամավոր մեկնում է խորհրդային բանակ, դառնալով զենիթային հրետանավոր։

1943 թվականին համառ մարտեր էին մղվում Արմավիր քաղաքը ազատագրելու համար։ Հ. Թամազյանի ջոկը հայտնաբերում է հակառակորդի ինքնաթիռների թռիչքի ուղղությունը և բարձրությունը։ Երբ ինքնաթիռները մոտենում են պաշտպանական գծին զենիթային հուժկու կրակը ցրում է նրանց խումբը։ Իր անձնուրաց սխրագործությունների համար նա արժանացել է պատվոգրի և պարգևատրվել «Մարտական ծառայությունների համար» մեդալով[3]։

Անելա Աբրահամյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապավոր Անելա Աբրահամյանի մարտական ճանապարհը ձգվում է Հյուսիսային Կովկասից մինչև Բեռլին։ Նա կամավոր մեկնում է ռազմաճակատ 1942 թվականին։ Նա մասնակցում է Հյուսիսային Կովկասի, Ռոստով, Միլլերովո և ուկրաինական շատ քաղաքների ազատագրման մարտերին։ Կապավոր Ա. Աբրահամյանը արժանացել է «Խիզախության համար» մեդալի, հրամանատար Դոբրովսկու շնորհակալությանը։ 1944 թվականի հունվարին Կրիվոյ Ռոգի մատույցների ծանր կռիվներում Ա. Աբրահամյանը և 11 խիզախ հրետանավորներ անձնազոհ կռվում են թշնամու մեծաքանակ տանկերի դեմ մինչև օժանդակ ուժերի հասնելը։ Օդերի հենակետում կապի անխափանությունը ապահովելու համար Ա. Աբրահամյանը պարգևատրվում է «Կարմիր աստղ» շքանշանով, իսկ Բեռլինի ճակատամարտին ակտիվ մասնակցելու համար՝ երկրորդ մեդալով[3]։

Օլգա Անանյան, Անյա Կարապետյան, Նինա Օսիպովա[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի օգոստոսին Թբիլիսիի դիպուկահարների ուսումնարանի սաներ Օլգա Անանյանը, Անյա Կարապետյանը, Նինա Օսիպովան մեկնում են ռազմաճակատ՝ թեժ մարտեր մղում Տագանրոգից 20 կմ հյուսիս-արևմուտք։ Մարտական դիրքերում էին նաև խիզախ ու քաջ հայուհիները՝ Օլգան, Անյան և Նինան։

Երբ հակառակորդը փորձում է խուճապի մատնել զորքին Անյա Կարապետյանը սողալով հասնում էառաջավոր դիրքեր, ձեռքի նռնակները նետում է թշնամու տանկերի վրա։ Դիպուկ կրակից բոցավառվում է թշնամու տանկը, բայց արկի բեկորը խլում է Ա. Կարապետյանի կյանքը։

Արաքսյա Հարությունյան[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի ամռանը Կուբանի ծանր մարտերին մասնակցել է հայկական 408-րդ հրաձգային դիվիզիան, որի կազմում էր Արաքսյա Հարությունյանը։ Նովորոսիյսկի շրջանում տասն օրվա ընթացքում կրտսեր լեյտենանտ Արաքսյան փրկել է մի քանի տասնյակ վիրավոր մարտիկների և հրամանատարների կյանքը։ 1943 թվականին ռմբակոծության ժամանակ Ա. Հարությունյանը վիրավորվում է, ապաքինվելուց հետո նա սկսում է նույն հոսպիտալում աշխատել որպես բուժքույր։ Նույն թվականին նա ընդունվում է հրամանատարական դասընթացների և լեյտենանտի կոչումով մեկնում է ռազմաճակատ, մասնակցում է Մորավսկա-Օստրավա և Ժիլինա քաղաքների ազատագրական մարտերին։ Ժիլինա քաղաքի մոտ մարտերի ժամանակ սպանվում է հրամանատարը, իսկ Ա. Հարությունյանը հրամանատարությունը վերցնում է իր ձեռքը՝ ձեռնարկելով հարձակում կարևոր նշանակության բարձունքի վրա, ոչնչացնում է թշնամուն՝ ազատագրում Ժիլինա քաղաքը։ Ցուցաբերած խիզախության համար նա արժանանում է «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանի»[3]։

Ալեքսանդրա Օսմանցևա (Օսմանյան)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թամանյան» ավիացիոն լեգենդար գնդում ծառայության է մեկնում Ալեքսանդրա Օսմանցևան։ Նա սկզբում աշխատում է որպես ավիացիոն մեխանիկ։ Հետագայում սովորում է թռիչքային բարդ տեխնիկա օդաչու դառնալու համար։ Նա իր առաջին մարտական գործողությունը կատարում է 1943 թվականին Կերչի օդային կատաղի մարտերում։ Գոմել, Մինսկ, Քյոնիսբերգ և Բեռլին քաղաքների համար մղված օդային կռիվներում Ա. Օսմանցևան խիզախ օդաչուներ Մարինա Չեչենևայի, Իրինա Ռակոբոլսկայայի, Գալինա Պոմետենկոյի հետ մասնակցում է թշնամու օդային ուժերի ոչնչացմանը։ Պարգևատրվում է «Կարմիր աստղ», «Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի» շքանշաններով, «Կովկասի պաշտպանության» և «Բեռլինի գրավման համար» մեդալներով։ Պատերազմի հաղթական ավարտից հետո վերադառնում է Ստավրապոլ։ Ավարտում է միջնակարգ դպրոցն և մեկնում է Երևան, ընդունվում Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, որից հետո աշխատում է Ալեքսանդրովսկի անասնաբուժական տեխնիկումում որպես դասախոս։

Սոնյա Չիլինգարյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնյա Չիլինգարյանը «Թամանյան» 89-րդ հրաձգային դիվիզիայում գնդացրային դասակի հրամանատար էր։ Մասնակցում է բազմաթիվ մարտերի։ Դրանցից հատկանշականը Կերչի ճանապարհին գտնվող Վոյկովի անվան գործարանի շրջակայքից հակառակորդի դուրս շպրտելու առաջադրանքն էր։ Լեյտենանտ Ա. Չիլինգարյանի գլխավորությամբ դասակը շարժվում է դեպի գործարան ու նետվում գրոհի։ Համառ կռվում նրանց հաջողվում է թշնամուն դուրս մղել գործարանից։ 1943 թվականին Ս. Չիլինգարյանը մասնակցում է Կերչի թերակղզու կաևոր բարձունքի գրավմանը։ Պայթած արկի բեկորներից մահացու վիրավորում է ստանում Ս. Չիլինգարյանը։ Հերոսուհի հրամանատարի մարտիկները գրավում են բարձունքը՝ լուծելով սիրելի հրամանատարի վրեժը։

Անժելիկա Միքայելյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անժելիկա Միքայելյանը մասնակցում է Ուկրաինայի համար մղվող մարտերում։ Նա համարձակ ու քաջ մարտիկի համբավ է նվաճում, հստակ ու անթեր կատարում առաջադրանքները։ Ռազմաճակատից գրված նամակում նա փաստում է.

Մենք ուկրաինական հողում ենք։ Ես այստեղ երբեք չեմ

եղել։ Ուկրաինայի մասին միայն գրքերում եմ կարդացել, տեսել կինոնկարներում։ Այժմ ես Ուկրաինայում եմ, և ինձ թվում է, որ նա ինձ համար նույնքան հարազատ է, որքան իմ Հայաստանը։

Դառնալով լավագույն հետախույզ Անժելիկա Միքայելյանը ստանում է սպայի կոչում։

Ռոզա Սարգսյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռլինի մարտական ուղին անցած եռակի շքանշանակիր «Թամանյան» 89-րդ հրաձգային դիվիզիայի շարքերում տղամարդ ռազմիկների կողքին կռվում էին նաև շատ հայուհիներ։ Նրանց շարքերում էր սանիտարական ավագ հրահանգիչ Ռոզա Սարգսյանը։ Նա ոչ միայն սանիտար էր, այլև լավ հետախույզ ու քաջ մարտիկ։ Մարտերի ժամանակ քաջասիրտ հայուհին, տանկի մոտենալուն պես, վրա է նետում նռնակները։ Տանկը շրջվում է և բոցավառվում, իսկ Ռ. Սարգսյանը մարտի է բռնվում տանկիստի հետ, տեղն ու տեղը սպանում է նրան։ այդ մարտում նա վիրավորվում է։ Հոսպիտալում բուժվելուց հետո վերադառնում է զորամաս։ «Թամանյան» դիվիզիայի շարքերում նա մասնակցում է Լեհաստանի ազատագրմանը, Օդեր գետի ափին «Հայկական փոքր հող» պլացդարմի պաշտպանությանը և աչքի ընկնում գերմանական Կալիշ, Լանդսբերգ, Մեզերիտց, Շվիբուս, Ֆրանկֆուրտ քաղաքների գրավման մարտերում։ Ռ. Սարգսյանը արժանացել է «Գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրին» ու պարգևներին։ Նա պարգևատրվել է «Կարմիր դրոշի» երկու, «Կարմիր աստղի» և «Փառքի 3-րդ աստիճանի» շքանշաններով, «Կովկասի պաշտպանության», «Վարշավայի ազատագրման», «Բեռլինի գրավման համար» և այլ մեդալներով[3]։

Հայկուշ Ավետիսյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկուշ Ավետիսյանը Հայրենական մեծ պատերազմի սկզբից մեկնում է խորհրդային բանակ։ Ղրիմից հասնում է Բեռլին, մասնակցում է թշնամու վերջնական ջախջախմանը։ 1945 թվականի փետրվարի 15-ի գիշերը գերմանացիները Ֆրանկֆուրտ քաղաքի մոտ ստեղծում են ամուր հենակետ, որտեղ հայ մարտիկները երկու ամիս համառ մարտեր են մղում։ Հակառակորդը գնդակոծում է օդից և ցամաքից։ Մայոր Սիմոնյանի գումարտակի մարտիկները դիմադրում են թշնամու գերակշիռ ուժերին։ Իր գործողություններով աչքի է ընկնում Հայկուշ Ավետիսյանը։ Հայկանուշը մասնակցում է նաև Բեռլինի համար մղվող կատաղի մարտերին։ Հաղթական ճակատամարտից հետո խիզախ հայուհին Ռայխստագի պատին թողնում է հետևյալ մակագրությունը. «Կարմիր բանակի շարքերում այստեղ հասավ հայուհին և Ռայխստագից դիտեց ծնկաչոք Բեռլինը»[3]։

Երջանիկ Ենոքյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռլինի գրավմանը մասնակցում է Հայկական հրաձգային 89-րդ «Թամանյան» դիվիզիայի զենիթային Երջանիկ Ենոքյանը։ Եղբորն ուղղած նամակում նա գրում է. «Նամակս գրում եմ Բեռլինից, այն քաղաքից, որի գրավման վերջին մարտերին մասնակցել եմ ես։ Մենք մոռացել էինք քունն ու հանգիստը և սրընթաց հետապնդում էինք թշնամուն…: Մարտերի ծանր օրերին հայրենի հողի կարոտն այրում էր մեր սիրտը, սակայն որքան ծանր էինք զգում այդ կարոտը, այնքան ավելի ուժգին էինք հարվածում թշնամուն, որպեսզի շուտ վերադառնանք մեր հարազատների գիրկը։ …Քո քրոջ ձեռքը չէր դողում թշնամուն հարվածելիս։ Մեր զենիթային հրանոթը վայր է գցել թշնամու շատ ինքնաթիռներ»[3]։

Արմիկ Արամյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆլիսում ծնված Արմիկ Արամյանը 1940 թվականին ավարտում է Բաքվի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1942 թվականին մեկնում է ռազմաճակատ։ Նա հերոսաբար կռվում է Կովկասի պաշտպանական մարտերին։ 1943 թվականին ծանր վիրավորվում է Բելոկուրանկինոյում մղվող մարտերի ժամանակ։ Առողջանալուց հետո մասնակցում է Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրմանը, ֆաշիստական Գերմանիայի վերջնական ջախջախմանը և հաղթանակը դիմավորում Բեռլինում։ Ցուցաբերած խիզախության համար նա պարգևատրվում է «Հայրենական մեծ պատերազմի» շքանշանով, «Մարտական ծառայությունների համար», «Խիզախության համար» բազմաթիվ մեդալներով, հաղթանակի 60-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայի կառավարության կողմից ստանում է «Եվրոպայի ազատագրման մասնակցի» մեդալ։ ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվում է նաև «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալով[3]։

Լուսիկ Սարուխանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1921 ովականին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում։ 1942 թվականին կանանց երկրորդ խմբի հետ զորակոչվել է խորհրդային բանակ։ Սկզբում նրան ուղարկում են Թբիլիսի, իսկ հետո գործող բանակ՝ Կրասնոդար, ապա՝ Ուկրաինա։ Լ. Սարուխանյանը, զենքը ուսին, աշխատում է լուսարձակի վրա, փորում է խրամատներ, կատարում ծանր աշխատանքներ։ Ցուցաբերած արիության համար ստանում է եֆրեյտորի զինվորական կոչում։ Մասնակցելով ֆաշիստական Գերմանիայի ջախջախմանը՝ նա հասնում է մինչև Բեռլին և Ռայխստագի պատին գրում «Ստեփանակերտ-Բեռլին» բաղձալի բառերը։ Մարտական ծառայությունների համար Լ. Սարուխանյանը պարգևատրվում է «Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի» շքանշանով և մեկ տասնամյակից ավելի մեդալներով։

Բժշկասանիտարական անձնակազմը խորհրդային բանակի շարքերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ աշխարհամարտի տարիներին ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում բժշկասանիտարական անձնակազմը խորհրդային բանակի վիրավոր ու հիվանդ ռազմիկների բուժմանը նվիրում են իրենց ամբողջ ուժն ու գիտելիքները։ Թշնամու կրակի տակ նրանք առաջին օգնություն են ցուցաբերում վիրավոր մարտիկներին ու հրամանատարներին։ Պատերազմի տարիներին Հայաստանի «Կարմիր խաչի» ընկերությունը պատրաստում է 342 սանիտարական հրահանգիչ և 1028 սանիտար 710, որոնց մեծ մասը անմիջապես մեկնում են ռազմաճակատ[4]։ Հայաստանում խորհրդային բանակի բժշկասանիտարական ծառայության մեջ ընդգրկված անձնակազմում կանայք զգալի թիվ են կազմել։

Գոհար Նազարյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամավոր ռազմաճակատ մեկնած առաջին անվեհեր բժշկական քույրերից էր Գոհար Նազարյանը։ Նա եղել է 1941 թվականի վերջին գործող բանակում։ Նահանջի դժվարին պայմաններում բժշկական ծառայության լեյտենանտ Գ. Նազարյանը, չվհատվելով, լարելում է իր բոլոր ուժերը, սողեսող մոտենում է վիրավորներին, կապում նրանց վերքերը՝ արագ դուրս բերելով կրակային գծից։ Դոնի Ռոստովի շրջանում մղվող համառ մարտեից մեկում Գոհարը կրակի տակ վիրակապում է 44 ռազմիկի և սանիտարների օգնությամբ տեղափոխում մի կիսավեր կիրճ։ Մի այլ մարտում լեյտենանտ Գ. Նազարյանը մարտադաշտում առաջին օգնությունն է ցույց տալիս բազմաթիվ վիրավորների ու կազմակերպում նրանց փոխադրումը սանկայան։

Գոհար Հարությունյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոհար Հարությունյանը մասնակցում է Լուգանսկի, Ռոստովի ազատագրմանը և Բեռլինի գրավման հերոսամարտերին։ 1941 թվականին թշնամուն հաջողվում է ներխուժել Դոնի Ռոստով քաղաք, առաջնագծում վիրավորները բժշկական օգնության կարիք ունեին, բայց ուժեղ կրակը թույլ չէր տալիս մոտենալ։ Այդ վտանգավոր իրավիճակում բուժքույր Գ. Հարությունյանը խնդրում է դիվիզիայի հրամանատարից թույլ տալ իրեն մեկնել առաջավոր դիրքեր։ Երկու բժիշկների հետ նա մեկնում է ռազմաճակատ՝ առաջին գծից դուրս բերում ծանր վիրավորներին։ Իր խիզախության համար Գ. Հարությունյանը արժանանում է «Մարտական ծառայությունների համար» մեդալի, պարգևատրվում է «Կարմիր աստղի» շքանշանով, «Մարտական ծառայությունների համար 2-րդ աստիճանի» մեդալով, ինչպես նաև «Կովկասի», «Ստալինգրադի պաշտպանության», «Պրահայի ազատագրման» ու «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով։

Պարզիկ Ավետյան[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Նոր բայազետում ծնված հայուհին մարտնչում է հարավարևելյան, ապա՝ Ուկրաինական 3-րդ ռազմաճակատներում։ Պ. Ավետյանն իր սխրանքներով բազմիցս աչքի է ընկնում Բուդապեշտի ազատագրական մարտերում՝ Դոնի ափերից հասնելով մինչև Դանուբի ափերը։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցնում Երևանի 5-րդ մանկական պոլիկլինիկայում որպես տեղամասային բժիշկ։ Հայրենիքի ազատության համար մարտնչող պաշտպաններին անցյալում բուժած Պ. Ավետյանը բուժել է նաև հայրենիքի ապագա պաշտպաններին։

Մագթաղինե Բերբերյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագթաղինե Բերբերյանը ծնվել է 1923 թվականին։ Մանուկ հասակում զրկվում է հորից 1939 թվականին ընդունվում է Բաքվի բժշկական ինստիտուտը, ապա տեղափոխվում է Երևանի բժշկական ինստիտուտ, որն ավարտում է 1943 թվականին և նույն տարում մեկնում է ռազմաճակատ։ Նա բազմաթիվ մարտական առաջադրանքներ է կատարում, փրկում մեծաթիվ վիրավոր զինվորների կյանքեր։ Պարգևատրվում է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալով և «Առողջապահության գերազանցիկի» կրծքանշանով։

Մարգարիտա Գասպարյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Գասպարյանը բանակ է զորակոչվել 1944 թվականին։ Նա կռվել է ռազմի դաշտում,կատարել վիրահատություններ։ Մասնակցել է Հունգարիայի և Ռումինիայի ազատագրմանը։ Պատերազմն ավարտում է Չեխոսլովակիայի Բռնո քաղաքում։ Զորացրվում է 1950 թվականին, ապա աշխատում Երևանի 4-րդ կլինիկական հիվանդանոցում։

Լուսյա Շահինյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսյա Շահինյանը կամավոր համալրում է 396-րդ հրաձգային դիվիզիայի շարքերը և որպես սանիտարական դրուժինայի հրամանատար 1941 թվականին 824-րդ գնդի շարքերում մասնակցում է Դոնի Ռոստովի ծանր մարտերին։ Վտանգելով իր կյանքը նա փրկում է շատերի կյանքը։ 1942 թվականի ձմռանը ստանալով հատուկ առաջադրանք՝ մեկնում է թշնամու թիկունք։ Հասնում է հակառակորդի ամրություններին, հրկիզում զինամթերքի պահեստը։ Այդ ժամանակ Լ. Շահինյանը վիրավորվում է թշնամու գնդակից։ Հաղթահարելով դժվարությունները, մարտական խնդիրը կատարած, վերադառնում է զորամաս։

Օֆելյա Պետրոսյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական ծառայության լեյտենանտ Օֆելյա Պետրոսյանը պատերազմի սկզբից մասնակցում է Կովկասի պաշտպանությանը։ Օ. Պետրոսյանը ռմբակոծության տակ խրամատից խրամատ անցնելով վիրավոր ռազմիկների դուրս է բերում դիրքերից, ցույց է տալիս առաջին բուժօգնություն։ Հրամանատարությունը բարձր է գնահատում Օ. Պետրոսյանի կատարած ծառայությունները և նրան պարգևատրում է «Կարմիր աստղ» և «Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի» շքանշաններով, «Կովկասի պաշտպանության համար» մեդալով։

Ռոզա Արամյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Արամյանը մինչև Մեծ հայրենականը աշխատում էր Վեդիի պոլիկլինիկայում։ Պատերազմի օրերին, զենքը ձեռքին, դիրքից դիրք անցնելով, վիրավոր զինվորներին տեղափոխում է ապահով վայրեր։ Պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով։

Մարիա Թորոսյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Թորոսյանը ռազմաճակատ է մեկնում Կրասնոսելսկի շրջանի Չայքենդ գյուղից։ Մասնակցում է Հայրենական մեծ պատերազմին 1943 թվականից։ Մինչև 1943 թվականը ծառայում է Բելոմորսկ քաղաքի պաշտպանության առանձին գումարտակում, իսկ մինչև պատերազմի ավարտը՝ 61-րդ բանակի 234-րդ հրաձգային դիվիզիայի 145-րդ գումարտակում։ Բժշկական ծառայության ավագ լեյտենանտ Մ. Թորոսյանը պարգևատրվում է «Կարմիր աստղ» շքանշանով, «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար» մեդալներով, 1954 թվականին ստանում է «Առողջապահության գերազանցիկի» կրծքանշան, իսկ 1967 թվականին նրան շնորհվում է «ՀԽՍՀ վաստակավոր բժշկի» կոչում[3]։

Սուսաննա Զաքարյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուսաննա Զաքարյանը 1941 թվականին մեկնում է Ղրիմի ռազմաճակատ։ Մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվում է, սակայն այդ վիճակում փրկում է փոխգնդապետ Պոպովի կյանքը։ Պոպովը հետագայում գրում է.

Շնորհակալություն Ձեզ, քո՛ւյր Սուսաննա, որ փրկեցիք իմ կյանքը։ Ցանկանում եմ, որ շուտով Դուք էլ առողջանաք ու միասին նորից ելնենք մարտադաշտ… Ուղարկում եմ Ձեզ ծաղիկներ՝ կարմիր, սպիտակ վարդեր։ Նայե՛ք այդ վարդերին ու միշտ

հիշե՛ք, որ պատերազմից հետո նորից կլինի գարուն, ազատ մարդկության երջանիկ գարուն, որի համար ֆաշիզմի դեմ մարտնչում ենք ես, Դուք, միլիոնները։ Մեր արյան գնով ենք ձեռք բերելու այդ գարունը։

Հրամանատարությունը Ս. Զաքարյանին պարգևատրում է «Կարմիր դրոշի», «Կարմիր աստղի», «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի» շքանշաններով ու բազմաթիվ մեդալներով։

Վիրավորներին բժշկական օգնություն ցույց տալու համար ոչինչ չեն խնայել բժշկական ծառայության լեյտենանտ Լուսիկ Իստամանյանը, բժշկական քույր Իսկուհի Հովհաննիսյանը, Հերմինե Կելեջյանը, Սիրանուշ Արևշատյանը, Գոհար Հովսեփյանը և ուրիշներ[3]։

Պարտիզանական և դիմադրական շարժման շարքերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ կնոջ միջոցով դարձի և զգաստության հրավիրենք գաղութահայության ազգայնորեն տկարացած տարրերին։ Նրա պաշտպանությանն ու գուրգուրանքին հանձնենք մեր մայրենի լեզուն, եռագույնը, անկախության Մայիսը՝ սրբությունները մեր ցեղի…. Մեր որբախնամ ժողովուրդը հրամայաբար պիտի դառնա արիադավան և արիախնամ։ Հայ կնոջից սպասենք հոգեբանական այդ հրաշքը[5]։

- Գ. Նժդեհ

Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիզմի դեմ ծավալած պարտիզանական պայքարում և դիմադրական շարժման մեջ իրենց ավանդն են ունեցել պարտիզանները[6]

Հայենական պատերազմի տարիներին գործել են մի քանի պարտիզանական ջոկատներ, որոնք կազմավորված են եղել առավելապես հայերից։ Նրանք անհրաժեշտ տեղեկություններ են տվել թշնամու զորքի և զինտեխնիկայի գտնվելու վայրերի, զորաշարժերի մասին, հարձակումներով պայթեցրել են կամուրջներ, զինտեխնիկայով բեռնավորված գնացքներ, ավտոմեքենաներ։

Մայա Փահլևանյան (Պեգիվանովա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայա Փահլևանյանը մարտնչել է պարտիզանական ջոկատում։ Պեգիվանովան «Երիտասարդ գվարդիա» ընդհատակյա կազմակերպության «Հնգյակի» ղեկավար էր։ 1943 թվականի հունվարի 11-ին Գեստապոն ձերբակալում է «Երիտասարդ գվարդիայի» անդամներին, բայց նրանք ոչ մի գաղտնիք չեն հայտնում։

Պեգիվանովան զոհվել է 1943 թվականի հունվարի 16-ին Ուկրաինայի Կրասնոդար քաղաքում։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը Փահլևանյանին (Պեգիվանովային) հետմահու պարգևատրել է «Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի» և «Հայրենական պատերազմի պարտիզան 1-ին աստիճանի» շքանշաններով։

Հասմիկ Լևոնի Բադեյանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Բադեյնցը աշխատում է «Մայակ» պարտիզանական ջոկատի հետ։ Շուտով նրան ձերբակալում են, սակայն չեն կարողանում որևէ խոսք կորզել նրանից, կտրում են նրա լեզուն՝ ասելով. «Մեզ պետք չէ այս լեզուն, եթե նա ոչինչ չի ասում»։ Նրան ազատ են արձակել մեկ ամիս անց։

Հասմիկ Բադեյանցը զոհվել է 1943 թվականի հուլիսին՝ գիշերային ռմբակոծության ժամանակ[3]։

Սիրուշ Մաճկալյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրուշ Մաճկալյանը ծնվել է Շամշադինի շրջանի Թովուզ գյուղում։ Նա մասնակցել է խորհրդային շատ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը, այդ թվում՝ Ռոստովի ազատագրմանը։ Զոհվել է 194 թվականի օգոստոսի 27-ին։

Գոհար Փահլևանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոհար Փահլևանյանը ծնվել է 1926 թվականին Գյումրիում։ 1923 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Իրան։ 1943 թվականի աշնանը Փահլևանյանը մասնակցել է Թեհրանի կոնֆերանսին մասնակցող «Մեծ եռյակի» ղեկավարների անվտանգությունն ապահովող օպերատիվ միջոցառումներին։

1946 թվականին Գոհար Փահլևանյանն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ, իսկ 1951 թվականին ժամանակավորապես վերադարձել է Երևան։ 1984 թվականին ՊԱԿ-ի պատվավոր աշխատակից հայուհին պարգևատրվել է «Կարմիր դրոշի» շքանշանով։ Փահլևանյանը Անդրեյ Պերվոզվաննու անվան միջազգային՝ «Հավատի և նվիրվածության համար» մրցանակի (2006) դափնեկիր է։

Սփյուռքահայության ներդրումը Հայրենական մեծ պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում իր ավանդը ներդրեց սփյուռքահայությունը։ Պատերազմի տարիներին շատերը վերադառնում են հայրենիք:Աշխարհասփյուռ հայությունը, որի ընդհանուր թիվը աշխարհում շուրջ 2 մլն էր այդ տարիներին, տարբեր գաղթօջախներում միավորվում է ազգային հակաֆաշիստական ճակատներում։ Ազգային ճակատներ ստեղծվում են գրեթե բոլոր երկրներում ԱՄՆ-ում՝ Ամերիկահայերի ազգային խորհուրդն ու Հայկական առաջադիմական լիգան, Ֆրանսիայում՝ Ֆրանսահայերի ազգային ճակատը, Սիրիայում և Լիբանանում՝ Հայ ազգային խորհուրդը, Բուլղարիայում՝ Հայրենական ճակատը, Հունաստանում՝ Ժողովրդաազատագրական ճակատը։ Սփյուռքահայերը ոչ միայն բարոյապես պաշտպանեցին մայր հայրենիքը, այլև նյութական օժանդակություն ցույց տվեցին Կարմիր բանակին։

Ամերիկահայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ մարտիկներից շատերը, որոնք այդ ժամանակ ծառայում էին ամերիկյան բանակում շտապում են օգնության։ Նրանց թվում էին օդաչու Ռիչարդ (Տիգրան) Մալխասյանը, Միհրան, Միսակ և Թորոս Սապոնջյան եղբայրները, Զավեն Կոստանյանը, լեյտենանտ Սեմ Պարսամյանը, կրտսեր լեյտենանտներ Էնդրյու Կոշտոյանն ու Ջերարդ Գևորգյանը և շատ ուրիշներ[7]։

Ֆրանսահայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի հայ դիմադրական շարժման գլխավոր գործողություններից մեկն էլ Սովետական բանակի հայ ռազմագերիների հետ տարած աշխատանքն էր։ Ֆրանսիայում հայտնի են հայ հայրենասերներ Միսաք Մանուշյանի, Լ. Ասլանյանի (ԼԱՍ), Ա. Ասլանյանի, Ա. Դավթյանի, Մ. Գեղունու, Ն. Տեր-Մարտիրոսյանի և շատ շատերի անունները։ Կոմունիստների ջանքերի շնորհիվ, ստեղծվել է Հակաֆաշիստական Ընդհատակյա Հայրենասիրական Կազմակերպություն (ՀԸՀԿ)։ Կազմակերպությունը ղեկավարել է ընդհատակյա կենտրոնական բյուրոն, որի մեջ էին Ս. Յաղջյանը, Վ. Վարդանյանը, Ա. Ղազարյանը, Դ. Մինասյանը, Բ. Պետրոսյանը, Լ. Տիտանյանը և Ա. Կարապետյանը[8]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական բանակում է ծառայել նաև Շառլ Ազնավուրի հայրը։

Բուլղարահայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ աշխարհամարտի տարիներին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել բուլղարահայերն ու ռումինահայերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սոֆիայում հիմնվել է «Երևան» մշակութային կազմակերպությունը, որի անդամներից շատ շատերը եղել են բուլղարական հակաֆաշիստական դիմադրական շարժման մասնակիցներ։ Նրանց շարքերում էին Ստեփան Թանդրյանը, Ֆրանց Կալայճյանը, Աբրո Մինասյանը, Հակոբ Մերգերյանը, Կարո Քափուլյանը և շատ ուրիշներ։

Հերմինե Ռազգրատլյանը (Սաշկան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի Ստաս-Բլանիայի շրջանում գործող «Չավդար» պարտիզանական ջոկատի անդամ էր 18-ամյա հայուհի Հերմինե Ռազգրատլյանը (Սաշկան)։ Նա ծնվել է 1926 թվականի մայիսի 15-ին Սոֆիայում։ 1943 թվականին անդամագրվում է Թոդոր Ժիվկովի և Դոբրի Ջուրովի ղեկավարած «Չավդար» պարտիզանական ջոկատին։ Ընկնելով ֆաշիստների ձեռքը՝ 1944 թվականի հունիսի 10-ին Լյուտակովսկի Բաիր գյուղում գազանաբար սպանվում է։

Հունահայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունահայ համայնքը երկրորդ աշխարհամարտի տարիներին նույնպես կանգնել է հայ ժողովրդի կողքին, օգնել ֆաշիզմի դեմ պայքարում։ Հունաստանում 1941 թվականին ստեղծվել է ԷԱՄ-ԷԼԱՍ Ժողովրդական հակաֆաշիստական բանակը[9]։ «Ազատություն» պարտիզանական ջոկատի շարքերում մարտնչել են ավելի քան 1000 հայեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գրական երկեր». Ebooks.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
  2. LLC, Ayb Solutions. «ՀԱՅ ՔԱՋԱՐԻ ԴՈՒՍՏՐԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 «Էդիկ Մինասյան Հայ Հերոսուհի Կանայք» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  4. Վ. Մ. Ավագյան Հայկական ՍՍՌ Կարմիր խաչի ընկերության գործունեությունը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին
  5. «Գարեգին Նժդեհ - Երկեր (1)». Ebooks.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  6. «ՀԱՏՐեՆԱԿԱՆ ՄեԾ ՊԱՏեՐԱԶՄԻ ՀԱՅ ՊԱՐՏԻԶԱՆՆեՐԸ Ե. Մ. Խալեյան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  7. Коммунист, 1945, հոկտեմբերի 7
  8. Տ. Դրամփյան, Ֆրանսահայ կոմունիստները դիմադրության տարիներին, Երևան, 1967, էջ 92
  9. Կ. Ա. Հարությունյան, Հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում, Երևան, 2002, էջ 117