Հունահայ համայնքը Երկրորդ աշխարհամարտի տարիներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԷԱՄ-ԷԼԱՍ
Ընդհանուր տեղեկություն
Զորքերի տեսակԶինված ուժեր
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԵնթարկոումԷԼԱՍ
Մտնում էԷԱՄ
ԳործառույթՌազմական գործողությունների իրականացում ընդդեմ իտալական, գերմանական, բուլղարական օկուպանտների (1943-1945 թվականներ)
Թվակազմ1944 թվականի հոկտեմբերին՝ 119 000 սպա, զինվոր, պարտիզան, 6000 ոստիկան
Պատմություն
Ստեղծվեց1941 թվականի դեկտեմբեր
Ճակատամարտեր

Երկրորդ համաշխարհային պատերազմ.

  • Գորգոպոտամոս կամրջի պայթեցում (Հարլինգ օպերացիա)
  • Աթենքի համընդհանուր ապստամբություն (1943)
  • Պիներոլո իտալական դիվիզիայի զինաթափում
Լուծարվեց1945 թվականի փետրվարի 28
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԱրիս Վելուխիոտիս
Ստեֆանոս Սարաֆիս
Մարկոս Վաֆիադիս
Հունաստանի ռազմակալումը Երկրորդ աշխարհամարտի ընթացքում


Հունահայ համայնքը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կանգնել է հույն ժողովրդի կողքին և մարտնչել ֆաշիզմի դեմ։

1941 թվականին Հունաստանում ստեղծվել է ԷԱՄ-ԷԼԱՍ Ժողովրդական հակաֆաշիստական բանակը (Հունաստանի ժողովրդաազատագրական բանակ)[1]։ Դրա 28-րդ գնդի կազմում հունահայերից և հայ ռազմագերիներից կազմված «Ազատություն» պարտիզանական ջոկատի (հրամանատար՝ Բաբկեն Ներսիսյան) շարքերում մարտնչել են ավելի քան 1000 հայեր։ Այս ջոկատը մասնակցել է Կորոշ, Սատիաս, Կալլուրի, Սալոնիկ բնակավայրերի ազատագրմանը և պարգևատրվել է ԷԼԱՍ-ի կարմիր դրոշով[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստական դրոշը Աթենյան Ակրոպոլիսում որպես երկրի օկուպացիայի նշան: Այն հանվել է առաջին իսկ հունական դիմադրության ժամանակ:

1941 թվականի ապրիլին ֆաշիստական Գերմանիան գրավեց Հունաստանը։

Հունաստանի ընդհանուր դիմադրական շարժման կարևորագույն հենակետերից մեկը հանդիսացավ Պիրեյ նավահանգստի արդյունաբերական շրջանի մեջ մտնող Կոկինիա բանվորական քաղաքը։

ԷԼԱՍ-ի Կոկինիայի հայկական երիտասարդական ջոկատների պատասխանատու կազմակերպիչ Սարգիս Ավետիսյանը և նրա մարտական ընկեր Հրանտ Թեմոյանը ակտիվ մասնակցել են ԷԼԱՍ-ի քաղաքային պարտիզանական միավորումների ստեղծմանը[4]։ Ս. Ավետիսյանի խմբից էին Կոկինիայի հայ երիտասարդների (ԷՊՈՆ) կազմակերպության առաջին բջջի անդամ Հ. Է. Էքմեջյանը և Հունաստանի Կոմկուսի, Կոկինիայի Հայկական փոքրամասնության բյուրոյի անդամ Մ. Թովմասյանը։

Տղամարդկանց հետ հավասար ֆաշիզմի դեմ պայքարել են նաև հայ կանայք։ Կոկինիայի պաշտպանությանը մասնակցել են Հունաստանի կոմկուսի անդամներ, ԷԱՄ-ի հայ կանանց սկզբնական կազմակերպության պատասխանատու Ա. Ն. Ախչյանը, Կոկինիայի կանանց կազմակերպության հայկական մասնաճյուղի պատասխանատու Էվ. Ղազարյանը, Օգնության կոմիտեի հայ կանանց կազմակերպիչ Ս. Կեկլիկյանը և շատ ուրիշներ, որոնք հետագայում ներգաղթել են հայրենիք[4]։

1944 թվականի օգոստոսին Աթենքում կազմակերպվել է ապստամբություն։ Այն սկսվել է Թուրղութի հայաբնակ թաղամասից։ Ֆաշիստները, զինված գնդացիրներով ու ականանետերով, խոշոր զորամասերով շրջապատել են հայկական թաղամասը, հարձակվել նրա պաշտպանների վրա՝ ճնշելով ապստամբների դիմադրությունը։ Կռվում զոհվել է կոմունիստական երիտասարդական կազմակերպության քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը, որի ղեկավարած ԷԼԱՍ-ի գումարտակը մեծ վնասներ է պատճառել ֆաշիստներին։ Օգոստոսի 9-ին էսէսականները թաղամասի բնակիչներին բռնությամբ հավաքելով, կազմակերպել են մասսայական կոտորած, շատերին տարել համակենտրոնացման ճամբարներ[5]:Թուրղութին վեր էր ածվել սպանդանոցի. 1100 ընտանիք որբացել էր, 104 տուն այրվել, 115 հոգի գնդակահարվել։

Այդ մասին հույն գրող Մ. Աքսիոտին գրել է[6].

Aquote1.png Ապստամբության պարտությունից հետո օկուպանտները ոչ մի արական շունչ չթողեցին... Հաջորդ օրը մի տոպրակ կանացի մազեր հավաքեցին թաղամասի կենտրոնից։ Դրանք պոկել էին հայ կանանց գլուխներից։ Aquote2.png

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի պարտիզանական կռիվներում և դիմադրության պայքարում զոհվել են 300 հայ քաջորդիներ։ Դրանց մեջ էին Հունաստանի կոմունիստական շարժման վետերան Վահրամ Սաքայանը, Անդրանիկ և Երվանդ Ղուկասյան եղբայրները, հասարակական գործիչ Սիլվեստրո Ղալեյանը (Ղալեաս), հետախույզ-պարտիզան Սարգիս Բենլեյանը և ուրիշներ[7]։

Վահրամ Սաքայանը ծնվել է 1912 թվականին Նիկոմեդիայում։ Հունաստանում հիմնավորվելուց հետո մտել է կոմունիստական կուսակցության շարքերը, հետագայում դարձել Հայկական ճակատի գլխավոր կազմակերպիչներից մեկը։ Որպես ՀՕԿ-ի ակտիվ գործիչ, Սաքայանը շրջել է հայկական շրջաններում, ծանոթացել նրանց կյանքի հետ։ Նա հանդիսացել է նաև Հունաստանում լույս տեսնող հայկական առաջադիմության թերթերի խմբագիրը և գլխավոր հրատարակիչը («Ժողովրդի ձայն», «Նոր շարժում», «Սևան»)։ Մատակսասի դիկտատուրայի ժամանակ ձերբակալվել է, իսկ 1943 թվականին բանտից փախել և մտել է ազատագրական շարժման մեջ։ 1944 թվականի օգոստոսին ձերբակալվել է և, այնուհետև, գնդակահարվել[8]։

Անդրանիկ Ղուկասյանը ծնվել է 1919 թվականին Արևմտյան Հայաստանում։ Հունաստանում հաստատվել է 1922 թվականին։ 1942 թվականից մտել է Ազգային ազատագրական ճակատի շարքերը և կատարել պատասխանատու հանձնարարություններ։ Եղել է Ազգային ազատագրական ճակատի երիտասարդական կազմակերպության քարտուղար և Ֆիքսայում Ժողովրդական բանակի ղեկավարներից։ Զոհվել է 1944 թվականի մարտին Նեա-Աթաբաղարի շրջանում ֆաշիստների դեմ մղված պայքարում[9]։

Սիլվեստրո Ղալեասը ծնվել է 1907 թվականին Դիարբեքիրում։ 1938 թվականից եղել է հունական կոմկուսի անդամ, ժողովրդաազատագրական շարժման ղեկավարներից, բջջի քարտուղար։ Երեք անգամ ձերբակալվել է և ամեն անգամ փախուստի դիմել։ Չորրորդ անգամ ձերբակալվել է 1944 թվականի օգոստոսին Ֆիքսայում, դաժան տանջանքներից հետո կուրացել։ Սպանվել է 1944 թվականի օգոստոսի 15-ին[10]։

Սիմոն Միսակի Կրքյաշարյանը ծնվել է Աթենքում 1923 թվականի դեկտեմբերի 7-ին։ 1943 թվականին ավարտել է Աթենքի հունական գիմնազիան։ Գերմանաֆաշիստական շրջափակման տարիներին ղեկավարել է երիտասարդական ընդհատակյա կազմակերպությունը, մտնելով ԷԱՄ-ի շարքերը՝ ակտիվ գործունեություն է ծավալել դիմադրության շարժման ժամանակ։ Եղել է ԷՊՈՆ-ի ընդհատակյա կազմակերպության շրջանային կոմիտեի ագիտացիայի բաժնի վարիչ։ 1944 թվականին պատասխանատու աշխատանք է կատարել ֆեսսալյան քաղաք Տրիկալայի պարտիզանական խմբերում։ 1945-1947 թվականներին աշխատել է Աթենքում լույս տեսնող «Նոր կյանք» թերթի խմբագրությունում։ 1947 թվականին ներգաղթել է հայրենիք։ Պատմական գիտությունների դոկտոր Ս. Մ. Կրքյաշարյանը Հռոմի Տիբերինի Ակադեմիայի (1987), Փարիզի Միջազգային Ակադեմիայի (1994) և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (2000) թղթակից անդամ էր[11]։

Հունահայ ազատագրական շարժման շատ մասնակիցներ՝ Սիմոն Կրքյաշարյանը, Զաքար Այվազյանը, Մկրտիչ Թոփալյանը, Նարսինե Նիկողոսյանը, Մկրտիչ Քեհեյանը և շատ ուրիշներ, հետագայում ներգաղթել են Սովետական Հայաստան և նպաստել հայրենիքի բարգավաճման գործին[12]։

Մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունահայերի գործունեության մասին հունական «Էլեֆտերի-Էլլադա» թերթը գրել է[13].

Aquote1.png Հայերը՝ իրենց զարգացած ազգային ինքնագիտակցությամբ և ազատասիրական գաղափարներով, այստեղ էլ պահեցին իրենց ազգային կոլորիտը։

Շրջափակման տարիներին հայերը առաջիններից մեկն էին, որ մտան ազատագրական պայքարի մեջ։ Այն ժամանակ, երբ նրանց սովետական հայրենիքը պայքարում էր ֆաշիզմի դեմ, հայերը՝ որպես նրա օրգանական մաս, անտարբեր չմնացին։ Նրանք շատ լավ հասկացան ազատագրական պայքարի իմաստն ու մեծությունը։ Այդ տանջված ժողովրդի կիսաքաղց աշխատավորները հույն զինվորների շարքերը լրացրին։ Տանջանքներով, գնդակահարությամբ և իրենց արյունով էին նրանք իրենց պարտքը կատարում։

Նեա-Սմիրնայի, Կոկինիայի և Տամբուլիայի հայկական արվարձանները և Թուրղութի շրջանը այդ ժողովրդի պատմության մեջ կմնան որպես հավերժ փառքի հուշարձան։

Aquote2.png


Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի հաղթանակից հետո Հունաստանում ստեղծվեց հունահայ ազգային ճակատ և մշակութային միություններ։

1945 թվականի ապրիլից սկսեց լույս տեսնել հունահայ ազգային ճակատի օրգան «Նոր կյանք» թերթը[14]։

Աթենքում Նիկեա շրջանի հայկական եկեղեցու մոտ գտնվող նախկին Ամֆիսաս փողոցը վերանվանվեց «Դիմադրության հայ մասնակիցների փողոց»[15]։

Անաթող գյուղը վերանվանվեց Արմանախոր՝ որպես ազատության համար երկու ժողովուրդների մղած պայքարի խորհրդանիշ[16]։

Աղբյուրներ և գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենիք (Բոստոն)։ 1939, հոկտեմբեր, թիվ 12 
  • Նոր կյանք (Աթենք)։ 1946, հուլիսի 28 
  • Հայ ժողովրդի պատմություն 8։ Երևան։ 1970 
  • Հարությունյան Կլիմենտ (2002)։ Հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում։ Երևան 
  • Մարտիրոսյան Ռոբերտ (1982)։ Դաշնակցության հակաժողովրդական գործունեությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Երևան 
  • Հարությունյան Կ. Ա., Սահակյան Մ. Գ. (2001)։ ՀՀ ԳԱԱ-ի աշխատակիցների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում։ Երևան 
  • Մնացականյան Ա. (1975)։ Միասնական շարքերում։ Երևան 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կ. Ա. Հարությունյան, Հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում, Երևան, 2002, էջ 117։
  2. Ռ.Մարտիրոսյան, Դաշնակցության հակաժողովրդական գործունեությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, Երևան, 1982, էջ 127։
  3. Ըստ «Նոր կյանք» թերթի, Աթենք, 1946, հուլիսի 28։
  4. 4,0 4,1 ՀԱԱ, ֆ. 875, ց. 1, գ. 3, թ.թ. 21-23:
  5. Հայ ժողովրդի պատմություն, 8-րդ հատոր, 1970, էջ 166:
  6. Ռ. Մարտիրոսյան, Դաշնակցության հակաժողովրդական գործունեությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Երևան, 1982, էջ 126։
  7. Հայ ժողովրդի պատմություն, 8-րդ հատոր, Երևան, 1970, էջ 166։
  8. ՀԱԱ, ֆ. 326, ց. 1, գ. 176, թթ. 6-7:
  9. Տես նույն տեղում, թ. 7:
  10. Տես նույն տեղում, թ. 8:
  11. Կ. Ա. Հարությունյան, Մ. Գ. Սահակյան, ՀՀ ԳԱԱ-ի աշխատակիցների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում, Երևան, 2001, էջ 53 (ռուսերեն)։
  12. Ա. Մնացականյան, Միասնական շարքերում, Երևան, 1975, էջ 463։
  13. ՀԱԱ, ֆ. 326, ց. 1, գ. 176, թ. 14:
  14. Հայ ժողովրդի պատմություն, 8-րդ հատոր, 1970, էջ 167։
  15. Կ. Ա. Հարությունյան, Մ. Գ. Սահակյան, ՀՀ ԳԱԱ-ի աշխատակիցների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում, Երևան, 2001, էջ 54 (ռուսերեն)։
  16. Ռ. Մարտիրոսյան, Դաշնակցության հակաժողովրդական գործունեությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Երևան, 1982, էջ 127։