Հակաֆաշիստական Ընդհատակյա Հայրենասիրական Կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակաֆաշիստական Ընդհատակյա Հայրենասիրական Կազմակերպություն (ՀԸՀԿ), խորհրդային ռազմագերիների հակաֆաշիստական կազմակերպություն. գործել է ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ, ԽՍՀՄ, Լեհաստանի, Ֆրանսիայի՝ գերմանաֆաշիստական զորքերի օկուպացրած տարածքներում։ Ստեղծվել է 1942-ի մայիսին, ոչ ռուս ռազմագերիների Բենյամինովոյի (Վարշավայի մոտ) ճամբարում, որտեղ ֆաշիստական հրամանատարությունը կազմակերպում էր ազգ. գումարտակներ (այդ թվում՝ Հայկական ազգային լեգեոնը)։ Կազմակերպությունը ղեկավարում էր ընդհատակյա կենտրոնական բյուրոն, որը գլխավորում էր խորհրդային բանակի մայոր Ս. Յաղջյանը (բյուրոյի անդամներ՝ սպաներ Վ. Վարդանյան, Բ. Պետրոսյան, Ա. Ղազարյան, Դ. Մինասյան, Ա. Կարապետյան, Լ. Տիտանյան)։ ՀԸՀԿ կապ է հաստատել լեհ հայրենասերների հետ, ծրագրել համատեղ ապստամբություն, որը սակայն տեղի չունեցավ ճամբարը 1943-ի հոկտեմբերին Ֆրանսիա տեղափոխելու պատճառով։ Մեկ գումարտակ փոխադրվեց գերմանացիների օկուպացրած Մայկոպի շրջան, մյուսը՝ Ժիտոմիր։ 1943-ի սեպտեմբերին հայկական լեգեոնը փոխադրվեց Ֆրանսիա (Մանդ), որտեղ ղեկավարությունը կապեր հաստատեց ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակիցների և Ֆրանսիայի հարավի հայ հայրենասերների հետ։ 1944-ի հունիսին հայկական լեգեոնի մեկ գումարտակ, որը տեղակայված էր Լա Մանշի շրջանում, ապստամբեց, անցավ դաշնակիցների կողմը և նրանց հետ մասնակցեց Սոմ դեպարտամենտի ազատագրմանը։ ՀԸՀԿ-յան հայկական լեգեոնի բոլոր գումարտակներն անցան ֆրանսիացի ազատ հրաձիգների ու պարտիզանների կողմը և համատեղ մասնակցեցին գերմանացի օկուպանտներից Ֆրանսիայի հարավի ազատագրմանը (1944-ի հուլիս-սեպտեմբեր)։ 1944-ի օգոստոսին ֆրանսիական Դիմադրության շարժմանը հարած հայ ռազմագերիներից կազմակերպվեց Խորհրդային առաջին պարտիզանական գունդը Ֆրանսիայում։ ՀԸՀԿ-յան ընդհատակյա բյուրոներ են գործել Հոլանդիայում, Հունաստանում, Հարավսլավիայում, Ալբանիայում, Չեխոսլովակիայում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 64