Բելադոննա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բելադոննա
Բելադոննա
Բելադոննա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ցեղ Մահամորմ (Atropa)
Տեսակ Բելադոննա (A. belladonna)
Միջազգային անվանում
Atropa belladonna

Բելադոննա կամ սովորական մահամորմ, շնախաղող, շիկատակ (լատ.՝ Atrópa belladónna), բազմամյա խոտաբույս, պատկանում է մահամորմների ցեղի մորմազգիների ընտանիքին:

Բույսը ստացել է նաև «մոլգենած» անունը, քանի որ դրա մեջ պարունակվող ատրոպինը, սկոպոլամինը և հիոսցիամինը կարող են մարդու մոտ առաջացնել ուժեղ գրգռվածություն, ինչն էլ բերում է կատաղության և Հալյուցինացիաների[1][2][1][2][3]: Բույսի տոքսինները դեղագործության մեջ օգտագործվում են, որպես հակախոլիներգիկներ:

Բելադոննան ունի անկանխատեսելի ազդեցություններ[1]: Բելադոննայի թույնի անտիդոտն են համարվում ֆիզոստիգմինը կամ պոլիկարպինը, նույնը ինչ ատրոպինի համար[4]:

Բույսը երկար ժամանակ լայնորեն օգտագործվել է բժշկության, կոսմետոլոգիայի և թունաբանության մեջ[1][2]: Միջնադարից առաջ այն վիրահատությունների ընթացքում օգտագործվել է, որպես անզգայացնող: Հին հռոմեացիները այն լայնորեն օգտագործում էին, որպես թույն (Օգոստոս և Կլավդիոս կայսրերի կանայք բույսը օգտագործում էին սպանությունների համար)[5][6]: Ինչպես նաև բույսի թույնը քսում էին նետերի ծայրերին[5]: Atropa արմատը գալիս Atropos անունից («անկարող լինել մերժվել»), ով հունական առասպելաբանությունում երեք դատավորներից մեկն էր՝ նա կտրում էր կյանքի թելը, որը հյուսում էին նրա քույրերը: Իսկ «bella donna» իտալերենում նշանակում է «գեղեցիկ կին»[7], քանի որ հնում կանայք մահամորմի հյութը կաթեցնում էին աչքերի մեջ՝ բբերը լայնանում էին և աչքերում հայտնվում էր առանձնահատուկ փայլ[2][8][9][10][11]: Բացի այդ, այդ բույսի հատապտուղները քսում էին այտերին, որպեսզի դրանք ստանաին «բնական» կարմրություն:

Բուսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական նկարազարդում՝ Օ. Վ. Տոմեի «Flora von Deutschland, Österreich und der Schweiz» գքրից, 1885

Բազմամյա խոտաբույս է: Կյանքի առաջին տարում ձևավորվում է ուղղաձիգ, ձողաձև ու ճյուղավորված արմատ և սակավաճյուղ ցողուն, որի բարձրությունը հասնում է 60—90 սմ: Երկրորդ տարվանից ձևավորվում է հասատացած կոճղարմատ՝ բազմաթիվ ամուր ճյուղավորված արմատներով:

Ցողունները բարձր, ուղիղ, ճյուղավորված, հաստ, առանց հստակ սահմանների, հյութեղ, կանաչ կամ մուգ մանուշակագույն են, բարձրությունը հասնում է մինչև 200 սմ, իսկ վերին մասը պատված է խիտ գեղձային մազիկներով:

Տերևները կոթունավոր են, ներքևի շարքը հերթականությամբ է դասավորված, վերինը՝ զույգ-զույգ, գրեթե հակառակ դասավորված (և գրեթե միշտ մեկը զգալիորեն երկու-երեք անգամ մյուսներից մեծ է), ամուր են, 20 սմ երկարությամբ և 10 սմ լայնությամբ, մուգ կանաչավուն են: Տերևաթերթիկները էլիպսաձև, ձվաձև կամ երկարացված ձվաձև տեսք ունեն, վերին մասը սրածայր, միածայր է, իսկ հիմքի մոտ նեղանում են կարճ կոթի մեջ: Տերևների գույները վերևում կանաչ կամ գորշ կանաչավուն են, իսկ ներքևում՝ ավելի բաց:

Ծաղիկները հինգ թերթիկանի են, մեկական կամ զույգով, ոչ այդքան ամուր են, խոնարհված, դուրս են վերին տերևների գալիս տերևանութից՝ գեղձային մազիկներով ծաղկաբների վրա, զանգակաձև են, երկուական ծաղկապատյաններով: Ծաղկաբաժակը, որը մնում է պտղատվության ժամանակ՝ հնգճեղքանի, ձևաձև երկարասրածայր թիակով: Ծաղկապսակը գլանա-զանգակաձև է, հնգաթիակ, 20-30 սմ երկարությամբ, պղտոր մանուշակագույն (երբեմն դեղին) երանգի, հիմքը գորշ դեղին է՝ գորշ մանուշակագույն երակաթելերով: Առէջները հինգն են՝ վարսանդն ու վերին սերմնարանը, մանուշակագույն սռնակը, որոնք հավասար են ծաղապսակին կամ նրանից մի փոքր բարձր են և երիկամաձև սպին: Ծաղկում է մայսից մինչև խորը աշուն:

Պտուղը երկբողբոջանի է, մի փոքր ճզմված, մուգ մանուշակագույն (երբեմն դեղին) հատապտուղ է՝ կապտամանուշակագույն հյութ պաորւանկող բազմաթիվ սերմերով, հիշեցնում է փոքր բալերի, ունի քաղցր համ: Սերմերը երիկամաձև են կամ մի փոքր անհամաչափ, գորշ գույնի, ծակոտկեն մակերսով և 1,5-2 մմ երկարությամբ: 1000 սերմերի քաշը 0,6-1,36 գ է[12] [13]: Պտուղերը հասնում են հուլիսից մինչև վեգետացիայի ավարտը:

Տարածվածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում (Ալժիր, Մարոկկո), Կենտրոնական, Հարավային, Արևելյան և Արևմտյան Եվրոպայում, Ղրիմում, Կովկասում, Փոքր Ասիայում (Թուրքիա, Սիրիա), Արևմտյան Ուկրաինայի լեռնային տարածքներում: Հայաստանում տարածված է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում։ Շվեդիայում այն 1870 թվականին գրանցվել է Սկոնեի ֆլորայում և աճեցվում է Մալմյոի մոտ գտնվող բուսաբանական այգում[14]:

Բրիտանիայում այն աճում է կրաքարային հողերում, հրդեհվաշ տարածքներում, դաշտերի եզրերին, կանաչ ցանկապատներում և բաց անտառներում: Այնավելի հայտնի է, որպես այլմոլորակային բույս և լայնորեն օգտագործվում է ավանդական բժշկության մեջ: Սերմերը հիմնականում տարածվում են թռչունների կողմից[15]:

Բույսը հանդիպում է Հյուսիսային Ամերիկայի որոշ մասերում, հիմնականում խոնավ ու հումուսով առատ հողերում: Որոշ շրջաններում այն համարվում է մոլախոտ[16], քանի որ այն զբաղեցնում է հումուսով լի հողերը[17]:

Բելադոննա բույսի համար բարենպաստ է մեղմ, ոչ շատ խոնավ եղանակը, ոչ շոգ ամառը և ձնառատ ձմեռը, հումուսով լի ու բերքառատ անտառային հողը[18]:

Աճում է նոսր հաճարենու, կաղնու, եղևնիների և բոխիի անտառներում, երբեմն ծովի մակարդակից 1000 մ բարձր տարածքներում՝ առանձին կամ խմբերով, անտառեզրերին, անատառհատված վայրերում և գետափներին[13]:

Պահպանման կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելադոննան ներառված է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի կարմիր գրքերում: Ավելի վաղ ներառված էր ԽՍՀՄ-ի (1978 և 1984 թվականներ) և ՌԽՖՍՀ-ի (1988) կարմիր գրքում:

Bele-dame ataetche ôternêye des foyes.jpg
Atropa belladonna 220605.jpg
Atropa bella-donna0.jpg
Ձախից աջ՝ ցողուն, ծաղիկ, պտուղ

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի վերգետնյա մասում պարունակվում են ֆլավոնոիդներ և օքսիկումարիններ[19]: Բույսի բոլոր մասերը թունավոր են, պարունակում են ատրոպինների խմբի ալկալոիդներ՝ արմատը մինչև 1,3 %, տերևները 1,2 %, ցողունը 0,65 %, ծաղիկը 0,6 %, իսկ հասուն պտուղները մինչև 0,7 %[13]: Ատրոպինը կարող է առաջացնել ծանր թունավորումներ: Բելադոննան, բացի ատրոպինից, պարունակում է նաև հիոսցիամին և հիոսցին (սկոպոլամին), ապոատրոպին (ատրոպամին) և բելադոնին. Արմատներում պարունակվում է կուսկգիգրին: Տերևներում և արմատներում պարունակվում է նաև սկոպոլետին[13]:

Ալկալոիդների մեծագույն քանակը հայտնաբերվել է տերևներում՝ կոկոնի աճման և ծաղկման փուլում, ամբողջ բույսում՝ սերմերի ձևավորման սկզբնական շրջանում, իսկ արմատներում՝ վեգետացիայի շրջանում[13]:

Թունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոլորակները բելադոննային տալիս են թունավոր հատկություններ, իսկ այն մարդը, ով կուտի այն՝ կտառապի խելագարությունից»: Յոհան Մաթեուս Ֆեբերի Strychnomania explicans strychni manici antiquorum, vel solani furiosi recentiorum, historiae monumentum, indolis nocumentum, antidoti documentum … գրքից, 1677

Թունավորման ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեթև թունավորման ախտանշաններն են (հայտնվում է 10-20 ր հետո)՝ չորություն և այրոց բերանում ու կոկորդում, կուլ տալու ու խոսքի բարդույթներ, հաճախացած սրտխփոց (տախիկարդիա): Ձայնը դառնում է խռպոտ: Բբերը լայնանում են և չեն արձագանքում լույսին: Խանգարվում է տեսողությունը: Առաջանում է լուսավախություն, աչքերի առաջ լինում է բծերի փայլկտում: Մաշկը չորանում է ու կարմրում: Առաջանում է գրգռվածություն, երբեմն զառանցանք և հալյուցինացիաներ[2][20][21]:

Ծանր թունավորումների ժամանակ, մարդը ամբողջությամբ կորցնում է կողմնորոշումը, լինում է կտևուկ շարժական և հոգեբանական գրգռվածություն, երբեմն սպազմեր: Կտրուկ բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, առաջանում է հևոց, շնչառության Չեյն-Ստոքսյան խանգարում, լորձաթաղանթների ցիանոզ (կապտում), անոթազարկը անկանոն է ու թույլ, զարկերակային ճնշումը ընկնում է: Հնարավոր է վրա հասնի մահը՝ շնչառական կենտրոնի լուծանքի և անոթային անբավարարության պատճառով:

Ատրոպինով թունավորման սպեցիֆիկ բարդույթ են համարվում սնուցողական խանգարումները՝ նախաբազկի և սրունքի ենթամաշկային ցանցաշերտի զգալի այտուցները[22]:

Առաջինը օգնությունը թունավորման ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարվում է զոնդով ստամոքսի լվացում՝ 200 մլ վազելինային յուղով կամ 200 մլ 0,2—0,5 %-ոց տանինի լուծույթով: Սուր փսիխոզը հանգստացնելու համար միջմկանային եղանակով ներարկում են ամինազին: Մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում, գլխին դնել սառը թրջոց: Ամենաարդյունավետ միջոցներից մեկը պրոզերինի 1—2 մլ 0,05 %-ոց լուծույթի ենթամաշկային ներարկումն է:

Մյուս տաբերակը ջրով ստամոքսի լվացումն է՝ ավելացնելով ակտիվացրած ածուխ կամ կալիումի պերմանգանատի 1:1000 լուծույթ, զոնդով տալ հանգստացնողներ, ապահովել հանգիստ, անկողնային ռեժիմ, դնել սառը թրջոց՝ ճակատային հատվածում: Թուլության դեպքում տալ կոֆեինի դեղահաբեր: Շնչառության խանգարման դեպքում տալ արհեստական շնչառություն՝ ներմղելով թթվածին[22]:

Ներկայումս հասանելի են բազմաթիվ հակաթույներ:

Բուժումը ատրոպինով թունավորման ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ դետոքսիկացիայի մեթոդ: Կատարել բերան-ստամոքսային զոնդավորում, զոնդը վազելինապատել: Լինում է ուժեղ միզարտադրություն:

Հակաթույնային բուժում: Կոմատոզ վիճակի ժամանակ, երբ բացակայում են գրգիռները ենթամաշկային եղանակով կրկնակի ներարկել պիլոկարպինի 1 %-ոց 1 մլ, պրոզերինի 0,05 %-ոց 1 մլ կամ էզերինի 0,1 %-ոց 1 մլ լուծույթ:

Ախտանշանային թերպիա: Գրգռվածության դեպքում ներարկել 2 մլ 2,5 %-ոց ամինազին (միջմկանային), 2 մլ 1 % -ոց դիմեդրոլ (միջմկանային), 2 մլ 1 %-ոց պրոմեդրոլ (ենթամաշկային), 5-10 մգ դիազեպամ (ներերակային): Կտրուկ հիպերթերմիայի ժամանակ միջմկանային եղանակով ներարկել 10-20 մլ 4%-ոց ամիդոպիրին, գլխին դնել սառցե պարկ և ապահովել օդափոխությունը[22]:

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղատնային ապակե աման՝ բելադոննայի եփուկի համար: Անգլիա, 1880-ականներ

Հին ձեռագրերում հազվադեպ է հիշատակվում բժշկության մեջ մահամորմի օգտագործման մասին, քանի որ հայտնի էր դրա թունավոր հատկությունները: Բելադոննան, որպես դեղաբույս հիշատակվում է Դիոսկորիդեսի «De Materia Medica» ձեռագրում (մոտավորպես մ.թ.ա 40-90 թվականներ): Այս բույսի մասին ավելի մանրամասն նկարագրություն տվել են խոտաբույսերով բուժող միջնադարյան հեքիմները: Բելադոննան հիշատակվում է Ֆոքսի բժշկարանում, որը հրատարակվել է 15-րդ դարի երկրորդ կեսին: Բայց ավելի վաղ, մարդիկ այդ բույսը օգտագործում էին որպես թույնի աղբյուր: Դրանից պատրաստում էին քսուկներ, որոնք օգտագործում էին վհուկների դատավարության ժամանակ: Քսուկն օգտագործելու ժամանակ, ակտիվ նյութերը ընկնում էին արյան մեջ, ինչը առաջացնում էր հալյուցինացիաներ և զոհերը ասում էին այն, ինչն իրենցից պահանջվում էր: Բույսից պատրաստում էին նաև կախարդական թուրմեր: Կասպար Բաուգինը իր բժշկարանում (Բազել, 1596) հիշատակել է, որ մահամորմի կտրտված և մարմնին դրված խոտը բուժում է խոցերն ու ուռուցքները, բորբոքված ստամոքսն ու լյարդը, բայց միևնույն ժամանակ բույսը հանգեցնում է տենդի առաջացմանը[1][2][23]: Ժամանակակից ավանդական բժշկությունը հրաժարվում է նման վտանգավոր բույսի օգտագործումից, սակայն ավելի վաղ մահամորմի հյութահանուկըը գինու և հյութի հետ խմում էին, որպես տարբեր տեսակի ցավերի բուժիչ միջոց[24] :

19-րդ դարում էկլետիկ բժշկական ամսագիրը նկարարգեց, ինչպես պատրաստել բելադոննայի հյութհանուկ՝ պացիենտներին ներարկելու համար[25]: Պրեպարատները, որոնք պատրաստվել են բելադոննայի հյութհանուկի հիմքով՝ օգտագործվում են ցանցաթաղանթի անոթների ուսումնասիրության, խոցային հիվանդությունների, բրոնխիալ աստմայի, գաստրիտի և երիկամաքարային հիվանդությունների բուժման համար:

Մահամորմի ինքնուրույն օգտագործումը խստիվ արգելված է:

Դեղաբանական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելադոննայի դեղաբանական հատկությունները հիմնականում համընկնում են ատրոպինի հատկությունների հետ:

Բելադոննային պատրաստված պրեպարատները նպաստում են ացետիլխոլինի ազդեցության ակտիվացմանը, նվազեցնում են թքային, ստամոքսային, բրոնխիալ, արցունքային, քրտնագեղձերի, ենթաստմոքսային գեղձի հյութազատումը: Նվազեցնում են աղեստամոքսային համակարգի մկանների, լեղապարկի ծորանի տոնուսը, բայց բարձրացնում է սեղմանների տոնուսը: Առաջացնում է տախիկարդիա, բարելավում է նախասիրտ-փորոքային անցանելիությունը: Մեծացնում է բբերը, բարդեցնում է աչքի ներքին հեղուկի արտահոսքը, բարձրացնում է ներաչքային ճնշումը, առաջացնում է աչքի հարմարանքների պարալիչ[26]:

Ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելադոննային պատրաստված պրեպարատները օգտագործում են ստամոքսի և 12-մատնյա աղու խոցերի, լեղաքարային հիվանդությունների, որովային հատվածի օրգանների հարթ մկանների սպազմերի, լյարդային ու երիկամային կոլիկների, բրադիկարդիայի, նախասիրտ-փորոքային խցանման, թութքի և հետանցքի ճաքերի բուժման համար:

Բելադոննայի պրեպարատները հակացուցված են այդ բույսի և մյուս կոմպոնենտների հանդեպ գերզգայունության, գլաուկոմյի, մեզի արտաթորման խանգարումով շագանակագեղձի հիպերտրոֆիայի դեպքում: Բուժման ընթացքում պետք է ուշադիր լինել մեքենա վարելուց և այլ վտանգավոր գործունեությամբ զբաղվելուց, որոնք պահանջում են ուշադրության կենտրոնության բարձրացում, հոգեշարժային ռեակցիաների արագություն և լավ տեսողություն:

Կողմնակի հետևանքների և գերդոզավորման դեպքում դիտվում է հոգեշարժային գրգռվածություն, բերանի չորություն, միդրիազ, ցանցաթաղանթի պարալիչ, աղիքների ատոնիա, գլխապտույտ, տախիկարդիա, միզապահություն, կոպերի մաշկի հիպերեմիա և ֆոտոֆոբիա[26]:

Դեղաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է հետևյալ դեղաձևերով.

  • Բուսական հումք՝
    • խիտ հյութհանուկ (Extractum Belladonnae spissum), մուգ դարչնագույն խիտ զանգված, ունի յուրահատուկ հոտ, պարունակում է 1,4-1,6 % ալկալոիդներ:
    • չոր հյութահանուկ (Extractum Belladonnae siccum), դարչնագույն կամ բաց դարչնագույն փոշի, ունի թույլ հոտ, յուրահատուկ համ, խոնավածուծ է, պարունակում է 0,7—0,8 % ալկալոիդներ: Քանի որ այս փոշին պարունակում է քիչ ալկալոիդներ՝ օգտագործում են կրկնակի դեղաչափով, ըստ խիտ հյութահանուկի հետ հարաբերակցության:
  • Թուրմ (Tinctura Belladonnae), թափանցիկ կանաչավուն կամ գործ կարմիր գույնի հեղուկ է, ունի յուրահատուկ հոտ և դառը համ: Պատրաստում են մահամորմի տերևներից (1:10)՝ 40 % սպիրտի մեջ, պարունակում է 0,027—0,033 % ալկալոիդներ:
  • Մոմիկներ, դեղաչափը 15 մգ[26]:

Բելադոննայի պրեպատատները նաև մտնում են Զելենինի կաթիլների և այլ կոմբինացված դեղանյութերի բաղադրության մեջ:

Բելադոննայից պատրաստում են հետևյալ դեղանյութերը՝ ծծմբաթթվային ատրոպին, տերևների փոշի, կորբելլա (դեղահաբեր), արմատների եփուկ և սուկրադբել: Բացի այդ, բելադոննան ներառված է մի շարք կոմպլեքսային պրեպարատների բաղադրության մեջ:

Դեղանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դեղանյութ օգտագործվում է բույսի տերևները, խոտերը և արմատը (լատ.՝ Folium, Herba, Radix Belladonnae): Նյութը հիմնականում հավաքում են տնկադաշտերից՝ տերևները պատրաստում են ծաղկման շրջանում, իսկ խոտերը՝ բերքատվության, դրանք չորացնում են 45—50 °С-ում[19]: Ճիշտ և արագ չորացման ժամանակ, նյութը պահպանում է իր կանաչ գույնը և գրեթե չի կորցնում ալկալոիդները: Բելադոննայի արմատները հավաքում են տնկադաշտերի վերացման ժամանակ: Դա հիմնականում կատարվում է աշնանը, արմատները լվանում են, մաքրում վերերկրյա օրգաններից, կտրտում և ապա չորացնում: Չոր տերևների բերքատվությունը կազմում է 8-10 ց/հա, խոտերը՝ 12-15 ց/հա[13]:

Բելադոննայի չոր նյութերում ալկալոիդները ընդհանուր քանակը պետք է լինի 0,35 %, խոտերում նույնպես՝ 0,35 %-ից ոչ պակաս, իսկ արմատներում՝ 0,5 %[18]:

Աճեցումը կուլտուրաներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի բելադոննայի պաշարները բավարար չեն, իսկ նրա պատրաստումը բարդ գործընթաց է: Այդ իսկ պատճառով, բելադոննան ներառվել է կուլտուրաների մեջ, բացի այդ, նյութի քանակը որը ստանում են կուլտուրաներում աճեցրած բելադոննայից, ավելի մեծ է, քան վայրի բելադոննայից ստացածը[18]:

Տաք, մեղմ ձմեռներով կամ կայուն ձնածածկ ունեցող շրջաններում, բելադոննայի տնկադաշտերը կարելի է օգտագործել հինգ և ավելի տարի, բայց հիմնականում երեք տարուց ավել չի օգտագործվում:

Բելադոննան ջերմասեր բույս է՝ երկար վեգետացիոն շրջաններով: Կյանքի առաջին տարում, պահանջվում է 125-145 օր՝ ծլելուց մինչև սերմերի հասունացում: Վեգետացիան տեղի է ունենում մինչ աշնանային ցրտահարությունները:

Բելադոննան աճեցնում են բարենանպաստ խոնավությամբ ցածր վայրերում, գետնահողային ջրերից 2մ բարձրության վրա, թեթև կամ միջին մեծանիկական բաղադրությամբ բերքատու հողերում, օդի և ջրի համար լավ թափանցելի և խորը վարելաշերտ ունեցող վայրերում: Բույսը տնկում են դաշտային, կերային ցանքաշրջանառությունում կամ վարելահողերում: Լավագույն նախորդները դրանք աշնանային, բանջարեղենային և տեխնիկական բույսերն են: Բելադոննան կարող է զգայուն լինել պարարտանյութերի նկատմամբ՝ կախված չափից և տեղային պայմաններից: Բելադոննան հիմնականում բուծվում է սերմերը հողին ցանելով, շատ հազվադեպ օգտագործվում է արմատները, որոնք աճեցվել են ջերմոցներում կամ հողում: Արմատներով բազմացումը պրակտիկ է այն շրջաններում, որտեղ կա ցրտահարության ռիսկ, իսկ նոսրացումը՝ ավելի հյուսիսային տեղանքներում: Սերմերով ցանքը կատարվում է վաղ գարնանը, որոնք ստրատիֆիկացվել են երկու ամսվա ընթացքում (0 °C-ից մինչև 2—3 °C ջերմության պայմաններում) կամ ձմռանը՝ չոր տերևների տակ: Սերմնացանքը եղանակը շարքային կամ քառակուսաձև է՝ 4 կգ/հա, շարքայինի դեպքում՝ 60 սմ-ի համար 8 կգ/հա: Բելադոննայի խնամքը նույնն է ինչ հեռաշարացան կուլտուրաներինը[13]:

Բելադոննայի տնկադաշտերում թունավորումից խուսափելու համար, տեղադրվում է բույսի թունավոր լինելու մասին հատուկ նշանները:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ulbricht C, Basch E, Hammerness P, Vora M, Wylie Jr J, Woods J (2004)։ «An evidence-based systematic review of belladonna by the natural standard research collaboration»։ Journal of Herbal Pharmacotherapy 4 (4): 61–90։ PMID 15927926 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Belladonna»։ MedlinePlus, US National Institutes of Health։ 23 February 2015։ Վերցված է 17 October 2017 
  3. Kuhn Cynthia, Swartzwelder Scott, Wilson Wilkie, Wilson Leigh Heather, Foster Jeremy (2008)։ Buzzed. The Straight Facts about the Most Used and Abused Drugs from Alcohol to Ecstasy։ New York: W. W. Norton & Company։ էջ 107։ ISBN 0-393-32985-2 
  4. Potter Samuel O.L. (1893)։ A Handbook of Materia Medica Pharmacy and Therapeutics։ London: P. Blakiston's։ էջ 53 
  5. 5,0 5,1 Michael (1998)։ Alkaloids : biochemistry, ecology, and medicinal applications։ New York: Plenum Press։ էջ 20։ ISBN 0-306-45465-3 
  6. Timbrell John (2005)։ The poison paradox : chemicals as friends and foes։ Oxford: Oxford Univ. Pr.։ էջ 2։ ISBN 0-19-280495-2 
  7. Spiegl, Fritz (1996)։ Fritz Spiegl's Sick Notes: An Alphabetical Browsing-Book of Derivatives, Abbreviations, Mnemonics and Slang for Amusement and Edification of Medics, Nurses, Patients and Hypochondriacs։ Washington, DC: Taylor & Francis։ էջեր 21–22։ ISBN 1-85070-627-1 
  8. Hofmann, Albert, Schultes, Richard Evans (1987)։ Plants of the Gods: Origins of Hallucinogenic Use։ New York: Van der Marck Editions։ էջ 88։ ISBN 0-912383-37-2 
  9. «Pupillometry: A sexual selection approach»։ Evolution and Human Behavior 25 (4): 211–228։ 2004։ doi:10.1016/j.evolhumbehav.2004.05.001 
  10. Edward Harris Ruddock (1867)։ The Homoeopathic Vade Mecum of Modern Medicine and Surgery: For the Use of Junior Practitioners, Students, Clergymen, Missionaries, Heads of Families, Etc (2 ed.)։ Jarrold and Sons։ էջեր 503–508 
  11. R. Groombridge, ed. (1839)։ The Naturalist: Illustrative of the Animal, Vegetable, and Mineral Kingdoms։ R. Groombridge։ էջ 193  Notes: v.4-5 (1838-1839)
  12. Kay QON (2008)։ Marshall C., Grace J., eds.։ «Edible fruits in a cool climate: the evolution and ecology of endozoochory in the European flora»։ Fruit and Seed Production: Aspects of Development, Environmental Physiology and Ecology (Society for Experimental Biology Seminar Series) (Cambridge, UK: Cambridge University Press): 240։ ISBN 0-521-05045-6 
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 Атлас лекарственных растений СССР / Гл. ред. Н. В. Цицин. — М.: Медгиз, 1962. — С. 80—82. — 702 с.
  14. Hylander N. (1971)։ «Prima loca plantarum vascularium Sueciae. Första litteraturuppgift för Sveriges vildväxande kärlväxter jämte uppgifter om första svenska fynd. Förvildade eller i senare tid inkomna växter.»։ Svensk Botanisk Tidskrift 64: 332 
  15. «Online Atlas of the British and Irish Flora: Atropa belladonna (Deadly nightshade)»։ Botanical Society of Britain and Ireland (BSBI) 
  16. «PLANTS Profile for Atropa bella-donna (belladonna) | USDA PLANTS»։ Վերցված է 2008-07-08 
  17. Stepp JR (June 2004)։ «The role of weeds as sources of pharmaceuticals»։ J Ethnopharmacol 92 (2–3): 163–6։ PMID 15137997։ doi:10.1016/j.jep.2004.03.002 
  18. 18,0 18,1 18,2 Энциклопедический словарь лекарственных, эфирномасличных и ядовитых растений / Сост. Г. С. Оголевец. — М.: Сельхозгиз, 1951. — С. 37—41. — 584 с.
  19. 19,0 19,1 Блинова, К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь : Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 198—199. — ISBN 5-06-000085-0
  20. Mallinson T (2010)։ «Deadly Nightshade: Atropa Belladonna»։ Focus on First Aid (15): 5։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-05-21-ին 
  21. Lee MR (March 2007)։ «Solanaceae IV: Atropa belladonna, deadly nightshade» (PDF)։ J R Coll Physicians Edinb 37 (1): 77–84։ PMID 17575737 
  22. 22,0 22,1 22,2 Мусселиус, С. Г. Отравления животными и растительными ядами // Медицинская токсикология: нац. рук / Под ред. Е. А. Лужникова. — М.: ГЭОТАР-Медиа, 2012. — С. 717—718. — 923 с. — ISBN 5970422266
  23. Ebadi, Manuchair (2007)։ Pharmacodynamic Basis of Herbal Medicine։ CRC Press։ էջ 203։ ISBN 9780849370502 
  24. Lambert Angela (September 3, 2014)։ The Lost Life of Eva Braun։ St. Martin's Press։ էջ 262։ ISBN 1466879963 
  25. Joseph R. Buchanan, R.S. Newton (1854)։ Wm. Phillips and co., ed.։ «Officinal preparations»։ The Eclectic Medical Journal (Wm. Phillips and co.) 
  26. 26,0 26,1 26,2 «Поиск по базе данных ЛС, опции поиска: МНН — Белладонны листья, флаги «Искать в реестре зарегистрированных ЛС», «Искать ТКФС», «Показывать лекформы»»։ Обращение лекарственных средств։ ФГУ «Научный центр экспертизы средств медицинского применения» Росздравнадзора РФ։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-22-ին։ Վերցված է 2009-08-19 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «մահամորմ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
  • «Compounds in deadly nightshade»։ USDA, ARS, National Genetic Resources Program. Phytochemical and Ethnobotanical Databases։ Beltsville, Maryland: National Germplasm Resources Laboratory։ Արխիվացված օրիգինալից-ից 2004-11-10-ին։ Վերցված է 2005-07-28