Մահամորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մահամորմ
Atropa bella-donna1.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ցեղ Մահամորմ (Atropa)
L., 1753

Շիկատակ, մահամորմ, լուսնի ծաղիկ, սնգույրատակ (լատ.՝ Atropa bella–donna), մորմազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բազմամյա թունավոր խոտաբույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Բուսաբանական նկարագիր

Արմատները բազմաթիվ են և խոշոր։ 0,6-2 մ բարձրությամբ ցողունը կանգուն է և ճյուղավորվող։ Տերևները մուգ կանաչ են, հերթադիր, խոշոր, ամբողջաեզր։ Ծաղիկները մեկական են, տերևանութային, դարչնամանուշակագույն կամ կարմրագորշ։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը սև և փայլուն հատապտուղ է[1]։

Տարածված է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում։ Աճում է բացատներում, անտառների հատված ու հրդեհված հատվածներում, անտառեզրերին, խոնավ վայրերում[1]։

Հայտնի է մահամորմի 14 տեսակ, որից երկուսը հանդիպում էր ԽՍՀՄ-ում, երկուսը՝ մահամորմ (A. belladonna) և մահամորմ կովկասյան (A. caucasica), Հայաստանում[1]։

Արժեքավոր դեղաբույս է, բոլոր մասերը պարունակում են ալկալոիդներ, ատրոպին, հիոսցիամին, սաթաթթու և այլն։ Տերևների ու արմատների մզվածքը և թուրմն օգտագործվում են ստամոքսի խոցի, բրոնխային հեղձուկի, պարկինսոնյան և այլ հիվանդությունների բուժման համար։ Շիկատակի սխալ օգտագործումը կարող է թունավորումների, նույնիսկ մահվան պատճառ դառնալ։ Ծաղիկները գորշամանուշակագույն են, ցողունները՝ մերկ, թխակապույտ։ Ունի երկար վեգետացիայի շրջան[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2 մ բարձրությամբ, թունավոր բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է։ Ցողունները թխակապույտ են և մերկ։ Մինչև 20 սմ երկարությամբ և մինչև 12 սմ լայնությամբ տերևները ձվաձև խոշոր են, իսկ ծաղիկները՝ մանուշակագույն գորշավուն։ Բազմաթիվ սերմերով պտուղը սև է և փայլուն[2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է Իջևանի, Լոռու և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակն աճում է նաև Նախակովկասում, Արևելյան Կովկասում, Անդրկովկասում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Ղրիմում, Անատոլիայում և Հյուսիսային Իրանում[2]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1700 մ բարձրությունների վրա, անտառներում, բացատներում և գետերի ափերին։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[2]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 20000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 2000 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես կրճատվող տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում և «Դիլիջան» ազգային պարկում [2]:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Armando T. Hunziker։ The Genera of Solanaceae. A.R.G. Gantner Verlag K.G., Ruggell, Liechtenstein 2001, ISBN 978-3-904144-77-3.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 183 CC-BY-SA-icon-80x15.png