Հիպերթերմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպերթերմիա
Տեսակախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունվերակենդանացում

Հիպերթերմիա (< հիպեր... և հունարեն՝ θέρμη - ջերմություն), գերջերմություն, մարդու և կենդանիների օրգանիզմում ավելցուկային ջերմության կուտակումը և մարմնի ջերմաստիճանի բարձրացումը։ Իրականանում է ջերմատվությունը դժվարացնող կամ արտաքին միջավայրից դեպի օրգանիզմ ջերմության անցումն ուժեղացնող գործոնների ազդեցության հետևանքով։ Հիպերթերմիան առաջանում է ջերմակարգավորման ֆիզիոլոգիական մեխանիզմների (քրտնարտադրություն, մաշկային արյան անոթների լայնացում և այլն) առավելագույն լարվածության հետևանքով և, եթե ժամանակին պատճառները չվերացվեն, պրոցեսը կարող է հարաճել և 41-42 °C-ում ավարտվել ջերմային հարվածով։ Հիպերթերմիան ուղեկցվում է նյութափոխանակության արագացմամբ և որակական փոփոխություններով, ջրի ու աղերի կորստով, արյան շրջանառության և ուղեղի թթվածնամատակարարման խանգարմամբ, որը հանգեցնում է գրգռվածության, երբեմն՝ ջղաձգությունների և ուշագնացությունների։ Հիպերթերմիայի զարգացմանը նպաստում են ջերմարտադրության բարձրացումը (մկանային աշխատանքի դեպքում), ջերմակարգավորման մեխանիզմների խանգարումները (նարկոզ, հարբածություն, որոշ հիվանդություններ), ջերմակարգավորման տարիքային թուլությունը (երեխաների մոտ կյանքի առաջին տարիներին)։ Արհեստական հիպերթերմիան կիրառվում է նյարդային և դանդաղ ընթացող քրոնիկական որոշ հիվանդությունների բուժման նպատակով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 416