Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բասկետբոլի ազգային ասոցիացիա
National Basketball Association
Կարգախոս Where Amazing Happens
(որտեղ պատահում է զարմանալին)
Տիպ Սպորտային լիգա
Իրավ. կարգավիճակ Գործող
Շտաբակայան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մանհեթեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Տարածաշրջան Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
(29 ակումբ)
Կանադա Կանադա
(1 ակումբ)
Ակումբների քանակ 30
Վերջին չեմպիոն Մայամի Հիթ
(3-րդ տիտղոս)
Ամենատիտղոսակիր ակումբ Բոստոն Սելտիքս
(17 տիտղոս)
Կոմիսար Ադամ Սիլվեր
Կայք nba.com

Բասկետբոլի ազգային ասոցիացիա (անգլ.՝ National Basketball Association, կրճատ՝ NBA), տղամարդկանց բասկետբոլի պրոֆեսիոնալ առաջնություն, Հյուսիսային Ամերիկայի գլխավոր սպորտային լիգաներից մեկը։ Ունի երեսուն ակումբ (29-ը Միացյալ Նահանգներից և 1-ը Կանադայից), Միացյալ Նահանգների բասկետբոլի ֆեդերացիայի գործող անդամ է։[1] NBA-ում հանդես եկող բասկետբոլիստները համարվում են ամենաբարձր միջին տարեկան աշխատավարձ ստացող մարզիկները [2]

Հիմնադրվել է 1946 թվականի հունիսի 6-ին, որպես Ամերիկայի բասկետբոլի ասոցիացիա (BAA)[3]։ 1949 թվականի օգոստոսի 3-ին Ամերիկայի բասկետբոլի ասոցիացիայի և Բասկետբոլի ազգային լիգայի (NBL) միավորումից հետո ձևավորվում է Բասկետբոլի ազգային ասոցիացիան։

Պատմությունը[խմբագրել]

Հիմնադրումը և միավորումը[խմբագրել]

Ամերիկայի բասկետբոլի ասոցիացիան (անգլBasketball Association of America, հապավումը՝ BAA) հիմնադրվել է 1946 թվականին։ Նորաստեղծ լիգայի սեփականատերերին պատկանում էին Միացյալ Նահանգներում և Կանադայում գտնվող մի շարք հոկեյի արենաներ։ 1946 թվականի նոյեմբերի 1-ին Տորոնտոյում տեղի ունեցավ հանդիպում «Տորոնտո Հասկիս» և «Նյու Յորք Նիքերբոքերս» ակումբների միջև, որն NBA-ը այսօր համարում է իր պատմության մեջ անցկացված առաջին բասկետբոլային խաղը։[4] Չնայած այդ ժամանակաշրջանում Հյուսիսային Ամերիկայում արդեն կային գործող պրոֆեսիոնալ բասկետբոլի լիգաներ, մասնավորապես՝ Ամերիկայի բասկետբոլի լիգան (ABL) և Բասկետբոլի ազգային լիգան (NBL), սակայն BAA-ն իր առջև նպատակ էր դրել ակումբները տեղակայել խոշոր քաղաքներում և խաղերն անցկացնել մեծ արենաներում։ Գոյության նախնական տարիների ընթացքում BAA-ը որակային առումներով զիջում էր ինչպես հակառակորդ լիգաներին, այնպես էլ «Հառլեմյան ճանապարհորդներին» և նմանատիպ ոչ մրցակցային ակումբներին։

1949 թվականի օգոստոսի 3-ին BAA-ը որոշում է միավորվել NBL-ի հետ՝ ձևավորելով Բասկետբոլի ազգային ասոցիացիան (National Basketball Association, NBA)[5] Նորաստեղծ լիգայում գործում էին 17 թիմեր, տեղակայված մեծ ու փոքր բնակավայրերում[5], իսկ հանդիպումներն անցկացվում էին ինչպես տարբեր մեծության արենաներում, այնպես էլ սիրողական մարզադահլիճներում։ 1950 թվականին NBA-ը որոշում է նվազեցնել գործող թիմերի քանակը, ուստի թիմերը միացվում են միմյանց՝ դառնալով 11-ը։ Կրճատումների գործընթացը շարունակվում է մինչև 1953–54 մրցաշրջանը, երբ լիգայում մնում են ընդամենը ութ թիմեր, որոնցից բոլորն էլ գործում և հանդես են գալիս NBA-ում մինչ օրս («Նյու Յորք Նիքս», «Բոստոն Սելտիքս», «Գոլդեն սթեյթ Ուորիորս», «Լոս Անջելես Լեյքերս», «Սակրամնետո Ռոյալս/ Քինգս», «Դետրոյթ Փիստոնս», «Ատլանտա Հոքս», և «Ֆիլադելֆիա Նեշընըլզ/Սեվնթի Սիքսերս»)։ Կրճատումների արդյունքում այն թիմերը, որոնք հանդես էին գալիս փոքր քաղաքներում, տեղափոխվում են ավելի մեծ քաղաքներ։

NBA-ում գործում էր ռասայական սահմանափակում, որը տարեցտարի թուլանում էր։ Սահմանափակումն առաջին անգամ կոտրվում է 1947 թվականին, երբ Վատարու Միսական, ով ամերիկյան ճապոնացի էր, սկսում է հանդես գալ «Նյու Յորք Նիքսում»։ 1950 թվականին ապրիլի 26-ին մարզիչ Հարոլդ Հանթերը պայմանագիր է գնքում «Վաշինգտոն Կապիտոլսի» հետ՝ դառնալով NBA-ի հետ պայմանագիր կնքած առաջին աֆրոամերիկացին։[6] Չնայած մոտական մրցաշրջանին ընդառաջ Հանթերը հեռացվում է աշխատանքից[6][7], այնուամենայնիվ մի շարք սևամորթ մարզիկներ սկսում են հանդես գալ լիգայում, ընդ որում հենց սևամորթ Ջորջ Միկանի օրոք է «Մինեապոլիս Լեյքերսը» հաղթում առաջին 5 առաջնությունները։ 1954 թվականին NBA-ը ներմուծում է 24 վայրկանի կանոնը, ըստ որի՝ գրոհը սկսող կողմը 24 վայրկյանի ընթացքում պիտի նետում կատարի դեպի հակառակորդի զամբյուղը, հակառակ դեպքում գնդակը տրվում է հակառակորդ թիմին։[8]

«Սելտիքսի» գերիշխումը և լիգայի ընդլայնումը[խմբագրել]

Բիլ Ռասելը պաշտպանվում է Ուիլթ Չեմբեռլենի դեմ (1966)

1957 թվականին նորեկ կենտրոնական Բիլ Ռասելը միանում է «Բոստոն Սելտիքսին»։ Այդ ժամանակներում «Սելտիքսի» կազմում հանդես էր գալիս պաշտպան Բոբ Քուզին, իսկ թիմը մարզում էր Ռեդ Օուերբաքը։ Թիմը սկսում է աննախադեպ հաջողություն գրանցել՝ տասներեք մրցաշրջաններում նվաճելով տասնմեկ NBA-ի առաջնություն։ 1959-ին կենտրոնական Ուիլթ Չեմբեռլենը սկսում է հանդես գալ «Ֆիլադելֆիա Ուորիորսում», որի կազմում գրանցել է մինչև օրս անգերազանցելի անհատական ռեկորդներ, մասնավորապես՝ 100 միավոր մեկ խաղում և 55 անդրադարձ մեկ խաղում։ Չեմբեռլենի գլխավոր մրցակիցը լիգայում համարվում էր Ռասելը։

1960-ական թվականներին ողջ լիգան «Սելտիքսի» տիրապտության տակ էր։ Ռասելի, Քուզիի և մարզիչ Օուերբաքի առաջնորդությամբ Բոստոնը 1959–66 թվականների ընթացքում ռեկորդային 8 անգամ անընդմեջ նվաճեց NBA-ի գավաթը։ Թիմը չկարողացավ նվաճել տիտղոսը 1966-67 մրցաշրջանում, սակայն դա արեց 1967-68 մրցաշրջանում[9]։

Այս ժամանակաշրջանում NBA-ի ակումբները շարունակեցին քաղաքից քաղաք տեղափոխվել. «Մինեապոլիս Լեյքերսը» տեղափոխվում է Լոս Անջելես, «Ֆիլադելֆիա Ուորիորսը» տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո, «Սիրաքյուզ Նեյշընըլզը» տեղափոխվում է Ֆիլադելֆիա, վերանվանվելով «Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերսի» և վերջապես «Սենթ Լուիզ Հոքսը» տեղափոխվում է Ատլանտա, վերանվանվելով «Ատլանտա Հոքսի»։ Բացի տեղափոխումներից, լիգայում սկսում են նոր թիմեր հիմնադրվել։ 1961 թվականին «Չիկագո Փեքերսը» (այժմ՝ «Վաշինգթոն Վիզարդս») դառնում է NBA-ի իններորդ ակումբը, իսկ 1966-1968 թվականների ընթացքում լիգայում հանդես եկող թիմերի քանակը 9-ից դառնում է 14։ Նորաստեղծ ակումբներն էին «Չիկագո Բուլսը», «Սիեթլ Սուպերսոնիքսը» (այժմ՝ «Օկլահոմա Սիթի Թանդեր»), «Սան Դիեգո Ռոքեթս» (չորս տարի անց տեղափոխվում է Հյուստոն քաղաք), «Միլոուքի Բաքսը» և «Ֆինիքս Սանսը»։

1967 թվականին ստեղծվում է Ամերիկյան բասկետբոլի ասոցիացիան (American Basketball Association, ABA)։ Երկու սպորտային կազմակերպությունների միջև սկսվում է պայքար։ NBA-ին չնայած հաջողվում է «ձեռք գցել» տվյալ ժամանակաշրջանի համալսարանային առաջնությունների գերաստղ Լյու Ալսինդորին (ավելի ուշ՝ Քարիմ Աբդուլ-Ջաբար), սակայն միաժամանակ կորցնում է գործող աստղ Ռիք Բերիին, ինչպես նաև 4 վետերան մրցավարների, որոնք որոշում են միանալ ABA-ին։[10]

1969-ին դիզայներ Ալան Սիգելը Բեյսբոլի բարձրագույն լիգայի պատկերանիշի օրինակով ստեղծում է NBA-ի ներկայիս պատկերանիշը, որում պատկերված է «Լեյքերսի» բասկետբոլիստ Ջերի Վեսթի գծանկարը։ Պատկերանիշը պաշտոնապես լույս է տեսնում 1971 թվականին և մինչ օրս հանդիսանում է NBA-ի ապրանքանիշի անբաժանելի մասը։[11]

Յոթանասունականների ընթացքում երկու լիգաների մրցակցության մեջ առավել դոմինանտ տեղ է սկսում գրավել ABA-ը, որն սկսում է պայմանագրեր կնքել համալսարանների ոչ-շրջանավարտ ուսանողների հետ, որոնցից առավել նշանավորներից էր «Բժիշկ Ջեյ» մականունը կրող սլեմ դանկ վարպետ Ջուլիուս Էրվինգը։ Միևնույն ժամանակ NBA-ը բուռն կերպով սկսում է ընդլայնման գործունեություն ծավալել և հաստատվել երկրի առավել խոշոր քաղաքներում։ 1966-1974 թվականների ընթացքում NBA-ում հանդես եկող ակումբների թիվը 9-ից աճում է և դառնում 18։ 1970-ին իրենց առաջին մրցաշրջանն են անցկացնում «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսը», «Բաֆալո Բրեյվզը» (այժմ՝ «Լոս Անջելես Կլիպերս») և «Կլիվլենդ Կավալիերսը»՝ ակումբների քանակ դարձնելով 17, իսկ 18-րդ ակումբը ասպարեզ է մտնում 1974-ին՝ կրելով «Նյու Օռլեանս Ջազ» (այժմ՝ «Յութա Ջազ»)[12] 1976 թվականին ի վերջո տեղի է ունենում NBA-ի և ABA-ի երկար սպասված միավորումը, ինչի արդյունքում ABA չորս ակումբներ՝ «Սան Անտոնիո Սփըրսը», «Դենվեր Նագեթսը», «Ինդիանա Փեյսերսը» և «Նյու Յորք Նեթսը» (այժմ՝ «Բրուքլին Նեթս») տեղ են գտնում NBA-ում՝ ակումբների ընդհանուր քանակն հասցնելով 22-ի։ Տասնամյակի ավարտին մոտ, սակայն, լիգան աչքի չէր ընկնում խոստումնալիությամբ՝ նվազող հեռուստատեսային վարկանիշների, ցածր հաճախելիության և որոշ բասկետբոլիստների անվան հետ կապված թմրանյութային սկանդալների պատճառով։ Այդ բոլոր խնդիրները իրենց լրջությամբ սպառնում էին նույնիսկ լիգայի բնականոն գործունեությանը։

Ժողովրդականության աճը[խմբագրել]

Մեջիք Ջոնսոնը և Լարի Բըրդը NBA-ի 1985 թվականի գերեզրափակչի երկրորդ հանդիպման ժամանակ

1979 թվականից NBA-ում սկսում է գոծել 3-միավորանոց նետման օրենքը, որը մրցակից առաջնության՝ ABA-ի նորարար մտահաղացումներից էր։ Նույն տարի լիգան համալրում են երիտասարդ նորեկներ Լարի Բըրդը և Մեջիք Ջոնսոնը, որոնցի առաջինը տեղ է գտնում «Բոստոն Սելտիքսում», իսկ մյուսը՝ «Լոս Անջելես Լեյքերսում: Մարզիկների շնորհիվ NBA-ի ժողովրդաանությունն սկսում է նշանակալիորեն աճել, ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև դրա սահմաննեերից դուրս: Ջոնսոնի օգնությամբ «Լեյքերսը» 5 անգամ նվաճում է NBA-ի գավաթը, իսկ Լարի Բըրդի «Սելտիքսը» գավաթը նվաճում է 3 անգամ։ Վաղ 80-ականներին լիգայում հիմնադրվում է ևս մեկ ակումբ՝ «Դալաս Մավերիքսը»՝ ընդհանուր թիմերի քանակն հասցնելով 23-ի:

1984 թվականի փետրվարի 1-ին NBA-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Դեյվիդ Սթեռնը: Նույն թվականին լիգա է մուտք գործում Հյուսիսային Կարոլինայի համալսարանի շրջանավարտ Մայքլ Ջորդանը, ով սկսում է հանդես գալ «Չիկագո Բուլսի» կազմում: Ջորդանը նոր թափով է նպաստում NBA-ի մասսայականացմանն ամբողջ աշխարհում: Շուտով մի շարք ամերիկյան քաղաքներ ցանկություն են հայտնում իրենց ներկայացուցիչ թիմն ունենալու: 1988-89 թվականներին թիմերի քանակն ավելանում է ևս 4-ով՝ «Շառլոթ Հորնեթս» (Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա), «Մայամի Հիթ» (Մայամի, Ֆլորիդա), «Օռլանդո Մեջիք» (Օռլանդո, Ֆլորիդա) և «Մինեսոտա Թիմբերվուլվզ» (Մինեապոլիս, Մինեսոտա1990 և 1991 թվականներին «Դետրոյթ Փիստոնսը» մարզիչ Չակ Դեյլիի և պաշտպան Այզիա Թոմասի առաջնորդությամբ հաղթում է NBA-ի առաջնությունը։ 1991–98 թվականների ընթացքում Մայքլ Ջորդանի և Սկոտի Պիպենի «Չիկագո Բուլսը» 6 անգամ հաղթում է NBA-ի առաջնությունը (բացի 1994 և 1995 թվականներից, որոնց ժամանակ առաջնությունը հաղթում է «Հյուստոն Ռոքեթսը»՝ Հակիմ Օլաջուվոնի առաջնորդությամբ):

Մայքլ Ջորդանը կարիերայի վաղ տարիներին

1992 թվականի Բարսելոնայի ամառային օլիմպիական խաղերում Միացյալ Նահանգները ներկայացնելու համար ձևավորվում է ազգային հավաքական, որն ստանում է «Դրիմ թիմ» անվանումը։ Թիմի կազմում են ընդգրկվում այն ժամանակվա լավագույն մարզիկներ Լարի Բըրդը, Մեջիք Ջոնսոնը, Դեյվիդ Ռոբինսոնը, Պատրիկ Յուինգը, Սկոտի Պիպենը, Քլայդ Դրեքսլերը, Կարլ Մելոունը, Ջոն Սթոքթոնը, Քրիս Մալինը, Չարլզ Բարքլին, Քրիստիան Լեթները և Մայքլ Ջորդանը, ով նշանակվում է որպես թիմի ավագ։ Թիմի բոլոր անդամները հետագայում առաջադրվում են Բասկետբոլի փառքի սրահ։

1995 թվականին լիգայի ակումբների քանակն համալրվում է երկու կանադական թիմերով՝ «Վանկուվեր Գրիզլիս» և «Տորոնտո Ռեպտորս»։ «Գրիզլիսի»՝ 2001 թվականին Վանկուվերից Մեմֆիս տեղափոխվելուց հետո «Ռեպտորսը» մինչ օրս հանդիսանում է NBA-ի միակ կանադական ակումբը։

1996 թվականին ստեղծվում է Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիան (WNBA)։

1998-ին NBA-ի ակումբների սեփականատերերը լոկաուտ են հայտարարում, որը շարունակվում է 191 օր և ավարտվում հաջորդ տարվա հունվարի 18-ին։ Որպես արդյունք՝ 1998–99 մրցաշրջանի խաղացանկը 82-ից կրճատվում է 50 հանդիպման[13] (սովորական մրցաշրջանի 61%-ը), իսկ Բոլոր աստղերի հանդիպումը չի կայանում։ «Սան Անտոնիո Սփըրսը» Դեյվիդ Ռոբինսոնի և Թիմ Դանքանի գլխավորությամբ նվաճում է առաջին գավաթը։

Նոր դարաշրջանը[խմբագրել]

Լեբրոն Ջեյմսը 2013 թվականին

1998 թվականի ամռանը վերջնականապես լուծարվում է «Չիկագո Բուլսի» աստղային կազմը, ինչից հետո գերեզրափակիչներում առավել հաջող են սկսում հանդես գալ Արևմտյան կոնֆերենցիան ներկայացնող ակումբները, մասնավորապես 14 տարվա մեջ «Սան Անտոնիո Սփըրսը» և «Լոս Անջելես Լեյքերսը» միասին վերցված նվաճում են 9 չեմպիոնական գավաթ։ 1999-ի «Սան Անտոնիոյի» հաղթանակից հետո, երեք տարի անընդմեջ՝ 2000, 2001 և 2002 թվականներին Շաքիլ Օ'Նիլի և Կոբի Բրայանտի գլխավորությամբ NBA-ի գավաթն է նվաճում «Լոս Անջելեսը»։ 2003-ին գավաթն երկրորդ անգամ նվաճում է «Սան Անտոնիոն»։ 2004 Լեյքերսը կրին հասնում է մինչև գերեզրափակիչ, սակայն պարտվում «Դետրոյթ Փիստոնսին»։

2006 թվականին NBA-ի գերեզրափակչի շրջանակներում հանդիպում են «Դալաս Մավերիքսը» և «Մայամի Հիթը», որոնք երկուսն էլ առաջին անգամ էին հանդես գալիս գերեզրափակչում։ Գավաթն այս անգամ նվաճում է «Մայամին»՝ երիտասարդ խաղարկող Դուեյն Ուեյդի և 2 տարի առաջ թիմի կազմը համալրած Շաքիլ Օ'Նիլի գլխավորությամբ: 2007-ին «Սան Անտոնիո Սփըրսը» նվաճում է իր չորրորդ գավաթը: 2008 թվականի գերեզրափակչում հանդիպում են լիգայի պատմության դարավոր «հակառակորդներ» «Լոս Անջելես Լեյքերսը» և «Բոստոն Սելտիքսը»։ Մրցապայքարում հաղթանակող է դուրս գալիս «Սելտիքսը», շնորհիվ նոր աստղային «մեծ եռյակի»՝ Քևին Գառնեթի, Ռեյ Ալենի և Փոլ Փիրսի և նվաճելով 17-րդ չեմպիոնական տիտղոսը:

2009 և 2010 թվականներին NBA-ի առաջնությունը կրկին հաղթում է «Լոս Անջելես Լեյքերսը»։ Երկու անգման էլ գերեզրափակչի ամենաարժեքավոր բասկետբոլիստի մրցանակը շնորհվում է Կոբի Բրայանտին։

2010 թվականի բոլոր աստղերի հանդիպումն անցկացվում է «Cowboys Stadium» ամերիկյան ֆուտբոլի մարզադաշտում և ունենում ռեկորդային 108 713 հանդիսատես։

2010-11 մրցաշրջանի ամռանը «Մայամի Հիթի» կազմն է համալրում Լեբրոն Ջեյմսը։ Նույն տարվա գերեզրափակչին Ջեյմսի թիմը 6-խաղյա մրցապայքաորում պարտվում է Դիրք Նովիցկու «Դալաս Մավերիքսին, սակայն 2012 և 2013 թվականներին առաջնությունը նվաճում է «Մայամին»։

2011 թվականին լիգայում կրին լոկաուտ է սկսվում։[13] Մի քանի շաբաթվա ընթացքում բասկետբոլիստները և սեփականատերը դեկտեմբերի 6-ին վավերացնում են կոլեկտիվ բանակցությունների նոր փաթեթ, ինչի արդյունքում 2011-12 մրցաշրջանը 82 հանդիպումներից կրճատվում է 66-ի։[14] Կանոնավոր առաջնության ավարտից հետո գերեզրափակչում գավաթի համար պայքար են մղում «Մայամի Հիթը»՝ Լեբրոն Ջեյմսի, Դուեյն Ուեյդի և Քրիս Բոշի գլխավորությամբ և «Օկլահոմա սիթի Թանդերը»՝ Քևին Դյուրանտի, Ռասել Վեստբրուքի և Ջեյմս Հարդենի գլխավորությամբ։ 5-խաղյա մրցապայքարում հաղթող է դառնում «Մայամին»՝ 6 տարվա մեջ նվաճելով երկրորդ չեմպիոնական տիտղոսը։ Հաջորդ երկու տարիների գերեզրափակիչներում հանդիպում են «Մայամին» և «Սան Անտոնիոն»։ 2013 թվականին 5-խաղյա մրցապայքարում հաղթում է «Մայամին»՝ գրավելով իր երրորդ տիտղոսը, իսկ 2014-ին, կրկին 5-խաղյա մրցապայքարում հաղթում է «Սան Անտոնիոն»՝ նվաճելով 5-րդ տիտղոսը։

2014 թվականին կոմիսարի պաշտոնն է զբաղեցնում Ադամ Սիլվերը։

Թիմերը[խմբագրել]

Ասոցիացիայում սկզբնապես հանդես են եկել 11 թիմեր։ Ավելացումների, կրճատումների և տեղափոխումներից հետո լիգայում ներկայումս գործում է թվով 30 բասկետբոլային ակումբ, որոնցից 29-ը տեղակայված են Միացյալ Նահանգներում և մեկը՝ Կանադայում։

Լիգան ստորաբաժանված է երկու կոնֆերենցիաների միջև, որոնցից յուրաքանչյուրն էլ իր հերթին բաղկացած է երեք դիվիզիայից, իսկ յուրաքանչյուր դիվիզիայում հաշվառված է հինգ ակումբ։

Մրցաշրջանի կառուցվածքը[խմբագրել]

Խաղային մրցաշրջանը NBA-ում բաղկացած է կանոնավոր առաջնությունից և փլեյ-օֆֆից։ Կանոնավորի Ժամանակ բոլոր 30 թիմերն անցկացնում են 82 խաղ։ Յուրաքանչյուր կոնֆերենցիաներից 8 լավագույն թիմերը անցնում են եզրափակիչ՝ փլեյ-օֆֆ, որտեղ և հաղթում է միայն մեկ թիմ՝ դառնալով NBA չեմպիոն։

Կանոնավոր առաջնություն[խմբագրել]

Կանոնավոր առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ Բոստոնի «Թի Դի Գարդեն» մարզապալատում

Ամառային ընդմիջումից հետո թիմերը պաշտոնական նախապատրաստական մարզումները սկսում են ուշ սեպտեմբերին։ Նախապատրաստական մարզումներն անհրաժեշտ են մարզչական անձնակազմերին գնահատելու բասկետբոլիստների (հատկապես նորեկների) խաղաոճը, հետազոտելու ամբողջական թիմի առավելություններն ու թերությունները, բասկետբոլիստներին նախապատրաստելու կանոնավոր առաջնությանը և վերջապես՝ որոշելու 12 հոգուց բաղկացած թիմի այն ակտիվ ցանկը (ինրպես նաև 3 հոգուց բաղկացած ոչ ակտիվ ցանկը), որն հանդես է գալու կանոնավոր առաջնությունում։ Յուրաքանչյուր ակումբի մարզչական և նախագահական կազմ իրավունք ունի երկու տարուց պակաս փորձ ունեցող մարզիկներին նշանակելու կրտսեր առաջնության՝ NBA զարգացման լիգայի համապատասխան կրտսեր ակումբում։ Նախապատրաստական ընդմիջումներից հետո մեկնարկում են նախամրցաշարային ընկերական հանդիպումները, որոնք շատ հաճախ անցկացվում են Միացյալ Նահանգների և այլ երկրների այն քաղաքներում, որտեղ չկան NBA-ի ակումբներ։ Կանոնավոր առաջնությունը մեկնարկում է հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում։

Կանոնավոր առաջնության ժամանակ թիմերն անցկացնում են 82 հանդիպում՝ 41-ը տան հարկի տակ, իսկ մյուս 41-ը՝ մրցակցի։ Նույն դիվիզիայի մեջ մտնող թիմերից յուրաքանչյուրը միմյանց հետ մրցակցում են 4 անգամ (ընդհանուր՝ 16 հանդիպում)։ Նույն կոնֆերենցիային պատկանող մյուս երկու դիվիզիաների 6 ակումբների հետ տվյալ թիմը կրկին հանդիպում է տարին 4 անգամ (ընդհանուր՝ 24 հանդիպում), իսկ մնացած 4 թիմերի հետ՝ 3 անգամ (ընդհանուր 12 հանդիպում)։ Տարբեր կոնֆերենցիաներ ներկայացնող թիմերը տարվա մեջ հանդիպում են 2-ական անգամ (ընդհանուր՝ 30 հանդիպում)։

2008 թվականի դրությամբ Բասկետբոլի ազգային ասոցիացիան և Հոկեյի ազգային լիգան (NHL) հանդիսանում են միակ խոշոր պրոֆեսիոնալ սպորտային լիգաները Միացյալ Նահանգներում և Կանադայում, որոնց բոլոր ակումբները կանոնավոր մրցաշրջանում հնարավորություն են ունենում հանդիպումներ անցկացնել ողջ լիգայի հետ։ Յուրաքանչյուր ակումբ հնարավորություն ունի տարին առնվազն 2 անգամ խաղալ այլ ակումբի հետ։

Բացի այդ՝ NBA-ը միակ լիգան է, որը 1947 թվականից առ այսօր հանդիպումներ է անցկացնում Սուրբ ծնունդի ժամանակ։[15] Սուրբծննդյան խաղերը հեռուստատեսությամբ չէին ցուցադրվում մինչև 1983-84 մրցաշրջանը։ Դիտարժանության համար Սուրբ ծնունդի ժամանակ անցկացվող հանդիպումներում խաղում են լավագույն թիմերը և/կամ բասկետբոլիստները։

Փետրվար ամսին առաջնությունը կարճ ժամանակով դադար է առնում, երբ հանգստյան օրերին մեկնարկում է NBA-ի բոլոր աստղերի ուիքենդը, որի շրջանակներում անցկացվում են մի շարք միջոցառումներ, որոնցից առավել ուշագրավ և դիտարժան է համարվում Բոլոր աստղերի հանդիպումը։ Երկրպագուներն առցանց քվեարկության ճանապարհով որոշում են Արևմտյան և Արևելյան կոնֆերենցիաների աստղային մեկնարկային հնգյակները, իսկ մարզիչները, կրկին քվեարկման ճանապարհով, որոշում են յուրաքանչյուր թիմի 7 հոգուց բաղկացած պահեստային աստղային կազմը։ Հանդիպումից հետո լավագույն արդյունքը գրանցած բասկետբոլիստն արժանանում է հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստի (MVP) մրցանակին։ Բոլոր աստղերի ուիքենդի շրջանակներում անցկացվող միջոցառումներից են Ծագող աստղերի մարտահրավերը, որն անցկացվում է լիգայում 1 և 2 տարվա փորձ ունեցող լավագույն բասկետբոլիստների միջև, հմտությունների մարտահրավերը, որտեղ հատկացված ժամանակահտվածում մասնակիցները պետք հաղթահարեն որոշակի բասկետբոլային փորձություններ, 3-միավորանոց նետումների մրցույթը, որի ժամանակ մասնակիցները պետք է կարողանան սահմանափակ ժամանակահատվածում իրացնեն 3-միավորանոց նետումներ և վերջապես՝ Սլեմ դանկ մրցույթը, որի ժամանակ մարզիկները պետք է իրենց երևակայության հաշվին կատարեն զանազան սլեմ դանկ հնարքներ։ Բացի Բոլոր աստղերի հանդիպումից, մնացած իրադարձություններն իրենց անվանումներում կարող են կրել նաև հովանավորների ապրանքանիշի անվանումները (օրինակ՝ «Սպրայտ Սլեմ դանկ մրցույթ»

Բլեյք Գրիֆինը փորձում է մեկ ձեռքով դանկ կատարել

Բոլոր աստղերի ուիքենդից շատ չանցած նշանակվում է փոխանակումների վերջնաժամկետը (կանոնավոր առաջնության 16-րդ հինգշաբթին)[16], որից հետո ակումբներն այլևս իրավունք չունեն բասկետբոլիստներ փոխանակել, չնայած դեռ կարող են նոր պայմանագրեր կնքել ազատ գործակալների հետ, կամ թիմի կազմից հեռացնել բասկետբոլիստների։ Սովորաբար վերջնաժամկետի օրը հագեցված է ակումբների մենեջերների համար, ովքեր փորձում են իրենց թիմերի կազմն համալրել առանցքային մարզիկներով։

Կանոնավոր առաջնությունն ավարտվում է ապրիլի կեսերին։ Այս ժամանակահատվածում սկսվում են անհատական մրցանակների, ինչպես նաև խորհրդանշական հավաքականների համար կատարվող քվեարկությունները. «Տարվա պահեստային» տիտղոսը շնորհվում է այն բասկետբոլիստին, ով լավ իրեն լավ է դրսևորել պահեստայինի նստարանից, մրցանակին արժանանալու համար տվյալ մարզիկը պետք է փաստացիորեն ունենա ավելի շատ խաղեր որպես պահեստային, քան որպես մեկնարկային։ «Տարվա նորեկ» մրցանակը շնորհվում է տվյալ մրցաշրջանի լավագույն ցուցանիշներն ունեցող նորեկ բասկետբոլիստին։ «Ամենակատարելագործված բասկետբոլիստ» մրցանակին է արժանանում այն մարզիկը, նախորդ մրցաշրջանի համեմատ ունեցել է մեծ առաջընթաց և բարելավել անհատական ցուցանիշները։ «Տարվա պաշտպան» (չշփոթել «պաշտպան» դիրքի հետ) մրցանակը տրվում է լիգայի լավագույն պաշտպանական ունակություններով օժտված բասկետբոլիստներին։ Հաղթանակների և պարտությունների ամենամեծ դրական տարբերությունն ապահոված ակումբի գլխավոր մարզչին շնորհվում է «Տարվա մարզիչ» մրցանակը։ Վերջապես՝ «Ամենաարժեքավոր խաղացողի» (MVP) մրցանակը շնորհվում է տվյալ մրցաշրջանի ամենատպավորիչ ցուցանիշներն ունեցած բասկետբոլիստին։

Գոյություն ունի նաև «Տարվա մենեջեր» ոչ պաշտոնական, սակայն հեղինակավոր մրցանակը, որի հեղինակն է «Սպորտինգ նյուզ» սպորտային հանդեսը։

Մրցաշրջանից հետո ձևավորվում են նաև «All-NBA», «All-Defensive» և «All-Rookie» խորհրդանշական հավաքականները, որոնցից յուրաքանչյուրում ներգրավում են 5 հոգուց բաղկացած բասկետբոլիստներ։

Փլեյ-օֆֆ[խմբագրել]

Լարի Օ'Բրայենի գավաթը

Փլեյ-օֆֆը մեկնարկում է ուշ ապրիլին։ Յուրաքանչյուր կոնֆերենցիայից փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն են ունենում 8-ական թիմեր։ Առաջինից չորրոդ տեղերը գրաված թիմերին տրվում է առավելություն՝ հինգերորդից ութերորդ տեղերը գրաված թիմերի նկատմամբ. փլեյ-օֆֆի առաջին ռաունդում (1/8 եզրափակիչ) կոնֆերենցիայի առաջատարը հանդիպում է 8-րդ տեղը գրաված թիմի հետ, 2-րդը տեղը գրավածը՝ 7-րդի, 3-րդը՝ 6-րդի և վերջապես 4-րդը՝ 5-րդի։ Կանոնավոր մրցաշրջանում առավել լավ ցուցանիշ ունեցող թիմին փլեյ-օֆֆի յուրաքանչյուր ռաունդում տրվում է տան դաշտի առավելություն, այսինքն՝ խաղաշարերի (սերիա) առաջին երկու հանդիպումներն անցկացվում են հենց այն թիմի տնային հարկում, ով կանոնավոր առաջնությունում ունեցել է առավել բարձր ցուցանիշ։

Յուրաքանչյուր խաղաշար բաղկացած է մի քանի հանդիպումներից, որոնց առավելագույն քանակը կարող է հասնել 7-ի։ Սերիան հաղթելու և հաջորդ ռաունդ դուրս գալու համար թիմը պետք է ունենա 4 հաղթանակ՝ հետագա մրցապայքարից դուրս մղելով հակառակորդին։ Հաջորդ ռաունդ (կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ) դուրս են գալիս 4-ական թիմեր, որն ավարտելուց հետո կոնֆերենցիայի եզրափակչում հանդիպում են տվյալ կոնֆերենցիայի 2 թիմերը։ Կոնֆերենցիայի եզրափակիչն հաղթած թիմն համարվում է կոնֆերենցիայի չեմպիոն և դուրս է գալիս գերեզրափակիչ։ Եթե սերիայում անցկացվում են առավելագույն 7 հանդիպումներ, ապա անցկացվող հանդիպումներն ունեն 2–2–1–1–1 ձևաչափը, ինչը նշանակում է առաջին թիմը (ավելի լավ ցուցանիշով) կունենա տան դաշտի առավելություն սերիայի 1-ին, 2-րդ, 5-րդ և 7-րդ խաղերում, իսկ երկրորդ թիմը (ավելի վատ ցուցանիշով)՝ 3-րդ, 4-րդ և 6-րդ խաղերում։ Գերեզրափկչում 1985 թվականից գործում է 2–3–2 ձևաչափը, այսինքն՝ առաջին թիմն ունի տան դաշտի առավելություն 1-ին, 2-րդ, 6-րդ և 7-րդ խաղերում, իսկ երկրորդը՝ 3-րդ, 4-րդ և 5-րդ խաղերում։

Գերեզրափակիչ ռաունդը անցկացվում է երկու կոնֆերենցիաների հաղթողների միջև՝ ամեն տարվա հունիս ամսին։ Գերեզրափակիչն հաղթող թիմին է շնորհվում Լարի Օ'Բրայենի գավաթը։ Հաղթանակող թիմի բասկետբոլիստներին, մարզիչներին և մենեջերին շնորհվում է չեմպիոնական մատանի։ Բացի այդ՝ սերիայում իրեն լավագույնը դրսևորած բասկետբոլիստին շնորհվում է Բիլ Ռասելի անվան գերեզրափակչի ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը։

Առաջնություններ[խմբագրել]

Ակումբներ Հաղթել են Պարտվել են Ընդհանուր Հաղթած տարի(ներ) Պարտված տարի(ներ)
Բոստոն Սելտիքս 17 4 21 1957, 1959, 1960, 1961, 1962, 1963, 1964, 1965, 1966, 1968, 1969, 1974, 1976, 1981, 1984, 1986, 2008 1958, 1985, 1987, 2010
Մինեապոլիս/ Լոս Անջելես Լեյքերս 16 15 31 1949, 1950, 1952, 1953, 1954, 1972, 1980, 1982, 1985, 1987, 1988, 2000, 2001, 2002, 2009, 2010 1959, 1962, 1963, 1965, 1966, 1968, 1969, 1970, 1973, 1983, 1984, 1989, 1991, 2004, 2008
Չիկագո Բուլս 6 0 6 1991, 1992, 1993, 1996, 1997, 1998
Սան Անտոնիո Սփըրս 5 1 6 1999, 2003, 2005, 2007 2013
Սիրաքյուզ Նեյշընըլզ/Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս 3 6 9 1955, 1967, 1983 1950, 1954, 1977, 1980, 1982, 2001
Ֆորտ Ուեյն/Դետրոյթ Փիստոնս 3 4 7 1989, 1990, 2004 1955, 1956, 1988, 2005
Ֆիլադելֆիա/Սան Ֆրանցիսկո/Գոլդեն սթեյթ Ուորիորս 3 3 6 1947, 1956, 1975 1948, 1964, 1967
Մայամի Հիթ 3 1 4 2006, 2012, 2013 2011
Նյու Յորք Նիքս 2 6 8 1970, 1973 1951, 1952, 1953, 1972, 1994, 1999
Հյուստոն Ռոքեթս 2 2 4 1994, 1995 1981, 1986
Բալթիմոր/Վաշինգթոն Բալեթս (այժմ՝ Վաշինգտոն Վիզարդս) 1 3 4 1978 1971, 1975, 1979
Սենթ Լուիս/Ատլանտա Հոքս 1 3 4 1958 1957, 1960, 1961
Սիեթլ Սուպերսոնիքս/Օկլահոմա Սիթի Թանդեր 1 3 4 1979 1978, 1996, 2012
Պորտլենդ Թրեյլբլեյզերս 1 2 3 1977 1990, 1992
Դալաս Մավերիքս 1 1 2 2011 2006
Միլոուքի Բաքս 1 1 2 1971 1974
Ռոչեստեր Ռոյալս (այժմ՝ Սակրամենտո Քինգս) 1 0 1 1951
Բալթիմոր Բալեթս (լուծարվել է 1954-ին) 1 0 1 1948
Նյու Ջերսի Նեթս (այժմ՝ Բրուքլին Նեթս) 0 2 2 2002, 2003
Օռլանդո Մեջիք 0 2 2 1995, 2009
Ֆինիքս Սանս 0 2 2 1976, 1993
Յութա Ջազ (նախկինում՝ Նյու Օռլեանս Ջազ) 0 2 2 1997, 1998
Կլիվլենդ Կավալիերս 0 1 1 2007
Ինդիանա Փեյսերս 0 1 1 2000
Չիկագո Ստագս (Լուծարվել է 1950-ին) 0 1 1 1947
Վաշինգտոն Կապիտոլս (Լուծարվել է 1951-ին) 0 1 1 1949

Ներկա պահին գործող թիմեր, որոնք երբևէ հանդես չեն եկել NBA-ի գերեզրափակչում

Հեռարձակումը[խմբագրել]

Միացյալ Նահանգներում NBA-ի խաղերը հեռարձակվում են «ABC», «ESPN», «TNT» և «NBA TV» հեռուստաալիքներով։ Հայաստանի Հանրապետությունում NBA-ն սկսեց իր հեռուստատեսային դեբյուտը 2004-05 խաղաշրջանում։ Խաղերը հեռարձակվեցին «Արմենիա» հեռուստաընկերությամբ մինչև 2006-07 խաղաշրջանը, իսկ այնուհետև՝ 2007-08-ից մինչև 2008-09 խաղաշրջանը՝ «Ար» հեռուստաընկերությամբ։ Մեկնաբությունները կատարում էր Կարեն Մովսիսյանը։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Յու Էս Էյ բասկետբոլ»։ Usabasketball.com։ http://www.usabasketball.com/inside.php?page=inside։ Վերցված է 2012-01-05։ 
  2. «ԲԱՑՀԱՅՏՎԱԾ. Աշխարհի ամենաբարձր վարձատրվող թիմերը, Մանչեստեր սիթին մոտենում է Բարսային և Ռեալ Մադրիդին»։ «Սպորտինգ ինթելիջենս»։ Մայիսի 1, 2012։ http://www.sportingintelligence.com/2012/05/01/revealed-the-worlds-best-paid-teams-man-city-close-in-on-barca-and-real-madrid-010501/։ Վերցված է Հունիսի 11, 2012։ 
  3. Գոլդեփեր, Սեմ։ «Առաջին խաղը»։ ԲԱԱ։ http://www.nba.com/history/firstgame_feature.html։ Վերցված է Օգոստոսի 5, 2010։ 
  4. «Կանադական բասկետբոլի պատմությունը»։ «Էն Բի Էյ Մեդիա»։ http://www.nba.com/canada/History_of_Basketball_in_Canad-Canada_Generic_Article-18023.html։ Վերցված է 2007-04-13։ 
  5. 5,0 5,1 «NBA-ը ստեղծվեց»։ «Հիսթորի»։ http://www.history.com/this-day-in-history/nba-is-born։ Վերցված է Հուլիսի 29, 2010։ 
  6. 6,0 6,1 ՄակԴաուել, Սեմ (2013-03-09). «Սամների շրջանավարտ Հարոլդ Հանթերը, ով NBA-ի հետ պայմանագիր կնքած առաջին աֆրոամերիկացին էր, մահանում է 86 տարեկան հասակում». «Կանզաս սիթի սթար». http://www.kansascity.com/2013/03/08/4109211/sumner-grad-harold-hunter-first.html։ Վերցված է 2013-03-30. 
  7. «Մահացել է Թենեսիի նահանգային համալսարանի նախկին մարզիչ Հարոլդ Հանթերը». «Սեթի փեյփր». 2013-03-07. http://nashvillecitypaper.com/content/sports/former-tennessee-state-basketball-coach-harold-hunter-dies։ Վերցված է 2013-03-30. 
  8. «NBA-ի օրենքների պատմություն»։ NBA։ Մայիսի 8, 2008։ http://www.nba.com/analysis/rules_history.html։ Վերցված է Հոկտեմբերի 15, 2013։ 
  9. «Հաղթած առաջնություններ | Celtics.com - Բոստոն Սելտիքսի պաշտոնական կայք»։ «Nba.com»։ http://www.nba.com/celtics/history/ChampionshipWins.html։ Վերցված է 2012-01-05։ 
  10. Զալցբերգ, Չարլզ (1998)։ Սետ շոտից սլեմ դանկ։ Նյու Յորք: «Մակգրոու-Հիլ», 203։ ISBN 978-0-8032-9250-5։ 
  11. Քրոու, Ջերի (Ապրիլ 27, 2011)։ «Այդ աշխարհահռչակ սիլուետը կարելի է վերագրել նրան»։ «Լոս Անջելես Թայմս»։ http://articles.latimes.com/2010/apr/27/sports/la-sp-crowe-20100427։ Վերցված է Մայիսի 23, 2011։ 
  12. «1970–71 խաղաշրջանի նկարագրություն»։ NBA։ http://www.nba.com/history/season/19701971.html։ Վերցված է Հուլիսի 30, 2010։ 
  13. 13,0 13,1 «NBA-ՈՒՄ ԼՈԿԱՈՒՏ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ»։ «Արմսպորտ»։ Հունվարի 1, 2011։ http://www.armsport.am/hy/news/2011/07/01/NBA-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AC%D5%B8%D5%AF%D5%A1%D5%B8%D6%82%D5%BF-%D5%AF%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%BE%D5%AB/168184։ 
  14. «NBA-ի սեփականատերերը և բասկետբոլիստները նոր աշխատանաքային գործարք են կնքում»
  15. Շուման, Ջոնn (December 17, 2009)։ «Նիքսը, Կոբին և Սուրբ ծնունդի խաղերի մասը կազմող այլ թիմեր և մարզիկներ»։ NBA.com։ http://www.nba.com/2009/news/features/john_schuhmann/12/17/numbers.christmas/index.html։ Վերցված է Դեկտեմբերի 27, 2010։ 
  16. «NBA-ի փոխանակման վերջնաժամկետի օրվա փոխանակումները սկսած 1987 թվականից»։ «NBA.com»։ http://www.nba.com/history/deadline_deals.html։ Վերցված է 2012-01-05։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]