Jump to content

Պեդրո Սիեսա դե Լեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրո Սիեսա դե Լեոն
իսպ.՝ Pedro Cieza de León
Ծնվել էմոտ 1520[1] կամ 1518[2][3][4]
ԾննդավայրԼյերենա, Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա
Մահացել էհուլիսի 2, 1554 կամ 1560[2][3][4]
Մահվան վայրՍևիլյա, Իսպանիա
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, պատմաբան, Sayayin և ժամանակագիր
Ստորագրություն
Изображение автографа
 Pedro Cieza de León Վիքիպահեստում

Պեդրո Սիեսա դե Լեոն (իսպ.՝ Pedro (de) Cieza de León, մոտ 1520[1] կամ 1518[2][3][4], Լյերենա, Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա - հուլիսի 2, 1554 կամ 1560[2][3][4], Սևիլյա, Իսպանիա), իսպանացի քահանա, զինվոր, հումանիստ, պատմաբան, աշխարհագրագետ։ Եղել է կոնկիստայի առաջին ժամանակագիրներից մեկը։ Անձամբ մի քանի անգամ հատել է ներկայիս Կոլումբիայի, Էկվադորի, Պերուի, Բոլիվիայի և Չիլիի սահմանները` ավելի քան 7000 կմ։ Նրա հավաքած նյութերը տարբերվում են թեմատիկ լայն ընդգրկվածությամբ, արժանահավատությամբ և փաստորեն ներկայացնում են Հարավային Ամերիկայի պատմության, բուսաբանության, կենդանաբանության յուրօրինակ հանրագիտարան։ Նրա շնորհիվ Եվրոպայում իմացել են կարտոֆիլի մասին, որի վերաբերյալ նա գրել է իր «Պերուի ժամանակագրություն» գրքում, որ տպագրվել է 1553 թվականին Սևիլիայում։

Սիեսա դե Լեոնն առաջինն է նկարագրել այնպիսի բուսատեսակներ ու մրգեր, ինչպիսիք են արքայախնձորը, ավոկադոն, գուավան, աստղախնձորը, ինգան, կինոան, կոկաինի թուփը, մանցինելան, դեղձային արմավենին, փափուկ շինուսը, պիտայան, սմիլակսը, խիկաման, արմավաշուշանը, և այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են ալպական, վիկունյան, լաման, գուանակոն, անակոնդան, սովորական իգուանան, կարմիր արան, կարմրականջ կրիան, ծովախոզուկը, մուսկուսի բադը, ամերիկյան կատվառյուծը, յագուարը, եռամատ ծույլը, պարկամուկը, անդյան կոնդորը և բազմաթիվ այլ տեսակներ։ Սիեսա դե Լեոնն առաջին անգամ Եվրոպայում ներկայացրել է հարավամերիկյան ուղտանմանների նկարագրությունը։ Ֆրանսիացի գիտական պատմաբան Ռենե Տատոնը պարզել է, որ «Պերուի ժամանակագրությունը» ամենավաղ տեքստն է, որ պարունակում է ողնաշարավորների ֆոսիլիաների (քարացվածություն) պատկերներ. իր գրքում հեղինակը դրանք համարում է «հսկաների ոսկորներ»[5]։

Նրա շնորհիվ, բացի կենդանիների ու բույսերի վերոնշյալ անուններից, մեզ հայտնի են դարձել գամակ և բարբեքյու բառերը[6]։

Իր գրքերում տրված են հնդկացիական բազմաթիվ էթնոսների ու նրանց լեզուների անվանումներ, այդ թվում նաև այնպիսիք, որոնք ներկայումս ոչնչացված են համարվում` չիբչա, պաստո, մոչե, յունգեր, ինկեր, չաչապոյա, կոլյա, կիմբայա։ Նրա ձեռագրերը հիմք են հանդիսացել հետագա բազմաթիվ պատմագիրների համար, ովքեր հաճախ չեն նշել սկզբնաղբյուրը` օգտագործելով Սիեսա դե Լեոնի բառացի մեջբերումներ ինկերի պատմության մասին, հատկապես դա վերաբերում է նրա մահից հետո (1554) հրատարակված գրքերին` Բլաս Վալերա, Խոսե դե Ակոստա, Ինկա Գարսիլաո դե լա Վեգա, Անտոնիա դե Էրերա։ Դե Լեոնը, ինչպես և Լաս Կասասը, իրեն հռչակել է հնդկացիների պաշտպան։ Նա առաջինն է հայտնել Նասկայի գեոգլիֆների և Տիուանակոյի արտասովոր շինությունների մասին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիեսա դե Լեոնը ծնվել է իսպանական Լյերենա քաղաքում, որտեղ այդ ժամանակ գերիշխում էր արաբ բնակչությունը։ 1520-ական թվականներին Լյերենան ուներ մոտ 3.100 բնակիչ[7]։

Նրա ծնողներն էին Կառլ V կայսեր պալատի փաստաբան Լոպե դե Լեոնը և Լեոնոր դե Կասալիան` հարուստ առևտականների ու նոտարների ընտանիքից, որոնք առևտրով էին զբաղվում ինչպես Սևիլիայում, այնպես էլ Նոր աշխարհում[8]։ Նրանք ամուսնացել էին 16-րդ դարի սկզբին, իսկ արդեն 1511 թվականին Լոպե դե Լեոնը համարվում էր Գրանադայի պալատական գրասենյակի ալկալդ` աշխատելով դան Լուիս դե Սապատայի հետ[9]։ Իսպանական արքային մատուցած իր ծառայութունների համար հայրը մի շարք պարգևներ է ստացել։ 1543 թվականի նոյեմբերի 5-ին Մադրիդում Լոպե դե Լեոնը ծառայում էր Նորին մեծությանը, նրան` որպես արժանավոր մարդու, խնդրել են ծառայել արքայական որոշ կալվածքներում, ինչից, սակայն, նա հրաժարվել է[10]։ 1525 թվականի ապրիլի 10-ին Լոպե դե Լեոնը կնքել է Պեդրոյին` Բերմեխոյի և Իսաբել Սանչեսի որդուն, իսկ կնքահայրը եղել է Լոպե Ալվարեսը, իսկ կնքամայրերը` նրանց կանայք։ Մկրտությունը կատարել է քահանա Բարտոլոմե Դիաս Նավարոն[11]։

Ընտանիքում եղել են հինգ երեխաներ.

  • Բեատրիս Կասալիա։ Ամուսնացել է Պեդրո դե Կասորլայի հետ։ Այդ ամուսնությունից ծնվել են հետևյալ երեխաները.
    • Դիեգո, մկրտվել է 1528 թվականի դեկտեմբերի 23-ին։ Կնքահայրը եղել է Պեդրո Նունիես դե Պրադոն, Լյերենայի քաղաքապետարանի պաշտոնյա։
    • Խուան, մկրտվել է 1530 թվականի սեպտեմբերի 19-ին։ Կնքահայրը եղել է Պեդրո դե Մինիոն[12]։
    • Խուան, մկրտվել է 1530 թվականի սեպտեմբերի 30-ին։ Կնքահայրը եղել է Պեդրո դե Մինյոն, Սանչո դե Պասի առևտրական տան հաշվապահը։
    • Լեոնոր, մկրտվել է 1533 թվականի մարտի 2-ին։ Կնքահայրը եղել է դոն Ֆրանսիսկո դե Կարդենասը` Դե լա Օլիվի կոմանդորի որդին` Լուիս Սապատա դե Կարդենասի եղբայրը, ով Սանտա դե Բոգոտայի արքեպիսկոպոսն էր[13]։
    • Ֆրանսիսկո, մկրտվել է 1535 թվականի հունվարի 6-ին Սանտյագոյի եկեղեցու քահանա Դիեգո դե Սալվատիերի կողմից[14]։
    • Պեդրո, կնքվել է 1537 թվականի հուլիսի 16-ին։
  • Ռոդրիգո
  • Պեդրո, կյանքի առաջին տարիներին կրել է Պեդրո դե Լեոն անունը։ Միայն հետագայում է փոխել իր անունը, ընդ որում այդ փոփոխությոան պատճառներն ընդհանրապես հասկանալի չեն։ Հնարավոր է, դա կատարվել է Պերուի Կուսկո քաղաքի մի պաշտոնյայի` Պեդրո դե Լեոնի անվանը համընկնելու պատճառով, կամ էլ դա կապված է մարշալ Խորխե Ռոբլեդոյի մահվան հետ[15]։
  • Մարիա Ալվարես, ամուսնացել է Լորենսո Էռնանդես Վիսկաինոյի հետ։ Այս ամուսնությունից ծնվել են հինգ երեխաներ.
    • Գոնսալո, մկրտվել է քահանա Խորխե Կաբրեդայի կողմից 1541 թվականի դեկտեմբերի 4-ին։ Կնքահայրը եղել է Խուան Մեխիան[16]։
    • Մարիա, մկրտվել է Էռնանդո դե լա Վերայի կողմից 1544 թվականի մարտի 16-ին[17]։
    • Լորենսո, մկրտվել է 1549 թվականի նոյեմբերի 24-ին։ Կնքահայրը եղել է Լուիս Դելգադոն[18]։
    • Խուան, մկրտվել է 1552 թվականի հունվարի 6-ին իր քեռու` Ռոդրիգո դե Սիեսայի կողմից[19]։ Այդ ժամանակ Պեդրո դե Սիեսա դե Լեոնը արդեն գտնվում էի Իսպանիայում, հնարավոր է Լյերենայում։
    • Մարիա, ինչպես և իր եղբայր Լորենսոն մկրտվել է Լուիս Դելգադոյի կողմից 1553 թվականի հոկտեմբերի 15-ին[20]։
  • Լեոնոր Կասալյա դե Սիեսա, ամուսնացել է Լուիս Սապատա դել Բոսկեի հետ։ Նրանց ամուսնությունից ծնվել են երեք երեխաներ։

Պեդրոն ունեցել է ևս մեկ քույր, որի մասին նա հիշատակել է իր կտակում, սակայն նրա անունը չի պահպանվել[21]։

Ընտանիքում բոլոր երեխաներից միայն Պեդրոն է կրել դե Լեոն անունը, չնայած այն տարածված անուն է եղել Լյերենայում 16-րդ դարում։ Եվ ընդհակառակը, հակառակ իսպանական ավանդույթի` մոր անունը` Կասիլիա, չի ներառվել նրա լրիվ անվան մեջ[22]։

Սիեսա դե Լեոնի ուսումնառության տարիների մասին ոչինչ հայտնի չէ։ Ենթադրաբար նրա պատանեկությունն անցել է մշակութային միջավայրում, քանի որ նրա ընտանիքը պատկանել է 16-րդ դարի Լյերենայի ազնվականական դասին։ Սիեսա դե Լեոնը գրական լավ կրթություն է ստացել։ Երիտասարդ ժամանակ նա ծանոթացել է ժամանակագիր Ֆրանսիսկո դե Խերեսի «Պերուի կոնկիստա» («Conquista del Perú») գրքին (հրատարակվել է 1534 թվականին Սևիլիայում` նրա` Նոր աշխարհ կատարած նավարկությունից մեկ ամիս առաջ)։ Գիրքը մեծ տպավորություն է թողել Պեդրոյի վրա, և նա գիրքն իր հետ տարել է Նոր աշխարհ։ Հենց այս գրքում է նա տեսել իր նպատակներն ու իդեալները` կայսրին ծառայությունը, քրիստոնյայի ու իսպանացու պատիվը, գրողի ու կոնկիստադորի ոչ հեշտ աշխատանքների համադրումը[21]։

1534 թվականին Սիեսան, ճանապարհորդելով առևտրական հոր հետ, Սևիլիայում տեսել է, թե ինչպես են բեռնաթափվում իսպանացի կոնկիստադոր Էռնանդո Պիսարոյի բերած գանձերը (Աթաուալպայի գնում), ինչը հավանաբար առիթ է հանդիսացել Հարավային Ամերիկա մեկնելու համար։

Տեղափոխում Ամերիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրո դե Լեոնը (հենց այս անունով է նա հայտնվել Ամերիկայում) իր իսկ բառերով 13-ամյա տարիքում տեղափոխվել է Սանտո Դոմինգո (Հայիթի կղզի)։ 1535 թվականի հունիսի 13-ին նա դարձել է Մանուել Մայայի նավի ուղևոր։ Ինչպես նշված է Հնդկացիական արխիվի փաստաթղթերից մեկում.

Պեդրո դե Լեոնը` Լոպե դե Լեոնի և Լեոնոր դո Կասալյայի որդին, ուղևորվել է Սանտո Դոմինգո Մանուել դե Մայայի նավով. Ալոնսո Լոպեսը և Լուիս դե Տորեսը երդվել են, որ իրենք նրան չեն ճանաչել, և որ նա այն մարդկանցից չէ, ում դուրս գալն արգելված է։
- AGI.- Contratación. Legajo 5.536. Fol. 251

Փոքրի-ինչ ավելի վաղ` 1535 թվականի ապրիլի 2-ին, Սիեսայի անունը հիշատակվում է Խուան դել Խունկոյի արշավախմբի հետ մեկ այլ նավ տեղափոխվելու կապակցությամբ. Հնդկաստան մեկնող ուղևորների ցուցակում արձանագրված է մի մարդ, ում մասին հետևյալ հիշատակությունն է արված.

Պեդրո դե Լեոնը` Լոպե դե Լեոնի և Լեոնոր դե Կասալյայի որդին Խուան դել Խունկոյի հետ ուղևորվում է Կարթագեն (Կոլումբիա) «Սիֆուենտես» նավով. Ռոդրիգո Պերեսը և Լուիս դե Լյերենան երդվել են, որ նա չի պատկանում այն մարդկանց թվին, ում արգելված է դուրս գալ։
- Pedro de Cieza de León. Crónica del Perú. El señorio de los Incas. — Fundación Biblioteca Ayacucho, 2005, p. 465

Երկու ամիս անց նա հասնում է նշանակետ, այնուհետև` Կարթագեն և երկու տարի մնում է Պեդրո դե Էրեդիայի արշավախմբի կազմում լինում է Ուրաբայում ու Սենայում (Պանամայի շրջան), որտեղ նկարագրում է հնդկացիների թանկարժեք գերեզմանները[23]։ 1536 թվականին գտնվել է Կոլումբիայի Սան Սեբաստիան դե Բուենավիստ քաղաքում, ինչից հետո նա եղել է Հարավային Ամերիկայի արևմտյան ափի բոլոր երկրների տարածքում` Վենեսուելայից Չիլի։ Ճամփորդության ընթացքում նա նկարագրել է Հարավային Ամերիկայի տարբեր բնապատկերներ, գետեր, լեռներ, դրանց կենդանական ու բուսական աշխարհը, հնդկացիների սովորույթներ ու ծեսեր` գաղափար կազմելով նրանց անցյալի մասին, ինչպես նաև կոնկիստադորների հետ կապված իրադարձություններ։

Հանդիպում Ֆրանսիսկո Սեսարի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիեսա դե Լեոնը հանդիպել է կոնկիստադորներ Ֆրանսիսկո Սեսարի և Ֆրանսիսկո Օհասոնի հետ Կարթագեն դե Ինդիասում 1536-1537 թվականներին (1538 թվականին Սեսարը մահացել է Դարիենում), որտեղ նրանք պատմել են 1528-1529 թվականներին Սեբաստիան Կաբոտի արշավախմբի կազմում իրենց ճամփորդության մասին, որ կատարվել է Պարանայի սահմանից մինչև Ինկերի կայսրություն, պատմել են այս երկրների հարստության և այն մասին, որ տեսել են լավ հագնված հնդկացիների։ Հայտնի է, որ Սեսարը լամաների բուծման և նրանց մորթուց հագուստի պատրաստման մասին առաջին տեղեկությունները ստացել է Չարկասի շրջանում։ Սեսարը 14 զինվորների հետ այնտեղ հանդիպել է «շրջանի մեծ կառավարչին, ով ուրախ ընդունել է նրանց` տալով ոսկե ու արծաթե իրեր և հագուստ։ Կառավարիչն ուներ բեռնակիրներ, որոնց նա հատկացրել է իսպանացիներին ընծաները տեղափոխելու նպատակով»[24]։ Ինկերի քաղաքը, ուր այցելել էր Սեսարը, հետագայում պատվել է լեգենդի քողով և հայտնի դարձել դիցաբանական Կայսրերի քաղաք (անգլ.՝ Ciudad de los Césares)) անունով։

Գրողի հիմնական սկզբունքը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեդրո Սիեսա դե Լեոնի ստորագրությունը

«Պերուի ժամանակագրություն» գրքի առաջին մասում Սիեսա դե Լեոնը մատնանշել է իր` որպես գրողի հիմնական սկզբունքը։

Հաճախ երբ մնացած զինվորները հանգստանում էին, ես հոգնում էի գրառումներ կատարելուց։ Սակայն ոչ այդ, ոչ էլ ուրիշ հանգամանքներ` դաժան պայմաններ, գետեր ու լեռներ, անտանելի սով ու կարիքներ, երբեք այնքան ուժեղ չեն եղել, որ ի զորու եղած լինեն խանգարելու իմ երկու զբաղմունքները` գրել և հետևել իմ կոչմանն ու կապիտանին, քանի որ այդպիսի դժվարությամբ գրած աշատանքս ուղղվում է Ձերդ գերազանցությանը։ Ինձ թվում է, որ ընթերցողները կներեն իմ որոշակի սխալները, եթե դրանք նրանց կարծիքով ի հայտ կգան, իսկ եթե չեն ների, ինձ բավարար կլինի իմ գրածը, քանի որ դա այն է, ինչի վրա ես ամենից շատ ջանքերն եմ դրել` իմ գրածներից շատերը տեսնելով սեփական աչքերով, երբ անցել եմ տարբեր երկրներով ու նահանգներով, որպեսզի դրանք ավելի լավ ճանաչեմ։ Իսկ այն, ինչ չեմ տեսել, ջանացել եմ, որ դրա մասին ինձ պատմեն մարդիկ, ովքեր վստահություն են ներշնչում` քրիստոնյաներն ու հնդկացիները։
- Պեդրո Սիեսա դե Լեոն, «Պերուի ժամանակագրություն», մաս 1-ին

Մասնակցություն ռազմական արշավներին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապիտան Խորխե Ռոբլեդոյի ուղևորության սխեման Անսերմա և Կիմբայա նահանգներում, 1539-1540

Լքելով Կարթագենը` Սիեսա դե Լեոնը մասնակցում է ժամանակակից Կոլումբիայի ու Էկվադորի տարածքներով արշավներին։ 1536-1537 թվականներին նա գտնվել է Խուան դե Վադալիոյի ենթակայության տակ, ում հետ եղել է Սենայում` ուղևորվելով Դարիեն գետի (Պանամա) գետաբերան և Ռիո դե Կաբալիոս և հասնելով Ուրաբայբե նահանգ և Կաուկա գետի մեձակայք։ Նա մասնակցել է Ուրուտե նահանգ կատարած արշավին Ալոնսո դե Կասերեսի ղեկավարությամբ` ուղևորության ընթացքում զրկանքներ ու սով տեսնելով։ 1537 թվականին մասնակցել է Վադիլիոյի ուղևորությանը, որն ուղղված էր Աբիբե լեռներ։ Սիեսան այս մասին գրել իր «Ժամանակագրության» չորրորդ մասում, որտեղ պատմում է Լաս Սալինասի կռվի մասին։ 1538 թվականին, հնարավոր է, գտնվել է Կալիում (Կոլումբիա), հենց այդ ժամանակ էլ ընդգրկվել է Լորենսո դե Ալդանի ջոկատների մեջ, ով Ֆրանսիսկո Պիսարոյի փոխանորդն էր և կազմակերպել էր ուղևորություն Կալի Սեբաստիան դե Բելելկասարին գտնելու նպատակով։ Միաժամանակ նա Կաուկա նահանգի (Կոլումբիա) հնդկացիների շրջանում զբաղվում է խաղաղասիրական գործունեությամբ։ Դրանից հետո նրա ղեկավարը` Լորենսո դե Ալդանան, Սիեսային ծառայության է ուղարկում Խորխե Ռոբլեդոյի մոտ, ով զբաղվում էր Անսերմա նահանգում (Կոլումբիա) բնակության կազմակերպման հարցերով. նահանգը նախապես նվաճել էր Սեբաստիան դե Բելալկասարը։

1539 թվականի փետրվարի 14-ին Խորխե Ռոբլեդոյի արշավախումբը դուրս է գալիս Կալի քաղաքից և ուղևորվում Անսերմա[25]։ Այն մինչև հուլիս կանգ է առնում Մեականոայում։ Արշավախումբը Սիեսա դե Լեոնի մասնկացությամբ հետազոտում է տարածքը, որտեղ հիմնված են Սանտա Անա դե լոս Կաբալիերոսը (1539), Կարտագոն (1540) և Սանտա Ֆե դե Անտիոկիան (Կոլումբիա)։ Ուղևորության ընթացքում Սիեսան դառնում է մարշալ Խորխե Ռոբլեդոյի վստահելի մարդը։ Դրանից հետո Սիեսան 1540 թվականի սեպտեմբերին Բուենավենտուրայով (Կոլումբիա) վերադառնում է Կալի և ծանոթանում Բելալկասարի հետ, ով հրամայում է նրան կապիտան Միգել Մունյոսի հետ տեղում քաղաք հիմնել (ներկայումս` Արմա, Կոլումբիա)։ 1540 թվականի հոկտեմբերին նա կրկին Ռոբլեդոյին ուղեկցում է Անտիոքիո կատարած երկրորդ ուղևորության ընթացքում, սակայն ուղևորությունն անցնում է ապարդյուն. Բելելկասարը, ով վերադարձել էր Իսպանիայից, բերում է արքայական մի քանի հավաստագրեր, որոնցով նրա հովանավորությունը տարածվում էր բոլոր այս շրջանների նկատմամբ։

Ռոբլեդոյի գերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելելկասարի գործողություններին ի պատասխան` Ռոբլեդոն որոշում է ուղևորվել Իսպանիա, որպեսզի հաստատի «նվաճած նահանգների» իր իրավունքները։ Ռոբլեդոն ուղևորվում է Ուրաբա նավահանգիստ (Պանամա), որտեղ 1542 թվականի մարտի 4-ին նրան իր մարդկանց հետ բռնում է Ալոնսո դե Էրեդիան։ Էրեդիան Ռոբլեդոյին բանտ է գցում, իսկ Սիեսան նշանակվում է Պանամա քաղաքի դատարանում նրա ներկայացուցիչը Անտիոքի դատավորներ Ֆրանսիսկո դե Վալիեխոյի և Դիեգո դե Մենդոսի հետ։ Այդ ժամանակ Ուրաբայից Ռոբլեդոյին ուղարկում են Կարթագեն, այնուհետև Ալոնսո դե Բուստոյի ուղեկցությամբ` Իսպանիա[23]։

Բնակություն Արմա քաղաքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ Սիեսա դե Լեոնն ապրում է Արմա քաղաքում, որը համարվում էր ռեպարտիմիենտո (իսպ.՝ repartimiento): 1542-1545 թվականներին Սիեսա դե Լեոնը մասնակցել է հնդկացիների դեմ մի քանի արշավների, սակայն երբ Ռոբլեդոն 1545 թվականին վերադառնում է Իսպանիայից` ստանալով մարշալի տիտղոս, Սիեսան դարձյալ միանում է նրան և տեղափոխվում Կարտագո, որտեղ էլ իմանում է փոխարքա Բլասկո Նունիես դե Վելայի պարտության մասին` ընդդեմ ապստամբած կոնկիստադորների։ Նա Ռոբլեդոյի հետ արշավի է մեկնում Արմայի ու Անսերմայի բնակիչների մոտ հավանաբար այն բանի պատճառով, որ չի հաջողվում խուսափել Բելալկասարի հետ կոնֆլիկից։ 1546 թվականի հոկտեմբերի 5-ի գիշերը Բելալկասարը անակնկալի է բերում Ռոբլեդոյին, ձերբակալում նրան և հրամայում գլխատել մնացած կապիտանների հետ։ Ռոբլեդոյի մահից որոշ ժամանակ անց Սիեսա դե Լեոնը թաքնվում է ածխահանքում այնքան ժամանակ, մինչև նահանգապետը հրամայում է գալ Կալի քաղաք։ Սիեսան շարունակում է իր գրական գրառումները, չնայած հաճախ ստիպված էր լինում ընդհատել իր ստեղծագործությունները, որպեսզի մասնակցի ռազմական արշավներին. հայտնի է, որ Բելալկասարը նրան հրամայել էր օգնության մեկնել Նունիես դե Բալբոային` Պերուի փոխարքային։

Խնդիր Էլդորադոյի հետ և Սիեսայի ռացիոնալիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլդորադոյի մասին հայտնի լեգենդը` ոսկու հարստությունների մասին, դուրս է գալիս մուիսկների սահմաններից և հասնում Կենտրոնական Անդեր, ինկերի երկիր, որտեղ այն լսում են Սեբաստիան դե Բելալկասարի զինվորները։ Այն դեպի հյուսիս` Հարավային Կոլումբիա, ուղևորվելու առիթ է հանդիսանում։ Իսպանացի կոնկիդտադոր Գոնսալո Խիմենես դե Կեսադայի արշավախմբերը բացահայտում են չիբչա-մուիսկների լեգենդար Գուատավիտա լիճը, որը դիցաբանական Էլդորադոյի իրական նախատիպն է[26]։ Առաջին մարդը, ով առաջարկեց գետը ցամաքեցնել այնտեղից գանձեր հանելու նպատակով, Սիեսա դե Լեոնն էր։ Իրավիճակը ռացիոնալ գնահատելով` իր «Պատերազմ Սալինասում» գրքում նա գրել է.

Բոգոտայի այս նահանգում կա հսկայական լիճ, և եթե Ձերդ գերազանցությունը հրամայի ցամաքեցնել այն, ապա Դուք այնտեղից կհանեք հսկայական քանակությամբ ոսկի և զմրուխտ, որոնք վաղնջական ժամանակներում այնտեղ են գցել հնդկացիները[27]։
- Պեդրո Սիեսա դե Լեոն, «Պերուի ժամանակագրություն», մաս 4-րդ, «Պատերազմ Սալինասում»

Տեղափոխում Պերու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա Պերու է տեղափոխվում արդեն Պեդրո դե Սիեսա դե Լեոն անունով։

Ընդունելություն Լա Գասկայի մոտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխարքա Լա Գասկան, ով տեղյակ էր, որ Սիեսա Լեոնը կազմում է «Պերուի ժամականագրությունը», կազմակերպում է ընդունելություն, որպեսզի հեղինակը ներկայացնի իր գրածները։ Հիանալով Սիեսայի գրածներով` փոխարքան նրա աշխատության համար առաջարկում է արժեքավոր փաստաթղթեր ու նյութեր։ Սիեսան անցնում է նախագահ Լա Գասկայի ենթակայության տակ և որպես սովորական հեծյալ ընդունվում է Ֆրանսիսկո Էռնանդես Խիրոնի ջոկատ, որի հետ ուղևորվում է Պոպայան, ուր նրանց սպասում էին Բելալկասարը և Պեդրո Կաբրերոն։ Նրանց հետ նա անցնում է մինչև Պերուի ափը, այնուհետև լինում Պակասմայո (1547) Այավակա, Ուարա, Լիմա, Գումանգա և Անդագուայլաս բնակավայրերում։ Սիեսան շրջում է ներկայիս Պերուի և Բոլիվիայի տարածքներում` փորձելով նոր տեղեկություններ հավաքել իր «Ժամանակագրության» համար (գիրքը սկսել է գրել 1541 թվականին)։ Հատկանշական է, որ «Ժամանակագրության» առաջին մասում Սիեսան, հայտնելով 1547 թվականի մայիսի 3-ի Լամպասի շրջանում լիալուսնի մասին, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել 1547 թվականի մայիսի 4-ի լուսնի խավարումը (այն սկսվել է 18:40-ին): Այս առթիվ նա ներկայացրել է հնդկացիների արտասովոր սովորույթները` դրանց հատուկ նշանակություն տալով[28]։

Մասնակցություն Խակիխագուանի ճակատամարտին

[խմբագրել | խմբագրել կոդը]

1547 թվականին Բելալկասարը նոր նահանգապետ Պեդրո դե լա Գասկայից օգնություն է խնդրում ապստամբած Գոնսալո Պիսարոյի դեմ պայքարելու համար։ Բելալկասարի հետ Սիեսան դուրս է գալիս Պոպայան քաղաքից։ 1548 թվականի ապրիլի 9-ին նա արքայի կողմից մասնակցում է Խակիխագուանի նշանավոր ճակատամարտին Կուսկոյից հինգ լիգա հեռու։ Ճակատամարտ, որպես այդպիսին, չի եղել. ապստամբների ամբողջ զորքը առանց մի հատիկ կրակոցի անցնում է արքայի ուժերի կողմը, և Գոնսալո Պիսարոն ստիպված հանձնվում է` ակնկալելով հաղթածի բարեգթությունը։ Այս իրադարձություններից հետո Սիեսան վերադառնում է Լիմայի հովիտ, Պեդրո Լոպես դե Կասալյան հանձնում է երաշխավորական նամակներ, որպեսզի կորեխիդորները թույլ տան իմանալ Չարկաս նահանգի մասին (Բոլիվիա) ամենահետաքրքիրը։

Շփումներ Լաս Կասասի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս գտնվելով Պերուում` Սիեսան կապեր է հաստատում Չիապասի եպիսկոպոս Բարտոլոմե դե Լաս Կասասի կողմնակիցների հետ։ Սիեսայի համար գլխավոր աղբյուրներից մեկն է դառնում Լաս Կասասի ներկայացուցիչը Պերուում` քահանա Դոմինգոդե Սանտո Թոմասը` Չարկասի եպիսկոպոսը, ով կեչուա լեզվի քերականության առաջին ձեռնարկի ու բառարանի հեղինակն էր։ Սրա արդյունքում «Պերուի ժամանակագրությունը» ձեռք է բերում լասկասասական շեշտադրումներ և տոնայնություն` ապրումներ հնդկացիների համար, նրանց ոչնչացման և կոնկիստադորների դաժանությունների դեմ պայքար, ցավի զգացմունք նրանց հիանալի կառույցների, ամրոցների ոչնչացման համար։ Ինչպես ենթադրել է հետազոտող Մատիկորենը, Լաս Կասասը և Սիեսան կարող էին ծանոթացած լինել Սևիլիայում, երբ վերջինս այնտեղ եղած ժամանակ խմբագրում էր իր թղթերը[29]։ Լաս Կասասը Սիեսա դե Լեոնի կտակով պետք է հրատարակեր «Պերուի ժամանակագրություն» գրքի երկրորդ մասը (հնարավոր է նաև երրորդ)։

Սիեսան` ալմագրոյական և հակապիսարոյական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիեսա դե Լեոնը որոշ չափով Դիեգո դե Ալմագրոյի կոմնակից էր, ով գաղութատիրական պայքարում հանդես էր գալիս Պիսարո եղբայրների դեմ։ Դա իր կնիքն է դրել հեղինակի մի շարք տեսակետների ու աշխարհայացքի վրա, որոնք 19-20-րդ դարերի հրատարակություններում համարվում էին օբյեկտիվ։ Սակայն անցնելով Լաս Կասասի կողմը` Սիեսան հանդես է գալիս տեղական իշխանությունների` էնկոմենդերոյի դեմ, որից ցանկանում էր ազատվել Լաս Կասասը` իշխանության կենտրոնացման հարցում համագործակցելով Իսպանիայի արքայի հետ։

Հետախուզական շրջայց Պերուում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպայում հարավամերիկյան ուղտերի առաջին պատկերումը, Պեդրո Սիեսա դե Լեոն
Տիտիկակա լճի առաջին պատկերումը, Պեդրո Սիեսա դե Լեոն (1553)

1548 թվականին Սիեսան նշանակվում է Պերուի գլխավոր ժամանակագիրը։

1548 թվականի վերջին նա սկսում է ճամփորդել Հարավային Պերուով և Չարկասով (Բոլիվիա)` այցելելով այնպիսի կարևոր քաղաքներ, ինչպիսիք են Պուկարան, Չուկիտինտոն, Տիաուանակոն, Լա Պասը և Լա Պլատան, ինչպես նաև Պոտոսիի ածխահանքեր, իսկ 1550 թվականին վերադառնում է Լիմա` սեպտեմբերի 8-ին ավարտելով «Ժամանակագրությունը» և որոշելով հրատարակել այն։ Նրա ճանապարհն անցել էր Ինկերի ճանապարհներով (մոտ 3000 կմ Կուսկոյից Կիտո), որտեղ հանդիպել է գրեթե անձեռակերտ և կարծես մեկ գծի վրա շարված ճարտարապետական շինությունների և կախովի կամուրջների, որոնց կառուցման տեխնիկան եվրոպական ժամանակակից ինժեներական միտքը կանխել է մի քանի դարով։ Սիեսան նկարագրել է դրանք ամբողջությամբ` իրեն դրսևորելով որպես հնաբան և ժողովրդագրագետ` հարցումներ կատարելով տարբեր բնակիչների շրջանում։ Այս ընթացքում նա ճշգրտել է իր բոլոր դիտարկումները` ներմուծելով աշխարհագրական բազմաթիվ անվանումներ, տվյալներ, հեռավորություններ, չափման միավորներ. այս ամենով նա զբաղվել է Չարկաս նահանգում մոտ երեք տարի։ Իր ճամփորդության ընթացքում Սիեսա դե Լեոնը հայտնաբերել է Նասկայի գեոգլիֆները.

Բոլոր այդ հովիտներով ամբողջ երկարությամբ ձգվում է Ինկերի հիասքանչ, մեծ ճանապարհը, և այնտեղ` ավազների մեջ, նշմարվում են նշաններ, որոնցով կարելի է գուշակել անցնող ճանապարհը։
- Պեդրո Սիեսա դե Լեոն, «Պերուի ժամանակգրություն», մաս 1-ին, գլուխ LXXV
Ինկերի եվրոպական առաջին պատկերումը, Պեդո Սիեսա դե Լեոն, «Պերուի ժամանակագրություն», 1553

Այցելելով ինկերի նախկին պետության` Տաուանտինսույուի տարածք` Սիեսան տեսնում է այն ողբալի իրավիճակը, որում գտնվում էր Ինկերի կայսրությունը, և բոլոր շրջաններում խիստ անկում ապրած բնակչությունը, որ անասելի տուժել էր իսպանացիների նվաճումներից, նրանց բռնություններից։ Այս առիթով Սիեսան գրել է.

Ես չեմ խրախուսում իշխանության ներխուժումը նման ձևով և ամեն դեպքում ողբում եմ այն անմիտ վերաբերունքը, որով իսպանացիներն իրենց ենթարկում են բնիկներին, վարվում նրանց հետ դաժանությամբ` չարժևորելով նրանց ձեռքբերումներն ու ժողովրդի բարձր արժանիքները։ Այդ ամենի պատճառով այդ բոլոր հովիտները, որոնք նախկինում եղել են խիտ բնակեցված, ներկայումս կիսադատարկ են։
- Պեդրո Սիեսա դե Լեոն, «Պերուի ժամանակգրություն», մաս 1-ին, գլուխ LXI

Նրա գործունեության արդյունքը դարձավ գրական հսկայական աշխատությունը` ութ հատոր` մոտ 8000 թերթ` 13 × 16 դյույմ չափով։

Վերադարձ Իսպանիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1550 թվականին Սիեսան անցնում է Սևիլիա և հաստատվում Դե լաս Արմաս փողոցում։ 1551 թվականին Սիսա դե Լեոնը ամուսնական պայմանագիր է կապել Իսաբել Լոպես դե Աբրեի հետ, ով ազդեցիկ առևտրական Պեդրո Լոպեսի և Մարիա դե Աբրեի դուստրն էր, ովքեր բնակվում էին Ուելվա նահանգի Տրիգերոս քաղաքում։ Պայմանագիրը կնքվել է 1550 թվականի օգոստոսի 19-ին[30]։ Պեդրո Լոպեսը պարտավորվում էր հարսնացուին վճարել 2000 կրոն որպես նախահավաստիք, իսկ հարսնացուի ծնողները 4000 կրոն պետք է վճարեին Սիեսա դե Լեոնին ամուսնությունից հետո։ 1551 թվականի օգոստոսի 11-ին կազմվում է ամուսնության դեպքում գույքի տնօրինման կարգը։ Սիեսան Սևիլիայում հայտարարում է, որ սեփականության իր իրավունքով երաշխավորում է կնոջը վճարել 2000 կրոն։ Նա նշում է պարտքը, որը պետք է վճարեր կոմս դե Պալման։ Հետագայում կինն օգնել է նրան քարտուղարուհու կարգավիճակում։

Նա այցելել է նաև իր հարազատ Լյերենա, որտեղ 1552 թվականի հունվարի 6-ին մկրտվել էր Խուանը` նրա քույր Մարիա Ալվարեսի որդին։ Գտնվելով Սևիլիայում` նա շփվում է իր մանկության ընկեր դոն Լուիս Սապատա դե Չավեսի հետ (նա «Carlo Famoso» գրքի հեղինակն է), ով վերադարձել էր Ֆլանդրիայից, որտեղ օգնում էր արքայազն Ֆիլիպին (հետագայում` Ֆիլիպ II Հաբսբուրգ)։ Լուիս Սապատան խրախուսել է նրան «Ժամանակագրությունը» արքայազն Ֆիլիպին ներկայացնելու և քայլեր ձեռնարկելու այն տպագրելու համար։ 1552 թվականին նա մեկնում է Տոլեդո իր գիրքը Ֆիլիպին ներկայացնելու և նրան նվիրելու նպատակով։ Որոշ ժամանակ անց ժամանակագիրը ներկայացնում է գրքի ունկնդրումը։ 1553 թվականի մարտի 15-ին լույս է տեսնում «Պերուի ժամանակագրության» առաջին մասը, իսկ մի քանի ամիս անց Անտվերպենում լույս է տեսնում երկրորդ լրամշակված հրատարակությունը։

Շուտով 1554 թվականի մարտին (կամ մայիսին) մահանում է Սիեսայի կինը, ինքը Սիեսան էլ հիվանդ էր (նա տառապում էր խրոնիկական հիվանդությամբ` հավանաբար թոքախտով, որ սկսվել էր դեռևս Ամերիկայում)։ 1554 թվականի հունիսի 23-ին նա աներոջ օգնությամբ և նոտար Ալոնսո դե Կասալիայի ներկայությամբ կազմում է կտակ. Սիեսան ինքն արդեն ի վիճակի չէր ինքնուրույն գրելու և միայն ստորագրությունն է դնում։ 1554 թվականի հուլիսի 2-ին երկուշաբթի Սիեսա դե Լեոնը մահանում է Սևիլիայում գտնվող իր տանը «տարօրինակ հիվանդությունից»`ցուցումներ տալով պատարագ մատուցել հնդկացիների հոդիների փրկության համար։ Նրա մարմինն ամփոփվել է Սան Վիսենտե եկեղեցու հարևանությամբ։ Իր կտակում նա պատվիրել էր բաժին հանել քրիստոնյա երեխաներին, Կոնսեպսիոն եկեղեցու հոգևորականներին, հիվանդանոցներին, եկեղեցիներին, հատկապես իր հարազատ Լյերենայում, ինչպես նաև պատվիրել էր պատարագներ մատուցել իր այցելած վայրերի հնդկացիների հոգիների համար։ Ինչպես նշել է պատմաբան Խոսե Ռոբերտո Պաեսը. «Սիեսան իր կտակում պատվիրել է, որ հնդկացիներին վերաբերող իր թողած բոլոր ձեռագրերը 15 տարի պահվեն եկեղեցիներից մեկում` ամուր փակված սնդուկում, որպեսզի ոչ մեկը չկարողանա դրանք հրատարակել։ Սակայն պատասխանատուները չեն կատարում այս ցանկությունը, և նրա եղբայրը` Ռոդրիգո դե Սիեսան, քիչ ջանք չի ներդնում ձեռագրերը պահպանելու նպատակով, և ինչպես երևում է, այդ ձեռագրերի մի մասը արդեն ընդմիշտ անհետացել է»[31]։

«Պերուի ժամանակագրություն»

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Պերուի ժամանակագրություն» գրքի առաջին մասը

Դիպուկ բնորոշված լինելով «հնդկացիների առաջին ժամանակագիր»` Պեդրո Սիեսա դե Լեոնը այս բնորոշումը կիսում է կապիտան դոն Գոնսալո Ֆերնանդես դե Օվիեդո ի Վալդեսի հետ, ով տիտանական փորձություններից հետո երկու անգամ կտրել էր օվկիանոսը, ինչպես դոն Խուլիո Դեխադորն է գրել «մինչև Իսպանիա և ամբողջ Եվրոպա` բերելով Ամերիկայի բնական բարիքները, կոնկիստադորների պատմությունը, ինչպես նաև նրանց մտադրություններն ու հետաքրքրությունները»[31]։

Իր կարճ կյանքի ընթացքում նա գրել է ընդարձակ ստեղծագործություն, որը Հարավային Ամերիկայի պատմության մեջ արմատական նշանակություն ունի։

Գիրքը, որ հրատարակվել է Սևիլիայում Մարտին Մոնտես դե Օկայի հրատարակչությունում, ունի հետևյալ անունը, որում ներկայացված է, թե ինչի մասին է գիրքը` «Պերուի ժամանակագրության առաջին մաս, որ պատմում է նահանգների սահմանների անցկացման մասին, նրանց բնութագիրը, նոր քաղաքների հիմնադրումը, հնդկացիների սովորույթներն ու բարքերը և առավել հիշարժան այլ տեղեկություններ, որ հայտնաբերվել են Սևիլիայի բնակիչ Պեդրո Սիեսա դե Լոնի կողմից, 1553»[32]։ Հրատարակության մեջ առկա են փորագրված գլխատառեր, փորագրություններ։

«Պերուի ժամանակագրությունը» հրաշալի ծրագրված ու կառուցված գործ է, որ բաղկացած է չորս մասից։

  • Առաջին մաս (1553)։ Ներկայացնում է աշխարհագրական ընդհանուր տեղեկություններ, հնդկացիների սովորույթների և իսպանացիների կողմից Պերուի ու Չիլիի քաղաքների հիմնադրման մասին վկայություններ։

«Պերուի ժամանակագրություն» գրքի առաջին մասի տարածման մասին հայտնի է Սիեսայի կտակից. Մեդինա դել Կամպոյում Խուան դե Էսպինոսան վաճառել է 130 օրինակ, Տոլեդոյում` 30 օրինակ Խուան Սանչես դե Անդրադեն և 8 օրինակ Դիեգո Գուտիերեսը Լոս Ռիես դե Կորդոբայից։ Սևիլիայից Խուան դե Կասիլիան վաճառել է ավելի քան 100 օրինակ։ Գրքերն ուղարկվել են նաև Հոնդուրաս և Սանտո Դոմինգո[31]։

  • Երկրորդ մաս «Յուպանկայում ինկերի գերիշխանության մասին» (Մադրիդ, 1877)։ Արմատական ժամանակագրություն է Պերուում ինկերի կառավարման շրջանի մասին։ Գրեթե ամբողջ մասը, ինչպես հետագայում նկատել է պատմաբան Մարկո Խիմենես դե լա Էսպադան, «խարդախորեն սեփականացվել է մեր լավագույն ժամանակագիրներից մեկի կողմից. գրական հանցանքը, որ հետևանք է այն բանի, որ համեստ ու աշխատասեր զինվորը, կոնկիստադորը, լինելով մեկը նրանցից, ով առաջիններից մեկն է շրջել այդ երկրում, որի մասին նկարագրել է իր հիանալի երկում, բոլորից լավ է ըմբռնել ու դասակարգել դեպքերի ժամանակագրությունը, սակայն այն փոխակերպվել է Ինկա Գարսիլասո դե լա Վեգայի կողմից, ով պերուական հնությունները ներկայացնելու առաջնության դափնին վաստակելու նպատակով կազմել էր սեփական «Ինկերի իրական մեկնաբանություններ» գիրքը»[23]։

Պերուացի պատմաբան Ռաուլ Պորաս Բարենեչեան «Ինկերի տիրապետության» մասին ասել է. «Հիացնում է, որ այդ բուռն ժամանակաշրջանում, ինչպիսիք են 1548-1550 թվականները, երբ Սիեսան գտնվել է Պերուում, նա կարող էր գրել իր աշխատանքն այդքան հիմնովին, վստահելի ու փաստացի վավերագրությամբ, ինկերի պատմության մասին այդպիսի հասունությամբ։ Ոչ ոք չի կարող վիճարկել նրա առաջնությունը ինկերի տիրապետության առնչությամբ։ Կաստիլացի ժամանակագրի պատմությունը միանգամից ինկերին ներառեց համաշխարհային պատմության մեջ»[31]։

  • Երրորդ մաս։ Ներկայացված են «Պերուի բացահայտումն ու նվաճումը», չնայած պահպանվել է նրա մի փոքր մասը միայն։ Այն հայտնի է դարձել 1946 թվականին Լիմայի «El Mercurio Peruano»թերթի և Ռաֆայել Լորեդոյի (Rafael Loredo) շնորհիվ, ով այն հայտնաբերել էր Էլ Էսկորիալ գրադարանում (Մադրիդ, Իսպանիա)։ Նրա զգալի մասը իր «Ընդհանուր պատմության» մեջ է ներառել Անտոնիո դե Էրերա ի Տորդեսիլյասը։
  • Չորրորդ մաս «Քաղաքացիական պատերազմներ Պերուում»։ Առավել ընդարձակ մասն է, որ բաժանվում է հինգ գրքի։
    • «Սալինասի պատերազմ»։ Ներկայացնում է Ֆրանսիսկո Պիսարոյի և Դիեգո դե Ալմագրոյի հակամարտությունը, որն ավարտվում է վերջինիս մահով։
    • «Չուպասի պատերազմ»։ Համառոտ ներկայացնում է Պիսարոյի կյանքի վերջին դրվագները, Վակա դե Կաստրոյի տիրակալության շրջանը և Դիեգո դե Ալմագրո Կրտսերի ապստամբությունը։
    • «Պատերազմ Կիտոյում»։ Ներկայացված է էնկոմիենդայի ընդվզումը Գոնսալո Պիսարոյի գլխավորությամբ և փոխարքա Բլասկո Նունիես Վելայի մահը։

Այս երեք գրքերը հրատարակվել են 19-րդ դարում, և անհայտ է, թե արդյոք հեղինակն ավարտին է հասցրել վերջին երկու գրքերը։

    • «Պատերազմ Ուարինոյում»
    • «Պատերազմ Խակիխագուանայում»։

Վերջին երկու գրքերի ձեռագրերը չեն հայտնաբերվել։ Հնարավոր է, վաղաժամ մահը խանգարել է դրանք ավարտելուն, սակայն սա միայն ենթադրություն է։

Միաժամանակ լինելով զինվոր, ճանապարհորդ, քահանա ու գիտնական` Սիեսա դե Լեոնը փորձել է մանրամասն իմանալ ամեն մի իրադարձության մասին` կիրառելով ոչ միայն փաստաթղթեր, այլև սեփական դիտարկումները և տեղի բնակչության շրջանակներում հարցումները։ Սրանով հանդերձ, նա միշտ ներկայացրել է տարբեր տեսակետներ (ինչպես հասարակ մարդկանց, այնպես էլ մասնագետների), քանի որ սա պատմությունն ավելի հավաստի ու վստահելի է դարձնում։ Այս ամենի շնորհիվ Սիեսա դե Լեոնի գիրքը դասվում է այն գրքերի շարքին, որոնք արժանահավատ են և ժամանակակից գիտնականների համար արժեքավոր սկզբնաղբյուր։

Հեղինակին, որ աչքի է ընկնում պատմելու համաչափ ռիթմով, կարելի է համարել լավ պատմող` վառ ընդգծված քննադատական մեթոդով, երբ նա, առանց երկմտության, ներկայացնում է իսպանացիների անօրեն գործողությունները հնդկացիների նկատմամբ։ Նա գովերգում է Ինկերի կայսրության քաղաքացիական, կրոնական ու ռազմական արվեստը։

Ճիշտն ասած, աշխարհում քիչ կան ժողովուրդներ, որոնք իմ կարծիքով ավելի լավ կառավարում ունեցած լինեն, քան ինկերը։
- Պեդրո Սիեսա դե Լեոն, «Պերուի ժամանակագրություն», մաս I, գլուխ LXI

Սիեսան չի տիրապետել տեղի հնդկացիական լեզուներին, չնայած իմացել է շատ բառեր, սակայն նա ունեցել է լավ օգնականներ և խորհրդատուներ այս հարցում, օրինակ` քահանա Դոմինգո դե Սանտո Թոմասը` կեչուա լեզվի առաջին բառարանագիրը։

Նրա աշխատությունները համարվում են «Ամերիկայի մասին իսպանական պատմագրության մեջ երբևէ գրված առավել ինքնատիպ ու առավել կարևոր ստեղծագործություն, որ գրված է յուրահատուկ, բեղմնավոր գիտնականի ու անձանձրույթ դիտարկողի կողմից»[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.epdlp.com/escritor.php?id=13139
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://openlibrary.org/authors/OL225684A/Cieza_de_León_Pedro_de
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 NUKAT — 2002.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 OpenData BNP
  5. Francisco Teixidó Gómez (2005 թ․ մայիսի 1). «Pedro de Cieza de León (1520-1554)». www.erudit.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.
  6. Juan J. Zaro. (2000). «"Translation and Historical Stereotypes: The Case of Pedro Cieza de León's Crónica del Perú"». www.erudit.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27-ին.
  7. Archivo General de Simancas. (AGS). Contadurías Generales. Legajo 768.
  8. 8,0 8,1 Gutiérrez Macías, Valeriano. (1992). «Pedro Cieza de Leon. Conquistador y etnografo. Extremeno y gran conquista del Peru». www.chde.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27-ին.
  9. Archivo General de Simancas. (AGS) — Cámara de Castilla. Legajo 14.
  10. AGS.- Estado. Legajo 63. Núm. 67.
  11. Archivo Parroquial de la Iglesia de la Granada (APIG). Libro 1º Bautismo de Santiago. Pág. 150
  12. APIG. Ibd. Fol. 6.
  13. APIG. Ibd. Fol. 11 vto.
  14. APIG. Ibd. Fol. 18.
  15. Saenz de Santa Marta, Carmelo. Introducción a «Descubrimiento y conquista del Perú» de Pedro Cieza de León. Historia 16. Madrid 1986. Pág. 9.
  16. APIG. Libro 1º Bautismo de Santiago. Fol. 55 vto.
  17. APIG. Ibd. Fol. 75.
  18. APIG. Ibd. Fol. 113.
  19. APIG. Ibd. Fol. 126.
  20. APIG. Ibd. Fol. 138 vto.
  21. 21,0 21,1 Garraín Villa, Luís José. (1988). «Pedro Cieza de Leon en Llerena». www.chde.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27-ին.
  22. Saenz de Santa Marta, Carmelo. Hacia un pleno conocimiento de la personalidad de Pedro de Cieza de León. Anuario de Estudios Americanos. Vol. XXXII. Año 1.971
  23. 23,0 23,1 23,2 Rodolfo Pérez Pimentel. (2007 թ․ հունվարի 8). «Pedro Cieza de Leon». www.chde.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27-ին.
  24. Rui Diaz de Guzman. Historia Argentina // Pedro de Angelis. Colección de obras y documentos relativos a la historia antigua y moderna de las provincias del Rio de la Plata. Tomo primero. — Buenos-Aires: Imprenta del estado, 1836. — p. 28-29 (pp. 1-140)
  25. Хорхе Робледо. (2009 թ․ հունվարի 3). «Доклад о походе капитана Хорхе Робледо в провинции Ансерма и Кимбайа». www.kuprienko.info. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27-ին.
  26. Мигель Паласио. — №38 (484) (2005 թ․ սեպտեմբերի 19). «Золотое озеро». Итоги. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5-ին.
  27. Cieza de Leon P. Guerras del Peru, t.1. Guerra de las Salinas. Madrid, 1877. Cap.32, p.405
  28. Сьеса де Леон, Педро. Хроника Перу. Часть Первая. Глава CXVII. — Киев, 2008 (пер. А. Скромницкий)
  29. Pedro de Cieza de León. — Предисловие, стр.XII-XIII. (2005). «Cronica del Peru. El Senorio de los Incas». Fundación Biblioteca Ayacucho. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 30-ին.
  30. AGS.- Contaduría de Mercedes. Legajo 332. núm. 7.
  31. 31,0 31,1 31,2 31,3 Хосе Роберто Паэс. (2009 թ․ նոյեմբերի 23). «Педро Сьеса де Леон». www.kuprienko.info (А. Скромницкий). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  32. Сьеса де Леон, Педро. Хроника Перу. Часть Первая. — Киев, 2008 (пер. А. Скромницкий)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Raúl Aguilar Rodas. — Boletín de historia y antigüedades, ISSN 0006-6303, Vol. 87, Nº 810, 2000, pags. 561—590 (2000). «Pedro de Cieza de León y la historia de Colombia». www.dialnet.uniroja.es. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 10-ին.
  • F. Esteve Barba. Historiografia Indiana (Grandes Manuales). — 2-е изд. — Madrid: Gredos, 1964. — 756 с. — ISBN 84-249-3113-0
  • Garrain Villi, Luis José. Extremadura y América. Príncipe de los cronistas de Indias. — Mérida: Extremadura Enclave 92, 1991.
  • Gutierrez Macias, Valeriano. Por tierras de la Baja Extremadura. — Cáceres, 1978.
  • González Porto-Bompiani. Diccionario literario de obras y personajes de todos los tiempos y de todos los países. — Barcelona: Montaner y Simón, 1959.
  • Луис Дуке Гомес. Золото Колумбии. Ювелирное искусство индейцев. — М.: Искусство, 1982.
  • Pedro de Cieza de León. Cronica del Peru. El Senorio de los Incas. — Caracas: Fundación Biblioteca Ayacucho, 2005. — ISBN 980-276-394-2

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Սիեսա դե Լեոն» հոդվածին։