Պեդրո Սիեսա դե Լեոն
Պեդրո Սիեսա դե Լեոն իսպ.՝ Pedro de Cieza de León | |
---|---|
Ծնվել է | 1520 |
Ծննդավայր | Լյերենա, Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա |
Մահացել է | հուլիսի 12, 1554 |
Մահվան վայր | Սևիլյա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և պատմաբան |
Ստորագրություն![]() | |
Pedro Cieza de León Վիքիպահեստում |
Պեդրո Սիեսա դե Լեոն (իսպ.՝ Pedro (de) Cieza de León, 1520, Լյերենա, Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա - հուլիսի 12, 1554, Սևիլյա, Իսպանիա), իսպանացի քահանա, զինվոր, հումանիստ, պատմաբան, աշխարհագրագետ: Եղել է կոնկիստայի առաջին ժամանակագիրներից մեկը: Անձամբ մի քանի անգամ հատել է ներկայիս Կոլումբիայի, Էկվադորի, Պերուի, Բոլիվիայի և Չիլիի սահմանները` ավելի քան 7000 կմ: Նրա հավաքած նյութերը տարբերվում են թեմատիկ լայն ընդգրկվածությամբ, արժանահավատությամբ և փաստորեն ներկայացնում են Հարավային Ամերիկայի պատմության, բուսաբանության, կենդանաբանության յուրօրինակ հանրագիտարան: Նրա շնորհիվ Եվրոպայում իմացել են կարտոֆիլի մասին, որի վերաբերյալ նա գրել է իր «Պերուի ժամանակագրություն» գրքում, որ տպագրվել է 1553 թվականին Սևիլիայում:
Սիեսա դե Լեոնն առաջինն է նկարագրել այնպիսի բուսատեսակներ ու մրգեր, ինչպիսիք են արքայախնձորը, ավոկադոն, գուավան, աստղախնձորը, ինգան, կինոան, կոկաինի թուփը, մանցինելան, դեղձային արմավենին, փափուկ շինուսը, պիտայան, սմիլակսը, խիկաման, արմավաշուշանը, և այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են ալպական, վիկունյան, լաման, գուանակոն, անակոնդան, սովորական իգուանան, կարմիր արան, կարմրականջ կրիան, ծովախոզուկը, մուսկուսի բադը, ամերիկյան կատվառյուծը, յագուարը, եռամատ ծույլը, պարկամուկը, անդյան կոնդորը և բազմաթիվ այլ տեսակներ: Սիեսա դե Լեոնն առաջին անգամ Եվրոպայում ներկայացրել է հարավամերիկյան ուղտանմանների նկարագրությունը: Ֆրանսիացի գիտական պատմաբան Ռենե Տատոնը պարզել է, որ «Պերուի ժամանակագրությունը» ամենավաղ տեքստն է, որ պարունակում է ողնաշարավորների ֆոսիլիաների (քարացվածություն) պատկերներ. իր գրքում հեղինակը դրանք համարում է «հսկաների ոսկորներ»[1]:
Նրա շնորհիվ, բացի կենդանիների ու բույսերի վերոնշյալ անուններից, մեզ հայտնի են դարձել գամակ և բարբեքյու բառերը[2]:
Իր գրքերում տրված են հնդկացիական բազմաթիվ էթնոսների ու նրանց լեզուների անվանումներ, այդ թվում նաև այնպիսիք, որոնք ներկայումս ոչնչացված են համարվում` չիբչա, պաստո, մոչե, յունգեր, ինկեր, չաչապոյա, կոլյա, կիմբայա: Նրա ձեռագրերը հիմք են հանդիսացել հետագա բազմաթիվ պատմագիրների համար, ովքեր հաճախ չեն նշել սկզբնաղբյուրը` օգտագործելով Սիեսա դե Լեոնի բառացի մեջբերումներ ինկերի պատմության մասին, հատկապես դա վերաբերում է նրա մահից հետո (1554) հրատարակված գրքերին` Բլաս Վալերա, Խոսե դե Ակոստա, Ինկա Գարսիլաո դե լա Վեգա, Անտոնիա դե Էրերա: Դե Լեոնը, ինչպես և Լաս Կասասը, իրեն հռչակել է հնդկացիների պաշտպան: Նա առաջինն է հայտնել Նասկայի գեոգլիֆների և Տիուանակոյի արտասովոր շինությունների մասին:
Բովանդակություն
- 1 Կենսագրություն
- 2 Վերադարձ Իսպանիա
- 3 «Պերուի ժամանակագրություն»
- 4 Ծանոթագրություններ
- 5 Գրականություն
- 6 Արտաքին հղումներ
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիեսա դե Լեոնը ծնվել է իսպանական Լյերենա քաղաքում, որտեղ այդ ժամանակ գերիշխում էր արաբ բնակչությունը: 1520-ական թվականներին Լյերենան ուներ մոտ 3.100 բնակիչ[3]:
Նրա ծնողներն էին Կառլ V կայսեր պալատի փաստաբան Լոպե դե Լեոնը և Լեոնոր դե Կասալիան` հարուստ առևտականների ու նոտարների ընտանիքից, որոնք առևտրով էին զբաղվում ինչպես Սևիլիայում, այնպես էլ Նոր աշխարհում[4]: Նրանք ամուսնացել էին 16-րդ դարի սկզբին, իսկ արդեն 1511 թվականին Լոպե դե Լեոնը համարվում էր Գրանադայի պալատական գրասենյակի ալկալդ` աշխատելով դան Լուիս դե Սապատայի հետ[5]: Իսպանական արքային մատուցած իր ծառայութունների համար հայրը մի շարք պարգևներ է ստացել: 1543 թվականի նոյեմբերի 5-ին Մադրիդում Լոպե դե Լեոնը ծառայում էր Նորին մեծությանը, նրան` որպես արժանավոր մարդու, խնդրել են ծառայել արքայական որոշ կալվածքներում, ինչից, սակայն, նա հրաժարվել է[6]: 1525 թվականի ապրիլի 10-ին Լոպե դե Լեոնը կնքել է Պեդրոյին` Բերմեխոյի և Իսաբել Սանչեսի որդուն, իսկ կնքահայրը եղել է Լոպե Ալվարեսը, իսկ կնքամայրերը` նրանց կանայք: Մկրտությունը կատարել է քահանա Բարտոլոմե Դիաս Նավարոն[7]:
Ընտանիքում եղել են հինգ երեխաներ.
- Բեատրիս Կասալիա: Ամուսնացել է Պեդրո դե Կասորլայի հետ: Այդ ամուսնությունից ծնվել են հետևյալ երեխաները.
- Դիեգո, մկրտվել է 1528 թվականի դեկտեմբերի 23-ին: Կնքահայրը եղել է Պեդրո Նունիես դե Պրադոն, Լյերենայի քաղաքապետարանի պաշտոնյա:
- Խուան, մկրտվել է 1530 թվականի սեպտեմբերի 19-ին: Կնքահայրը եղել է Պեդրո դե Մինիոն[8]:
- Խուան, մկրտվել է 1530 թվականի սեպտեմբերի 30-ին: Կնքահայրը եղել է Պեդրո դե Մինյոն, Սանչո դե Պասի առևտրական տան հաշվապահը:
- Լեոնոր, մկրտվել է 1533 թվականի մարտի 2-ին: Կնքահայրը եղել է դոն Ֆրանսիսկո դե Կարդենասը` Դե լա Օլիվի կոմանդորի որդին` Լուիս Սապատա դե Կարդենասի եղբայրը, ով Սանտա դե Բոգոտայի արքեպիսկոպոսն էր[9]:
- Ֆրանսիսկո, մկրտվել է 1535 թվականի հունվարի 6-ին Սանտյագոյի եկեղեցու քահանա Դիեգո դե Սալվատիերի կողմից[10]:
- Պեդրո, կնքվել է 1537 թվականի հուլիսի 16-ին:
- Ռոդրիգո
- Պեդրո, կյանքի առաջին տարիներին կրել է Պեդրո դե Լեոն անունը: Միայն հետագայում է փոխել իր անունը, ընդ որում այդ փոփոխությոան պատճառներն ընդհանրապես հասկանալի չեն: Հնարավոր է, դա կատարվել է Պերուի Կուսկո քաղաքի մի պաշտոնյայի` Պեդրո դե Լեոնի անվանը համընկնելու պատճառով, կամ էլ դա կապված է մարշալ Խորխե Ռոբլեդոյի մահվան հետ[11]:
- Մարիա Ալվարես, ամուսնացել է Լորենսո Էռնանդես Վիսկաինոյի հետ: Այս ամուսնությունից ծնվել են հինգ երեխաներ.
- Գոնսալո, մկրտվել է քահանա Խորխե Կաբրեդայի կողմից 1541 թվականի դեկտեմբերի 4-ին: Կնքահայրը եղել է Խուան Մեխիան[12]:
- Մարիա, մկրտվել է Էռնանդո դե լա Վերայի կողմից 1544 թվականի մարտի 16-ին[13]:
- Լորենսո, մկրտվել է 1549 թվականի նոյեմբերի 24-ին: Կնքահայրը եղել է Լուիս Դելգադոն[14]:
- Խուան, մկրտվել է 1552 թվականի հունվարի 6-ին իր քեռու` Ռոդրիգո դե Սիեսայի կողմից[15]: Այդ ժամանակ Պեդրո դե Սիեսա դե Լեոնը արդեն գտնվում էի Իսպանիայում, հնարավոր է Լյերենայում:
- Մարիա, ինչպես և իր եղբայր Լորենսոն մկրտվել է Լուիս Դելգադոյի կողմից 1553 թվականի հոկտեմբերի 15-ին[16]:
- Լեոնոր Կասալյա դե Սիեսա, ամուսնացել է Լուիս Սապատա դել Բոսկեի հետ: Նրանց ամուսնությունից ծնվել են երեք երեխաներ:
Պեդրոն ունեցել է ևս մեկ քույր, որի մասին նա հիշատակել է իր կտակում, սակայն նրա անունը չի պահպանվել[17]:
Ընտանիքում բոլոր երեխաներից միայն Պեդրոն է կրել դե Լեոն անունը, չնայած այն տարածված անուն է եղել Լյերենայում 16-րդ դարում: Եվ ընդհակառակը, հակառակ իսպանական ավանդույթի` մոր անունը` Կասիլիա, չի ներառվել նրա լրիվ անվան մեջ[18]:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիեսա դե Լեոնի ուսումնառության տարիների մասին ոչինչ հայտնի չէ: Ենթադրաբար նրա պատանեկությունն անցել է մշակութային միջավայրում, քանի որ նրա ընտանիքը պատկանել է 16-րդ դարի Լյերենայի ազնվականական դասին: Սիեսա դե Լեոնը գրական լավ կրթություն է ստացել: Երիտասարդ ժամանակ նա ծանոթացել է ժամանակագիր Ֆրանսիսկո դե Խերեսի «Պերուի կոնկիստա» («Conquista del Perú») գրքին (հրատարակվել է 1534 թվականին Սևիլիայում` նրա` Նոր աշխարհ կատարած նավարկությունից մեկ ամիս առաջ): Գիրքը մեծ տպավորություն է թողել Պեդրոյի վրա, և նա գիրքն իր հետ տարել է Նոր աշխարհ: Հենց այս գրքում է նա տեսել իր նպատակներն ու իդեալները` կայսրին ծառայությունը, քրիստոնյայի ու իսպանացու պատիվը, գրողի ու կոնկիստադորի ոչ հեշտ աշխատանքների համադրումը[17]:
1534 թվականին Սիեսան, ճանապարհորդելով առևտրական հոր հետ, Սևիլիայում տեսել է, թե ինչպես են բեռնաթափվում իսպանացի կոնկիստադոր Էռնանդո Պիսարոյի բերած գանձերը (Աթաուալպայի գնում), ինչը հավանաբար առիթ է հանդիսացել Հարավային Ամերիկա մեկնելու համար:
Տեղափոխում Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեդրո դե Լեոնը (հենց այս անունով է նա հայտնվել Ամերիկայում) իր իսկ բառերով 13-ամյա տարիքում տեղափոխվել է Սանտո Դոմինգո (Հայիթի կղզի): 1535 թվականի հունիսի 13-ին նա դարձել է Մանուել Մայայի նավի ուղևոր: Ինչպես նշված է Հնդկացիական արխիվի փաստաթղթերից մեկում.
Փոքրի-ինչ ավելի վաղ` 1535 թվականի ապրիլի 2-ին, Սիեսայի անունը հիշատակվում է Խուան դել Խունկոյի արշավախմբի հետ մեկ այլ նավ տեղափոխվելու կապակցությամբ. Հնդկաստան մեկնող ուղևորների ցուցակում արձանագրված է մի մարդ, ում մասին հետևյալ հիշատակությունն է արված.
Երկու ամիս անց նա հասնում է նշանակետ, այնուհետև` Կարթագեն և երկու տարի մնում է Պեդրո դե Էրեդիայի արշավախմբի կազմում լինում է Ուրաբայում ու Սենայում (Պանամայի շրջան), որտեղ նկարագրում է հնդկացիների թանկարժեք գերեզմանները[19]: 1536 թվականին գտնվել է Կոլումբիայի Սան Սեբաստիան դե Բուենավիստ քաղաքում, ինչից հետո նա եղել է Հարավային Ամերիկայի արևմտյան ափի բոլոր երկրների տարածքում` Վենեսուելայից Չիլի: Ճամփորդության ընթացքում նա նկարագրել է Հարավային Ամերիկայի տարբեր բնապատկերներ, գետեր, լեռներ, դրանց կենդանական ու բուսական աշխարհը, հնդկացիների սովորույթներ ու ծեսեր` գաղափար կազմելով նրանց անցյալի մասին, ինչպես նաև կոնկիստադորների հետ կապված իրադարձություններ:
Հանդիպում Ֆրանսիսկո Սեսարի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիեսա դե Լեոնը հանդիպել է կոնկիստադորներ Ֆրանսիսկո Սեսարի և Ֆրանսիսկո Օհասոնի հետ Կարթագեն դե Ինդիասում 1536-1537 թվականներին (1538 թվականին Սեսարը մահացել է Դարիենում), որտեղ նրանք պատմել են 1528-1529 թվականներին Սեբաստիան Կաբոտի արշավախմբի կազմում իրենց ճամփորդության մասին, որ կատարվել է Պարանայի սահմանից մինչև Ինկերի կայսրություն, պատմել են այս երկրների հարստության և այն մասին, որ տեսել են լավ հագնված հնդկացիների: Հայտնի է, որ Սեսարը լամաների բուծման և նրանց մորթուց հագուստի պատրաստման մասին առաջին տեղեկությունները ստացել է Չարկասի շրջանում: Սեսարը 14 զինվորների հետ այնտեղ հանդիպել է «շրջանի մեծ կառավարչին, ով ուրախ ընդունել է նրանց` տալով ոսկե ու արծաթե իրեր և հագուստ: Կառավարիչն ուներ բեռնակիրներ, որոնց նա հատկացրել է իսպանացիներին ընծաները տեղափոխելու նպատակով»[20]: Ինկերի քաղաքը, ուր այցելել էր Սեսարը, հետագայում պատվել է լեգենդի քողով և հայտնի դարձել դիցաբանական Կայսրերի քաղաք (անգլ.՝ Ciudad de los Césares)) անունով:
Գրողի հիմնական սկզբունքը[խմբագրել | խմբագրել կոդը]
«Պերուի ժամանակագրություն» գրքի առաջին մասում Սիեսա դե Լեոնը մատնանշել է իր` որպես գրողի հիմնական սկզբունքը:
Մասնակցություն ռազմական արշավներին[խմբագրել | խմբագրել կոդը]
Լքելով Կարթագենը` Սիեսա դե Լեոնը մասնակցում է ժամանակակից Կոլումբիայի ու Էկվադորի տարածքներով արշավներին: 1536-1537 թվականներին նա գտնվել է Խուան դե Վադալիոյի ենթակայության տակ, ում հետ եղել է Սենայում` ուղևորվելով Դարիեն գետի (Պանամա) գետաբերան և Ռիո դե Կաբալիոս և հասնելով Ուրաբայբե նահանգ և Կաուկա գետի մեձակայք: Նա մասնակցել է Ուրուտե նահանգ կատարած արշավին Ալոնսո դե Կասերեսի ղեկավարությամբ` ուղևորության ընթացքում զրկանքներ ու սով տեսնելով: 1537 թվականին մասնակցել է Վադիլիոյի ուղևորությանը, որն ուղղված էր Աբիբե լեռներ: Սիեսան այս մասին գրել իր «Ժամանակագրության» չորրորդ մասում, որտեղ պատմում է Լաս Սալինասի կռվի մասին: 1538 թվականին, հնարավոր է, գտնվել է Կալիում (Կոլումբիա), հենց այդ ժամանակ էլ ընդգրկվել է Լորենսո դե Ալդանի ջոկատների մեջ, ով Ֆրանսիսկո Պիսարոյի փոխանորդն էր և կազմակերպել էր ուղևորություն Կալի Սեբաստիան դե Բելելկասարին գտնելու նպատակով: Միաժամանակ նա Կաուկա նահանգի (Կոլումբիա) հնդկացիների շրջանում զբաղվում է խաղաղասիրական գործունեությամբ: Դրանից հետո նրա ղեկավարը` Լորենսո դե Ալդանան, Սիեսային ծառայության է ուղարկում Խորխե Ռոբլեդոյի մոտ, ով զբաղվում էր Անսերմա նահանգում (Կոլումբիա) բնակության կազմակերպման հարցերով. նահանգը նախապես նվաճել էր Սեբաստիան դե Բելալկասարը:
1539 թվականի փետրվարի 14-ին Խորխե Ռոբլեդոյի արշավախումբը դուրս է գալիս Կալի քաղաքից և ուղևորվում Անսերմա[21]: Այն մինչև հուլիս կանգ է առնում Մեականոայում: Արշավախումբը Սիեսա դե Լեոնի մասնկացությամբ հետազոտում է տարածքը, որտեղ հիմնված են Սանտա Անա դե լոս Կաբալիերոսը (1539), Կարտագոն (1540) և Սանտա Ֆե դե Անտիոկիան (Կոլումբիա): Ուղևորության ընթացքում Սիեսան դառնում է մարշալ Խորխե Ռոբլեդոյի վստահելի մարդը: Դրանից հետո Սիեսան 1540 թվականի սեպտեմբերին Բուենավենտուրայով (Կոլումբիա) վերադառնում է Կալի և ծանոթանում Բելալկասարի հետ, ով հրամայում է նրան կապիտան Միգել Մունյոսի հետ տեղում քաղաք հիմնել (ներկայումս` Արմա, Կոլումբիա): 1540 թվականի հոկտեմբերին նա կրկին Ռոբլեդոյին ուղեկցում է Անտիոքիո կատարած երկրորդ ուղևորության ընթացքում, սակայն ուղևորությունն անցնում է ապարդյուն. Բելելկասարը, ով վերադարձել էր Իսպանիայից, բերում է արքայական մի քանի հավաստագրեր, որոնցով նրա հովանավորությունը տարածվում էր բոլոր այս շրջանների նկատմամբ:
Ռոբլեդոյի գերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելելկասարի գործողություններին ի պատասխան` Ռոբլեդոն որոշում է ուղևորվել Իսպանիա, որպեսզի հաստատի «նվաճած նահանգների» իր իրավունքները: Ռոբլեդոն ուղևորվում է Ուրաբա նավահանգիստ (Պանամա), որտեղ 1542 թվականի մարտի 4-ին նրան իր մարդկանց հետ բռնում է Ալոնսո դե Էրեդիան: Էրեդիան Ռոբլեդոյին բանտ է գցում, իսկ Սիեսան նշանակվում է Պանամա քաղաքի դատարանում նրա ներկայացուցիչը Անտիոքի դատավորներ Ֆրանսիսկո դե Վալիեխոյի և Դիեգո դե Մենդոսի հետ: Այդ ժամանակ Ուրաբայից Ռոբլեդոյին ուղարկում են Կարթագեն, այնուհետև Ալոնսո դե Բուստոյի ուղեկցությամբ` Իսպանիա[19]:
Բնակություն Արմա քաղաքում[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ ժամանակ Սիեսա դե Լեոնն ապրում է Արմա քաղաքում, որը համարվում էր ռեպարտիմիենտո (իսպ.՝ repartimiento): 1542-1545 թվականներին Սիեսա դե Լեոնը մասնակցել է հնդկացիների դեմ մի քանի արշավների, սակայն երբ Ռոբլեդոն 1545 թվականին վերադառնում է Իսպանիայից` ստանալով մարշալի տիտղոս, Սիեսան դարձյալ միանում է նրան և տեղափոխվում Կարտագո, որտեղ էլ իմանում է փոխարքա Բլասկո Նունիես դե Վելայի պարտության մասին` ընդդեմ ապստամբած կոնկիստադորների: Նա Ռոբլեդոյի հետ արշավի է մեկնում Արմայի ու Անսերմայի բնակիչների մոտ հավանաբար այն բանի պատճառով, որ չի հաջողվում խուսափել Բելալկասարի հետ կոնֆլիկից: 1546 թվականի հոկտեմբերի 5-ի գիշերը Բելալկասարը անակնկալի է բերում Ռոբլեդոյին, ձերբակալում նրան և հրամայում գլխատել մնացած կապիտանների հետ: Ռոբլեդոյի մահից որոշ ժամանակ անց Սիեսա դե Լեոնը թաքնվում է ածխահանքում այնքան ժամանակ, մինչև նահանգապետը հրամայում է գալ Կալի քաղաք: Սիեսան շարունակում է իր գրական գրառումները, չնայած հաճախ ստիպված էր լինում ընդհատել իր ստեղծագործությունները, որպեսզի մասնակցի ռազմական արշավներին. հայտնի է, որ Բելալկասարը նրան հրամայել էր օգնության մեկնել Նունիես դե Բալբոային` Պերուի փոխարքային:
Խնդիր Էլդորադոյի հետ և Սիեսայի ռացիոնալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլդորադոյի մասին հայտնի լեգենդը` ոսկու հարստությունների մասին, դուրս է գալիս մուիսկների սահմաններից և հասնում Կենտրոնական Անդեր, ինկերի երկիր, որտեղ այն լսում են Սեբաստիան դե Բելալկասարի զինվորները: Այն դեպի հյուսիս` Հարավային Կոլումբիա, ուղևորվելու առիթ է հանդիսանում: Իսպանացի կոնկիդտադոր Գոնսալո Խիմենես դե Կեսադայի արշավախմբերը բացահայտում են չիբչա-մուիսկների լեգենդար Գուատավիտա լիճը, որը դիցաբանական Էլդորադոյի իրական նախատիպն է[22]: Առաջին մարդը, ով առաջարկեց գետը ցամաքեցնել այնտեղից գանձեր հանելու նպատակով, Սիեսա դե Լեոնն էր: Իրավիճակը ռացիոնալ գնահատելով` իր «Պատերազմ Սալինասում» գրքում նա գրել է.
![]() |
Բոգոտայի այս նահանգում կա հսկայական լիճ, և եթե Ձերդ գերազանցությունը հրամայի ցամաքեցնել այն, ապա Դուք այնտեղից կհանեք հսկայական քանակությամբ ոսկի և զմրուխտ, որոնք վաղնջական ժամանակներում այնտեղ են գցել հնդկացիները[23]: - Պեդրո Սիեսա դե Լեոն, «Պերուի ժամանակագրություն», մաս 4-րդ, «Պատերազմ Սալինասում»
|
![]() |
Տեղափոխում Պերու[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա Պերու է տեղափոխվում արդեն Պեդրո դե Սիեսա դե Լեոն անունով:
Ընդունելություն Լա Գասկայի մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոխարքա Լա Գասկան, ով տեղյակ էր, որ Սիեսա Լեոնը կազմում է «Պերուի ժամականագրությունը», կազմակերպում է ընդունելություն, որպեսզի հեղինակը ներկայացնի իր գրածները: Հիանալով Սիեսայի գրածներով` փոխարքան նրա աշխատության համար առաջարկում է արժեքավոր փաստաթղթեր ու նյութեր: Սիեսան անցնում է նախագահ Լա Գասկայի ենթակայության տակ և որպես սովորական հեծյալ ընդունվում է Ֆրանսիսկո Էռնանդես Խիրոնի ջոկատ, որի հետ ուղևորվում է Պոպայան, ուր նրանց սպասում էին Բելալկասարը և Պեդրո Կաբրերոն: Նրանց հետ նա անցնում է մինչև Պերուի ափը, այնուհետև լինում Պակասմայո (1547) Այավակա, Ուարա, Լիմա, Գումանգա և Անդագուայլաս բնակավայրերում: Սիեսան շրջում է ներկայիս Պերուի և Բոլիվիայի տարածքներում` փորձելով նոր տեղեկություններ հավաքել իր «Ժամանակագրության» համար (գիրքը սկսել է գրել 1541 թվականին): Հատկանշական է, որ «Ժամանակագրության» առաջին մասում Սիեսան, հայտնելով 1547 թվականի մայիսի 3-ի Լամպասի շրջանում լիալուսնի մասին, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել 1547 թվականի մայիսի 4-ի լուսնի խավարումը (այն սկսվել է 18:40-ին): Այս առթիվ նա ներկայացրել է հնդկացիների արտասովոր սովորույթները` դրանց հատուկ նշանակություն տալով[24]:
Մասնակցություն Խակիխագուանի ճակատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]
1547 թվականին Բելալկասարը նոր նահանգապետ Պեդրո դե լա Գասկայից օգնություն է խնդրում ապստամբած Գոնսալո Պիսարոյի դեմ պայքարելու համար: Բելալկասարի հետ Սիեսան դուրս է գալիս Պոպայան քաղաքից: 1548 թվականի ապրիլի 9-ին նա արքայի կողմից մասնակցում է Խակիխագուանի նշանավոր ճակատամարտին Կուսկոյից հինգ լիգա հեռու: Ճակատամարտ, որպես այդպիսին, չի եղել. ապստամբների ամբողջ զորքը առանց մի հատիկ կրակոցի անցնում է արքայի ուժերի կողմը, և Գոնսալո Պիսարոն ստիպված հանձնվում է` ակնկալելով հաղթածի բարեգթությունը: Այս իրադարձություններից հետո Սիեսան վերադառնում է Լիմայի հովիտ, Պեդրո Լոպես դե Կասալյան հանձնում է երաշխավորական նամակներ, որպեսզի կորեխիդորները թույլ տան իմանալ Չարկաս նահանգի մասին (Բոլիվիա) ամենահետաքրքիրը:
Շփումներ Լաս Կասասի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռևս գտնվելով Պերուում` Սիեսան կապեր է հաստատում Չիապասի եպիսկոպոս Բարտոլոմե դե Լաս Կասասի կողմնակիցների հետ: Սիեսայի համար գլխավոր աղբյուրներից մեկն է դառնում Լաս Կասասի ներկայացուցիչը Պերուում` քահանա Դոմինգոդե Սանտո Թոմասը` Չարկասի եպիսկոպոսը, ով կեչուա լեզվի քերականության առաջին ձեռնարկի ու բառարանի հեղինակն էր: Սրա արդյունքում «Պերուի ժամանակագրությունը» ձեռք է բերում լասկասասական շեշտադրումներ և տոնայնություն` ապրումներ հնդկացիների համար, նրանց ոչնչացման և կոնկիստադորների դաժանությունների դեմ պայքար, ցավի զգացմունք նրանց հիանալի կառույցների, ամրոցների ոչնչացման համար: Ինչպես ենթադրել է հետազոտող Մատիկորենը, Լաս Կասասը և Սիեսան կարող էին ծանոթացած լինել Սևիլիայում, երբ վերջինս այնտեղ եղած ժամանակ խմբագրում էր իր թղթերը[25]: Լաս Կասասը Սիեսա դե Լեոնի կտակով պետք է հրատարակեր «Պերուի ժամանակագրություն» գրքի երկրորդ մասը (հնարավոր է նաև երրորդ):
Սիեսան` ալմագրոյական և հակապիսարոյական[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիեսա դե Լեոնը որոշ չափով Դիեգո դե Ալմագրոյի կոմնակից էր, ով գաղութատիրական պայքարում հանդես էր գալիս Պիսարո եղբայրների դեմ: Դա իր կնիքն է դրել հեղինակի մի շարք տեսակետների ու աշխարհայացքի վրա, որոնք 19-20-րդ դարերի հրատարակություններում համարվում էին օբյեկտիվ: Սակայն անցնելով Լաս Կասասի կողմը` Սիեսան հանդես է գալիս տեղական իշխանությունների` էնկոմենդերոյի դեմ, որից ցանկանում էր ազատվել Լաս Կասասը` իշխանության կենտրոնացման հարցում համագործակցելով Իսպանիայի արքայի հետ:
Հետախուզական շրջայց Պերուում[խմբագրել | խմբագրել կոդը]
1548 թվականին Սիեսան նշանակվում է Պերուի գլխավոր ժամանակագիրը:
1548 թվականի վերջին նա սկսում է ճամփորդել Հարավային Պերուով և Չարկասով (Բոլիվիա)` այցելելով այնպիսի կարևոր քաղաքներ, ինչպիսիք են Պուկարան, Չուկիտինտոն, Տիաուանակոն, Լա Պասը և Լա Պլատան, ինչպես նաև Պոտոսիի ածխահանքեր, իսկ 1550 թվականին վերադառնում է Լիմա` սեպտեմբերի 8-ին ավարտելով «Ժամանակագրությունը» և որոշելով հրատարակել այն: Նրա ճանապարհն անցել էր Ինկերի ճանապարհներով (մոտ 3000 կմ Կուսկոյից Կիտո), որտեղ հանդիպել է գրեթե անձեռակերտ և կարծես մեկ գծի վրա շարված ճարտարապետական շինությունների և կախովի կամուրջների, որոնց կառուցման տեխնիկան եվրոպական ժամանակակից ինժեներական միտքը կանխել է մի քանի դարով: Սիեսան նկարագրել է դրանք ամբողջությամբ` իրեն դրսևորելով որպես հնաբան և ժողովրդագրագետ` հարցումներ կատարելով տարբեր բնակիչների շրջանում: Այս ընթացքում նա ճշգրտել է իր բոլոր դիտարկումները` ներմուծելով աշխարհագրական բազմաթիվ անվանումներ, տվյալներ, հեռավորություններ, չափման միավորներ. այս ամենով նա զբաղվել է Չարկաս նահանգում մոտ երեք տարի: Իր ճամփորդության ընթացքում Սիեսա դե Լեոնը հայտնաբերել է Նասկայի գեոգլիֆները.

Այցելելով ինկերի նախկին պետության` Տաուանտինսույուի տարածք` Սիեսան տեսնում է այն ողբալի իրավիճակը, որում գտնվում էր Ինկերի կայսրությունը, և բոլոր շրջաններում խիստ անկում ապրած բնակչությունը, որ անասելի տուժել էր իսպանացիների նվաճումներից, նրանց բռնություններից: Այս առիթով Սիեսան գրել է.
Նրա գործունեության արդյունքը դարձավ գրական հսկայական աշխատությունը` ութ հատոր` մոտ 8000 թերթ` 13 × 16 դյույմ չափով:
Վերադարձ Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]
1550 թվականին Սիեսան անցնում է Սևիլիա և հաստատվում Դե լաս Արմաս փողոցում: 1551 թվականին Սիսա դե Լեոնը ամուսնական պայմանագիր է կապել Իսաբել Լոպես դե Աբրեի հետ, ով ազդեցիկ առևտրական Պեդրո Լոպեսի և Մարիա դե Աբրեի դուստրն էր, ովքեր բնակվում էին Ուելվա նահանգի Տրիգերոս քաղաքում: Պայմանագիրը կնքվել է 1550 թվականի օգոստոսի 19-ին[26]: Պեդրո Լոպեսը պարտավորվում էր հարսնացուին վճարել 2000 կրոն որպես նախահավաստիք, իսկ հարսնացուի ծնողները 4000 կրոն պետք է վճարեին Սիեսա դե Լեոնին ամուսնությունից հետո: 1551 թվականի օգոստոսի 11-ին կազմվում է ամուսնության դեպքում գույքի տնօրինման կարգը: Սիեսան Սևիլիայում հայտարարում է, որ սեփականության իր իրավունքով երաշխավորում է կնոջը վճարել 2000 կրոն: Նա նշում է պարտքը, որը պետք է վճարեր կոմս դե Պալման: Հետագայում կինն օգնել է նրան քարտուղարուհու կարգավիճակում:
Նա այցելել է նաև իր հարազատ Լյերենա, որտեղ 1552 թվականի հունվարի 6-ին մկրտվել էր Խուանը` նրա քույր Մարիա Ալվարեսի որդին: Գտնվելով Սևիլիայում` նա շփվում է իր մանկության ընկեր դոն Լուիս Սապատա դե Չավեսի հետ (նա «Carlo Famoso» գրքի հեղինակն է), ով վերադարձել էր Ֆլանդրիայից, որտեղ օգնում էր արքայազն Ֆիլիպին (հետագայում` Ֆիլիպ II Հաբսբուրգ): Լուիս Սապատան խրախուսել է նրան «Ժամանակագրությունը» արքայազն Ֆիլիպին ներկայացնելու և քայլեր ձեռնարկելու այն տպագրելու համար: 1552 թվականին նա մեկնում է Տոլեդո իր գիրքը Ֆիլիպին ներկայացնելու և նրան նվիրելու նպատակով: Որոշ ժամանակ անց ժամանակագիրը ներկայացնում է գրքի ունկնդրումը: 1553 թվականի մարտի 15-ին լույս է տեսնում «Պերուի ժամանակագրության» առաջին մասը, իսկ մի քանի ամիս անց Անտվերպենում լույս է տեսնում երկրորդ լրամշակված հրատարակությունը:
Շուտով 1554 թվականի մարտին (կամ մայիսին) մահանում է Սիեսայի կինը, ինքը Սիեսան էլ հիվանդ էր (նա տառապում էր խրոնիկական հիվանդությամբ` հավանաբար թոքախտով, որ սկսվել էր դեռևս Ամերիկայում): 1554 թվականի հունիսի 23-ին նա աներոջ օգնությամբ և նոտար Ալոնսո դե Կասալիայի ներկայությամբ կազմում է կտակ. Սիեսան ինքն արդեն ի վիճակի չէր ինքնուրույն գրելու և միայն ստորագրությունն է դնում: 1554 թվականի հուլիսի 2-ին երկուշաբթի Սիեսա դե Լեոնը մահանում է Սևիլիայում գտնվող իր տանը «տարօրինակ հիվանդությունից»`ցուցումներ տալով պատարագ մատուցել հնդկացիների հոդիների փրկության համար: Նրա մարմինն ամփոփվել է Սան Վիսենտե եկեղեցու հարևանությամբ: Իր կտակում նա պատվիրել էր բաժին հանել քրիստոնյա երեխաներին, Կոնսեպսիոն եկեղեցու հոգևորականներին, հիվանդանոցներին, եկեղեցիներին, հատկապես իր հարազատ Լյերենայում, ինչպես նաև պատվիրել էր պատարագներ մատուցել իր այցելած վայրերի հնդկացիների հոգիների համար: Ինչպես նշել է պատմաբան Խոսե Ռոբերտո Պաեսը. «Սիեսան իր կտակում պատվիրել է, որ հնդկացիներին վերաբերող իր թողած բոլոր ձեռագրերը 15 տարի պահվեն եկեղեցիներից մեկում` ամուր փակված սնդուկում, որպեսզի ոչ մեկը չկարողանա դրանք հրատարակել: Սակայն պատասխանատուները չեն կատարում այս ցանկությունը, և նրա եղբայրը` Ռոդրիգո դե Սիեսան, քիչ ջանք չի ներդնում ձեռագրերը պահպանելու նպատակով, և ինչպես երևում է, այդ ձեռագրերի մի մասը արդեն ընդմիշտ անհետացել է»[27]:
«Պերուի ժամանակագրություն»[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիպուկ բնորոշված լինելով «հնդկացիների առաջին ժամանակագիր»` Պեդրո Սիեսա դե Լեոնը այս բնորոշումը կիսում է կապիտան դոն Գոնսալո Ֆերնանդես դե Օվիեդո ի Վալդեսի հետ, ով տիտանական փորձություններից հետո երկու անգամ կտրել էր օվկիանոսը, ինչպես դոն Խուլիո Դեխադորն է գրել «մինչև Իսպանիա և ամբողջ Եվրոպա` բերելով Ամերիկայի բնական բարիքները, կոնկիստադորների պատմությունը, ինչպես նաև նրանց մտադրություններն ու հետաքրքրությունները»[27]:
Իր կարճ կյանքի ընթացքում նա գրել է ընդարձակ ստեղծագործություն, որը Հարավային Ամերիկայի պատմության մեջ արմատական նշանակություն ունի:
Գիրքը, որ հրատարակվել է Սևիլիայում Մարտին Մոնտես դե Օկայի հրատարակչությունում, ունի հետևյալ անունը, որում ներկայացված է, թե ինչի մասին է գիրքը` «Պերուի ժամանակագրության առաջին մաս, որ պատմում է նահանգների սահմանների անցկացման մասին, նրանց բնութագիրը, նոր քաղաքների հիմնադրումը, հնդկացիների սովորույթներն ու բարքերը և առավել հիշարժան այլ տեղեկություններ, որ հայտնաբերվել են Սևիլիայի բնակիչ Պեդրո Սիեսա դե Լոնի կողմից, 1553»[28]: Հրատարակության մեջ առկա են փորագրված գլխատառեր, փորագրություններ:
«Պերուի ժամանակագրությունը» հրաշալի ծրագրված ու կառուցված գործ է, որ բաղկացած է չորս մասից:
- Առաջին մաս (1553): Ներկայացնում է աշխարհագրական ընդհանուր տեղեկություններ, հնդկացիների սովորույթների և իսպանացիների կողմից Պերուի ու Չիլիի քաղաքների հիմնադրման մասին վկայություններ:
«Պերուի ժամանակագրություն» գրքի առաջին մասի տարածման մասին հայտնի է Սիեսայի կտակից. Մեդինա դել Կամպոյում Խուան դե Էսպինոսան վաճառել է 130 օրինակ, Տոլեդոյում` 30 օրինակ Խուան Սանչես դե Անդրադեն և 8 օրինակ Դիեգո Գուտիերեսը Լոս Ռիես դե Կորդոբայից: Սևիլիայից Խուան դե Կասիլիան վաճառել է ավելի քան 100 օրինակ: Գրքերն ուղարկվել են նաև Հոնդուրաս և Սանտո Դոմինգո[27]:
- Երկրորդ մաս «Յուպանկայում ինկերի գերիշխանության մասին» (Մադրիդ, 1877): Արմատական ժամանակագրություն է Պերուում ինկերի կառավարման շրջանի մասին: Գրեթե ամբողջ մասը, ինչպես հետագայում նկատել է պատմաբան Մարկո Խիմենես դե լա Էսպադան, «խարդախորեն սեփականացվել է մեր լավագույն ժամանակագիրներից մեկի կողմից. գրական հանցանքը, որ հետևանք է այն բանի, որ համեստ ու աշխատասեր զինվորը, կոնկիստադորը, լինելով մեկը նրանցից, ով առաջիններից մեկն է շրջել այդ երկրում, որի մասին նկարագրել է իր հիանալի երկում, բոլորից լավ է ըմբռնել ու դասակարգել դեպքերի ժամանակագրությունը, սակայն այն փոխակերպվել է Ինկա Գարսիլասո դե լա Վեգայի կողմից, ով պերուական հնությունները ներկայացնելու առաջնության դափնին վաստակելու նպատակով կազմել էր սեփական «Ինկերի իրական մեկնաբանություններ» գիրքը»[19]:
Պերուացի պատմաբան Ռաուլ Պորաս Բարենեչեան «Ինկերի տիրապետության» մասին ասել է. «Հիացնում է, որ այդ բուռն ժամանակաշրջանում, ինչպիսիք են 1548-1550 թվականները, երբ Սիեսան գտնվել է Պերուում, նա կարող էր գրել իր աշխատանքն այդքան հիմնովին, վստահելի ու փաստացի վավերագրությամբ, ինկերի պատմության մասին այդպիսի հասունությամբ: Ոչ ոք չի կարող վիճարկել նրա առաջնությունը ինկերի տիրապետության առնչությամբ: Կաստիլացի ժամանակագրի պատմությունը միանգամից ինկերին ներառեց համաշխարհային պատմության մեջ»[27]:
- Երրորդ մաս: Ներկայացված են «Պերուի բացահայտումն ու նվաճումը», չնայած պահպանվել է նրա մի փոքր մասը միայն: Այն հայտնի է դարձել 1946 թվականին Լիմայի «El Mercurio Peruano»թերթի և Ռաֆայել Լորեդոյի (Rafael Loredo) շնորհիվ, ով այն հայտնաբերել էր Էլ Էսկորիալ գրադարանում (Մադրիդ, Իսպանիա): Նրա զգալի մասը իր «Ընդհանուր պատմության» մեջ է ներառել Անտոնիո դե Էրերա ի Տորդեսիլյասը:
- Չորրորդ մաս «Քաղաքացիական պատերազմներ Պերուում»: Առավել ընդարձակ մասն է, որ բաժանվում է հինգ գրքի:
- «Սալինասի պատերազմ»: Ներկայացնում է Ֆրանսիսկո Պիսարոյի և Դիեգո դե Ալմագրոյի հակամարտությունը, որն ավարտվում է վերջինիս մահով:
- «Չուպասի պատերազմ»: Համառոտ ներկայացնում է Պիսարոյի կյանքի վերջին դրվագները, Վակա դե Կաստրոյի տիրակալության շրջանը և Դիեգո դե Ալմագրո Կրտսերի ապստամբությունը:
- «Պատերազմ Կիտոյում»: Ներկայացված է էնկոմիենդայի ընդվզումը Գոնսալո Պիսարոյի գլխավորությամբ և փոխարքա Բլասկո Նունիես Վելայի մահը:
Այս երեք գրքերը հրատարակվել են 19-րդ դարում, և անհայտ է, թե արդյոք հեղինակն ավարտին է հասցրել վերջին երկու գրքերը:
- «Պատերազմ Ուարինոյում»
- «Պատերազմ Խակիխագուանայում»:
Վերջին երկու գրքերի ձեռագրերը չեն հայտնաբերվել: Հնարավոր է, վաղաժամ մահը խանգարել է դրանք ավարտելուն, սակայն սա միայն ենթադրություն է:
Միաժամանակ լինելով զինվոր, ճանապարհորդ, քահանա ու գիտնական` Սիեսա դե Լեոնը փորձել է մանրամասն իմանալ ամեն մի իրադարձության մասին` կիրառելով ոչ միայն փաստաթղթեր, այլև սեփական դիտարկումները և տեղի բնակչության շրջանակներում հարցումները: Սրանով հանդերձ, նա միշտ ներկայացրել է տարբեր տեսակետներ (ինչպես հասարակ մարդկանց, այնպես էլ մասնագետների), քանի որ սա պատմությունն ավելի հավաստի ու վստահելի է դարձնում: Այս ամենի շնորհիվ Սիեսա դե Լեոնի գիրքը դասվում է այն գրքերի շարքին, որոնք արժանահավատ են և ժամանակակից գիտնականների համար արժեքավոր սկզբնաղբյուր:
Հեղինակին, որ աչքի է ընկնում պատմելու համաչափ ռիթմով, կարելի է համարել լավ պատմող` վառ ընդգծված քննադատական մեթոդով, երբ նա, առանց երկմտության, ներկայացնում է իսպանացիների անօրեն գործողությունները հնդկացիների նկատմամբ: Նա գովերգում է Ինկերի կայսրության քաղաքացիական, կրոնական ու ռազմական արվեստը:
![]() |
Ճիշտն ասած, աշխարհում քիչ կան ժողովուրդներ, որոնք իմ կարծիքով ավելի լավ կառավարում ունեցած լինեն, քան ինկերը: - Պեդրո Սիեսա դե Լեոն, «Պերուի ժամանակագրություն», մաս I, գլուխ LXI
|
![]() |
Սիեսան չի տիրապետել տեղի հնդկացիական լեզուներին, չնայած իմացել է շատ բառեր, սակայն նա ունեցել է լավ օգնականներ և խորհրդատուներ այս հարցում, օրինակ` քահանա Դոմինգո դե Սանտո Թոմասը` կեչուա լեզվի առաջին բառարանագիրը:
Նրա աշխատությունները համարվում են «Ամերիկայի մասին իսպանական պատմագրության մեջ երբևէ գրված առավել ինքնատիպ ու առավել կարևոր ստեղծագործություն, որ գրված է յուրահատուկ, բեղմնավոր գիտնականի ու անձանձրույթ դիտարկողի կողմից»[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Francisco Teixidó Gómez։ «Pedro de Cieza de León (1520-1554)»։ www.erudit.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2010-10-13
- ↑ Juan J. Zaro.։ «"Translation and Historical Stereotypes: The Case of Pedro Cieza de León’s Crónica del Perú"»։ www.erudit.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2009-09-27
- ↑ Archivo General de Simancas. (AGS). Contadurías Generales. Legajo 768.
- ↑ 4,0 4,1 Gutiérrez Macías, Valeriano.։ «Pedro Cieza de Leon. Conquistador y etnografo. Extremeno y gran conquista del Peru»։ www.chde.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2009-09-27
- ↑ Archivo General de Simancas. (AGS) — Cámara de Castilla. Legajo 14.
- ↑ AGS.- Estado. Legajo 63. Núm. 67.
- ↑ Archivo Parroquial de la Iglesia de la Granada (APIG). Libro 1º Bautismo de Santiago. Pág. 150
- ↑ APIG. Ibd. Fol. 6.
- ↑ APIG. Ibd. Fol. 11 vto.
- ↑ APIG. Ibd. Fol. 18.
- ↑ Saenz de Santa Marta, Carmelo. Introducción a «Descubrimiento y conquista del Perú» de Pedro Cieza de León. Historia 16. Madrid 1986. Pág. 9.
- ↑ APIG. Libro 1º Bautismo de Santiago. Fol. 55 vto.
- ↑ APIG. Ibd. Fol. 75.
- ↑ APIG. Ibd. Fol. 113.
- ↑ APIG. Ibd. Fol. 126.
- ↑ APIG. Ibd. Fol. 138 vto.
- ↑ 17,0 17,1 Garraín Villa, Luís José.։ «Pedro Cieza de Leon en Llerena»։ www.chde.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2009-09-27
- ↑ Saenz de Santa Marta, Carmelo. Hacia un pleno conocimiento de la personalidad de Pedro de Cieza de León. Anuario de Estudios Americanos. Vol. XXXII. Año 1.971
- ↑ 19,0 19,1 19,2 Rodolfo Pérez Pimentel.։ «Pedro Cieza de Leon.»։ www.chde.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2009-09-27
- ↑ Rui Diaz de Guzman. Historia Argentina // Pedro de Angelis. Colección de obras y documentos relativos a la historia antigua y moderna de las provincias del Rio de la Plata. Tomo primero. — Buenos-Aires: Imprenta del estado, 1836. — p. 28-29 (pp. 1-140)
- ↑ Хорхе Робледо.։ «Доклад о походе капитана Хорхе Робледо в провинции Ансерма и Кимбайа.»։ www.kuprienko.info։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2009-09-27
- ↑ Мигель Паласио.։ «Золотое озеро.»։ Итоги։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2009-12-05
- ↑ Cieza de Leon P. Guerras del Peru, t.1. Guerra de las Salinas. Madrid, 1877. Cap.32, p.405
- ↑ Сьеса де Леон, Педро. Хроника Перу. Часть Первая. Глава CXVII. — Киев, 2008 (пер. А. Скромницкий)
- ↑ Pedro de Cieza de León.։ «Cronica del Peru. El Senorio de los Incas.»։ Fundación Biblioteca Ayacucho։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2009-11-30
- ↑ AGS.- Contaduría de Mercedes. Legajo 332. núm. 7.
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 Хосе Роберто Паэс.։ «Педро Сьеса де Леон.»։ www.kuprienko.info (А. Скромницкий)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2009-11-23
- ↑ Сьеса де Леон, Педро. Хроника Перу. Часть Первая. — Киев, 2008 (пер. А. Скромницкий)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Raúl Aguilar Rodas.։ «Pedro de Cieza de León y la historia de Colombia.»։ www.dialnet.uniroja.es։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2009-10-10
- F. Esteve Barba. Historiografia Indiana (Grandes Manuales). — 2-е изд. — Madrid: Gredos, 1964. — 756 с. — ISBN 84-249-3113-0
- Garrain Villi, Luis José. Extremadura y América. Príncipe de los cronistas de Indias. — Mérida: Extremadura Enclave 92, 1991.
- Gutierrez Macias, Valeriano. Por tierras de la Baja Extremadura. — Cáceres, 1978.
- González Porto-Bompiani. Diccionario literario de obras y personajes de todos los tiempos y de todos los países. — Barcelona: Montaner y Simón, 1959.
- Луис Дуке Гомес. Золото Колумбии. Ювелирное искусство индейцев. — М.: Искусство, 1982.
- Pedro de Cieza de León. Cronica del Peru. El Senorio de los Incas. — Caracas: Fundación Biblioteca Ayacucho, 2005. — ISBN 980-276-394-2
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պեդրո Սիեսա դե Լեոն կատեգորիայում։ |
|