Նասկայի գեոգլիֆներ
Նասկայի գեոգլիֆներ | |
Lines and Geoglyphs of Nasca and Palpa* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Պերու |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | i, iii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1994 (18-րդ նստաշրջան) |
Համար | 700 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 700 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Նասկայի գեոգլիֆներ (իսպ.՝ Líneas de Nazca), երկրաչափական և պատկերային հսկայական գեոգլիֆների խումբ, որ գտնվում է Պերուի հարավային մասում՝ Նասկայի բարձրավանդակի վրա։ Բարձրավանդակում, որը ձգվում է մոտ 50 կմ հյուսիսից հարավ և 5-7 կմ արևմուտքից արևելք, հայտնի են մոտ 30 նկար (թռչուն, կապիկ, սարդ, ծաղիկներ և այլն), ինչպես նաև 13.000 գծեր և երկրաչափական մոտ 700 պատկերներ (եռանկյուններ, սեղաններ, մոտ 100 պարույրներ)։
Կիսաանապատային կլիմայի շնորհիվ՝ գեոգլիֆները պահպանվել են վաղնջական ժամանակներից։ Քանի որ հսկայական չափեր ունեն (երբեմն հասնում են մի քանի հարյուր մետրի) և երկրից տարբերելը դժվար է, դրանք պաշտոնապես հայտնաբերվել են ժամանակակից աշխարհում 20-րդ դարի առաջին կեսին՝ Նասկայի բարձրավանդակի վրայով թռիչքների ժամանակ։ 1994 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նասկայի գեոգլիֆների մասին առաջին տեղեկությունը թողել է իսպանացի հոգևորական, պատմաբան և հումանիստ Սիեսա դե Լեոնը 1553 թվականին.
Այս հովիտներն անցնելու ընթացքում դրանց ողջ երկարությամբ ձգվում է ինկերի հրաշալի մեծ ճանապարհը, իսկ ավազներից նշմարվում են նշաններ, որոնցով կարելի է գուշակել ուղին[1]։ |
Պատկերները նկատվել են 1939 թվականին, երբ Նասկայի բարձրավանդակի վրայով ինքնաթիռով թռչում էր ամերիկացի հնագետ Պոլ Կոսոկը։ Գեոգլիֆների հանելուկային գծերը ուսումնասիրելու գործում մեծ է գերմանացի հնագետ, դոկտոր Մարիա Ռայխեի ավանդը։ Նա աշխատանքներն սկսեց 1941 թվականին, բայց պատկերները օդից լուսանկարել հաջողվեց միայն 1947 թվականին՝ օգտվելով ամերիկյան ռազմական օդագնացությունից։
Ամերիկացիները աերոլուսանկարչության միջոցով ստեղծեցին բավական ճշգրիտ քարտեզ-սխեմաներ Նասկայի բարձրավանդակի այն հատվածում, որտեղ պատկերված են բոլորին հայտնի կենդանիներ։ Չնայած դրան՝ մինչև օրս էլ գոյություն չունեն գեոգլիֆների բոլոր պատկերներն ու գծերը պարունակող քարտեզներ[2]։
Ներկայումս Նասկայի այդ տեղանքը արգելավայրի կարգավիճակ ունի, որի ուսումնասիրման և պահպանման համար պատասխանատու է Պերուի մշակույթի ինստիտուտը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլիբրիի պատկերն ունի 50մ, սարդը՝ 46մ, կոնդոռը կտուցից մինչև պոչի փետուրները՝ 120մ երկարություն։ Մողեսն ունի 188մ երկարություն։ Նասկայի բարձրավանդակում մարդ պատկերող միայն մի նկար կա՝ այսպես կոչված «տիեզերագնացը», որ 30մ է (Պալպա բարձրավանդակում մարդ պատկերող տասնյակ պատկերներ կան)[2]:
Հսկայական չափերի գրեթե բոլոր այդ պատկերները ստեղծված են նույն ոճով, ուրվագիծն արված է մեկ չընդհատվող գծով։ Կատարյալ հավասար գծերը ձգվում են դեպի հորիզոն՝ հատելով ցամաքած գետերի հուները, բարձրանալով բլուրները և դրա հետ մեկտեղ չփոխելով ուղղությունը (նույնիսկ ժամանակակից գեոդեզիկ մեթոդները կիրառելով՝ հնարավոր չէ տվյալ տեղանքում 8 կիլոմետրանոց ուղիղ գիծ գծել այնպես, որ շեղումը չանցնի 0.1 աստիճանից)։ Պատկերների իրական ձևը կարելի տեսնել միայն թռչնի թռիչքի բարձրությունից։ Մերձակայքում այդ բարձրության բնական լեռներ չկան. կան միայն որոշ բլուրներ։ Ինչքան բարձրանում ես վերև, այնքան պատկերները փոքրանում են և վերածվում անհասկանալի բծերի։ Գծերը և պատկերները անցկացված են հողը հանելու եղանակով՝ 135սմ լայնությամբ և 40-50սմ (միջին խորությունը՝ 25-30սմ) խորությամբ ակոսների տեսքով։ Ըստ էության՝ դրանք ոչ խորը խրամատներ են, որոնք սպիտակ գծերի տեսքով երևում են քարային չոր մակերևույթին։ Գծերի միջի մանրաքարը գույնով չի տարբերվում մնացած մակերևույթից, չնայած գծերը շատ պարզ երևում են բարձրությունից և առանձնանում են բնապատկերի ընդհանուր ֆոնին[2].:
Տասնյակ հազարավոր գեոգլիֆների առկայության պայմաններում Նասկայի բարձրավանդակում գործնականում չկան արահետների հետքեր՝ չնայած նրան, որ պամպայի մակերևույթն այնպիսին է, որ նրանով անցնող մեքենան թողնում է անիվների հետքեր։ Այսինքն՝ մարդիկ, որոնք կարող էին կարող էին կատարած լինել հողափորության այդ աշխատանքները, չեն թողել որևէ հետք, արահետ[2]։
Նշվում է նաև հետևյալ փաստը. քանի որ սպիտակ մակերևույթն ավելի քիչ է տաքանում, քան սևը, ապա ստեղծվում է ճնշման և ջերմաստիճանի տարբերություն, ինչն էլ հանգեցնում է այն բանին, որ գեոգլիֆի գծերը չեն տուժում ավազային փոթորիկներից։
Ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նասկայի գծերը բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս. ո՞վ է դրանք ստեղծել, ե՞րբ, ինչու՞, ի՞նչ եղանակով։ Քանի որ երկրից գեոգլիֆային պատկերները անհնար է տարբերակել, կարելի է ենթադրել, որ դրանց միջոցով հովտի բնակիչները շփվել են աստվածությունների հետ։ Բացի պաշտամունքայինից՝ չի բացառվում, որ գծերը աստղադիտական նշանակություն են ունեցել։
Գծերի ստեղծման ժամանակի հարցում գիտնականները համակարծիք են. դրանք ստեղծվել են մինչ 12-րդ դարը, երբ հովտում հայտնվեցին ինկերը։ Հետազոտողներից շատերը գեոգլիֆային պատկերների ստեղծումը վերագրում են Նասկայի քաղաքակրթությանը, որ բարձրավանդակում գոյություն է ունեցել մինչև Ք. ա. 2-րդ դարը։
Պատկերների և գծերի բազմամյա հետազոտությունը հաստատում է այն երևույթը, որ գծերի չափերն ու չափաբաժինները ենթարկվում են մաթեմատիկական օրինաչափություններին։ Բայց դրությունը դժվարացնում է այն հանգամանքը, որ Նասկայի գեոգլիֆները ստեղծվել են տարբեր ժամանակներում, տարբեր սխեմաներով և հավանաբար տարբեր նպատակներով։
Առաջնակարգ հետազոտող Մարիա Ռայխեն հաստատում է, որ պատկերները ստեղծողները սկզբում արել են ոչ մեծ էսքիզներ, ապա ստեղծել են դրանք անհրաժեշտ մեծ չափերով (որպես ապացույց Ռայխեն ներկայացնում է այդ տարածքում հայտնաբերված ոչ մեծ էսքիզները)։ Բացի դրանից՝ պատկերների եզրերին հայտնաբերվել են հողի մեջ խրված փայտե ցցեր, որոնք կոորդինատների դեր են կատարել։ Հայտնի է, որ ցցերը Ք. ա. 6-1 դարերին են վերագրվում. այս շրջանին են վերաբերում նաև Նասկայի քաղաքակրթության մշակութային մնացորդները, որոնք գտնվել են խորհրդավոր պատկերներից ոչ հեռու։
Գծերը և ակոսները բազմիցս հատվում են, երկրաչափական պատկերները հատում են գծերը։ Դա վկայում է, որ Նասկայի գեոգլիֆները միաժամանակ չեն ստեղծվել, այլ մի քանի փուլերով։ Չնայած դրան՝ ավելի ուշ ստեղծված գծերը չեն ոչնչացնում ավելի վաղ արվածները (հենց դա էլ տարօրինակ է. երբ մի ակոսը հատում է մյուսին, սահմանը վերանում է. Նասկայում դա տեղի չի ունենում)[2].:
Կա վարկած, ըստ որի՝ կենդանիներն ու թռչունները նախորդում են գծերին. շատ քառակուսիներ, սեղաններ և ուղիղ գծեր հատում են ավելի բարդ պատկերներ՝ ընդգծելով դրանք։ Դրա հետևությունն է այն, որ անապատի գծերն ու պատկերները երկու փուլով են կատարվել։ Ընդ որում, վաղ շրջանի պատկերներն ավելի կատարյալ են, քան հաջորդ շրջանինը։ Պատկերներ ստեղծելը ավելի բարձր ձիրք և արվեստ էր պահանջում, քան ուղիղ գծեր գծելը։
Որոշ գիտնականներ, որոնք չեն ընդունում այս վարկածը, միացնում են այս երկու փուլերը և ենթադրում, որ Նասկայի քաղաքակրթությունը տիրապետում էր ինչպես երկրաչափական, այնպես էլ պատկերային տեխնիկային. մինչդեռ գիր չունեցող այս ցեղերը վերացել են պատմական թատերաբեմից ավելի վաղ, քան այնտեղ հայտնվել են ինկերը։
Այժմ Նասկայում և Պալպայում մշտական, նպատակաուղղված հետազոտություններ չեն կատարվում։ Դրանցով զբաղվում է Պերուի մշակույթի ինստիտուտը, որը բավական միջոցներ չունի հիմնավոր հետազոտություններ կատարելու։
Նշանակություն (վարկածներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Միանգամայն հավանական է, որ Նասկայի մշակույթի ներկայացուցիչները կարող էին լինել աստղագետ-հետազոտողներ. գոնե այդպես է կարծում դոկտոր Ֆիլիս Պիտլուգան։ Համակարգչային եղանակներով ուսումնասիրելով աստղերի դասավորությունը՝ նա եկավ այն եզրակացության, որ սարդի հսկա պատկերը մտածված է որպես Օրիոն համաստեղության աստղային կուտակումների դիագրամ. նետի պես պատկերի մեջ մխրճվող ուղիղ գծերն էլ բնորոշում են Օրիոնի գոտու երեք աստղերի թեքումները։
Մարիա Ռեյխեն, որ Նասկայի գծերի ուսումնասիրմանը նվիրել է շուրջ կես դար, նույնպես ենթադրում էր, որ Նասկայի բարձրավանդակի գծերը և պատկերները ուղղված են աստղագիտական տարբեր խնդիրների լուծմանը (գծերը կարող են լինել աշխարհում ամենամեծ աստղագիտական օրացույցը)։
Ամերիկացի նշանավոր աստղահնագետ Ջերալդ Հոկինսը, Նասկայում անցկացնելով մի շարք հետազոտություններ և օգտագործելով համակարգչային մոդելավորման ժամանակակից եղանակներ, հանգեց այն մտքին, որ Նասկայի գծերի միայն 20%-ը կարող է համընկնել երկնային այս կամ այն մարմիններին. քանի որ գծերը ընթանում են ամենատարբեր ուղղություններով, աստղագիտական այդ բացատրությունը չի կարող լինել բավարար։ Մարիա Ռայխեն այդ առիթով գրել է.
Երկրաչափական պատկերները գաղտնագրված տեքստի տպավորություն են թողնում, որտեղ նույն բառը երբեմն նշվում է հսկայական տառերով, երբեմն էլ փոքր նշաններով։ |
Հանրամատչելի գրականության և ուֆոլոգիայի մեջ մեծ տարածում ունի այն տեսակետը, ըստ որի՝ Նասկայի գծերը նախատեսված են այլմոլորակայինների տիեզերանավերի վայրէջքի համար. չէ՞ որ մինչև 20-րդ դարի սկիզբը մարդկությունը թռչել չէր կարող[3]։ Դրանով հանդերձ՝ անհասկանալի է, թե ինչու են պետք այլմոլորակայիններին, որոնք ունակ են հաղթահարելու միջաստղային միջավայրը, լուսատարիները, հողային թռիչքավայրէջքային գծերը և տեսողական պարզագույն կողմնորոշիչները։ Չկան վկայություններ, որ Նասկայի գծերը երբևէ օգտագործվել են որպես թռչող օբյեկտների թռիչքուղի։
-
Շուն
-
Կոլիբրի
-
Կետ
-
Սարդ
-
Կոնդոռ
-
«Տիեզերագնաց»
-
Ծառ և ձեռքեր
-
Կապիկ
Նախատիպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նասկայի մոտակա նախատիպը 30 կմ հեռավորությամբ գտնվող Պալպայի բարձրավանդակն է։ Այն ավելի փոքր չափերի է և ունի էապես տարբեր ռելիեֆ։ Գեոգլիֆների մեծամասնությունը գտնվում է հարթ գագաթներին, որոնք կարծես արհեստական են ստեղծվել բլուրներին, մինչդեռ մյուս բլուրներն անփոփոխ են մնացել։
Պիսկո քաղաքի մոտ (Պերու) գտնվում է «անդյան ջահը», որը ստեղծված է համանման տեխնոլոգիայով։ Ավելի քիչ հայտնի են Հյուսիսային Ամերիկայի գեոլիֆները Բլայթ քաղաքի շրջակայքում (ԱՄՆ)։ Վերջերս ՆԱՍԱ-ի մասնագետները հայտնաբերել են հին նախշեր Ղազախստանի տափաստաններում։ Նրանք տիեզերքից լուսանկարել են երկրաչափական հսկա նախշերը՝ ֆուտբոլային մի քանի դաշտի մակերես ունեցող։ Մասնագետների կարծիքով՝ դրանց տարիքը կարող է անցնել 8.000 տարին[4]։
Եվ ի վերջո, կան ժամանակակից գեոգլիֆներ, որոնք «զարդարում են» Պերուի շատ բլուրներ։ Դրանք տարբեր բովանդակություն ունեն, օրինակ՝ «Կեցցե Պերուն»։ Կան նաև նախընտրական և գովազդային հայտարարություններ։
Մարդու ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նասկայի նշանավոր գծերի վրա բացասական ազդեցություն է թողնում համանուն քաղաքի բնակիչների աղբը պամպայում թաղելը։ Քաղաքի քաղաքապետը հայտարարություն է գրել, որով բողոքում է քաղաքի անբավարար ֆինանսավորումից։ Պերուի նախագահ Ալբերտո Ֆուխիմորիի ցուցումով քաղաքը գումար է ստացել ոռոգման ջրանցքները զբոսաշրջիկների համար ուխտագնացության ուղիների վերափոխելու համար։ Ցավոք, դա վերաբերեց միայն մի քանի կետերի վերակառուցմանը։ Նախագահ Ալեխանդրո Տոլեդոն դադարեցրեց այդ ֆինանսավորումը։
- Պամպայի մակերևույթն այնպիսին է, որ նրանով մի անգամ անցած ավտոմեքենան թողնում է անվահետքեր։ Այդ պատճառով Նասկայի տարածքը հսկվում է, իսկ գծերը նույնիսկ ոչ դիտավորյալ վնասելու դեպքում սահմանված է մի քանի հազարի հասնող տուգանք կամ ձերբակալություն 5 տարով։
- Գծերի տակ հողը կոշտացած է, քանի որ շատերը ծիսական նպատակով քայլում են դրանցով[5]։
- 2014 դեկտեմբերի 8-ին Greenpeace-ի մի շարք ակտիվիստներ բարձրավանդակում կոլիբրիի պատկերի մոտ տեղադրեցին կտորե հսկայական տառերից կազմված հետևյալ արտահայտությունը. «Փոփոխությունների ժամանակն է։ Ապագան վերականգնելի է։ Գրինփիս» ( "Time for change! The future is renewable. Greenpeace")։ Պերուի կառավարության պնդմամբ՝ գեոգլիֆը այդ գործողություններից տուժել է, և վերականգնման հնարավորությունը կասկածելի է։ Greenpeace-ը արդեն ներողություն է հայցել իր ակտիվիստների գործողությունների համար, ինչը կառավարությունը չի ընդունել։ Անցկացվում է քննություն։
Մշակույթի և արվեստի ստեղծագործություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նասկայի գծերը գերիշխում են Նենսի Դրյուի վեպերից մեկում՝ աղջիկ հետախույզի մասին։
- Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» ֆիլմում հիշատակվում են Նասկայի գեոգլիֆները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Педро Сьеса де Леон. Хроника Перу. Ч. I. Глава LXXV. — Киев, 2008. (пер. А. Скромницкий)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Тайная геометрия Արխիվացված 2015-12-22 Wayback Machine // Журнал «Итоги» — № 35, 2004
- ↑ Trail of Feathers: In Search of the … — Google Books
- ↑ «Специалисты NASA обнаружили древние узоры в степях Казахстана». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Discovery: Разгадка тайн истории с Олли Стидсом. Изображения в пустыне Наска (անգլ.՝ Discovery: Solving History with Olly Steeds. Images in the Nazca desert), 2010 г.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Жуков, А. Тайная геометрия // Итоги. — 2004. — № 35:
- Фигуры пустыни Наска как археоастрономический феномен // Латинская Америка. — 1997. — № 7. — С. 64—72:
- Aveni, Anthony F. Between the Lines : The Mystery of the Giant Ground Drawings of Ancient Nasca. — University of Texas Press, 2000. — ISBN 0-292-70496-8:
- The Archaeology and Pottery of Nazca, Peru: Alfred L. Kroeber’s 1926 Expedition / Field Museum of Natural History. — Rowman Altamira, 1998. — ISBN 0-7619-8964-1:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հսկայական նկարները Նասկա անապատում (Պերու)
- Նասկայի գծերի մասին կայք(չաշխատող հղում)
- Նասկայի պատկերներ. աստղային տոտեմների երկրային պրոեկցիանե՞ր
- Նասկայի գծեր, միստիկ նկարներ Արխիվացված 2012-01-18 Wayback Machine
- Նասկա անապատի նկարներ Արխիվացված 2015-11-03 Wayback Machine
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նասկայի գեոգլիֆներ» հոդվածին։ |
|