Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն | |
---|---|
Տեսակ | մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան[1] |
Հապավում | ՄՄԱՊԳՀԿ |
Նախորդող | Մայրության և մանկության պահպանության գիտահետազոտական ինստիտուտ |
Հիմնադրված | 1937 թ. |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Տեղագրություն | Հայաստան Երևան, Մաշտոցի պողոտա 22 |
Տնօրեն | Գեորգի Օկոև |
Կայք | morevmankan.am |
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն հիմնվել է Երևանում, 1937 թվականին՝ մայրության և մանկության պահպանության գիտահետազոտական ինստիտուտի (կազմակերպված 1931 թվականին) բազայի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է 1931-1938 թթ՝ ճարտարապետներ Մարկ Գրիգորյանի և Նիկողայոս Բունիաթյանի նախագծով։ ի սկզբանե շենքը նախագծվել էր որպես ժամանակավոր կացարան Խորհրդային Հայաստանի կառավարության համար։ Այդ տարիներին դեռ նոր էր կառուցվում Ալեքսանդր Թամանյանի կողմից Հանրապետության հրապարակում նախագծվող Կառավարության տան շենքը։ Պատրաստ էր շենքի միայն մեկ թևը՝ երկու հարկով և շենքում գործում էր միայն Գյուղատնտեսության նարկոմատը։ Ուստի Խորհրդային Հայաստանի կառավարությունը պետք է գործեր այս շենքում և հետագայում կրկին տեղափոխվեր Կառավարության տուն[2]։
1932 թ. սկսվեց շենքի շինարարությունը։ Շենքի առաջին հարկն արդեն պատրաստ էր, երբ Ալեքսանդր Թամանյանի հրամանով շինարարությունը դադարեցվեց։
1936 թ. Մարկ Գրիգորյանը, ով այդ ժամանակ աշխատում էր Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում և միևնույն ժամանակ Նիկողայոս Բունիաթյանի օգնականն էր, շարունակեց շենքի շինարարությունը՝ արդեն որպես ծննդատան շենք։
1931 թվականին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ Երևանում ստեղծվել էր «Մայրության և մանկության պահպանության ինստիտուտը», որը 1937 թվականին վերանվանվեց «Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի» և անվանախոչվեց Նադեժդա Կրուպսկայայի անունով, 1937-1938 թթ սկսել գործել հենց այդ շենքում։ Տնօրեն է նշանակվել պրոֆեսոր Գրիգոր Արեշյանը։
1950 թվականից ինստիտուտն զբաղվել է կնոջ օրգանիզմի յուրահատուկ ֆունկցիաների վրա աշխատանքային պայմանների և կենցաղի թողած ազդեցության հարցերով։ 1950 թվականին մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը տարանջատվեց համանուն ամբիոնից՝ փոխադրվելով կենտրոնական ծննդատան շենք (Լենինի պողոտա 22, ներկայումս՝ Մաշտոցի պողոտա), որտեղ գործում է մինչ օրս։ Տնօրեն է նշանակվում գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Պարթև Մարգարյանը։
1973-1989 թթ.«Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի» տնօրեն է եղել Գրիգորի Օկոևը։ 1973 թվականին կատարվել է ինստիտուտի կառուցվածքային վերափոխում, փոխվել է նաև գիտական թեմատիկան։ 1981 թվականին ինստիտուտի բազայի վրա ստեղծվել է մարդու վերարտադրողականության գծով Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Մոսկովյան կենտրոնի մասնաճյուղը։ Ինստիտուտում հիմնադրվեցին Հանրապետական բժշկա-գենետիկական կենտրոնը, Պերինատալ ախտորոշման հանրապետական կենտրոնը, Նորածինների հանրապետական պրոզեկտուրան, Գիտամեթոդական և Բարոթերապիայի հանրապետական կենտրոնները, Արհեստական սերմնավարման տարածաշրջանային կենտրոնը։ Այդ տարիների գիտական հետազոտությունները վերաբերում էին մեծ արդիականություն ունեցող առողջապահական խնդիրներին՝ «Ծննդաբերության ազդեցությունը պտղի և նորածնի վրա» և «Ձվարան-դաշտանային ֆունկցիայի որոշ խանգարումների կլինիկան և բուժումը»։ Ներդրվել են պտղի հիպօքսիայի (թթվածնային քաղցի) և ասֆիքսիայի (շնչահեղձության) ախտորոշման մեթոդները (ֆոնոկարդիոգրաֆիա, արյան թթվա-հիմնային հավասարակշռության գնահատում, գերձայնային հետազոտություն և այլն)։
1980-ականների սկզբներին շենքի ընդունարանում բարձրախոս կար, որի միջոցով հայրիկները տեղեկացվում էին նորածնի քաշի, հասակի և այլնի մասին։ Հետագայում բարձրախոսը փոխարինվեց ժամանակակից հեռախոսներով։
Շենքի բակի քանդակները տեղադրվել են 1982 թ.։ Դրանց հեղինակը քանդակագործ Յուրի Մինասյանն է։
1989 թվականին «Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը» վերանվանվել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»։ 1989-1999 թթ. կենտրոնը ղեկավարել է պրոֆեսոր Կառլեն Ակունցը, ում ուշադրության կենտրոնում են եղել պտղի ներարգանդային վարակվածության, բնածին և ժառանգական ախտաբանությունների, էնդոկրին անպտղության մի շարք հարցերը։ 1999 թվականից կենտրոնը ղեկավարում է պրոֆեսոր Գեորգի Օկոևը։ 1999 թվականին ստեղծվել է նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություն՝ երեխաների խնամքի երկրորդ փուլի հետ միասին։ 2002 թվականին ՄՄԱՊԳՀԿ-ի ցիտոգենետիկական (բջջաժառանգաբանական) լաբորատորիան ներդրել է քրոմոսոմային խանգարումների պրե-(նախա) և պոստնատալ (հետծննդյան) ախտորոշման ժամանակակից բարձր արդյունավետ մոլեկուլային ցիտոգենետիկ մեթոդ՝ ֆլյուորեսցենտային in situ հիբրիդացման (FISH) մեթոդը։ Հայաստանի ցիտոգենետիկական հետազոտությունների շնորհիվ իրագործվել է հիվանդայցելուների գենետիկական (ժառանգաբանական) հետազոտության եռափուլ միջազգային ստանդարտը՝ կլինիկական հետազոտություն, հետազոտություններ՝ դասական ցիտոգենետիկական մեթոդներով և մոլեկուլային-ցիտոգենետիկական հետազոտություն։
2003 թվականին առաջին անգամ ՄՄԱՊԳՀԿ-ում արտամարմնային բեղմնավորումից հետո կայացավ հղիություն, որը հաջողությամբ ավարտվեց 2004 թ. փետրվարի 5-ին եռյակների ծնվելով։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտի ստեղծմանը, գիտական ու գործնական աշխատանքների կազմակերպմանը նպաստել են տնօրեններ Գրիգոր Արեշյանը, Պարթև Մարգարյանը և Գրիգորի Օկոևը։ Ինստիտուտը ունի մանկաբարձության բաժին՝ բնականոն մանկաբարձության, վաղաժամ ծննդաբերությունների, հղիության և արտասեռական ախտաբանության, նորածինների բաժանմունքներով, գինեկոլոգիայի բաժին՝ վիրահատական և կոնսերվատիվ բուժման բաժանմունքներով, կանանց կոնսուլտացիա (հետագայում վերանվանվել է գիտա-կոնսուլտացիոն պոլիկլինիկա)՝ ֆիզիոթերապևտիկ բաժանմունքով, ամլության, էնդոկրինոլգիական, ստոմատոլոգիական, թերապևտիկ կաբինետներով։ Կան նաև կլինիկաախտորոշիչ, բջջաբանության, ախտաբանա-մորֆոլոգիայի, շճաբանության, ռեզուս-անհամատեղելիության, բակտերիալոգիայի, կենսաքիմիայի, էնդոկրինոլոգիայի, թունագիտության և էլեկտրոնային միկրոսկոպիայի լաբորատորիաներ, ռենտգենախտորոշման կաբինետ, ախտաբանա-անատոմիական թանգարան, կազմակերպչա-մեթոդական բաժին և այլն։ Ինստիտուտում գործում է գիտական խորհուրդ։ Ինստիտուտի հիմնական խնդիրներն են՝ կնոջ օրգանիզմի առանձնահատուկ ֆունկցիայի ֆիզիոլոգիայի և ախտաբանության յուրահատկությունների, պտղի և նորածնի ֆիզիոլոգիայի և ախտաբանության, մեռելածնության, մայրական ու մանկական մահացության, արտադրական ձեռնարկություններում և գյուղատնտեսության մեջ կնոջ աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ ախտաբանության, առողջության պահպանման հարցերի ուսումնասիրությունը, ծննդօգնության հիմնարկներին և բնակչությանը ցույց տրվող մեթոդական ու բարձրորակ գիտագործնական օգնության կազմակերպումը, երիտասարդ մանկաբարձ-գինեկոլոգների կատարելագործումն ու մասնագիտացումը։ Ինստիտուտը 1939-1973 թվականին հրատարակել է գիտական աշխատություններ[3]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնի գիտական գործունեությունը ղեկավարում է Գիտական խորհուրդը՝ տնօրենի գլխավորությամբ։ Գիտական խորհրդին կից գործում են փորձագիտական, նախապաշտպանական հանձնաժողովները, էթիկայի (բարոյագիտական) կոմիտե։
Կենտրոնի գիտական հետազոտությունները՝ ԱՀԿ-ի հետ միջազգային համագործակցության շրջանակներում, անցկացվում են՝ համագործակցելով ինչպես հանրապետության մյուս գիտական, այնպես էլ արտասահմանյան երկրների նմանատիպ մանկաբարձա-գինեկոլոգիական հաստատությունների հետ։ Կենտրոնում ամեն տարի մանկաբարձության և գինեկոլոգիայի հարցերով անցկացվում են գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ։
Գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարձր ռիսկի հղիություն և ծննդաբերություն
- Նորածինների, հատկապես ցածր և ծայրահեղ ցածր քաշով, կրիտիկական վիճակների կանխարգելում, ախտորոշում և բուժում
- Նորածինների ինտենսիվ թերապիայի (բուժման) հիմունքների և փուլերի մշակում
- Անպտուղ ամուսնություն
- Կանանց մոտ՝ տարիքի հետ կապված, նեյրո-էնդոկրին-նյութափոխանակային խանգարումներ
- Արգանդի վզիկի ֆոնային և նախաքաղցկեղային հիվանդություններ
- Վերարտադրողական առողջություն, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ
- Ժառանգական գործոնների դերը մանկաբարձա-գինեկոլոգիական ախտաբանության ծագման մեջ։
Գիտական գրադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականից կենտրոնում գործում է գիտական գրադարան։ Կենտրոնի վարչակազմի և աշխատակազմի ջանքերի շնորհիվ գրադարանը վերածվել է ժամանակակից, (ինտերնետի) համացանցի հասանելիությամբ բժշկական գրադարանի՝ հագեցված ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն և օտար լեզուներով գրականությամբ։ Գրադարանի ֆոնդը կազմված է 11.137 միավոր գրքերից, ամսագրերից, հանրագիտարաններից, բառարաններից, մեթոդական հանձնարարականներից, սեղմագրերից (ավտոռեֆերատներից), ատենախոսություններից։ Գրադարանում, շնորհիվ համացանցի, կենտրոնի աշխատակիցները ազատորեն օգտվում են գիտական մյուս գրադարաններից և ավելի քան 1000 օտարալեզու բժշկակենսաբանական ամսագրերից։
Մայրություն արձանաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին չորս քանդակից բաղկացած «Մայրություն» արձանաշարը տեղադրվել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մոտ (քանդակագործ՝ Յուրի Մինասյան)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 225)։ |