Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոր և մանկան առողջության պահպանության ԳՀ կենտրոնում (Երևան) Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի ռազմավարական նպատակները երեխաների, դեռահասների, մայրերի վերարտադրողական առողջության պահպանումն ու երեխաների սնուցման բարելավումն են։ Անկախության հռչակումից հետո Հայաստանը, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, միացել է այդ կազմակերպության ստանձնած պարտավորություններին։ Մոր և մանկան առողջության պահպանումը՝ որպես հիմնական գերակայություն, ամրագրված է Հայաստանի Սահմանադրությամբ ու օրենքներով և արտացոլված է մի շարք ազգային ռազմավարական փաստաթղթերում, ՄԱԿ-ի պայմանագրերում, համաշխարհային հռչակագրերում և օրենքներում։ Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ռազմավարության հիմնական դրույթները հաստատվել և իրագործվում են «Մոր և մանկան առողջության պահպանման 2003 - 2015 թվականների ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 2003 թվականի որոշմամբ և «ՎԵրարտադրողական առողջության բարելավման 2007 - 2015 թվականների ծրագրի» շրջանակներում։

Մշակվել և Հայաստանի Կառավարության հավանությանն է արժանացել «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման 2010 - 2015 թվականների ազգային ռազմավարության ծրագիրը», որտեղ արտացոլված են առողջության պահպանմանն ուղղված հիմնական նպատակները։ Հայաստանում վերջին տարիներին աստիճանաբար ավելանում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը՝ ըստ ընտանիքում ծնված երեխաների թվի և «Փարոս» ծրագրում ընդգրկվածության։ «Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն» բյուջետային ծրագրի շրջանակներում 2008 թվականի հուլիսի 1-ից ներդրվել է ծննդօգնության պետական ծրագիր, որը բնակչությանը լիովին ապահովում է որակյալ և անվճար ծննդօգնության ծառայություններով։ Հղիության 22 և ավելի շաբաթական ժամկետում հղիներին տրվում է հավաստագիր, որի արժեքը 2008 թվականին 65 հազար դրամ էր, 2009 թվականից հասել է մինչև 150 հազար դրամի։ Հավաստագիրը հնարավորություն է տալիս կատարելու նախածննդյան պարտադիր հետագոտություններ։ Դրա շարունակականությունն ապահովելու նպատակով 2010 թվականի ընթացքում իրականացվել են 0-7 տարեկան երեխաների հավաստագրի համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքներ։ Ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ միջազգային կազմակերպությունների (ՅՈՒՆԻՍԵՖ, WHO, UNFPA, USAID և այլն) հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։