Նայջել Շորթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նայջել Շորթ
անգլ.՝ Nigel David Short
Պետություն(ներ) Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվհունիսի 1, 1965(1965-06-01)[1] (58 տարեկան)
ԾննդավայրLeigh, Wigan, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Կոչումգրոսմայստեր[2] և միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2594
ՖԻԴԵ համար400025
365chessNigel_D_Short
Chesstempo համար195402
ICCF համար195402
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1984[3], Շախմատային օլիմպիադա 1986[3], Շախմատային օլիմպիադա 1988[3], Շախմատային օլիմպիադա 1990[3], Շախմատային օլիմպիադա 1992[3], Շախմատային օլիմպիադա 1994[3], Շախմատային օլիմպիադա 1996[3], Շախմատային օլիմպիադա 1998[3], Շախմատային օլիմպիադա 2000[3], Շախմատային օլիմպիադա 2002[3], Շախմատային օլիմպիադա 2004[3], Շախմատային օլիմպիադա 2006[3], Շախմատային օլիմպիադա 2008[3], Շախմատային օլիմպիադա 2010[3], Շախմատային օլիմպիադա 2012[3], Շախմատային օլիմպիադա 2014[3] և Շախմատային օլիմպիադա 2016
Պարգևներ և մրցանակներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
 Nigel Short Վիքիպահեստում

Նայջել Դեյվիդ Շորթ (անգլ.՝ Nigel Short, հունիսի 1, 1965(1965-06-01)[1], Leigh, Wigan, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), անգլիացի շախմատի գրոսմայստեր, սյունակագիր, մարզիչ, մեկնաբան։ 19 տարեկանում նա ստացել է գրոսմայստերի կոչում և զբաղեցրել երրորդ հորիզոնականը աշխարհում։ 1993 թվականին նա դարձել է առաջին անգլիացի խաղացողը, որը իրավունք ստացել խաղալ Գարրի Կասպարովի հետ Լոնդոնում կայացած Պրոֆեսիոնալ շախմատային ասոցիացիայի վարկածով աշխարհի առաջնությունում, որտեղ Կասպարովը հաղթել է 12½-ից 7½ հաշվով։

2022 թվականի սեպտեմբերից Նայջել Շորթը զբաղեցնում է ՖԻԴԵ-ի Շախմատի զարգացման տնօրենի պաշտոնը։

Շախմատի բնագավառում ունեցած վաստակի համար 1999 թվականին դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շորթը ծնվել է 1965 թվականի հունիսի 1-ին, Լանկաշիր նահանգի Լեյ քաղաքում։ Հայրը եղել է լրագրող, իսկ մայրը՝ դպրոցի քարտուղար[5]։ Նայջել Շորթը մեծացել է Աթերտոնում, հաճախել է Բոլթոն Սուրբ Ֆիլիպի տարրական դպրոց։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ նա եղել է 13 տարեկան[6][7]։

Շորթը սկսել է շախմատ խաղալ հինգ տարեկանից՝ այն բանից հետո, երբ տեսել է, թե ինչպես է հայրը սովորեցնում իր ավագ եղբորը՝ Մարտինին[8]։ Եղել է հոր կողմից հիմնադրած Աթերթոնի շախմատի ակումբի անդամ, իսկ ավելի ուշ՝ Բոլթոնի շախմատի ակումբի անդամ[9]։ Շախմատային հրաշամանուկը առաջին անգամ զգալի լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է 10 տարեկանում՝ հաղթելով Վիկտոր Կորչնոյին, որն այն ժամանակ զբաղեցնում էր 2-րդ տեղը աշխարհում․ Վիկտոր Կորչնոյը Լոնդոնում 31 խաղատախտակի վրա միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել, որտեղ Շորթը միակ հաղթողն է եղել։ 1977 թվականին նա դարձել է Մեծ Բրիտանիայի շախմատի առաջնության ամենաերիտասարդ մասնակիցը՝ իր 12-ամյակից երեք օր առաջ։ Մրցաշարում նա հաղթել է Մեծ Բրիտանիայի տասնակի չեմպիոն Ջոնաթան Փենրոուզին։ Շորթը 11 հնարավորից վաստակել 5 միավոր։ Նա այդ ժամանակահատվածում հաճախ է հանդես եկել բրիտանական պատանեկան մրցաշարերում և 1977 թվականի բրիտանական եզրափակչում իր ելույթի շնորհիվ վաստակել է վարպետի կոչում։

1979 թվականին Չեստերում կայացած Մեծ Բրիտանիայի առաջնությունում Շորթը առաջին տեղի համար ոչ-ոքի է խաղացել Ջոն Նանի և Ռոբերտ Բելինի հետ և լրացրել իր միջազգային վարպետի առաջին նորմը։

1979/80 «Hastings Premier» մրցաշրջանում Շորթը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և դարձել այդ ժամանակ շախմատի պատմության ամենաերիտասարդ միջազգային վարպետը՝ գերազանցելով Ռոբերտ Ֆիշերի 1958 թվականի ռեկորդը[10]։ 1978 թվականին՝ 13 տարեկան 5 ամսական 11 օրական հասակում, նա նվաճել է մեծահասակների ազգային տիտղոսը՝ Մեծ Բրիտանիայի կայծակնային առաջնությունում։ Նույն տիտղոսը նա նվաճել է 1980 թվականին[11]։

Որպեսզի ամբողջությամբ կենտրոնանա շախմատի վրա, նա 17 տարեկանում որոշ ժամանակով թողել է դպրոցը։ 1983 թվականին Պլովդիվում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում նա ներկայացրել է Անգլիան։ 1984 թվականին 19 տարեկան հասակում արժանացել է գրոսմայստերի կոչման՝ դառնալով այդ պահին աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերը[12]։ Հետագայում այդ տիտղոսը նվաճել է Սիմեն Ագդեստեյնը[13]։

1985 թվականից Շորթը սկսել պայքարել Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Նույն թվականին Բիլում տեղի ունեցած Միջզոնալ մրցաշարում նա զբաղեցրել է 4-րդ տեղը և ձեռք բերել Հավակնորդների մրցաշարի ուղեգիր։ Նա եղել է բրիտանացի առաջին շախմատիստը, որը նվաճել է այդ ուղեգիրը։ Անգլիացի շախմատիստը մրցաշարում տանուլ է տվել 2 պարտիա՝ Ռաֆայել Վահանյանին և Լև Պոլուգաևսկիին։

1985 թվականին Մոնպելիեի Հավակնորդների մրցաշարում Շորթը 15 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 10-12-րդ տեղերը։ 1987 թվականին Սերբիայի Սուբոտիցա քաղաքում տեղի ունեցած Միջզոնալ մրցաշարում Շորթը Դյուլա Սաքսին և Ջոնաթան Սփիլմանիի հետ 10½ միավորով կիսել է 1-3 տեղերը և ձեռք բերել Հավակնորդների մրցախաղի ուղեգիր։ Սեյնթ Ջոնում Շորթը հաղթել է Դյուլա Սաքսին, իսկ Լոնդոնում պարտվել իր հայրենակից՝ Ջոնաթան Սփիլմանին։

Շորթի հաջորդ փորձն ամենահաջողվածն է եղել․ 1990 թվականի Մանիլայում տեղի ունեցած Շախմատի միջզոնալ մրցաշարում Շորթը Վիշվանաթան Անանդի հետ 8½ միավորով կիսել է 3-4-րդ տեղերը։ Հնդիկ և անգլիացի շախմատիստները զիջել են խորհրդային շախմատիստներ Բորիս Գելֆանդին և Վասիլի Իվանչուկին։ 1991-1993 թվականների հավակնորդների մրցաշարին մասնակցել են 15 շախմատիստ, որոնց հաղթողը պետք է աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցեր աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի հետ։ Քառորդ եզրափակչում Շորթը մրցել է Բորիս Գելֆանդի դեմ և առավելության հասել 5-3 հաշվով։ Կիսաեզրափակչում Շորթի մրցակիցը եղել է Անատոլի Կարպովը, որին անգլիացի շախմատիստը հաղթել է 6-4 հաշվով և դուրս եկել եզրափակիչ։ Եզրափակչում Շորթը հանդիպել է հոլանդացի Յան Թիմանին և հաղթել նրան 7½-5½ հաշվով[14]։

Աշխարհի չեմպիոնի կոչման խաղ, Լոնդոն 1993 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասպարովի և Շորթի միջև աշխարհի առաջնության խաղը նախատեսված է եղել 1993 թվականի երկրորդ կեսին։ 1993 թվականի փետրվարի 26-ին Լինարեսի մրցաշարի ժամանակ երկու շախմատիստները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ առանց ՖԻԴԵ-ի մասնակցության աշխարհի առաջնության խաղ անցկացնելու մասին։ Պատճառը հանդիսացել է այն, որ ՖԻԴԵ-ի նախագահ Ֆլորենսիո Կամպոմանեսը որոշում է կայացրել հանդիպման անցկացման վայրի մասին՝ առանց հաշվի առնելու խաղացողների կարծիքը։

Մարտին ՖԻԴԵ-ն Կասպարովին զրկել չեմպիոնի տիտղոսից, իսկ Շորթին՝ հավակնորդի իրավունքից։ ՖԻԴԵ-ի որոշմամբ աշխարհի չեմպիոնին պետք է որոշել հավակնորդների մրցամարտի եզրափակչի և աշխարհի նախկին չեմպիոն Կարպովի միջև։ 1993 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 1-ը նրանց միջև տեղի է ունեցել ՖԻԴԵ-ի վարկածով շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցաշաար, որտեղ հաղթող է դարձել Կարպովը[15]։ Նույն թվականի սեպտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 21-ը Լոնդոնում Կասպարովի և Շորթի միջև Պրոֆեսիանալ շախմատային ասոցիացիայ վարկածով տեղի է ունեցել աշխարհի առաջնություն, որի հաղթող է դարձել Կասպարովը[16]։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերին Նայջել Շորթը նշանակվել է ՖԻԴԵ-ի փոխնախագահ։ Նա սյունակներ և գրախոսություններ է գրել բրիտանական «The Sunday Times», «The Daily Telegraph», «Daily Mail» թերթերի համար։ Մոտ տաս տարի գրել է «The Sunday Telegraph» թերթի համար, մոտ մեկ տարի՝ The Guardian օրաթերթի համար։ 2005 թվականին Արգենտինայի Սան Լուիս քաղաքում կայացած ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի առաջնության մասին նա ռեպորտաժ է պատրաստել «ChessBase» կայքի համար։

2011 թվականի հունվարից մինչև 2018 թվականի դեկտեմբերը եղել է «New in Chess» ամսագրի «Կարճ պատմություններ» բաժնի սյունակագիրը։ 2013 թվականի Շախմատի աշխարհի առաջնության ժամանակ նա մի շարք հոդվածներ է գրել անգլալեզու հնդկական «Indian Express» օրաթերթում։ 2014 թվականին նա հարցազրույց է վերցրել անգլիացի ֆուտբոլիստ Սոլ Քեմբելից, որը տպագրվել է «Financial Times» միջազգային գործարար թերթում[17]։

Նայջել Շորթը եղել է երիտասարդ հրաշամանուկներ Պենտալա Հարիկրիշնայի, Սերգեյ Կարյակինի, Դեյվիդ Հաուելի և Փարիմարյան Նեգիի մարզիչը։ 2006-2007 թվականներին եղել է Իրանի ազգային հավաքականի մարզիչը և նրա օրոք հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Դոհայում տեղի ունեցած «Ասիական սեղանի խաղեր մրցաշարում»։

1993 թվականին Շորթը դարձել է Բոլթոնի բարձրագույն կրթության ինստիտուտի պատվավոր անդամ, իսկ 2010 թվականին նույն ինստիտուտը շնորհել է նրան գիտությունների դոկտորի պատվավոր կոչում։

1999 թվականին դարձել է Բրիտանական Կայսրության շքանշանի ասպետ՝ ի նշան նրա շախմատային նվաճումների։ 2005 թվականի օգոստոսին միաձայն ընտրվել է Համագործակցության շախմատի ասոցիացիայի գլխավոր քարտուղար, իսկ 2006 թվականի հունիսին՝ նախագահ։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 2008 թվականը։ 2009-2014 թվականներին ՖԻԴԵ-ի կողմից եղել է Անգլիայի շախմատի ֆեդերացիայի պատվիրակ։

Վերջին տարիների կարևոր շախմատային իրադարձությունների ժամանակ մեկնաբանություններ է արել ուղիղ եթերներով։ Շախմատի պատմաբան Էդվարդ Ուինթերը նրան դասել է հինգ լավագույն ինտերնետ հեռարձակողների շարքում[18]։

2021 թվականին լույս է տեսել նրա «Հաղթանակ» գիրքը[19]։

2001 թվականին Շորթը «The Sunday Telegraph» թերթի շախմատային սյունակում նշել է, որ ինքը 99 տոկոսով վստահ է, որ առցանց շախմատային հարթակում արագ շախմատի պարտիա է խաղացել Բոբի Ֆիշերի հետ, սակայն Ֆիշերը դա հերքել է։

2007 թվականի հունվարին Շորթը հարցազրույց է տվել հնդկական «DNA» թերթին, որտեղ նա կոչ է արել հետաքննություն անցկացնել՝ քննելու այն վարկածները, որ իբր Վեսելին Տոպալովը Սան Լուիս քաղաքում տեղի ունեցած մրցաշարի ժամանակ օգտվել է «Rybka» համակարգչային ծրագրի հուշումներից[20]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շորթը բնակվում է Հունաստանում[21]։ 1987 թվականին ամուսնացել է Կարագեորգիուի հետ, նրանք ունեբ երկու երեխա[22]։ Նա աթեիստ է[23]։

Սպորտային արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
1983 Բաքու Միջազգային մրցաշար 5 0 8 13-ից 9 1
1984 Սալոնիկ 26-րդ օլիմպիադա 1 1 4 6-ից 3
1985 Բիլ Միջզոնալ մրցաշար 6 2 9 17-ից 10½ 4-6
Մոնպելիե Հավակնորդների մրցաշար 2 3 10 15-ից 7 10-12
1986 Դուբայ 27-րդ օլիմպիադա 8 1 4 15-ից 10
1987 Սուբոտիցա Միջզոնալ մրցաշար 7 1 7 15-ից 10½ 1-3
1988 Սալոնիկ 28-րդ օլիմպիադա 3 1 8 12-ից 7
1990 Նովի Սադ 29-րդ օլիմպիադա 2 8 2 12-ից 3
1992 Մանիլա 30-րդ օլիմպիադա 3 6 2 11-ից 4
1993 Լոնդոն Խաղ աշխարհի չեմպիոնի կոչման համար

Գարրի Կասպարովի դեմ

1 6 13 20-ից 7½
1994 Մոսկվա 31-րդ օլիմպիադա 6 5 2 13-ից 7
1996 Երևան 32-րդ օլիմպիադա 3 8 1 12-ից 3½
1998 Էլիստա 33-րդ օլիմպիադա 2 9 0 11-ից 2
2000 Ստամբուլ 34-րդ օլիմպիադա 3 8 1 12-ից 3½
2002 Բլեդ 35-րդ օլիմպիադա 5 1 7 13-ից 8½
2004 Կալվիա 36-րդ օլիմպիադա 1 2 1 4-ից 1½
2006 Թուրին 37-րդ օլիմպիադա 5 0 6 11-ից 8
2007 Մոնրեալ Միջազգային մրցաշար 1 6 2 9-ից 2 10
2008 Դրեզդեն 38-րդ օլիմպիադա 6 2 2 10-ից 7
2009 Լոնդոն 1-ին միջազգային մրցաշար 0 2 5 21-ից 5[24] 8
2010 Վեյկ-Ան-Զեե 72-րդ միջազգային մրցաշար 0 3 10 13-ից 5 11-12
Հավանա Խոսե Ռաուլ Կապաբլանկայի 45-րդ հուշամրցաշար 3 2 5 10-ից 5½ 3-4
Լոնդոն 2-րդ միջազգային մրցաշար 0 5 2 21-ից 2[24] 8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #119072505 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. FIDE Ratings and Statistics
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 OlimpBase
  4. The London Gazette The London Gazette
  5. Forbes, 1993, p. 3
  6. Forbes, 1993, pp.10-11
  7. Forbes, 1993, p.14
  8. Lidz, Franz (1988 թ․ հուլիսի 11). «SHORT ISN'T A LONG SHOT». Sports Illustrated Vault. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  9. «Bolton Chess Club». Bolton YMCA. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. Winter, Edward. «6429. International Master title». Chess Notes.
  11. Saunders, John. «Nigel Short's Collected Games». BritBase.info.
  12. Friedel, Frederic (2005 թ․ հունիսի 1). «Nigel Short turns forty». ChessBase. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
  13. Simen Agdestein
  14. Harston, W. (1993 թ․ հունվարի 31). «Now for Kasparov: The champion awaits as Britain's challenger Nigel Short clinches victory against Timman to win a place in the world chess final. William Hartston reports». The Independent. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
  15. Darnton, J. (1993 թ․ սեպտեմբերի 6). «Chess Adopts Boxing's Anarchy and Attitude». New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
  16. Партии матча в базе Chessgames
  17. Short, Nigel (2014 թ․ սեպտեմբերի 5). «Chess grandmaster class: Nigel Short v Sol Campbell». FT.com. The Financial Times LTD. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  18. Winter, Edward. «Chess Broadcasts on the Internet». ChessHistory.com. Edward Winter. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  19. «Who is Honestgirl??». 2021 թ․ հոկտեմբերի 17.
  20. Tagore, Vijay (2007 թ․ հունվարի 30). «Short take: Veselin Topalov could have been cheating». DNA. Diligent Media Corporation Ltd. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  21. Forbes, 1993, p.18
  22. «The chess games of Nigel Short». Chessgames.com. Chessgames Services LLC. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  23. ""I am still slightly baffled as to how I, an oenophile, atheist Englishman, became Iran's national chess coach", writes Nigel in this eminently readable Times article." Chess in Iran – Nigel Short's illuminating report, ChessBase.com, 9 December 2007.
  24. 24,0 24,1 За победу давали 3 очка и 1 за ничью.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայջել Շորթ» հոդվածին։