Զոմբիացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոմբիացում
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրէսսե
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1990

«Զոմբիացում» («Խորհրդային մարդու զոմբիացում») (ռուս.՝ «Зомбификация» («Зомбификация советского человека»)), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի երգիծական էսսեն, որը գրվել է 1990 թվականին։ Այս ստեղծագործության համար հեղինակն արժանացել է «Պանդուխտ-95» մրցանակին[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զոմբիացում» էսսեում, որը երբեմն կոչվում է պատմվածք, հեգնական զուգահեռներ են անցկացվում Հաիթիում մարդուն զոմբի դարձնելու միստիկական ծիսակարգի և ԽՍՀՄ-ում գաղափարական «ձեռնադրման» միջև[2]։

Էսսեն ունի «Համեմատական մարդաբանության փորձ» ենթավերնագիրը, որն ընթերցողին տրամադրում է շարադրանքի գիտական բնույթին։ Առաջին գլխի հերոսը Ջեյմս Բոնդն է։ Նա ուսումնասիրում է Պատրիկ Լեյ Ֆարմորի «Ճանապարհորդությունների ծառ» գիրքը, որտեղ խոսվում է հայիթիյան վուդու կրոնի և մարդուն զոմբի դարձնելու մասին։ Պարզվում է, որ Ջեյմս Բոնդը ստիպված է լինելու պայքարել հայիթյան նեգր զոմբիի դեմ, որն աշխատել է СМЕРШ-ի[3] և ՆԳՆ-ի[4] համար[2]։

Այնուհետև հեղինակը բացատրում է, թե ինչու է Յան Ֆլեմինգը հայիթյան պաշտամունքը կապում Ստալինի հակահետախուզության հետ։ Այս առումով հիշատակվում են զոմբիացման մասին բնական գիտությունների աշխատություններ, գեղարվեստական ստեղծագործություններ, կրոնական և փիլիսոփայական տրակտատներ։ Շարադրանքի «գիտական» ենթատեքստը շեշտադրվում է տարբեր հատուկ տերմինների, ինչպես նաև գիտական գրականությանը բնորոշ արտահայտությունների օգտագործմամբ. «նշենք կապը», «հետազոտողները վաղուց ենթադրում էին», «նմուշները ներկայացվել են հետազոտության», «քիչ թե շատ ամբողջական նկարագրություն տալու փորձ», «այդ խնդրի ուսումնասիրությամբ զբաղված» և այլն[2]։

Էսսեում մանրամասն նկարագրվում է Հայիթիում մարդուն զոմբի դարձնելու ծեսը։ Վուդուի պաշտամունքի հետևորդները կարծում են, որ մարդը «միմյանց վրա դրված մի քանի մարմին է»՝ ֆիզիկական մարմին, «մարմնի ոգի» (ֆիզիկական մարմնի էներգետիկ կրկնօրինակ) և հոգի։ Հոգին իր հերթին բաժանվում է «մեծ բարի հրեշտակի» և «փոքր բարի հրեշտակի»։ «Մեծ բարի հրեշտակը» էներգետիկ էակ է, որը կերակրում է բոլոր կենդանի էակներին, իսկ «փոքր բարի հրեշտակը» հոգու անհատականացված մասն է։ Հենց «փոքր բարի հրեշտակին» են ուղղված վուդուի զոմբիացնողների կախարդական ծեսերը[2]։

«Թույն և ընթացակարգեր» և «Ֆուգու» գլուխներում նկարագրվում է Հայիթիի զոմբիացման ֆիզիկական կողմը։ Մարդուն տալիս են «զոմբիի փոշի», որի պարունակում է ֆուգու ձկից ստացվող թույնը, որից հետո նա հայտնվում է մահվան նման վիճակում, իսկ ուղեղի՝ խոսելու և կամքի ուժի համար պատասխանատու մասը քայքայվում է։ Զոմբիացվողին թաղում են, բայց որոշ ժամանակ անց նրան հանում են հողից և տալիս մի նյութ, որն առաջացնում է կողմնորոշման և հիշողության կորուստ[2]։

Սակայն հեղինակը շեշտում է, որ զոմբիացման հոգեբանական ասպեկտն ավելի կարևոր է, քան ֆիզիկականը։ Որպես օրինակ բերվում է Ավստրալիայի աբորիգենների, այսպես կոչված, «մահվան հրամանը»։ Երբ շամանն արտասանում է այն և կախարդական փայտիկն ուղղում ցեղակիցներից մեկին, վերջինը հասկանում է, որ իրեն անիծել են, հիվանդանում է և մի քանի օր անց մահանում։ Սակայն եվրոպացու վրա նման հրահանգը չի գործի. «Նա իր առջև կտեսնի մերկ կարճահասակ տղամարդու, որը կենդանու ոսկոր է թափ տալիս և ինչ-որ բառեր փնթփնթում»։ Այսինքն՝ հոգեբանական մեխանիզմները ձևավորվում են մշակույթով, որը կարելի է օգտագործել որպես շահարկման գործիք։ Ճիշտ նույն կերպ Անատոլի Կաշպիրովսկու սեանսին հայտնված ավստրալիացի մի աբորիգեն «կտեսներ հագուստով կարճահասակ տղամարդու, որն ինչ-որ բառեր է մռթմռթում ու նայում է դահլիճին»[2]։

Էսսեի երկրորդ մասում, որը սկսվում է «homo խորհրդային» գլխով, հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես է զոմբիացման երևույթը տարածվում ԽՍՀՄ բնակիչների վրա։ Բազմաթիվ զուգահեռներ են բերվում հնագույն ծեսերի և խորհրդային իրականության միջև։ Պարզվում է, որ մոգությունը ԽՍՀՄ-ում ավելի մեծ դեր է խաղացել, քան Հայիթիում։ Կախարդությունը սկսվում է մանկությունից. առաջին ձեռնադրումը ընդունելությունն է հոկտեմբերիկների շարքերը, իսկ երկրորդը՝ պիոներիայի, որտեղ արդեն հայտնվում են մոգական ծեսերի (ողջույն, վզկապ և «ազնիվ պիոներական») սաղմերը։ Հեղինակն օգտագործում է «մոգությունը հետապնդում է» արտահայտությունը, «դաստիարակ» բառը վերցվում է չակերտների մեջ, «ուսուցիչ» բառի փոխարեն օգտագործվում է «վարչա-մանկավարժական կազմ»։ Այդպես Պելևինը շեշտում է, որ նկարագրված ընթացակարգերի նպատակը ոչ թե ներդաշնակորեն զարգացած անհատականություն դաստիարակելն է, այլ ճնշված կամքով արատավոր արարած ստեղծելը։ Նախաձեռնության երրորդ փուլը կոչվում է ընդունելություն կոմերիտմիության շարքերը, երբ անձն արդեն մասնակցում է «բազմաթիվ և քիչ նկատելի կախարդական ընթացակարգերին»։ Այս փուլի կարևոր առանձնահատկությունն է ծեսերի անցումը ենթագիտակցական մակարդակին և դրանց վարքի մաս դառնալը։ Ձեռնադրման չորրորդ փուլը կուսակցությանն անդամագրվելն է[2]։

Զուգահեռ տանելով Հայիթիում հոգու կառուցվածքի հայեցակարգի հետ՝ Պելևինը գրում է, որ ԽՍՀՄ-ի բնակիչը «բացի ֆիզիկականից, ունի նաև մի քանի նուրբ մարմիններ, որոնք, ասես, միմյանց վրա են դրված՝ կենցաղային, արդյունաբերական, կուսակցական, ռազմական, միջազգային և պատգամավորական»։ Երբ գաղափարախոսությունը տեղափոխվում է ենթագիտակցական մակարդակի, մարդը ստեղծում է «ներքին կուսակցական կոմիտե», որը թելադրում է նրա պահվածքը։ Եվ եթե հայիթցի կախարդը զոմբիին իր կամքին հնազանդեցնելու համար գողանում է նրա «փոքր բարի հրեշտակին», ապա ԽՍՀՄ-ում այդպիսի «հրեշտակը» փոխարինվում է «կուսակցականով», որը վերահսկվում է պետության կողմից։ Այդպիսով, մարդը ձեռք է բերում կոմունիստական «ուղղադավանություն», որը վախենում է կորցնել։ Խորհրդային ժողովրդի զոմբիացման մեկ այլ կարևոր գործոն հեղինակը համարում է բանակում ծառայությունը` «զոմբիլիզացիան»։ Այդ տերմինը ենթադրում է անձի գիտակցության փոփոխություն և նրա ստրկացում[2]։

Այնուհետև հեղինակը բառախաղերի տեսքով նշում է խորհրդային հապավումների մութ իմաստը։ Նա նշում է ծառայությունների և ձեռնարկությունների անվանումների մի շարք հապավումներ։ Նրա կարծիքով՝ դրանք «առաջ են բերում ինչ-որ անխորտակելի անմարդկային ուժի զգացում. մարդկային ոչ մի բան չի կարող այդպես անվանվել»[2]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսսեն առաջին անգամ տպագրվել է 1990 թվականին «Նովի ժուռնալ» ամսագրում՝ «Խորհրդային մարդու զոմբիացում»[5][6] խորագրով։ Ընդգրկված է «Relics։ Վաղ և չհրատարակված» ժողովածուում (2005)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Олизько Н. С. Паратекст Виктора Пелевина // Вестник Нижневартовского государственного университета. 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Хрящева Н. П., Федотова Е. С. Поэтика аббревиатур в раннем творчестве В. Пелевина // Филологический класс, 4 (34) / 2013.
  3. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Խորհրդային Միությունում հակահետախուզության մի շարք անկախ կազմակերպությունների անվանումը։
  4. Ներքին գործերի նախարարություն։
  5. Сергей Некрасов Виктор Пелевин: опыт библиографии
  6. Зомбификация советского человека: // Новый журн. = The New Rev. — New York, 1990. — Кн. 179. — С. 324—338.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]