Բյուրեղապակյա աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյուրեղապակյա աշխարհ
ռուս.՝ Хрустальный мир
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1991

«Բյուրեղապակյա աշխարհ» (ռուս.՝ «Хрустальный мир»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 1991 թվականին։ Առաջին հրապարակումը եղել է «Զնանիե - սիլա» ամսագրում (թիվ 3, 1991 թ., մարտ, էջ 83-91)[1]։ Պարբերականներից դուրս առաջին անգամ տպագրվել է Պելևինի «Կապույտ լապտեր» (1991) առաջին ժողովածուու[2] մ։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերյան հեղափոխության նախօրեին Պետրոգրադում Շպալեռնայա փողոցում յունկերներ Նիկոլայը և Յուրին հերթապահում են գլխավոր առաջադրանքով՝ որևէ մեկին թույլ չտալ մտնել Սմոլնի։ Յունկերները հերթապահում են՝ օգտագործելով տարբեր թմրամիջոցներ և վարելով փիլիսոփայական զրույցներ, որոնք անվերջ ընդհատվում են Սմոլնիին մոտենալ ցանկացող անհասկանալի անհատների փորձերով[3]։

Զուգահեռաբար Յուրին Նիկոլային բացատրում է, որ յուրաքանչյուր մարդ ունի մի առաքելություն, որն իր համար կարող է անսպասելի լինել։ Այն հարցին, թե ինչպես կարելի է պարզել իր առաքելությունը, Յուրին բացահայտում է, որ ժամանակին ունկնդրել է անտրոպոսոֆիա հոգևոր-միստիկ ուսմունքի հիմնադիր Ռուդոլֆ Շտայների դասախոսությունները։ Շտայները Յուրիին բացահայտել է, որ նա հատուկ նշան է կրում, ճակատագրում նա ունի հատուկ առաքելություն՝ աշխարհը պաշտպանել հնագույն դևից[3]։

Աստիճանաբար պարզվում է, որ Սմոլնի է փորձում ներխուժել անձամբ բոլշևիկների առաջնորդ Վլադիմիր Լենինը։ Եվ ահա, հերթական անգամ, երբ յունկերները տառապում են էֆեդրին օգտագործելուց հետո, նրանք ներս են թողնում բանվոր Էյնո Ռահյային իբր «Կարլ Լիբկնեխտ և որդիներ» ընկերության լիմոնադի արկղերով։ Իրականում նկատի է առնվում պատմական այն իրադարձությունը, թե ինչպես է ֆինն կոմունիստ Ռահյան Լենինին անցկացրել Սմոլնի[3]։

Այդպիսով յունկերները ձախողում են իրենց առաքելությունը, և հնագույն դևը տիրում է Ռուսաստանին[3]։

Պատմական հենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի իրական պատմական հենքը Էյնո Ռահյայի հուշերն են այն մասին, թե ինչպես է նա 1917 թվականի հոկտեմբերի 25-ին Լենինին անցկացրել Սմոլնի.

Մենք արդեն երկար ճանապարհ էինք անցել Շպալեռնայայից, երբ ձիավոր երկու յունկեր կանգնեցին մեր առջև և բղավեցին. «Կանգնե՛ք։ Անձնագրե՛րը»։ Ես Վլադիմիր Իլյիչին շշնջացի. «Գնացեք, ես սրանց հարցերը կլուծեմ»։ Գրպանումս երկու ատրճանակ կար։ Ես սկսեցի կոպիտ վիճել նրանց հետ։ Վլադիմիր Իլյիչը կամացուկ հեռացավ մեզնից։ Վերջապես նրանք, ըստ երևույթին, որոշեցին, որ չարժե ժամանակ վատնել մեզ պես երկու թափառաշրջիկների հետ կռվելու համար։ Մենք իրոք նման էինք տիպիկ թափառաշրջիկների։ Նրանք հեռացան[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Виктор Пелевин «Хрустальный мир»» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  2. «Виктор Пелевин «Синий фонарь»» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 ««Хрустальный мир» / Рассказы / Виктор Пелевин :: сайт творчества». pelevin.nov.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  4. Путешествие в революцию. Россия в огне Гражданской войны. 1917-1918 - Альберт Рис Вильямс - Google Книги

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]