Լուրեր Նեպալից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուրեր Նեպալից
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1991

«Լուրեր Նեպալից» (ռուս.՝ «Вести из Непала»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 1991 թվականին հեղինակային առաջին «Կապույտ լապտեր»[1] և «Դեղին սլաքը»[2] ժողովածուներում (1993)։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը սկսվում է տրոլեյբուսային հավաքակայանի ռացիոնալացման ինժեներ Լյուբոչկայի համար սովորական աշխատանքային առավոտվա նկարագրությամբ։ Նա շարժվող տրոլեյբուսի դռնից ցատկում է ուղիղ ջրափոսի մեջ և գնում աշխատանքի։ Աստիճանաբար սողոսկում են մանրամասներ, որոնք կասկածի տակ են դնում գործողության իրական լինելը, ինչպես նաև ավելանում է պատմվածքի ծանր տրամադրությունը։ Օրինակ, Լյուբոչկան հանդիպում է գիշերանոցներով երկու անծանոթի, որոնցից մեկը «Չե՞ք մրսում արդյոք» հարցին պատասխանում է, որ իրենք այս ամենը տեսնում են երազում։ Սեղանի վրա գանգերից պատրաստված ամաններ են, որոնց պատերին կպած են թեյի տերևներ[3]։ Այնուհետև Լյուբոչկայի գլխավերևով թռչում է մեծ շան չափի «թաղանթաթևավոր մի արարած»։ Հետո Լյուբոչկան իր բամբակե բաճկոնի գրպանում հայտնաբերում է «Բազմադեմ Կատմանդուի» մասին հուշաթերթիկ, որը պատմում է Նեպալում դրախտային կյանքի մասին[4]։ Ի վերջո, արտադրական ժողովի ընթացքում բացահայտվում է դառը ճշմարտությունը. սա պատմվածքի հերոսների առաջին օրն է մահից հետո ծաղրերգական հանդերձյալ աշխարհում, երբ, ըստ ուղղափառ դավանաբանության, սկսվում են այսպես կոչված օդային փորձությունները (տանջանքները)՝ հերոսները վերապրում են մոտավորապես նույնը, ինչ կյանքում։ Պատմվածքն ավարտվում է այնպես, ինչպես սկսվել էր, հավանաբար Պելևինի սիրելի գրողներից մեկի՝ Վլադիմիր Նաբոկովի պատմվածքների ազդեցությամբ։ Պարզվում է, որ հերոսուհու սպիտակ վերնաշապիկի վրայի սև շերտը պահպանաշերտի հետքն է[3]։ Գիտակցելով սեփական մահը՝ Լյուբոչկան շտապում է դեպի դուռը, բայց պարզվում է, որ դա շարժվող տրոլեյբուսի դուռ է[4]։

«Լուրեր Նեպալից» պատմվածքում հեղինակը ծաղրում է խորհրդային իրականությունը, որը հերոսների համար դժոխքին մոտ սարսափելի երազ էր դարձել։ Հենց սկզբից խոսվում է այս աշխարհում մարդկանց վիճակի անելանելիության մասին[4]։ Ճշմարտությունն այն մասին, որ հերոսներն արդեն այլ աշխարհում են, ներկայացվում է քաղինֆորմացիայի տեսքով` ռադիոհաղորդավարի շուրթերով[5]։

Հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1991 թվականին Պելևինի հեղինակային առաջին՝ «Կապույտ լապտեր» ժողովածուում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В. Пелевин. Синий фонарь. М.: Текст, 1991, стр. 125.
  2. В. Пелевин. Желтая стрела. М.: Вагриус, 1998, стр. 171.
  3. 3,0 3,1 История русской литературы ХХ века. В 4 кн. Кн. 4. 1970-2000 годы под ред. Л. Ф. Алексеевой. М.: Высшая школа, 2008. — С. 79
  4. 4,0 4,1 4,2 Щучкина Т. В. Циклическое единство малой прозы В. Пелевина (сборник рассказов «Синий фонарь») // Вестник Санкт-Петербургского университета. Язык и литература. 2009.
  5. Радуга. 2001. — С. 132.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]