ԽՍՀՄ Թայշոու Չժուան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԽՍՀՄ Թայշոու Չժուան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակություն1991

«ԽՍՀՄ Թայշոու Չժուան։ Չինական ժողովրդական հեքիաթ» (ռուս.՝ «СССР Тайшоу Чжуань. Китайская народная сказка»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 1991 թվականին՝ «Կապույտ լապտեր» ժողովածուում[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«ԽՍՀՄ Թայշոու Չժուան»-ը հղում է չինական Թան դինաստիայի «Ասք Նանկե պետության նահանգապետի մասին» պատմվածքին («Նանկա թագավորություն» պատմության աղբյուր է)։ Չինական պատմվածքում զգացվում է բուդդայականության և դաոսականության մեծ ազդեցությունը։ Մասնավորապես, առանցքային թեման է դաոսական «կյանքը երազի նման է» գաղափարախոսությունը։ Չինական «Ասքը» պատմում է Չուն Յուկունի Սոֆորա անհայտ երկրում արկածների մասին։ Մի օր Չուն Յուկունը հարբում է և քնում սոֆորայի տակ։ Հետո նրան ուղարկում են Սոֆորա երկիր, որտեղ նա ամուսնանում է արքայադստեր հետ։ Այնտեղ նա ստանում է պետական հեղինակավոր պաշտոն։ Սակայն երկար տարիներ հաջող կարիերայից հետո նրա կյանքում բեկումնային պահ է գալիս. արքայադստեր մահը, թագավորի կասկածները և հայրենադարձությունը։ Դրանից հետո Չուն Յուկունն արթնանում է, և պարզվում է, որ նա քնել է իր բակում սոֆորայի տակ, և սա դեռ նույն օրն է։ Գտնելով մրջնաբույնը՝ Չուն Յուկունը հիշում է ամեն ինչ[2]։

«ԽՍՀՄ Թայշոու Չժուան» պատմվածքում ասպետ Չուն Յուկունի փոխարեն անբան Չժանն է, որը վիրտուալ աշխարհում դառնում է ԽՍՀՄ առաջնորդներից մեկը։ ԽՍՀՄ ղեկավարին Պելևինի մոտ անվանում են «Հացի որդի», Չժանին՝ «Երշիկի»։ Դրանով հեղինակը փորձում է շեշտել մատերիալիզմի և ուտիլիտարիզմի գերակշռությունը մարդկային էության մեջ։ Տպավորություն է ստեղծվում, որ Չժանի ղեկավարման ներքո գտնվող խորհրդային պետությունը հզոր է և բարեկեցիկ։ Սակայն իրականում այնտեղ պետականությունը գոյություն ունի միայն անվանական։ Հիշատակելով նախկին փոխանորդին, որը թաքցնում էր, որ գլուխը կտրված է, հեղինակը երգիծական կերպով ցույց է տալիս աշխատավորների թմրությունը և նրանց ընկղմումը պատրանքների աշխարհում[2]։

«ԽՍՀՄ Թայշոու Չժուան»-ը, ինչպես և չինական «Ասքը», ներծծված է դաոսականության գաղափարներով։ Երկու ստեղծագործությունների կարևոր մասը մրջնաբույնի պատկերն է։ Եվ եթե չինական փիլիսոփայության մեջ մրջյունը համընդհանուր կյանքի խորհրդանիշ է և ունակ է ռացիոնալ հիմքի վրա պետություն կառուցել, ապա Պելևինը մրջնաբույնը նույնացնում է տոտալիտար հասարակության հետ` կոշտ կենտրոնացմամբ, անհատների ամբողջական միավորումով և հնազանդությամբ։ Ստեղծագործությունների հերոսները նույնպես տարբեր կերպ են վարվում մրջնաբնի հետ. Չուն Յուկունը «Ասքում» իր ընկերներին խնդրում է չդիպչել նրան, իսկ Պելևինի Չժանը «քլորակիրը լուծում է երկու դույլի մեջ և լցնում դիտահորը»[2]։

Խոսելով Չինաստանի մասին՝ Պելևինն իր «ԽՍՀՄ Թայշոու Չժուան» պատմվածքում նկարագրում է խորհրդային կոլտնտեսությանը բնորոշ իրավիճակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Сергей Полотовский, Роман Козак. Пелевин и поколение пустоты. — М., «Манн, Иванов и Фербер», 2012. — ISBN 978-5-91657-304-6
  2. 2,0 2,1 2,2 Чжан Исянь Китайские мотивы в творчестве В. Пелевина // Мир науки, культуры, образования. № 5 (84). 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]