Վերներ Հայզենբերգ
| Վերներ Կարլ ՀայզենբերգWerner Heisenberg | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 12, 1901 Վյուրցբուրգ, Բավարիա, Գերմանիա |
| Մահացել է | հունվարի 2, 1976 Մյունխեն, Գերմանիա |
| Մասնագիտություն | ֆիզիկ |
| Ազգություն | գերմանացի |
| Ալմա մատեր | Մյունխենի համալսարան |
| Ուշագրավ աշխատանք(ներ) | Անորոշությունների սկզբունք Հայզենբերգի միկրոսկոպ Մատրիցական մեխանիկա Կրամեր-Հայզենբերգի բանաձև Հայզենբերգի խումբ Իզոսպին |
| Նշանակալի պարգև(ներ) | Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1932) Մաքս Պլանկի անվան մեդալ (1933) |
| Ստորագրություն | |
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Հայզենբերգ Վերներ Կարլ, (1901-1976), գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից: Ավարտել է Մյունխենի համալսարանը (1923): 1923-1927-ին եղել է Մաքս Բոռնի ասպիրանտը, 1927-1941-ին` Լայպցիգի և Բեռլինի համալսարանների պրոֆեսոր, 1941-ից` Բեռլինի և Գյոթինգենի, 1955-ից` Մյունխենի ֆիզիկայի ինստիտուտի դիրեկտոր և պրոֆեսոր: 1925-ին Նիլս Բորի հետ մշակել է քվանտային մեխանիկայի առաջին տարբերակը` մարտիցային մեխանիկան: Կատարել է հելիումի ատոմի քվանտամեխանիկական հաշվարկը, ցույց է տվել երկու տարբեր վիճակներում դրա գոյության հնարավորությունը: 1927-ին ձևակերպել է անորոշությունների սկզբունքը, Յա. Ի. Ֆրենկելից անկախ մշակել ֆեռոմագնիսական նյութերի ինքնակամ մագնիսացվածության և փոխանակային փոխազդեցության տեսությունը: Աշխատանքներ ունի նաև ատոմային միջուկի կառուցվածքի (բացահայտել է նուկլոնների փոխազդեցության փոխանակային բնույթը), ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի, դաշտի միասնական տեսության վերաբերյալ (1932):
Փիլիսոփայական հայացքները [խմբագրել]
Հայզենբերգը մեծ ուշադրության էր արժանացնում գիտության փիլիսոփայական հիմնավորմանը, որին նվիրել է մի շարք աշխատանքներ և ելույթներ: 1950-ական թթ. լույս տեսավ նրա «Ֆիզիկան և փիլիսոփայությունը» գիրքը, որն ընդգրկում է Սենտ-Էնդրյուսի համալսարանում կարդացած Գիֆորդոֆյան դասախոսությունները, իսկ տասը տարի անց` «Ամբողջը և մասը» ինքնակենսագրական աշխատությունը, որը Կարլ ֆոն Վայցզեկերը անվանել է մեր ժամանակների միակ պլատոնական երկխոսությունը[1]: Պլատոնի փիլիսոփայությանը Հայզենբերգը ծանոթ էր դեռևս Մյունխենի դասական գիմնազիայում սովորելու տարիներին, որտեղ ստացել էր հիմնավոր հումանիտար կրթություն: Բացի այդ, Հայզենբերգի վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը, որը հայտնի բանասեր էր [2]: Ողջ կյանքի ընթացքում Հայզենբերգը պահպանեց իր հետաքրքրվածությունը Պլատոնի և մյուս անտիկ փիլիսոփաների հանդեպ: Նա կարծում էր, որ «հնարավոր չէ առանց հունական փիլիսոփայության իմացության զարգացնել ժամանակակից ատոմային ֆիզիկան» [3]: XX դարի երկրորդ կեսի տեսական ֆիզիկայի զարգացման մեջ նա տեսնում էր վերադարձ Պլատոնի որոշ ատոմիստական գաղափարներին (այլ մակարդակում).
| Եթե մենք ցանկանում ենք համեմատել մասնիկների ժամանակակից ֆիզիկայի արդյուքները հին փիլիսոփաներից որևէ մեկի գաղափարների հետ, ապա Պլատոնի փիլիսոփայությունը ամենահամապատասխանն է. ժամանակակից ֆիզիկայի մասնիկները սիմետրիայի խմբերի ներկայացուցիչներ են, և այս իմաստով նրանք հիշեցնում են պլատոնական փիլիսոփայության սիմետրիկ պատկերները[4]:
— Վերներ Հայզենբերգ
|
Պարգևներ և անդամակցությունը գիտական հաստատություններին [խմբագրել]
- Մատեուչիի անվան մեդալ (1929)
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1932)
- Մաքս Պլանկի անվան մեդալ (1933)
- ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի բրոնզե մեդալ (1964)
- Նիլս Բորի անվան միջազգային ոսկե մեդալ (1970)
- Բավարական շքանշան «Վաստակի համար»
- Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության «Վաստակի համար» շքանշան
- Բրիտանական «Վաստակի համար» շքանշանի ասպետ (Peace Class)
- Անդամ է Սաքսոնիայի գիտությունների ակադեմիայի, Գյոթինգենի գիտությունների ակադեմիայի, Պրուսիայի գիտությունների ակադեմիայի, Բավարիայի գիտությունների ակադեմիայի, Լեոպոլդինի գիտությունների ակադեմիայի:
- Արտասահմանյան անդամ է` Լոնդոնի թագավորական հասարակության (1955), Ամերկայի արվեստի և գիտության ակադեմիայի, Իռլանդիայի թագավորական ակադեմիայի, Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի, Նիդեռլանդների գիտությունների թագավորական ակադեմիայի, Գիտությունների պապական ակադեմիայի, դեի Լինչեյի ազգային ակադեմիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Ռումինիայի գիտությունների ակադեմիաների:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ А. В. Ахутин,, В. Гейзенберг, Физика и философия. Часть и целое, М. Наука, 1990, էջ 365 (Վերներ Հայզենբերգը և փիլիսոփայությունը) (ռուս.)
- ↑ А. В. Ахутин, Вернер Гейзенберг и философия էջեր 367—368 (ռուս.)
- ↑ А. В. Ахутин, Вернер Гейзенберг и философия, էջ 370}} (ռուս.)
- ↑ В. Гейзенберг, Природа элементарных частиц, 1977, հատոր 121, էջ 665 (ռուս.)