Ռիչարդ Ֆեյնման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռ. Ֆեյնման, 1984 թ. լուսանկար

Ռիչարդ Ֆիլիպս Ֆեյնման (անգլ.՝ Richard Phillips Feynman; մայիսի 11, 1918, Քվինս, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 15, 1988, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկացի, ֆիզիկոս, արդի քվանտային էլեկտրադինամիկայի հիմնադիրներից, ԱՄՆ-ի ազգային գիտությունների ակադեմիայի անդամ 1954 թվականից մինչև 1969 թ․ երբ ինքը հրաժարվեց իր անդամակցությունից[1]։ Ավարտել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (1939)։ Փիլիսոփայության դոկտորի աստիճանն ստացել է Պրինստոնի համալսարանում (1942), այնուհետև աշխատել է Լոս Ալամոսի լաբորատորիայում և Քոռնելի համալսարանում։ 1950 թվականից Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են քվանտային էլեկտրադինամիկային, քվանտային մեխանիկային և վիճակագրական ֆիզիկային։ Մշակել է մաթեմատիկական այնպիսի ապարատ (Ֆեյնմանի դիագրամներ), որը կարևոր նշանակություն է ունեցել դաշտի քվսնտային տեսության զարգացման համար։ Մ․ Գել-Մանի հետ միասին 1958 թ. ստեղծել է թույլ փոխազդեցությունների քանակական տեսությունը։ Վիճակագրական ֆիզիկայում զարգացրել է պոլյարոնի տեսությունը միջանկյալ կապի դեպքի համար, բացատրել է մրրիկների առաջսցումը գերհոսուն հելիումում (Ֆեյնմանի մրրիկներ)։ 1969 թվականին առաջարկել է նուկլոնների փարթոնային մոդելը։ Քվանտային մեխանիկայում մշակել է ըստ հետագծերի ինտեգրման մեթոդը։ «Ֆիզիկայի ֆեյնմանյան դասախոսություններ» հայտնի դասընթացի հեղինակն է (Ռ․ Լեյտոնի և Մ․ Սենդսի հետ համատեղ)։ 1965 թ. Նոբելյան մրցանակ է ստացել Յու. Շվինգերի և Ս․ Տոմոնագայի հետ)։ Մահացել է քաղցկեղից։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. ԱՄՆ֊ի ազգային գիտությունների ակադեմիայի տարեկան զեկույց (1969-1970)

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png