Ուիլյամ Ալֆրեդ Ֆաուլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Ալֆրեդ Ֆաուլեր

Ուիլյամ Ալֆրեդ Ֆաուլեր (անգլ.՝ William Alfred Fowler; օգոստոսի 9, 1911, Փիթսբուրգ, Պենսիլվանիա, ԱՄՆ - մարտի 14, 1995, Փասադենա, Կալիֆորնիա, ԱՄՆ) ամերիկացի ֆիզիկոս և աստղաֆիզիկոս, ԱՄՆ-ի ազգային ԳԱ անդամ։

Ավարտել է Օհայոյի համալսարանը 1933 թ. և Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը 1936 թ., որտեղ էլ աշխատել է 1936-ից (1946-ից՝ պրոֆեսոր, 1963-67 թթ.-ին՝ պրեզիդենտ)։

Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային, միջուկային աստղաֆիզիկային, կոսմոլոգիային։ 1955 թվականին ուրիշներից անկախ մշակել է աստղերի ընդերքում քիմիական տարրերի առաջացման ջերմամիջուկային տեսությունը, մասնավորապես, ցույց է տվել, որ ծանր տարրերի սինթեզը՝ ազատ նեյտրոնների զավթման հետևանքով, կարող է ընթանալ երկու ճանապարհով, այսպես կոչված, s- և r- պրոցեսներում։

1961-ին ստեղծել է s-պրոցեսի տեսությունը։ Կատարել է հելիումի կոսմոլոգիական առաջացման հաշվարկը, որոշել դեյտերիումի և հելիում-3-ի տարածվածությունը տիեզերքի ընդարձակման առաջին երեք րոպեի վերջում։

Հաշվել է արեգակնային նեյտրինոների հոսքը և որոշել դրանց զավթման արագությունը։ 1976 թվականից եղել է Ամերիկյան ֆիզիկոսների ընկերության պրեզիդենտ։ Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1983, Ս․ Չանդրասեկհարի հետ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png