Արթուր Լեոնարդ Շավլով
| Արթուր Լեոնարդ Շավլով | |
|---|---|
![]() |
|
| ԱԱՀ՝ | Արթուր Լեոնարդ Շավլով |
| Ծննդյան օր՝ | մայիսի 5, 1921 |
| Ծննդավայր՝ | (ԱՄՆ) |
| Վախճանի օր՝ | ապրիլի 28, 1999 |
| Վախճանի վայր՝ | (ԱՄՆ) |
Արթուր Լեոնարդ Շավլով (Arthur Leonard Schawlow, 1921, մայիսի 5 - 1999, ապրիլի 28), ամերիկացի ֆիզիկոս, Ազգային ակադեմիայի անդամ (1970), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1981)։
Ծնվել է Մաունտ-Վերնոյում։ Ավարտել է Տորոնտոյի համալսարանը (1942)։ 1945-1951-ին աշխատել է Կոլումբիայի համալսարանում, 1951-1961-ին` «Բելլ Տելեֆոն լաբարատորիայում»։ 1961-ից Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր էր։
Աշխատանքները վերաբերում են միկրոալիքային և օպտիկական սպեկտրադիտմանը, քվանտային էլեկտրոնիկային, լազերային սպեկտրադիտմանը։ 1958-ին Չարլզ Թաունսի հետ, առաջարկել է լազերի աշխատանքի սկզբունքը և Ալեքսանդր Պրոխորովից անկախ` լազերներում Ֆաբրի-Պերոյի ինտերֆերաչափի օգտագործումը։ 1959-ին առաջարկել է արհեստական սուտակի բյուրեղի օգտագործման գաղափարը` որպես լազերի աշխատանքային նյութի։
Լազերային բյուրեղների գծով աշխատանքներով հիմք է դրել լազերային սպեկտրադիտմանը։ 1970-ից Շավլովի աշխատանքների հիմնական ուղղությունը եղել է ոչ գծային լազերային սպեկտրադիտումը։ 1974-ին, Նիկոլաս Բլոմբերգենից անկախ, փորձով դիտել է նեղ երկֆոտոնային ռեզոնանսները, որը հանգեցրեց երկֆոտոնային անդոպլերային սպեկտրադիտմանը։ 1975-ին քննարկել է մասնիկների ռադիացիոն սառեցման հնարավորությունը մինչև գերցածր ջերմաստիճանների։ Լազերային սպեկտրադիտման բնագավառում ունեցած վաստակի համար 1981-ին Շավլովն արժանացել է Նոբելյան մրցանակի։ Եղել է Ամերիկյան ֆիզիկական ընկերության նախագահ (1981)։ Արժանացել է Թ. Յունգի մեդալի։
Աղբյուրներ [խմբագրել]
- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 214-215։
