Նիկոլայ Բասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Բասով
Basov.jpg
ԱԱՀ՝ Նիկոլայ Բասով
Բնագիր
ԱԱՀ՝
Никола́й Генна́диевич Ба́сов
Ծննդյան օր՝ դեկտեմբերի 14, 1922
Ծննդավայր՝ Ուսման, Տամբովի գուբերնիա, (Ռուսաստան)
Վախճանի օր՝ հուլիսի 1, 2001

Նիկոլայ Գենադիևիչ Բասով (ռուսերեն` Никола́й Генна́диевич Ба́сов, 1922, դեկտեմբերի 14 - 2001, հուլիսի 1), ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից, ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1964)։

Ավարտել է Մոսկվայի ինժեներատեխնիկական ինստիտուտը (1950)։ 1950-ից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում (1958-1972-ին` տնօրենի տեղակալ, իսկ 1973-ից` տնօրեն)։ 1963-ից` Մոսկվայի ինժեներատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր էր։

Աշխատանքները նվիրված են քվանտային ռադիոֆիզիկայի և նրա բազմազան կիրառությունների հիմնահարցերին։

Հայտնագործել է քվանտային համակարգերի գեներացիայի և ուժեղացման սկզբունքը, մշակել հաճախությունների նմուշների ֆիզիկական հիմունքները, առաջադրել է մի շարք գաղափարներ քվանտային կիսահաղորդչային գեներատորների բնագավառում, կատարել է հետազոտություններ լույսի հզոր աղբյուրների ստացման և նրանց ուժեղացման ուղղությամբ, մշակել է պլազմայի տաքացման մեթոդը կառավարվող ջերմամիջուկային սինթեզի համար, զգալի աշխատանքներ ունի հզոր գազային քվանտային գեներատորների ստեղծման բնագավառում։ Ստեղծել է քվանտային լազերներ, առաջադրել է օպտիկաէլեկտրոնիկայի բնագավառում լազերների կիրառության նոր առաջադիմական գաղափարներ։

1954-ին, Ալեքսանդր Պրոխորովի, ստեղծել է առաջին քվանտային գեներատորը ամիակի մոլեկուկների փնջի օգտագործումով, իսկ 1955-ին առաջարկել է անհավասարակշռված քվանտային համակարգի եռամակարդակ մեթոդը, որը շատ լայն կիրառություն է ստացե քվանտայինլ գեներատորներում և ուժեղացուցիչներում։

Գիտնականի այդ աշխատանքներով, ինչես նաև ամերիկացի ֆիզիկոս Չարլզ Հարդ Թաունսի հետազոտություններով, փաստորեն, հիմք դրվեց նոր գիտական ուղղության, որն այսօր ողջ աշխարհում հայտնի է քվանտային էլեկտրոնիկա անվանումով։

1959-ին Բասովը և Պրոխորովը արժանացան Լենինյան, իսկ 1964-ին, Թաունսի հետ, լազերների և մազերների ստեղծման համար` Նոբելյան մրցանակի։

Բասովին է պատկանում լազերներում կիսահաղորդիչների օգտագործման գաղափարը, նա է զարգացրել կիսահաղորդչային լազերների ստեղծման զանազան մեթոդները։ 1961-ին Բասովը ուշադրություն է դարձրել ջերմամիջուկային սինթեզների օգտագործման հնարավորությունների վրա և նրա հետագա աշխատանքներով ստեղծել է լազերային ջերմամիջուկային սինթեզի մեթոդը։

1978-ից եղել է «Գիտելիք» համամիութենական ընկերության նախագահ, արժանացել է Վոլտայի անվան մեդալի։

Նա «Քվանտային էլեկտրոնիկա» և «Պրիրոդա» հանրահայտ գիտական ամսագրերի գլխավոր խմբագիրն էր։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 210-211։