Չարլզ Հարդ Թաունս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Հարդ Թաունս
Charles Hard Townes
ԱԱՀ՝ Չարլզ Հարդ Թաունս
Բնագիր
ԱԱՀ՝
Charles Hard Townes
Ծննդյան օր՝ հուլիսի 28, 1915
Ծննդավայր՝ (ԱՄՆ)

Չարլզ Հարդ Թաունս (անգլերեն` Charles Hard Townes, ծնվել է 1915, հուլիսի 28), ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1964), քվանտային էլեկտրոնիկայի հիմնարարներից մեկը։ 1956-ից ԱՄՆ-ի Ազգային ակադեմիայի անդամ։ Ծնվել է Գրինվիլին։ Ավարտել է Ֆուրմանի և Կալիֆոռնիայի համալսարանները։ 1939-1947-ին աշխատել է «Բելլ Տելեֆոն լաբարատորիայում», 1948-1961-ին Կոլումբիայի համալսարանում (1950-ից պրոֆեսոր), 1961-66-ին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր և նախագահ, 1967-ից՝ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր։

Աշխատանքները նվիրված են միկրոալիքային սպեկտրադիտմանը, քվանտային էլեկտրոնիկային, լազերների և մազերների ստեղծմանը և նրանց կիրառությանը, ոչ գծային օպտիկային, ռադիո և ինֆրակարմիր աստղագիտությանը։ Նիկոլայ Բասովի և Ալեքսանդր Պրոխորովից անկախ մշակել է էլեկտրամագնիսական ճառագայթման ուժեղացման և ստեղծման սկզբունքները քվանտային սարքերում, 1954-ից ստեղծել է առաջին քվանտային գեներատորը։ 1958-ին, Արթուր Շավլովի հետ, առաջարկել է լազերի գործողության սկզբունքները։ Լազերները մեծ ճշտությամբ օգտագործել է հարաբերականության տեսության մեջ և բժշկակենսաբանական բնագավառում կիրառելու սկզբունքները։

Հայտնագործել է Բրիլյուենի-Մանդելշտամի հարկադրական երևույթը, 1964-ին ներմուծել է հոսքի կրիտիկական հզորության հասկացությունը, 1964-ին կանխատեսել է լուսային փնջի ինքնակիզակետման երևույթի գոյությունը և 1965-ին այդ սկզբունքի հիման վրա առաջարկել է ինքնակիզակետվող ալիքատարը։

1964-ին Բասովի և Պրոխորովի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի՝ մազերների և լազերների ստեղծման և կիրառության համար։

1969-ին առաջարկել է տիեզերական լազերը 1, 32 սմ ալիքայի ճառագայթմամբ՝ տիեզերական ջրի մոլեկուլի հետազոտության համար։

Բազմաթիվ ակադեմիաների անդամ է, 1967-ին եղել է Ամերիկյան ֆիզիկական ընկերության նախագահ։ Պարգևատրվել է Բ. Ռումֆորդի, Թ. Յունգի, Ն. Բորի ոսկե մեդալներով։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 213-214։