Արժանապատվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդու արժանապատվությունը նշանակում է, որ բոլոր մարդիկ, անկախ իրենց ծագումից կամ այլ հատկանիշներից, ինչպիսիք են սեռը, տարիքը կամ գույքային դրությունը, ունեն միևնույն արժեքը և միևնույն հիմնական իրավունքները: Ըստ այդմ` մարդու արժանապատվությունը և մարդու իրավունքները բարձր են կանգնած յուրաքանչյուր երկրի սահմանադրությունից և օրենքներից:

Մարդու արժանապատվության պաշտպանության ոլորտը[խմբագրել]

Մարդու արժանապատվության հասկացությունը[խմբագրել]

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանը (ԴՍԴ) մարդու արժանապատվության հասկացությունն ըմբռնում է իբրև առաջատար սահմանադրական սկզբունք հիմնական իրավունքների համակարգում։ Մարդու արժանապատվության դեմ ոտնձգությունների համար նա սկզբում «նվաստացում, խարանում, հետապնդում, հալածանք» ձևակերպումներն էր գտել [1]: Հետագայում նա տվեց այսպես կոչված օբյեկտի բանաձևը, ըստ որի` մարդու արժանապատվությանն անհարիր է մարդուն «պետության սոսկ օբյեկտ» դարձնելը [2].

«Դրա հետ է կապված մարդու հասարակական արժեվորման ու հարգման պահանջը, որն արգելում է մարդուն դարձնել պետության սոսկ օբյեկտ կամ նրան այնպիսի վերաբերմունքի արժանացնել, որն սկզբունքորեն հարցականի տակ կդնի սուբյեկտ լինելու նրա հատկանիշը: Մարդու արժանապատվությունն այս իմաստով ոչ թե միայն համապատասխան անձի անհատական արժանապատվությունն է, այլ մարդու` իբրև տվյալ տեսակի էակի արժանապատվությունը։ Յուրաքանչյուր ոք ունի այն` անկախ իր հատկանիշներից, ձեռքբերումներից ու սոցիալական վիճակից։ Այն հատուկ է նաև նրան, ով իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակի պատճառով չի կարող դրսևորել իմաստավորված վարքագիծ։ Նույնիսկ «ոչ արժանապատիվ» վարքի պատճառով այն չի կորչում։ Այն չի կարող խլվել ոչ մի մարդուց։ Խախտվել կարող է սակայն նրանից բխող հարգման պահանջի իրավունքը» [3]:

Գործ 1.

Բ-ն պատկանում է այն անձանց թվին, ովքեր իրենց արտաքին սեռական հատկանիշներով ծննդյան պահին պատկանում են արական սեռին, սակայն ցանկացած առումով իրենց զգում են իբրև իգական սեռի ներկայացուցիչ (արական տրանսսեքսուալներ): Հաջողված վիրահատական սեռափոխությունից հետո Բ-ն պահանջում է ծնունդների գրանցամատյանում փոխել իր սեռի վերաբերյալ նշումը` «արականից» «իգականի», ինչը սակայն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը մերժում է [4]: Այսպիսով, մերժվում է Բ-ի հաջող սեռափոխության իրավական ճանաչումը: Դրա հետևանքն այն է, որ նրա այժմյան սեռի և պաշտոնական գրանցման միջև հակասություն կա, ինչը կարող է Բ-ին ցանկացած ժամանակ, օրինակ` անձի ստուգման դեպքում, գցել իր հասարակական հարգման պահանջը խախտող իրավիճակի մեջ: Այդ պատճառով ԴՍԴ-ն իրավացիորեն ճանաչում է նրա արժանապատվության խախտման փաստը և (հակառակ Դաշնային գերագույն դատարանի), առանց օրենքի նախնական փոփոխության, հաստատում գրանցումը փոփոխելու պահանջի իրավունքը [5]:

Մարդու արժանապատվության` հիմնական իրավունքի որակը[խմբագրել]

Իրավաբանական գրականության մեջ մինչ օրս վիճելի է այն հարցը, թե արդյոք մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական դրույթը[6] ինքնուրույն հիմնական իրավունք կարող է համարվել։ Հռչակագրային անորոշության պատճառով ոմանք այն տեսակետն են պաշտպանում, որ մարդու արժանապատվությունը հիմնական իրավունք չէ[7]: Այնուամենայնիվ մասնագետների ճնշող մեծամասնությունը հաստատական պատասխան է տալիս տվյալ հարցին` փաստարկելով իր պնդումն այն բացառիկ կարևոր նշանակությամբ, որն ունի մարդու արժանապատվությունը[8]: ԴՍԴ-ն ևս հետևում է այս կարծիքին` հղիության ընդհատման վերաբերյալ իր առաջին որոշման մեջ տալով հետևյալ ձևակերպումը. «Մարդկային կյանքը ... մարդու արժանապատվության կենսական հիմքն է և մնացած բոլոր հիմնական իրավունքների նախապայմանը»[9]:

Այսպիսով, մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական դրույթները պարունակում են հիմնական իրավունք, նույնիսկ եթե դրանք նշվեն նաև որպես «առաջատար սահմանադրական սկզբունք»[10], «պետական լեգիտիմության նորմ»[11], «սահմանադրական պետության արքիմեդյան կետ»[12] կամ սահմանադրության բարձրագույն իրավական արժեք[13]: Այս հասկացական տարբերակումներն ընդգծում են միայն մարդու արժանապատվության ակնառու նշանակությունը։ Հակառակ գրականության մեջ դեռևս արտահայտվող կասկածների`[14] պետք է ջանադրաբար պնդել, որ մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական դրույթը ոչ միայն օբյեկտիվ իրավունք է, այլև, ինչպես մյուս բոլոր հիմնական իրավունքները, ունի սուբյեկտիվ հանրային իրավունքի որակ[15]: Պրոֆ. Շմիդտի կարծիքով`մարդու արժանապատվության` հիմնական իրավունքի բնույթի մասին հարցը կարող է նաև անպատասխան մնալ, քանի որ առանց այդ էլ մարդու արժանապատվության ապահովմամբ է տոգորված բոլոր հիմնական իրավունքների գործողությունը։ Եթե որևէ պետական մարմին խախտում է մի որևէ (հատուկ) հիմնական իրավունք, ապա դրա հետևանքով կարող է խախտվել նաև մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական նորմը[16]:

Հիմնական իրավունքի կրողները[խմբագրել]

Ցանկացած մարդկային կյանքի ի սկզբանե հատուկ է արժանապատվությունը[17]: Քանի որ մարդու արժանապատվությունն անձեռնմխելի է, ուրեմն յուրաքանչյուր մարդ այդ հիմնական իրավունքի կրողն է։ Այս հարցում գիտնականների կարծիքները միասնական են[18], ինչը զարմանալի չէ, որովհետև մարդու արժանապատվության տեսանկյունից մարդկանց միջև ցանկացած տարբերակում միանգամից կխախտի այն[19]:

Հիմնական իրավունքի կրողներ են նաև փոքրահասակ երեխաները[20], հոգեկան հիվանդները[21], օտարերկրացիները, հանցագործները[22] ևլն։ Մարդու արժանապատվությունը պարզապես համապատասխան անձի անհատական արժանապատվությունը չէ։ Այն պատկանում է յուրաքանչյուր մարդկային էակի հավասարաչափ` անկախ նրա հատկանիշներից, ունակություններից, ազգությունից[23], ծագումից և սոցիալական դրությունից[17]:

ԴՍԴ-ն հետևում է այն տեսակետին, որ չծնված կյանքին (nasciturus) ևս հատուկ է արժանապատվությունը, և դա ձևակերպել է հետևյալ անառարկելի նախադասությամբ. «Որտեղ գոյություն ունի մարդկային կյանք, նրան հատուկ է արժանապատվությունը. վճռորոշ նշանակություն չունի, թե դրա կրողը գիտակցում է արդյոք իր արժանապատվությունը և կարող է արդյոք անձամբ պաշտպանել այն»[24]:

Հղիության ընդհատման վերաբերյալ իր երկու որոշումներում[25] էլ ԴՍԴ-ն անպատասխան է թողել այն հարցը, թե արդյոք nasciturus-ն օժտված է իրավունակությամբ, թե հիմնական իրավունքներ կրելու հատկանիշի բացակայության պատճառով «միայն» պետության`պաշտպանության օբյեկտիվ պարտականության միջոցով է պաշտպանվում նրա կյանքի իրավունքը, որովհետև հիմնական իրավունքների նորմերը բովանդակում են ոչ միայն ընդդեմ պետության անհատի ինքնապաշտպանության սուբյեկտիվ իրավունքներ, այլև նրանք միաժամանակ մարմնավորում են մի օբյեկտիվ արժեհամակարգ, որով կաշկանդված է ամբողջ պետական իշխանությունը։ Բոլոր դեպքերում nasciturus-ը գտնվում է մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական դրույթի օբյեկտիվ-իրավական պաշտպանության ներքո` բեղմնավորման 14-րդ օրվանից սկսած[26]:

Որոշ գիտնականների գնահատմամբ` ԴՍԴ-ի կողմից կյանքի ու արժանապատվության հավասարեցումը համոզիչ չէ։ Ըստ պրոֆ. Իպսենի, եթե մարդու արժանապատվությունն ըմբռնենք իբրև հասարակական հարգանքի պահանջ, ապա դրա նախապայմանը, ըստ տրամաբանության, մարդու ծնված լինելն է։ Բացի այդ, նրա կարծիքով, ԴՍԴ-ն խճճվում է անլուծելի հակասության մեջ, երբ մի կողմից թույլատրելի է համարում չծնված երեխային կյանքից զրկելը նաև առանց բժշկական ցուցումների[27], մյուս կողմից այդ նույն չծնված երեխային «անձեռնմխելի» մարդկային արժանապատվության կրող է համարում[28]: Հետևաբար, հակառակ տարածված կարծիքի[29], nasciturus-ը տվյալ հիմնական իրավունքի կրող չէ[30]:

Իբրև սուբյեկտիվ իրավունք` մարդու արժանապատվության հիմնական իրավունքն անհրաժեշտաբար դադարում է մարդու մահվամբ: Իրավասուբյեկտությունից, որը մահացածների մոտ իհարկե բացակայում է[31], պետք է տարբերել այն հարցը, թե արդյոք նրանք օժտված են մարդկանց կողմից հարգանքի ենթակա արժանապատվությամբ։ Վերջինս հաստատվում է գիտնականների մեծամասնության կողմից[32], ինչը, իր հերթին, հաստատում է այն պնդումը, որ պետք է սուբյեկտիվ իրավունքը տարբերել իրավական արժեքից[33]:

Ըստ ԴՍԴ Մեֆիստո-Որոշման` հարգման պահանջի իրավունքը գործում է նաև իրավունքի կրողի մահից հետո[34]: Մարդու արժանապատվության անխախտելիության պահանջի հետ անհամատեղելի կլիներ, եթե թույլատրելի լիներ մարդուն, որին հատուկ է արժանապատվությունը անձ լինելու փաստի ուժով, նրա մահից հետո նվաստացնել ու ստորացնել: Հարգման պահանջի իրավունքի պաշտպանության պահանջ կարող են ներկայացնել մահացածի հարազատները[35]:

Իրավաբանական անձինք, ինչպես նաև մարդկանց խմբերը, որպես այդպիսին, չեն գտնվում մարդու արժանապատվության պաշտպանության ոլորտում[36]: Պրոֆ. Զիլբերկուհլը, հիմնվելով Դաշնային վարչական դատարանի որոշումների վրա[37], գտնում է, որ նաև մարդկանց խումբը, օրինակ` Գերմանիայում ապրող հրեաները, կարող է լինել մարդու արժանապատվության սահմանադրական դրույթի պաշտպանության օբյեկտ[38]:

Հասարակական արժեվորման ու հարգանքի պահանջը[խմբագրել]

Մարդու արժանապատվության ուժով անհատն օժտված է հասարակության մեջ հասարակական արժեվորման ու հարգանքի պահանջի իրավունքով[39]: Յուրաքանչյուր ոք պետք է հասարակության մեջ ճանաչվի իբրև իր սեփական արժեքն ունեցող սկզբունքորեն իրավահավասար և իր վարքի համար պատասխանատու անձնավորություն։ Դա ենթադրում է, որ յուրաքանչյուր ոք կարող է անձամբ որոշել իր ճակատագիրը և կերտել իր ապագան սեփական պատասխանատվությամբ[40]: Ասվածը տարածվում է անխտիր կյանքի բոլոր բնագավառների և իրավունքի բոլոր ոլորտների վրա` առանց որևէ սահմանափակման[41]:

Պաշտպանության պահանջի իրավունքը[խմբագրել]

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը չի սահմանափակվում պետական իշխանության` մարդու արժանապատվությունը հարգելու և պաշտպանելու սոսկ օբյեկտիվ պարտականությամբ, այլ հիմնական իրավունքի կրողի համար երաշխավորում է պաշտպանության պահանջի իրավունք[39]: Նման պաշտպանությունն ապահովվում է սովորաբար քրեական իրավունքի միջոցով։

Պետությունը պետք է նաև անհատի համար արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն ստեղծի[42]: Նա պարտավոր է, մասնավորապես, ապահովել արժանապատիվ գոյության համար անհրաժեշտ ապրուստի նվազագույն պայմաններ[43]: Ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի հարկման արգելքը բխում է մարդու արժանապատվության երաշխիքից և ծառայում է արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ նվազագույն նախապայմանների ստեղծմանը։ Մի պետություն, որի սահմանադրությունը մարդու արժանապատվությունը բարձրագույն արժեք է հռչակում, որը, սակայն, մյուս կողմից, համակերպվում է իր քաղաքացիների ընչազրկության հետ, տառապում է անտանելի ներքին հակասությամբ[44]:

Թե ինչքան հեռու է գնում սոցիալական պետության պատասխանատվությունը մարդու արժանապատվության տեսանկյունից, զգալի չափով կախված է հասարակության ստանդարտներից ու հարստության աստիճանից։ Երբ արդարադատությունը խոսում է ապրուստի նվազագույն պայմանների ապահովման մասին, դա կախված է ժամանակից ու իրադրությունից[45]: Ըստ ԴՍԴ BVerfGE 82, 60 (85) և BVerfGE 99, 246 (259) որոշումների` պետությունն իրավունք չունի անհատին զրկելու այն եկամուտից, որն անհրաժեշտ է նրա ապրուստի նվազագույն պայմանների համար, ինչպես նաև հարկելու այդ եկամուտը, և պարտավոր է օգնել, եթե անհատն իրենից անկախ պատճառներով իր ապրուստը հոգալ չի կարող։

Ոտնձգությունները մարդու արժանապատվության դեմ[խմբագրել]

Հիմնական իրավունքի սահմանափակումը[խմբագրել]

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի պաշտպանության ոլորտի նկատմամբ ցանկացած միջամտություն միաժամանակ դրա խախտում է։ Դա բխում է նրանից, որ մարդու արժանապատվությունը ազատախոհ ժողովրդավարությունում պիտի լինի բարձրագույն արժեք և այդ պատճառով չի կարող խախտվել ո՛չ այլոց հիմնական իրավունքներով, ո՛չ սահմանադրորեն ամրագրված այլ արժեքներով[46]: Այսպիսով, քանի որ մարդու արժանապատվությունն «անձեռնմխելի» է, ապա անթույլատրելի ու հակասահմանադրական են նրա նկատմամբ միջամտությունը և նրա սահմանափակման այլ ձևերը։ Այս հիմքով արգելվում է նաև կյանքի ու արժանապատվության հավասարեցումը, ինչպես որ դա անում է ԴՍԴ-ն[47]: Կյանքի նկատմամբ ոտնձգությունը ծայրահեղ հանգամանքներում կարելի է արդարացնել, սակայն միշտ չէ, որ սպանությամբ պարտադիր ոտնահարվում է մարդու արժանապատվությունը[48]: Անշուշտ հատկապես ծայրահեղ կոնֆլիկտային իրավիճակներում մարդու արժանապատվության դեմ ոտնձգության մասին պետք է խոսել միայն այն դեպքում, երբ մարդուն արհամարհական ձևով զրկում են իր մարդկային որակից և նրան ստորացնում են`վարվելով նրա հետ իբրև օբյեկտի[49]:

Գործ 2. Առևանգման դրամա

Ա-ն և Բ-ն առևանգում են սրտի հիվանդությամբ տառապող արդյունաբերող Ի-ին: Նրանք բարձր փրկագին են պահանջում Ի-ի հարազատներից: Ի-ն գտնվում է կյանքի համար ծայրահեղ վտանգավոր դրության մեջ, քանի որ չի կարող ընդունել իր դեղերը: Նույնիսկ եթե առաևանգիչների պահանջը կատարվի, փրկագնի հանձնման գործընթացը և ազատ արձակումն այնքան երկար կտևեն, որ դեղորայքային օգնությունը չափազանց կուշանա: Այդ ընթացքում ձերբակալված Բ-ն գիտի, որտեղ է Ա-ն պահում Ի-ին, սակայն հրաժարվում է հայտնել տեղը: Ի-ի կյանքը փրկելու համար ոստիկանությունը որոշում է խոշտանգման միջոցով Բ-ից կորզել ցանկալի տեղեկությունը: Խախտո՞ւմ է այն ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը:

Լուծում։ I. Մարդու արժանապատվության պաշտպանության ոլորտի էական տարրերից մեկը մարդու նույնականության ու ամբողջականության պահպանումն է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր առումով: Այդ իսկ պատճառով պետական իշխանությանը, դրանով նաև ոստիկանությանը, արգելված է խոշտանգումը: Քանի որ Բ-ն «ձերբակալված անձ» է, այդ արգելքը բխում է միաժամանակ ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ նախադասությունից: II. Այսպիսով, ոստիկանությունը ոտնձգել է մարդու արժանապատվության դեմ: III. Ի-ին պաշտպանելու ցանկությունը սահմանադրաիրավական արդարացում չէ ոստիկանության արարքի համար: Սխալ կլիներ այստեղ բախում տեսնել Բ-ի և Ի-ի մարդկային արժանապատվության միջև և Բ-ի արժանապատվությունը զոհել Ի-ի արժանապատվությանը զուտ այն պատճառով, որ Բ-ն անարդար է վարվել, և Ի-ն տուժել է այդ անարդարությունից: Թեև պետությունը ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի ուժով պարտավոր է պաշտպանել մարդու կյանքը, սակայն թե նա ինչպես կկատարի իր այդ պարտականությունը, Սահմանադրությունը նրա համար չի նախանշում, այլ «սկզբունորեն նա ինքը պետք է որոշի իր սեփական պատասխանատվությամբ»[50]: Դրան հակառակ` հստակ սահմանված է, որ նա իրավունք չունի ոտնահարելու մարդու արժանապատվությունը: Ի-ի մոտ այժմ միմիայն կյանքն է վտանգված. հանցավորությունը և հատկապես կյանքի համար վտանգավոր հանցավորությունը պատուհաս է յուրաքանչյուր հասարակության համար, բայց ոչ միջամտություն հատուկ մարդու արժանապատվության նկատմամբ[51]:

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը միջամտության լիազորությո՞ւն[խմբագրել]

Գործ 3.

Դաշնային վարչական դատարանը պիտի որոշում կայացներ այն հարցի վերաբերյալ, թե արդյոք իրավաչափ կլինի թույլատրել «Peep-Show»-ի (սթրիփթիզի) անցկացումը: Դաշնային վարչական դատարանը մերժում է այն` պատճառաբանելով, որ ցուցադրության հանված կինը ելույթի առանձնահատուկ ձևի պատճառով կնվաստացվի և դրա միջոցով կոտնահարվի նրա արժանապատվությունը: Մարդու արժանապատվության ոտնահարումը չի կարող արդարացվել նաև նրանով, որ «Peep-Show»-ում ելույթ ունեցող կինը կամավոր է գործում. մարդու արժանապատվությունն օբյեկտիվ, անտնօրինելի արժեք է, որի հարգումից անհատը չի կարող հրաժարվել[52]:

Մարդու արժանապատվության անձեռնմխելիությունը չի ստեղծում մարդու պարտականություն` դրսևորելու «արժանապատիվ» վարքագիծ, և այդ պատճառով չի կարող հիմք ծառայել այնպիսի միջոցառումների համար, որոնք ուղղված են անձամբ հիմնական իրավունքի կրողի դեմ։ Իհարկե բազմակարծ հասարակությունում կան երևույթներ, որոնք հազիվ թե համատեղելի են մարդու արժանապատվության հետ[53]: Այնուամենայնիվ պետության խնդիրը չէ իր քաղաքացիների բարելավումը[54]: , ավելի շուտ նրա պարտականությունն է անհատի և հանրության պաշտպանությունը։ Հետևաբար մարդու արժանապատվության սկզբունքը կվերածվեր իր հակադրությանը, եթե նրանում տեսնեինք մի լիազորություն, որը թույլ կտար անհրաժեշտության դեպքում նաև հարկադրական միջոցներով քաղաքացիներին մղելու մի վարքագծի, որը համապատասխանում է արժանապատվության մասին ավանդական պատկերացումներին[55]:

Լուծում։ Հետևաբար, հենց սկզբից անհաջող էր այն հիմնավորումը, թե կնոջն իբրև օբյեկտ ցուցադրության հանելը ոտնահարում է մարդու արժանապատվությունը[56]: Բացի այդ, Դաշնային վարչական դատարանի տվյալ որոշմանը բնորոշ է այն տրամաբանական սխալը, որը հիմնվում է հիմնական իրավունքի և պաշտպանվող արժեքի անբավարար տարբերակման վրա. նույնիսկ եթե կիսենք Դաշնային վարչական դատարանի այն տեսակետը, թե կնոջը (կամավոր) ցուցադրության հանելը «ոչ արժանավայել» բան է, ապա դրանով կվնասվեր միայն մարդու արժանապատվության վերաբերյալ հոդվածով պաշտպանվող արժեքը, իսկ (պետության դեմ ուղղված) հիմնական իրավունքը, ընդհակառակը, ընդհանրապես չէր շոշափվի: Այս կապակցությամբ տեղին է հիշեցնել «հիմնական իրավունքներից հրաժարվելու» ինստիտուտի մասին[57], որը խնդիր ունի մեզ ետ պահելու հիմնական իրավունքների գործողության սկզբունքի վտանգավոր անտեսումից: Նույնիսկ իր «ոչ արժանավայել» վարքով հիմնական իրավունքի կրողը չի հրաժարվում նրանից, որ պետական մարմինները հարգեն իր մարդկային արժանապատվությունը[58]:

Մարդու արժանապատվության ոտնահարումները[խմբագրել]

Թե ինչ հանգամանքներում կարող է մարդու արժանապատվությունը ոտնահարվել, անհնար է ընդհանուր և վերացական ասել։ Պատմահամակարգային տեսանկյունից կարելի է առանձնացնել մարդու արժանապատվության դեմ հետևյալ տիպիկ ոտնձգությունները.

  • ստրկությունը, ճորտությունը, խտրականությունները, որոնք ժխտում են խտրականության ենթարկվողի մարդ լինելը, մարդկանց առևտուրը, այսինքն` մարդկանց հավասարության զանգվածային խախտումները,
  • խոշտանգումը, կտտանքները, մարմնական պատիժները, ուղեղի լվացումը, դեղամիջոցների ու հիպնոսի օգնությամբ մարդու կամքը կոտրելը, գաղտնի կամ բռնի բժշկական գիտափորձերը հետազոտական կամ բազմացման նպատակով, սիստեմատիկ նվաստացումներն ու ստորացումները, այսինքն` մարդու ֆիզիկական ու հոգևոր նույնականության ու ամբողջականության զանգվածային խախտումները,
  • ապրուստի համար անհրաժեշտ մինիմումից զրկելը (օրինակ չափազանց բարձր հարկային բեռի միջոցով), սեփական պահանջմունքներն ու ցանկությունները պետությանը ներկայացնելու ցանկացած հնարավորությունից զրկելը, այսինքն` անհատի հանդեպ սոցիալական ու իրավական պետության պատասխանատվության զանգվածային անտեսումները:

Օրինակներ. Ցամաքում գտնվող անմեղ մարդկանց որպես ռումբ օգտագործվող ինքնաթիռի միջոցով պատճառվելիք վնասներից պաշտպանելու համար ահաբեկիչների կողմից առևանգված տրանսպորտային ինքնաթիռը խփելը ԴՍԴ-ն անընդունելի է համարում, քանի որ դրանով ինքնաթիռի անձնակազմն ու ուղևորներն «առարկայացվում և միաժամանակ իրավազրկվում են», որովհետև նրանց կյանքից զրկելն օգտագործվում է որպես ուրիշներին փրկելու միջոց[59]:

Ստի դետեկտորի կիրառումը ԴՍԴ-ն որակել է ոչ թե որպես մարդու արժանապատվության, այլ միայն ընդհանուր անձնական իրավունքի հիմնախնդիր[60]: Դրան հակառակ` նա գաղտնալսումը դիտում է իբրև ոչ միայն բնակարանի անձեռնմխելիության իրավունքի, այլ նաև մարդու արժանապատվության խախտում, եթե չի հարգվում մասնավոր կյանքի բացարձակ պաշտպանված անձեռնմխելի ոլորտը[61]:

ԴՍԴ-ն կալանավորների արժանապատվությունը ոտնահարված է համարում, եթե նրանք երբևէ կրկին ազատվելու ոչ մի հնարավորություն չունեն[62], կամ եթե երկու կալանավոր պահվում են մոտավորապես 7,6մ2 մակերեսով մենախցում[63], ինչպես նաև եթե խցանված կոյուղու պատճառով նրանց խուցը միշտ աղտոտվում է կղկղանքներով[64]: Մարդու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով ԴՍԴ-ն պահանջում է, որ մեղադրյալը «դատավարության վրա ազդելու, իրեն ներկայացված մեղադրանքների դեմ անձամբ արտահայտվելու, իր պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ ներկայացնելու, դրանց լրիվ և սպառիչ ստուգմանն ու գնահատմանը հասնելու հնարավորություն ունենա ու նաև դրանից փաստացի օգտվել կարողանա»[65]:

Միջամտության սահմանադրաիրավական արդարացումը[խմբագրել]

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը ենթակա չէ օրենսդրական սահմանափակման։ Անթույլատրելի է նրա նկատմամբ միջամտության արդարացումը նույնիսկ կոլիզիոն սահմանադրական իրավունքի միջոցով[66]: Կարելի է նման բան ենթադրել միայն ՀՀ Սահմանադրության` սահմանադրական փոփոխություններից պաշտպանված 1-ին և 2-րդ հոդվածներում ամրագրված սահմանադրական սկզբունքների հետ բախման դեպքում։ Սակայն մարդու արժանապատվության` իբրև «ազատախոհ ժողովրդավարությունում բարձրագույն արժեք» բնութագրից բխում է, որ ՀՀ Սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածների սկզբունքները գոյություն ունեն հանուն մարդու արժանապատվության և այդ իսկ պատճառով չեն կարող ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի նկատմամբ միջամտության արդարացում լինել։ Արդարացված չէ նաև միջամտությունը մեկի մարդկային արժանապատվության նկամամբ` ի պաշտպանություն մեկի ուրիշի արժանապատվության[67]: Նման արդարացումն ի սկզբանե դատապարտված է անհաջողության, որովհետև անհատները կարող են բախվել թեև իրենց շահերով ու գործողություններով, բայց ոչ երբեք իրենց արժանապատվությամբ։ Այսպիսով, մարդու արժանապատվության նկատմամբ յուրաքանչյուր միջամտություն միաժամանակ դրա խախտում է[68]:

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. BVerfGE 1, 97 (104)
  2. BVerfGE 87, 209 (228), BVerfGE 109, 133 (149f.), BVerfGE 115, 118 (153)
  3. BVerfGE 87, 209
  4. BVerfGE 49, 286
  5. BVerfGE 49, 286 (301 f.) Դրա հիման վրա 10.09.1980թ. ընդունվում է Տրանսսեքսուալների մասին օրենքը, որը թույլատրում է փոփոխություն կատարել քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում:
  6. Տես օրինակ ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածը
  7. Marten/Papier (Hrsg.): Handbuch der Grundrechte in Deutschland und Europa, Bd. I, 2004, S. 60ff; Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, 2008, Art. 1 Rdnr. 127.
  8. Hufen, NJW 1999, S. 1504; Kunig, in: von Münch/Kunig (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, 2000, Art. 1 Rdnr. 3.
  9. BVerfGE 39, 1 (42)
  10. BVerfGE 6, 32 (36, 41), BVerfGE 45, 187 (227)
  11. Sachs (Hrsg.): Grundgesetz-Kommentar, München 2009, Art. 1 Rdnr. 43.
  12. Haverkate: Verfassungslehre, 1992, S. 142. Մեջբերումն ըստ Ipsen: Staatsrecht II, Grundrechte, Köln 2007, S. 59.
  13. Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 40.
  14. Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 40. Rdnr. 124.
  15. Այսպես են կարծում Sachs (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 3ff; Kunig, in: von Münch/ Kunig (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 3; Stern: Das Staatsrecht der Bundesrepublik Deutsch¬land, Bd. III, 1994, S. 26 f.
  16. Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, Grasberg bei Bremen 2008, S. 96.
  17. 17,0 17,1 BVerfGE 39, 1 (41), BVerfGE 87, 209 (228)
  18. BVerfGE 87, 209 (228), Dreier (Hrsg.): Grundgesetz, Bd. I, Art. 1 Rdnr. 64; Stern: Staatsrecht III, S. 61.
  19. Ipsen: Staatsrecht II, Grundrechte, S. 57.
  20. BVerfGE 57, 361 (382), BVerfGE 79, 51 (62)
  21. Բավարիայի Սահմանադրական դատարանի թիվ 10, 101 որոշումը:
  22. BVerfGE 72, 105 (115), BVerfGE 109, 133 (150), BVerfGE 117, 71 (89)
  23. BVerfGE 50, 166 (175)
  24. BVerfGE 39, 1 (41)
  25. BVerfGE 39, 1 ff., BVerfGE 88, 203 ff.
  26. BVerfGE 39, 1 (37)
  27. BVerfGE 39, 1 (49), BVerfGE 88, 203 (254)
  28. Ipsen: Staatsrecht II, Grundrechte, S. 57; Տվյալ հարցին քննադատաբար է մոտենում նաև պրոֆ. Դրայերը` Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 66.
  29. BVerfGE 39, 1 (41), BVerfGE 88, 203 (254), Sachs (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 51; Kunig, in: von Münch/Kunig (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 14.
  30. Համոզիչ փաստարկներ տես Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 66ff.
  31. Մահացածի իրավասուբյեկտության վերաբերյալ պնդումը ոչ մի գիտնականի կողմից չի պաշտպանվում: Խնդրահարույց է անշուշտ Kunig, in: von Münch/Kunig (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 15` «ժամանակավոր իրավասուբյեկտ»:
  32. Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 72; Sachs (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 53ff.
  33. Հիմնական իրավունքներով պաշտպանված իրավական արժեքի և հիմնական իրավունքի, այսինքն` (մարդկային) ազատության և (սահմանադրաիրավական) ազատության իրավունքի տարբերակումն ունի լուրջ հետևանքներ. 1. Քանի որ ազատությունը` որպես հիմնական իրավունքների պաշտպանության արժեք, ոչ թե տրվում է պետության կողմից, այլ երաշխավորվում է հիմնական իրավունքով (իբրև սուբյեկտիվ-հանրային իրավունք), դրանից անհրաժեշտաբար բխում է, որ իրավական առումով թույլատրված է այն ամենը, ինչն իրավունքի նորմով կատեգորիկ արգելված չէ: ԴՍԴ-ն ստիպված էր իր որոշմամբ հաստատել այս պնդումը (BVerfGE 84, 372 (380)` «Ինչն արգելված չէ, թույլատրված է»), քանի որ այն հիմնական իրավունքների ուսմունքում մինչ այդ ինքնին հասկանալի բան չէր: Կարճ ասած` ոչ թե քաղաքացու գործելու ազատությունը, այլ պետության կողմից դրա սահմանափակումը կարիք ունի լիազորության: 2. Հակառակ տարածված բառագործածությանը՝ սխալ է խոսել «հիմնական իրավունքի կիրառման», «հիմնական իրավունքի գործադրման» կամ «հիմնական իրավունքի իրականացման» մասին, երբ նկատի ունենք մարդկային արարքը: Կարծիք արտահայտելը հիմնական իրավունքի կիրառում չէ, որովհետև, օրինակ, ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասը չպետք է թյուրըմբռնել իբրև կարծիք արտահայտելու լիազորություն: Նույն կերպ արվեստագետը չի գործադրում ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածում ամրագրված հիմնական իրավունքը, որովհետև ստեղծագործության ազատությունը չի կարող մեկնաբանվել իբրև թույլտվություն կամ արտոնություն: Վերջապես մարդը, որը լավ առողջություն ունի, չի «իրականացնում» ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածով սահմանված հիմնական իրավունքը: Հիմնական իրավունքի սուբյեկտը գործադրում (կիրառում, իրականացնում) է հիմնական իրավունքը` որպես սուբյեկտիվ-հանրային իրավունք, ավելի շուտ միայն այն դեպքում, երբ նա այդ իրավունքը հակադրում է պետությանը` ի պաշտպանություն հիմնական իրավունքով պաշտպանվող արժեքի: Այս մասին մանրամասն տես Ipsen, Staatsrecht II, Grundrechte, S. 24-25.
  34. Այսպես կոչված անձնավորության հետմահու ոտնահարում BVerfG 19.10.2006 – 1BvR 402/06.
  35. BVerfGE 30, 173 (194)
  36. Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, S. 99.
  37. Տես ԳԴՀ Դաշնային վարչական դատարանի BVerwGE 86, 321 (328f.) որոշումը:
  38. Pieroth/Silberkuhl (Hrsg.): Die Verfassungsbeschwerde, Münster 2008, S. 263.
  39. 39,0 39,1 BVerfGE 117, 71 (89)
  40. BVerfGE 49, 286 (298)
  41. Pieroth/Silberkuhl (Hrsg.): Die Verfassungsbeschwerde, S. 264.
  42. BVerfGE 45,187 (228), BVerfGE 117, 71 (95): Դեռևս Վայմարյան Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի առաջին մասը սահմանում էր. «Տնտեսական կարգը պետք է համապատասխանի արդարության սկզբունքներին` բոլորի համար մարդուն արժանավայել կյանք ապահովելու նպատակով»:
  43. BVerfGE 40, 141 (173), BVerfGE 82, 60 (85), BVerfGE 117, 71 (95)
  44. Sachs (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 40.
  45. Գոռ Հովհաննիսյան, «Մարդու արժանապատվությունն իբրև հիմնական իրավունք»
  46. BVerfGE 93, 266 (293)
  47. BVerfGE 39, 1 (49), BVerfGE 88, 203 (254), Ipsen: Staatsrecht II, Grundrechte, S. 57.
  48. Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 147.
  49. Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, S. 105.
  50. BVerfGE 46, 160 (164 f.)
  51. Pieroth/Schlink: Grundrechte, Staatsrecht II, Heidelberg 2007, S. 84-85.
  52. Տես Դաշնային վարչական դատարանի թիվ 64, 274 որոշումը
  53. Հատկապես պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը և պոռնկությունն ինքը երկար ժամանակ դիտվում էին իբրև մարդու արժանապատվության ոտնահարում: 2002 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Պոռնկության մասին» ԳԴՀ օրենքով օրենսդիրը պարզաբանեց, որ պոռնկությունն ինքը այլևս հակաբարոյական չէ: Մասնավորապես, պոռնիկների` համապատասխան «ծառայությունների մատուցման պայմանագրերից» ծագող պահանջները կարելի է պաշտպանել դատական կարգով: Այստեղից հետևում է, որ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը և առավել ևս պոռնկությունն ինքը չեն ոտնահարում մարդու արժանապատվությունը: Տես Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, S. 103. Համեմատիր ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի հետ:
  54. BVerfGE 22, 180 (219)
  55. Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 151.
  56. Ipsen: Staatsrecht II, Grundrechte, S. 61.
  57. Այս տեսանկյունից ճշգրտման կարիք ունի «հիմնական իրավունքներից հրաժարվելու» հասկացությունը: Եթե հիմնական իրավունքի սուբյեկտը չի օգտվում հիմնական իրավունքներով պաշտպանված գործողությունների հնարավորություններից կամ բացակայում են դրա համար նախապայմանները, ապա դա իրավունքներից հրաժարում չէ, այլ իրավական առումով ոչ էական անգործություն: Հնարավոր է, որ ինչ-որ մեկը հրաժարվի հենվել իր հիմնական իրավունքների վրա ընդդեմ իր իրավական ոլորտի (պաշտպանության արժեքների) դեմ պետության ոտնձգությունների («volenti non fit iniuria»): Դա հնարավոր է անել նույնիսկ իրավական ձևով` հայցը կամ անհատական սահմանադրական դիմումը հետ վերցնելով: Հիմնական իրավունքի սուբյեկտի կողմից տևականորեն կամ անխտիր բոլոր հիմնական իրավունքներից հրաժարվելը (ապագայում պետական բոլոր միջոցառումներն անառարկելիորեն հանդուրժելու մտադրությամբ) կլիներ, ընդհակառակը, իրավական առումով անթույլատրելի, բայց մյուս կողմից նաև աներևակայելի:
  58. BVerfGE 64, 274 (279)
  59. BVerfGE 115, 118 (154)
  60. BVerfGE 34, 238 (247)
  61. BVerfGE 109, 279 (314ff.)
  62. BVerfGE 109, 133 (150)
  63. BVerfGE 35, 202 (236)
  64. BVerfGE 47, 46 (73)
  65. BVerfGE 63, 332 (337)
  66. 93, 266 (293), BVerfGE 107, 275 (284)
  67. Stark/Schmidt: Staatsrecht (Prüfe dein Wissen), 2003, S. 47.
  68. Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, S. 105; Pieroth/Schlink: Grundrechte, Staatsrecht II, S. 84.