Հաշմանդամություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաշմանդամությունը նշաններով

Հաշմանդամություն, առողջական խնդիրներ ունեցող անձանց ու շրջակա միջավայրի արգելքների փոխազդեցության հետևանք, որը խոչընդոտում է նրանց` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը:

Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականին վավերացրել է ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան,որը միանշանակորեն չի տալիս «հաշմանդամություն» բառի սահմանումը: «Հաշմանդամությունը» զարգացող հասկացություն է, քանի որ հասարակությունն ու հասարակական կարծիքը հաճախ են փոփոխություններ կրում: Այդ իսկ պատճառով կոնվենցիան չի պարտադրում սահմանված հասկացություն, այլ կիրառում է դինամիկ մոտեցում:

Անձի հաշմանդամությունը Հայաստանի Հանրապետությունում ճանաչում են միայն բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը և տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները (ԲՍՓՀ): ՀՀ-ում գործում է բժշկասոցիալական փորձաքննական 25 հանձնաժողով: Դրանցից 3-ը մասնագիտացված են` հոգեբուժական, ակնաբանական և մանկական: [1]

Հաշմանդամության մակարդակով բացահայտում են ազգաբնակչության պահանջը բժշկական օգնության տարբեր տեսակների նկատմամբ, որոշում հասարակական ու պետական օգնության չափերը, արտոնություններն աշխատանքում և նյութական ապահովվածությունը։ Կարևոր նշանակություն ունի հաշմանդամության պատճառների ուսումնասիրությունը։

2014թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառված է 193836 հաշմանդամություն ունեցող անձ, որից 8171-ը երեխաներ են:[2]

Հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են բնակչության 15 %-ը (1.050.000.000 մարդ): [3]

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա[խմբագրել]

Պատմական զարգացումներ[խմբագրել]

ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա

Կոնվենցիան, ի տարբերություն իր նախորդների, այն հաշմանդամություն ունեցող անձանց առաջարկում է պաշտպանության աննախադեպ մակարդակ [4]: Կոնվենցիան մանրամասնում է այն իրավունքները, որոնցից օգտվում են հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք, ինչպես նաև պետությունների և այլ մասնակիցների պարտավորությունները: 1982 թ. Գլխավոր ասամբլեան ընդունեց Հաշմանդամություն ունեցող անձանց մասին գործողությունների համաշխարհային ծրագիրը: Ծրագրով նախատեսվում էր բոլոր երկրներում, անկախ զարգացման մակարդակից, հաշմանդամություն ունեցող անձանց ամբողջական մասնակցություն և հավասարություն սոցիալական կյանքում:

1983-1992 թվականներին Գլխավոր ասամբլեան հռչակեց «Հաշմանդամություն ունեցող անձանց ՄԱԿ-ի տասնամյակ» և կոչ արեց անդամ պետություններին իրականացնել համաշխարհային ծրագիրը:

Ծրագրի իրականացման վերանայման ընթացքում (Ստոկհոլմ 1987 թ.) մասնակիցները առաջարկեցին նախագծել հաշմանդամություն ունեցող անձանց՝ մարդու իրավունքների մասին կոնվենցիա:

1991 թ.-ին Գլխավոր ասամբլեան ընդունեց «Հոգեկան հիվանդություն ունեցող անձանց պաշտպանության և հոգեբուժական օգնության բարելավման մասին» սկզբունքները: Սկզբունքները սահմանում են չափանիշներ և ընթացակարգային երաշխիքներ, ապահովում են պաշտպանություն մարդու իրավունքների խախտումների դեմ: Սկզբունքներում առկա նորարարությունները այժմ վիճահարույց են:

1992 թ.-ին Գլխավոր ասամբլեան ընդունեց Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման ստանդատ կանոնները: Ստանդարտ կանոնները միտված էին ապահովելու հաշմանդամություն ունեցող աղջիկների, տղաների, տղամարդկանց և կանանց նույն իրավունքների և պարտականությունների իրացմանը, ինչպես հաշմանդամություն չունեցողները: Դրանք դարձանկ սկզբուննքային գործիքներ ոչ միայն ՄԱԿ-ի համար, այլ նաև մի շարք պետությունների՝ ազգային օրենսդրությունը համապատասխանեցնելու համար:

2001-ի դեկտեմբերին Մեքսիկայի կառավարության առաջարկը Գլխավոր ասամբլեայում ստեղծելու հատուկ կոմիտե, որը կքննարկի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և արժանապատվությունը պաշտպանող և ապահովող ամբողջական և միասնական միջազգային կոնվենցիայի վերաբերյալ առաջարկները:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2006 թ.-ի դեկտեմբերի 13-ին կոնվենցիան ընդունելուց հետո աննախադեպ թվով երկրներ ստորագրելով կոնվենցիան և կամընտիր արձանագրությունը, ցույց տվեցին իրենց ցանկությունն ու նվիրվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարգելուն: Կոնվենցիան և կամընտիր արձանագրությունը բաց էին ստորագրման համար 2007 թվականի մարտի 30-ից:

Կամընտիր արձանագրությունը[խմբագրել]

Կամընտիր արձանագրությունը մի իրավական գործիք է, որը կապված է գոյություն ունեցող կոնվենցիայի հետ և կարգավորում է հարցեր, որոնք բավարար չեն կարգավորվում մայր կոնվենցիայի կողմից: Այն հիմնականում բաց է վավերացման կամ միացման համար միայն այն պետությունների համար, որոնք մայր կոնվենցիայի մասնակից են:

Անհատական հաղորդման ընթացակարգը կամընտիր արձանագրության մասնակից պետություններում թույլ է տալիս անհատներին և անհատների խմբերին բողոքներ ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեին, այն մասին, որ պետությունը խախտել է կոնվենցիայով նախատեսված իր պարտավորություններից որևէ մեկը: Այդ գանգատը հայտնի է որպես «հաղորդում»: Կոմիտեն ստանում է բողոքը, քննարկում, բողոքը գաղտնի ուղարկում պետությանը: Պետությունը վեց ամսվա ընթացքում ներկայացնում է խնդիրը պարզաբանող գրավոր բացատրություններ և նշում, թե ինչ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ: Այս ամենից հետո բողոքողին հնարավորություն է տրվում մեկնաբանել պետության դիտարկումը, որից հետո կոմիտեն կամ խնդրում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կամ դիտողություններ է անում և պահանջում ապահովել տեղեկատվություն՝ արդյունքում ձեռնարկած քայլերի վերաբերյալ: Այդ տեսակետները և առաջարկությունները հայտնվում են կոմիտեի` Գլխավոր ասամբլեային ուղղված հանրային զեկույցում:

Կոնվենցիան վավերացրած երկրները՝ մուգ կանաչ գույնով

Կոնվենցիայի նպատակը և ընդհանուր սկզբունքները[խմբագրել]

Կոնվենցիան ապահովում և պաշտպանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական և մշակութային կյանքում: Այն կոչ է անում ոչ խտրական վերաբերմունքի և հավասարության կրթական, առողջապահական, աշխատանքային, ընտանեկան, մշակութային, սպորտային, քաղաքական ու հասարակական կյանքին մասնակցելիս և դատարանների, ոստիկանության և այլ մարմինների հետ հարաբերություններում:

Արժանապատվությունը, անձնական անկախության նկատմամբ հարգանքը, ասարակակակն կյանքում լիակատար և արդյունավետ մասնակցությունն ու ներառականությունը, խտրականության բացառումը, հարգանքը հաշմանդամություն ունեցող անձանց տարբերությունների նկատմամբ, հնարավորությունների հավասարությունը, մատչելիությունը, կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը, հաշմանդամություն ունեցեող երեխաների զարգացող հնարավորությունների և իրենց ինքնությունը պահպանելու նրանց իրավունքի նկատմամբ հարգանքը սույն կոնվենցիայի սկզբունքներն են:

Անդամ պետությունները դրանով պարտավորվում են ընդունել համապատասխան օրենսդրություն, գործադրել համապատասխան միջոցներ խտրականությունը բացառելու համար, իրականացնել և սատարել նոր տեխնոլոգիաների վերաբերյալ հետազոտություններ և կատարելագործումներ և այլն: Ինչ վերաբերում է տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներին, յուրաքանչյուր անդամ պետություն պարտավորվում է գործադրել միջոցներ` իր առկա ռեսուրսների առավելագույնի չափով:

Կոնվենցիայի 1-ին հոդվածը ամրագրում է, որ կոնվենցիայի նպատակն է «սատարել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց մարդկային իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար և հավասար իրացումը, ինչպես նաև հարգալից վերաբերմունքը նրանց արժանապատվության նկատմամբ»:

Ընդհանուր սկզբունքները, որոնք ուղեցույց են պետությունների կամ այլ գործող անձանց համար, ութն են՝

  • հարգանք արժանապատվության, անհատի ինքնուրույնության, ներառյալ սեփական որոշումներ կայացնելու ազատությունը և անձի անկախության իրավունքի նկատմամբ
  • խտրականության բացառում,
  • ներգրավվածություն,
  • հարգանք հաշմանդամություն ունեցող անձանց յուրահատուկ լինելու նկատմամբ և նրանց` որպես մարդկային բազմազանության և մարդկության մաս ընդունելը, հնարավորությունների հավասարություն,
  • մատչելիություն,
  • հավասարություն տղամարդկանց և կանանց միջև, և
  • հարգանք հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող հնարավորությունների և իրենց ինքնությունը պահպանելու իրավունքի նկատմամբ:

Իրավունքները[խմբագրել]

Կոնվենցիան ընդունում է, որ որոշ մարդիկ խտրականության կարող են ենթարկվել ոչ միայն իրենց հաշմանդամության պատճառով, այլև սեռի, տարիքի, էթնիկ ծագման և/կամ այլ հիմքերով: Կոնվենցիան նման դեպքերի համար երկու հոդված է նվիրել հատուկ խմբերի՝ հաշմանդամություն ունեցող կանանց և երեխաներին:

Կոնվենցիայով հստակ սահմանված իրավունքներն են.

  • առանց խտրականության օրենքի առջև հավասարությունը,
  • անձի կյանքի, ազատության և անվտանգության իրավունքը,
  • օրենքով հավասարապես ճանաչումը և իրավունակությունը,
  • խոշտանգումների չենթարկվելը,
  • շահագործման, բռնությունների և չարաշահումների չենթարկվելը,
  • ֆիզիկական և մտավոր ամբողջականությունը հարգելու իրավունքը,
  • „ազատ տեղաշարժվելը և քաղաքացիություն ընտրելը,
  • հասարակական կյանքով ապրելու իրավունքը,
  • արտահայտվելու և սեփական կարծիք ունենալու իրավունքը,
  • անձնական կյանքի գաղտնիությունը հարգելը,
  • տան և ընտանիքի նկատմամբ հարգանքը,
  • կրթության իրավունքը,
  • առողջության իրավունքը,
  • աշխատանքի իրավունքը,
  • „կյանքի բավարար պայմաններ ունենալու իրավունքը,
  • քաղաքական և հասարակական կյանքին մասնակցելու իրավունքը,
  • մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը:

Կոնվենցիան կենտրոնանում է այն գործողությունների վրա, որոնք ձեռնարկում են պետությունները, որպեսզի ապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց համար այս իրավունքների օգտվելը մյուսների հետ հավասար հիմունքներով: Վերոնշյալ իրավունքների իրացման համար կոնվենցիան պարտավորեցնում է մասնակից պետություններին ապահովել համապատասխան միջավայր, որը հնարավորություն կտա, որ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեքորեն օգտվեն իրենց իրավունքներից` մյուսների հետ հավասար հիմունքներով:

Հայաստանը և կոնվենցիան[խմբագրել]

ունեցող քաղաքացիները, մի շարք ՀԿ-ներ «Երևանը նաև իմ քաղաքն է» ակցիայի ժամանակ

2010 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց կոնվենցիան[5], որն ուժի մեջ մտավ 2010 թվականի հոկտեմբերի 22-ին: Սույն կոնվենցիան, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, վավերացնելու և հաստատվելուց հետո դարձել է ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս: Սույն հոդվածի համաձայն, եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ՀՀ-ն դեռևս չի վավերացրել Կամընտրի արձանագրության վավերացումը, ինչպես նշվում է 2012 թ. ՀՀ կառավարության կողմից ներկայացված սկզբնական համապարփակ զեկույցում [6], մնում է պետական քաղաքականության օրակարգում և այն կիրականացվի առաջիկա տարիներին՝ պայմանների էական բարելավումից հետո:

2012թ. ՀՀ կառավարության կողմից ներկայացված սկզբնական զեկույցի վերաբերյալ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը[7] և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կազմել են այլընտրանքային զեկույց [8], որը ներառում է Կոնվենցիայի կոնկրետ հոդվածների վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և հաշմանդամություն ունեցող անձանց դիրքորոշումներն ու նկատառումները: Այլընտրանքային զեկույցում ներկայացվել են իրավական դաշտի բացերը, պետության կողմից իրականացված և չիրականացված պարտավորություններն ու հստակ խախտումներ: Վերջիններիս լուծման համար այլընտրանքային զեկույցի հեղինակները յուրաքանչյուրի համար առանձին դիտարկումներ և առաջարկներ են ներկայացրել:

Մատչելիություն[խմբագրել]

Մատչելի միջավայրի օրինակ

Հաշմանդամություն ունեցող մարդկանց անկախ ապրելու և հասարակական կյանքին մասնակցելու հնարավորություն տալու նպատակով անհրաժեշտություն է ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների, շենքերի և այլ ծառայությունների մատչելիությունը: «Հայաստանի հանրապետությունում Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին»[9] ՀՀ օրենքի համաձայն, «չի թույլատրվում բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի շրջանների ձևավորումը, նախագծային լուծումների մշակումը, շենքերի, կառույցների, ներառյալ օդանավակայանների և երկաթուղային կայանների շինարարությունն ու վերակառուցումը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, այդ թվում անհատական, կապի և տեղեկատվության միջոցների մշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության և օգտագործման համար հարմարեցված չեն»:


Միջավայրային մատչելիություն[խմբագրել]

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան սահմանել է «Համընդհանուր դիզայն» [10] տերմինը, որը նշանակում է ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայն: Այն առավելագույնս օգտագործելի է դարձնում բոլոր մարդկանց համար` առանց շտկումների ու մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության: «Համընդհանուր դիզայնը» չպետք է բացառի օժանդակ հարմարանքները հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար, եթե դրա անհրաժեշտությունը կա:

ՀՀ-ում հասարակական, բնակելի, արտադրական շենքերի նախագծման և վերակառուցման դեպքում, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարկավոր է նախատեսել բնակչության մնացած խմբերին համահավասար կենսագործունեության պահմաններ: Մատչելիության նորմերն էլ սահմանված են ՀՀ քաղաքաշինության նախարարի ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատման մասին հրամանով:

Թեքահարթակներ[խմբագրել]

Թեքահարթակի օրինակ՝ մատչելի նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց

Շենքերում պետք է լինի հարմարեցված առնվազն մեկ մուտք: Արտաքին սանդուղքներն ու թեքահարթակները պետք է ունենան բռնաձողեր՝ գործող նորմատիվային փաստաթղթերին համապատասխան: Շենքի հիմնական մոտեցումներում սանդուղների 2,5 մ-ից ավելի լայնության դեպքում հարկավոր է նախատեսել բաժանիչ բռնաձողեր: Մատչելի մուտքերը պետք է ունենան շվաքարան և ջրահեռացում՝ կախված տեղական կլիմայական պայմաններից: Ստորգետնյա և վերգետնյա անցումների առկայության դեպքում, դրանք անհրաժեշտ է սարքավորել թեքահարթակներով կամ վերամբարձ սարքվածքներով: Թեքահարթակների համար որպես ծածկույթ չի թույլատրվում լցովի կամ խոշորկառուցվածքային նյութերի օգտագործումը, ինչը կխոչըդոտի թիկնաթոռ-սայլակներով տեղաշարժվելուն: Բետոնե սալերից ծածկույթները պետք է լինեն հարթ, իսկ նրանց միջև կարանների լայնությունը ՝ 0,015մ-ից ոչ ավելի: Սանդուղքներրը պետք է կրկնակվեն թեքահարթակներով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բարձրանալու այլ միջոցներով: Երթևեկության ուղիներում դռների բացվածքներից ու թեքահարթակներից առաջ պետք է ունենան նախազգուշացնող ակոսավոր և/կամ հակադրական գույներով ներկված մակերևույթ: Թույլատրվում է լուսային փարոսիկների կիրառումը:

Թեքահարթակի առավելագույն բարձրությունը չպետք է գերազանցի 0,8 մետրը 8% անկյան դեպքում [11]:

Դռներ[խմբագրել]

Պատերում դռների և բացվածքների լայնությունը չպետք է լինի 0,9 մ-ից պակաս: Դռների բացվածքները չպետք է ունենան շեմ և հատակի բարրձրությունների անկում: Թափանցիկ դռները և ցանկապատերը հարկավոր է իրագործել հարվածներին դիմացկուն նյութից: Թափանցիկ փեղղկերի վրա հարկավոր է մակնշում ավելացնել, որը պետք է լինի հակադրական գույներով: Չի թույլատրվում պտտվող դռների և տուրնիկետների տեղադրում: Ցանկալի է, որ դռները լինեն կոճակով կամ ավտոմատ կառավարմամբ,որոնց բացվել-փակվելու տևողությունը պետք է լինի 5 վայրկյանից ոչ պակաս, որպեսզի անվասայլակով տեղաշարժվող անձը կարողանա անցնել: Ոչ ավտոմատ դռների դեպքում պետք է հաշվի առնել նաև դռների ծանրությունը, որի առավելագույն ուժը պետք է լինի 2,5 կգ:

Աստիճաններ[խմբագրել]

Արտաքին սանդուղքների բոլոր աստիճանները մեկ սանդղաբազկի սահմաններում պետք է լինեն միանման սանդղամատի լայնության և աստիճանների բարձրության չափսերի։ Արտաքին աստիճանների լայնական թեքությունը պետք է լինի 1-2 %-ի սահմաններում։ Բնակչության սակավաշարժուն խմբերի երթևեկության ուղիներում սանդուղքների աստիճանները պետք է լինեն հոծ, հարթ, առանց ելուստների մակերևույթով։ Աստիճանի կողը պետք է ունենա 0,05 մ ոչ ավելի շառավղով կլորացում։ Պատերին չհարվող աստիճանների կողեզրերը պետք է ունենան 0,02 մ ոչ պակաս բարձրությամբ կողիկներ։ Բոլոր սանդուղքների երկու կողմերի երկայնքով անհրաժեշտ է տեղադրել բռնաձողերով պատնեշներ։ Սանդուղքների բռնաձողերը հարկավոր է տեղադրել մոտ - 0,9 մ բարձրության վրա, իսկ նախադպրոցական հիմնարկներում նաև 0,5 մ բարձրության վրա։ Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար բոլոր աստիճանները պետք է եզրագծված լինեն դեղինով:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հաճախ տրվող հարցեր
  2. Հաշվառված հաշմանդամների թվաքանակը 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին
  3. World report on disability
  4. Հաշմանդամություն. բացառումից դեպի հավասարություն
  5. ՀՀ օրենքը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին
  6. 2012 թ. ՀՀ կառավարության կողմից ներկայացված սկզբնական համապարփակ զեկույց
  7. [ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միություն
  8. ՄԻՊ-ի և Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշին միության կազմած զեկույց
  9. Հայաստանի Հանրապետությունում Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենք
  10. Ընհանուր դիզայն
  11. ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺՈՒՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ[խմբագրել]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png