Հարկադիր աշխատանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարկադիր աշխատանք, դասակարգային հակամարտ ֆորմացիաներին բնորոշ աշխատանքի հասարակական ձև, երբ աշխատավորն իր հավելյալ աշխատանքն առանց համարժեքի ստիպողաբար տալիս է իշխող դասակարգերին։ Ծագել է արտադրամիջոցների մասնավոր սեփականության և դասակարգերի առաջացման հետևանքով։ Դրա նախնական ձևը ստրկատիրությունն էր, երբ արտադրամիջոցների հետ մասնավոր սեփականություն դարձավ նաև անմիջական արտադրողը։ Հարկադիր աշխատանքի հաջորդ, ֆեոդալական-ճորտատիրական ձևը հիմնվում էր արտադրողին ֆեոդալի հողին ամրացնելու վրա։ Այս երկու ձևերին բնորոշ էր անձնական կախման միջոցով աշխատանքի ուղղակի և անմիջական հարկադրումը։ Կապիտալիզմի պայմաններում վարձու բանվորն իրավաբանորեն (ձևական) ազատ է, սակայն, զրկված լինելով արտադրամիջոցներից, իր գոյությունը պահպանելու համար ստիպված վաճառում է սեփական միակ ապրանքը՝ աշխատուժը։ Այն գործադրելու ընթացքում նա հավելյալ աշխատանքի ձևով հարկադիր աշխատանք է կատարում կապիտալիստի համար։ Կապիտալիզմը պահպանում և վերարտադրում է հարկադիր աշխատանքի բոլոր նախկին ձևերը հատկապես գաղութային և կախյալ երկրներում։ ժամանակակից իմպերիալիստական տերություններում հարկադիր աշխատանք արտահայտվում է նաև վարձատրության մեջ՝ ռասայական, ազգային, սեռատարիքային խտրականության քաղաքականության միջոցով։ Աշխատանքի հարկադիր բնույթը վերանում է կոմունիստական արտադրաեղանակի առաջին փուլում՝ սոցիալիզմի օրոք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png