Հայաստանի ազգային գրադարան
Երկիր | Հայաստան[1] |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան |
Հիմնվել է | 1832 |
Տեղադրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Հասցե | Տերյան փող. 72[1] |
Այլ տվյալներ | |
Տնօրեն | Աննա Չուլյան |
Կայք | nla.am(հայ.), nla.am/en/(անգլ.) և nla.am/ru/(ռուս.) |
Հայաստանի ազգային գրադարան, աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցը։ Հայաստանի ազգային գրադարանը հիմնադրվել և պետական կարգավիճակ է ստացել 1919 թվականի հուլիսի 4-ին։ Գտնվում է Աբովյանի պուրակի հարևանությամբ, Տերյան 72 հասցեում։ 2020 թվականի օգոստոսի 21-ից Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն է ընտրվել Աննա Չուլյանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի ազգային գրադարանը Հայաստանի գլխավոր գրադարանն է՝ գիտակրթական, մշակութային, տեղեկատվական խոշոր հաստատություն, որը հավաքում, պահպանում և սպասարկում է տպագիր արտադրանքի տարբեր տեսակներ (գիրք, ամսագիր, թերթ, քարտեզ, պլակատ, ատենախոսություն, նոտա, ձայնապնակ, դրամ, բացիկ, բուկլետ, բրոշյուր և այլն)։ Ազգային գրադարանը գրադարանագիտական, մատենագիտական, մեթոդական, միջգրադարանային բաժնույթի, տեղեկատվության և գրքափոխանակության, տպագիր արտադրանքի թվայնացման համապետական կենտրոն է։
Ազգային գրադարանի հավաքածուները ձևավորվել են պետական, հասարակական, գիտական և մշակութային նշանավոր գործիչների անձնական գրադարանների, կրթական և ուսումնական հաստատությունների հավաքածուների և նվիրատվությունների հիման վրա[2]։
Հայաստանի ազգային գրադարանի պատմության սկիզբը համարվում է 1832 թվականին, երբ հիմնադրվում է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը։ Հայաստանի Մինիստրների Խորհրդի նիստում ընդունված «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով գրադարանը ստանում է պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ։ 1919-1921 թվականներին գրադարանի առաջին տնօրեն Ստեփան Կանայանի ջանքերով հաջողվում է հավաքել, գնել և ժողովել Թիֆլիսի, Բաքվի, Ախալցխայի և Կարսի հայկական կազմակերպությունների, ընկերությունների, ուսումնական հաստատությունների գրադարանները և դրանք տեղափոխել Երևան։ Գրադարանը տեղավորված է 4 մասնաշենքում։ Ամենահինը Ալ. Թամանյանի նախագծած գլխավոր մասնաշենքն է (1939 թվական)։ Թամանյանական մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել են Խորհրդային Հայաստանի կառավարությունը և «Գրիգոր և Կարապետ Մելքոնյան» հիմնադրամը[3]։ Այնուհետև շենքը հիմնանորոգվել է 2008-2011-ին՝ այս անգամ Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ։
1924 թվականից գրադարանը ստանում է Հայաստանում լույս ընծայվող տպագիր արտադրանքի պարտադիր անվճար օրինակներ։ 1925-1991 թվականներին գրադարանը ստացել է ԽՍՀՄ-ում լույս տեսնող գրականության պարտադիր օրինակները։
- 1982 թվականին գրադարանը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով։
- 1999 թվականից հուլիսի 4-ը նշվում է որպես Հայաստանի Ազգային գրադարանի օր։
- 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց Գրատպության թանգարանը՝ տպագրության պատմությունն արտացոլելով վեց սրահներում։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է գրատպության պատմությունը ներկայացնող ցուցանմուշներ՝ հնատիպ գրքեր, կլիշեներ, տպագրական մեքենաներ և այլն։
- 2019 թվականին նշվեց Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 100-ամյակը։
Առաջին հավաքածուները, որոնց հիմքի վրա ձևավորվում են գրադարանի հավաքածուները , հայ պետական, հասարակական և մշակութային գործիչներ Ալեքսանդր Մյասնիկյանի, Ն. Արղությանի, Բ. Ղորղանյանի, Լեոյի անձնական գրադարաններն էին, Ներսիսյան դպրոցի և այլ ազգային, մշակութային, ուսումնական հաստատությունների հավաքածուները։
Գրադարանի հարուստ հավաքածուներում առանձնանում են հայերեն առաջին տպագիր գիրքը «Ուրբաթագիրքը» (1512, Վենետիկ), առաջին պարբերականը «Ազդարարը» (179), Մադրաս), առաջին տպագիր քարտեզը «Համատարած աշխարհացոյցը» (1695, Ամստերդամ)։ Գրադարանի գործառույթները բազմապիսի են՝ ընթերցողների սպասարկում, տպագիր նյութի համալրում, մշակում, պահպանում, թվայնացում, մատենագիտական հետազոտական աշխատանքներ, որոնք արժևորում են գրադարանը՝ որպես գիտական կառույց։ Գրադարանի ընթերցողական շրջանակը շատ լայն է։ Տարբեր տարիներին գրադարան են հաճախել հայ անվանի գրողներ Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Պարույր Սևակը, Նաիրի Զարյանը, հայտնի գիտնականներ Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Մերգելյանը, Ջոն Կիրակոսյանը, Էդվարդ Ջրբաշյանը և շատ ուրիշներ։
Հայաստանի ազգային գրադարանը տարբեր տարիներին տարբեր անուններ է ունեցել
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1919-1921 թթ. Հայաստանի Հանրային կրթության նախարարության պետական Հանրային գրադարան
- 1921-1946 թթ. ՀՍՍՌ Լուսավորության ժողովրդական մինիստրության կոմիսարիատի պետական հանրային գրադարան
- 1946-1953 թթ. ՀՍՍՌ Մինիստրների սովետին կից կուլտուր–լուսավորչական հիմնարկների գործերի կոմիտեի Ալ. Մյասնիկյանի անվան պետական հանրային գրադարան
- 1953-1967 թթ. ՀՍՍՌ Կուլտուրայի մինիստրության կուլտուր-լուսավորչական հիմնարկների վարչության Ալ. Մյասնիկյանի անվան պետական հանրապետական գրադարան
- 1967-1990 թթ. ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության Ալ. Մյասնիկյանի անվան պետական հանրապետական գրադարան
- 1990-1995 թթ. ՀՀ մշակույթի նախարարության Հայաստանի ազգային գրադարան
- 1995-2003 թթ. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Հայաստանի ազգային գրադարան
- 2003-2007 թթ. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ
- 2007-2019 թթ. ՀՀ մշակույթի նախարարության «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ
- 2019 թ. առ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեփան Կանայան (1919-1922)[5]
- Երվանդ Թաղիանոսյան (1922-1928)[6]
- Մամիկոն Գևորգյան (1928-1931)[7][8]
- Ազատ Մարտիկյան (1931-1936)
- Թեմզա Զաքարյան (1936-1937)[9]
- Աղավնի Ստեփանյան (1937-1953)[10][11]
- Արմենակ Միրզոյան (1953-1956)
- Արազի Թիրաբյան (1956-1989)[12]
- Հենրիկ Լիլոյան (1989-1991)[13]
- Ռաֆայել Իշխանյան (1991-1995)[14]
- Գևորգ Տեր-Վարդանյան (1995-1998)[14]
- Դավիթ Սարգսյան (1998-2011)[15]
- Տիգրան Զարգարյան (2011-2019)[16][17]
- Հրաչյա Սարիբեկյան (Ժ.Պ. 2019-2020)[18]
- Աննա Չուլյան (2020 օգոստոսի 21-ից)[19][20]
ՀԱԳ բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համալրման բաժին
- Համագործակցության և գրքափոխանակության բաժին
- Հայերեն գրականության մշակման բաժին
- Օտարալեզու գրականության մշակման բաժին
- Գլխավոր գրապահոց
- Սպասարկման բաժին
- Անձեռնմխելի գրականության բաժին
- Արվեստի բաժին
- Մատենագիտության և գրադարանագիտության բաժին
- Հանրային կապերի բաժին
- Հրատարակությունների գրանցման և ինդեքսավորման բաժին
- Գրականության հանրահռչակման բաժին
- Գրադարանային ԳՐԻԴ տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոն
- Տպագիր արտադրանքի վերականգնման բաժին
- Արտաքին կապերի բաժին
- Գրատպության թանգարան
Գլխավոր գրապահոց[22]
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր գրապահոցը Ազգային գրադարանի ամենամեծ ֆոնդապահ բաժինն է, որն իրականացնում է համալիր աշխատանքներ՝ բաժնի հավաքածուները[23] ձևավորելու և պահպանելու նպատակով, սպասարկում գրադարանի ընթերցողներին և աշխատակիցներին։ Գրադարանի ընթերցողների գրականության պահանջները գրապահոցը բավարարում է հիմնականում Սպասարկման բաժնի ընթերցասրահների միջոցով։
Բաժնի ֆոնդերը ձևավորվել են տասնամյակների ընթացքում՝ անհատների, հաստատությունների, կազմակերպությունների, նվիրատվությունների, գնումների, պարտադիր անվճար և վճարովի միավորների ձեռքբերման, ինչպես նաև Ազգային գրադարանի և այլ հաստատությունների, գրադարանների հետ գրքափոխանակության միջոցով։
Գլխավոր գրապահոցում առկա է ավելի քան 100 լեզուներով տպագիր արտադրանք՝ գրքեր, հանդեսներ, լրագրեր, շարունակվող հրատարակություններ, սեղմագրեր[5], բրայլյան գրով գրականություն, ինչպես նաև տեղեկույթի կրիչներ՝ մանրաժապավեններ և մանրացույցներ։ Բաժնի ֆոնդը միատարր չէ ։ Այն բազմաճյուղ է՝ ըստ բովանդակության, բազմատիպ է՝ ըստ հրատարակչական ձևերի, սահմանափակված չէ աշխարհագրական, լեզվական կամ ժամանակագրական որևէ շրջանով։
Բաժնի հավաքածուները դասավորված են թամանյանական, միջանկյալ և բարձրահարկ մասնաշենքերում։ Գլխավոր գրապահոցում պահպանվող ամենահին հանդեսը 1843 թվականին հրատարակված «Բազմավեպն[23]» է, իսկ լրագիրը՝ «Մեղու Հայաստանի»-ն[24]՝ հրատարակված 1862 թվականին։ Հայերեն գրականության ֆոնդը ամբողջությամբ վերահաշվառվել և մուտքագրվել է Հայաստանի գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակ՝ «ԿՈՀԱ»[25] ծրագրով և 2024 հունվարի 1-ի դրությամբ կազմում է 656.239 միավոր, իսկ ռուսերեն և օտարալեզու ֆոնդերի հաշվառման և մուտքագրման գործընթացը շարունակվում է։
Արվեստի բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի ազգային գրադարանի արվեստի բաժինը մասնագիտացված, բազմաբնույթ գործառույթ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում է։ Բաժինը կազմված է երկու ենթաբաժնից՝ կերպարվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների և նոտային–երաժշտական գրականության ենթաբաժիններից։
Բաժինը իրականացնում է մշակույթի և արվեստի աշխատողների, ինչպես նաև քարտեզագրությամբ զբաղվող մասնագետների, համապատասխան ուսումնական հաստատությունների և ֆակուլտետների դասախոսների, ուսանողների, արվեստով հետաքրքրվող անձանց և ստաղծագործական խմբերի գրադարանային-մատենագիտական սպասարկումը[26]։
Արվեստի բաժինը մեթոդական օգնություն է ցույց տալիս և համագործակցում է հանրապետության մշակութային տարբեր հիմնարկությունների, ուսումնական հաստատությունների, մյուս գրադարանների, մշակույթի ճանաչված գործիչների, արվեստագետների հետ։ Աշխատանք է կատարում արվեստագիտական գրականության, արվեստի և քարտեզագրական նյութերի մշակման, հանրահռչակման, հավաքածուների, գրացուցակների և քարտարանների կազմակերպման, ազգաբնակչության գեղագիտական դաստիարակության ուղղությամբ, ինչպես նաև մասնակցում է ընթերցողների մեջ ազգային և համաշխարհային մշակույթի նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը և գրականության ուսումնասիրմանը[27]։
Բաժնի գործառույթները բազմաբնույթ են։ Այստեղ իրականացվում են գրքային և որ գրքային հրատարակությորնների գիտական մշակումը, կատալոգների և քարտարանների կազմումը, ինչպեն նաև մատենագիտական աշխատանքներ։ Արվեստի բաժինը մասնակցում է համալրման գործընթացին, կատարում է սպասարկում, կազմակերպում ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, հանրային դասախոսություններ, քննարկումներ, շրջայցեր և այլ մշակութային միջոցառումներ։
Արվեստի բաժինն ունի 3 ընթերցասրահ՝ որից երկուսը կերպարվեստի ենթաբաժնում և մեկը՝ նոտային երաժշտական ենթաբաժնում և լսարան։ Ընթերցասրահները և լսարանը նախատեսված են 20 ընթերցողական տեղի համար։ Ընթերցողները կարող են օգտվել բաժնի ֆոնդը արտացոլող տարբեր գրացուցակներից և քարտարաններից։
Նոտային-երաժշտական գրականության ենթաբաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեզ հասած հայ երաժշտական մշակույթի ամենավաղ նմուշները կապված են ֆոլկլորի և հոգևոր երգեցողության հետ։ Սերնդից սերունդ նրանք փոխանցում էին բանավոր ձևով կամ ձեռագրերի միջոցով և այդ պատճառով նրանց որոշ մասը մեզ չի հասել։ 1512 թվականին հայ տպագիր գրքի ստեղծումը ապահովեց տպագիր մշակույթի շնորհիվ պահպանել Մեսրոպ Մաշտոցի,Նարեկացու,Ներսես Շնորհալու և մի շարք մեծ հայ այրերի հոգևոր երաժշտական ժառանգությունը։ 19-րդ դարում հայ երաժշտական մշակույթը մեծ վերելք է ապրել և այդ ժամանակաշրջանում ծնվում և ստեղծագործում են հայ ականավոր կոմպոզիտորներ Քրիստափոր Կարա Մուրզան, Մակար Եկմալյանը, Կոմիտասը։ Նրանց ստեղծագործությունների հետ միասին հայ երաժշտական արվեստում սկիզբ է առնում բազմաձայնությունը, որը նոր երանգ և հնչեղություն է հաղորդում հատկապես հոգևոր երգեցողությանը։ Այդ երաժշտական գոհարները տպագրվելուց հետո իրենց պատշաճ տեղն են զբաղեցնում ազգային գրադարանի հավաքածուում։ Երբ 1832թ հիմնվեց Հանրային գրադարանը,որի հավաքածուի մեջ պահպանվում էր որոշ քանակով նաև նոտային-երաժշտական գրականություն։ Մոտավորապես 100 տարի անց՝ 1928թ գրադարանի այն ժամանակվա փոխտնօրեն՝ երաժշտագետ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, Միջազգային երաժշտական ընկերության Կովկասյան ճյուղի նախագահ Բարսեղ Ղորղանյանը (Корганов)՝ ելնելով արտասահմանյան գրադարանների փորձից, նախաձեռնում է երաժշտական գրականության անջատումը ընդհանուր հավաքածուից՝ նպատակ ունենալով գրադարանի ներսում ստեղծել հատուկ մասնագիտացված բաժին։ Այդ որոշման անհրաժեշտությունը և նպատակայնությունը թելադրված էր նրանով, որ նոտագրաֆիկ հրատարակությունների հետ տարվող աշխատանքները պահանջում էին ոչ միայն գրադարանային, այլև նաև երաժշտական մասնագիտական գիտելիքներ, նյութերի մշակման, սպասարկման և պահպանման հատուկ ձևեր։
Այսպես ստեղծվեց նոտային-երաժշտական գրականության կաբինետը, որը հետագայում Նիկոլայ Թեյմուրազյանի ջանքերով վերածվեց բաժնի։ Թեյմուրազյանը մեծ դեր է ունեցել բաժնի հավաքածուի համալրման մեջ։
Իր գործունեության ընթացքում ենթաբաժինը պատրաստել և տպագրել է 6 մատենագիտություն հայ ականավոր գործիչների մասին։
Հայաստանի ազգային գրադարանի արվեստի բաժինը համալրված է հարուստ և բազմաբովանդակ հավաքածուներով։ Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ֆոնդը 01-01-2023 թ. դրությամբ կազմում է 360690 միավոր, որից՝ հայերեն- 55645 միավոր, ռուսերեն – 235641 միավոր, այլալեզու- 69404 միավոր։
Արվեստի ենթաբաժնում առկա է գրքային հարուստ հավաքածու և ոչ գրքային հրատարակություններ՝ ատլասներ, ազդագրեր, պաստառներ, բացիկներ, բնօրինակ նկարներ, լուսանկարներ, քարտեզներ, օրացույցներ, դիդակտիկ նյութեր, կիրառական գրաֆիկայի նյութեր և այլ մանր թերթիկային նյութեր, իսկ նոտային և երաժշտության ենթաբաժնում պահպանվում է 128000-ից ավել նոտային գրականություն, վինիլային ձայնասկավառակներ, էլեկտրոնային կրիչներ, երաժշտական գրականություն, պարբերական հրատարակություններ, տեղեկատու նյութեր տարբեր լեզուներով, լուսանկարներ և ալբոմներ։ Այս բոլոր նյութերը ակտիվորեն նպաստում են երաժշտական մշակույթի զարգացմանը։ Հարկ է նշել,որ Հայաստանի ազգային գրադարանի երաժշտական հավաքածուն առաջինն է և գլխավորը հանրապետությունում[28]։
Բաժնի գանձերից են հայկական երկու Մեծ Պատարագների հազվագյուտ հայտնի հրատարակություններ՝ Մ.Եկմալյանի (1896 Լայպցիգ-Վիեննա), որը տպագրված է «Breitkopf und Hдrtel» հրատարակությունում։
Առանձին կարելի է նշել Կոմիտասի պատարագի փարիզյան (1933թ.) հրատարակությունը և նրա ազգագրական ժառանգությունը,
19-րդ դարի վերջում տպագրված շարակնոցները, որոնք պարունակում են հոգևոր երաժշտական մշակույթի առաջին նմուշները՝ տաղերը։
«Ձայնագրյալ շարական հոգևոր Երգոց Սուրբ և ուղղափառ առաքելական եկեղեցիոցս Հայաստանեաց» (Վաղարշապատ,1875թ.) և «Ձայնքաղ շարական,յորոմ բովանդակին հոգենուագ պաշտօնեայց ի փառաբանութին Աստուածոյ եւ ի մեծարանս Սրբոյ Նորա» (Վաղարշապատ,1888թ)։ Այս շարականները հազվագյուտ են ոչ միայն իրենց բովանդակությամբ և նորագրությամբ,այլ նրանով,որ Մեծ Եղեռնի ժամանակ դրանց մեծ մասը անվերադարձ կործանվել է գաղթի ճանապարհներին[29]։
ՀԱԳ ընթերցասրահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիտական և ընթացիկ մամուլի ընթերցասրահ
- Ընդհանուր ընթերցասրահ
- Ատենախոսությունների և սեղմագրերի ընթերցասրահ
- Անձեռնմխելի գրականության բաժնի ընթերցասրահ
- Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ընթերցասրահ
- Նոտային-երաժշտական գրականության ենթաբաժնի ընթերցասրահ
- Տեղեկատու-մատենագիտության ենթաբաժնի ընթերցասրահ
- «Արև» (կույրերի և տեսողական խնդիրներ ունեցողների) ընթերցասրահ
Գրատպության թանգարան[30]
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի Գրատպության թանգարանը:
Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի վեց սրահներում։
Գրի ակունքներ սրահում ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ։
Հայոց այբուբենը սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը։
Հայ գրատպության առաջնեկները սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512 թ.), Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666-1668 թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695 թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-1796 թթ.):
Հայկական գրատպության սփյուռքը սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր։ Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը։
Գրահրատարակչություն սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ։
Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը։
Գրի հավերժությունը սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ։ Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր[32]։
Արտաքին կապեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության արտաքին կապերի բաժինը Հայաստանի ազգային գրադարանի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկն է, որի հիմնական գործառույթներից է Հայաստանի ազգային գրադարանի համագործակցության ապահվումը ներպետական և օտարերկրյա ազգային, պետական, համալսարանական գրադարանների ու միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանի ինտեգրումը համաշխարհային գիտակրթական և մշակութային գործընթացներին։
Արտաքին կապերի բաժնի գործունեությունը ապահովում է Հայաստանի ազգային գրադարանի և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդումը։ Բաժինը զբաղվում է Հայաստանի ազգային գրադարանի գործունեության և ճանաչման շրջանակի ընդլայման մի շարք խնդիրների լուծմամբ, ինչպիսիք են՝
- Հայաստանի ազգային գրադարանի արտաքին կապերի զարգացման ռազմավարության մշակում,
- Գործընկեր գրադարանների և միջազգային կազմակերպությունների հետ պայմանագրերի և հուշագրերի կնքման գործընթացի պատրաստում ու վերահսկում,
- Գործընկեր գրադարանների հետ համագործակցության և միջազգային կապերի հետագա ընդլայնմանը ուղղված նամակների և գրությունների պատրաստում,
- Միջազգային դրամաշնորհային ծրագրերին գրադարանի մասնակցության հեռանկարի վերլուծություն ու մասնակցության ապահովում,
- Հայաստանի ազգային գրադարանի գիտական և մշակութային ձեռքբերումների ներկայացում օտարերկրյա և ներպետական գործընկերներին,
- Գործընկեր գրադարանների հետ համատեղ գիտական և մշակութային ծրագրերի իրականացում։
Համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի ազգային գրադարանը համագործակցում է աշխարհի 40 երկրների 160 կազմակերպությունների, գրադարանների և անհատների հետ։ ՀԱԳ-ի միջազգային գրքափոխանակության մշտական գործընկերներն են Ռուսաստանի ազգային գրադարանը, Ռուսաստանի պետական գրադարանը, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը, Անգլիայի, Ֆրանսիայի, Իրանի, Կորեայի, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Բելառուսի, Ճապոնիայի և այլ երկրների ազգային և համալսարանական գրադարանները։
Գրադարանը անդամագրված է Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն (IFLA) կազմակերպությանը։
Ազգային գրադարանը անդամագրված և մասնակցում է Եվրոպայի ազգային գրադարանավարների համաժողովի (CENL[33]) աշխատանքներին։
Ազգային գրադարանը 1992թ. ստեղծված Եվրասիայի գրադարանային վեհաժողով (ռուս.՝ БАЕ) կազմակերպության հիմնադիր անդամներից է։ Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ներկայումս БАЕ-ի փոխնախագահն է։ 2024 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի ազգային գրադարանի «Ժառանգության պահպանություն հանուն կայուն ապագայի» միջազգային երկրորդ գիտաժողովի շրջանակում Ազգային գրադարանում տեղի ունեցավ Եվրասիայի գրադարանային վեհաժողովի անդամների 28-րդ նստաշրջանը։
Գրադարանը համագործակցում է նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), Մետաքսի ճանապարհ գրադարանների միջազգային դաշինք (SRILA), Հասանելի ձևաչափով գրքերի կոնսորցիում (ABC) միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ։
Գրքերի հավաքանին
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի հունվարի 1-ի տվյալներով գրադարանի հավաքածուն կազմում է 6.790 184 միավոր, որից գործող հավաքածուն՝ 6.489.919 միավոր, գրքափոխանակության հավաքածուն՝ 169.335 միավոր։ Գրադարանի հավաքածուն 2022 թվականին համալրվել է 68014 միավոր գրականությամբ, որից հայերեն՝ 46686 միավոր, ռուսերեն՝ 14271 միավոր, այլ լեզուներով՝ 7057 միավոր։ Ամենահին գիրքն Ուրբաթագիրքն է։ Այն առաջին հայկական տպագիր գիրքն է (Վենետիկ, 1512) և տպագրվել է Հակոբ Մեղապարտի կողմից։ Գրադարանում պահվում են նաև Մեղապատի կողմից տպագրված բազմաթիվ այլ գրքեր՝ Պատարագատետրը (պատճեն), Պարզատումարը, Տաղարանը, Աղթարքը (պատճեն)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Գրադարանային գործի պատմությունը Հայաստանում։ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Հ.1,1920-1940, Հ.2, 1941-1960. Երևան: Հայաստան. 1983-1984.
- ↑ «Մելքոնյան եղբայրները և Ազգային գրադարանը». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Facebook». www.facebook.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 5,0 5,1 Նահապետյան, Սուսանա (2019 թ․ հուլիսի 24). «ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏՆՕՐԵՆ ՍՏԵՓԱՆ ԿԱՆԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ». Բանբեր Հայաստանի գրադարանների. 5 (1): 2–27. ISSN 1829-4685. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Հայաստանի Ազգային գրադարան; Ղազարյան, Ռաֆիկ Արշալույսի; Սարգսյան, Դավիթ Մկրտչի; Մշակույթի նախարարություն ՀՀ, eds. (2007). Հայաստանի ազգային գրադարան 175։ 1832-2007։ Ուղեցույց. Երևան: Գիրք. ISBN 978-99930-65-48-7.
- ↑ «H. P. journal». www.flib.sci.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Ղազարյան, Ռաֆիկ (2008 թ․ դեկտեմբերի 5). «Մամիկոն Գևորգյան». Պատմա-բանասիրական հանդես (3): 295–302. ISSN 0135-0536. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Հայաստանի Ազգային գրադարան, ed. (2009). Հայաստանի Ազգային գրադարան։ Պետական կարգավիճակ ստանալու 90 ամյակ:1919-2009 հուլիսի 4։ Համառոտ ուղեցույց. Երևան: Ա. հ.
- ↑ Գրիգորյան, Ս Հ; Ղազարյան, Ռ Ա; Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան; Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, eds. (2007). Հայաստանի ազգային գրադարանի պատմության ուրվագծեր։ 1832-1925. Երևան: Գիրք. ISBN 978-99930-65-49-4.
- ↑ Казарян, Айкануш; Аргутян, Ани (01.01.2020). «Замдиректор НБА». Вестник библиотечной ассамблеи Евразии. Վերցված է 01.01.2020-ին.
- ↑ Ղազարյան, Ռաֆիկ (2003). Իրականի և ցանկալիի հոլովույթում. Երևան: Գիրք. էջեր 89–100. ISBN 99930-65-61-1.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն) - ↑ Դանիելյան, Ն; Մակարյան, Ս; Լիլոյան, Հենրիկ; Իշխանյան, Ռաֆայել Ավետիսի; Հայաստանի ազգային գրադարան, eds. (1991). Հիշարժան տարեթվեր 1991։ Մատենագիտական եռամսյա գիրք. Երևան: Գիրք.
- ↑ 14,0 14,1 Սարգսյան, Դավիթ Մկրտչի; Հայրապետյան, Ներսես; Ղազարյան, Ռաֆիկ; Մանուկյան, Սիլվա Նաթալի; Հայաստանի ազգային գրադարան, eds. (2000). Հայաստանի ազգային գրադարան։ Ուղեցույց. Երևան: Գիրք. ISBN 978-99930-65-04-3.
- ↑ Հայաստանի Ազգային գրադարան; Ղազարյան, Ռաֆիկ Արշալույսի; Սարգսյան, Դավիթ Մկրտչի; Մշակույթի նախարարություն Հայաստան, eds. (2007). Հայաստանի ազգային գրադարան 175։ 1832-2007։ Ուղեցույց. Երևան: Գիրք. ISBN 978-99930-65-48-7.
- ↑ «Տիգրան Զարգարյան». 2020 թ․ հուլիսի 4.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Այվազյան, Հովհաննես Մնացականի; Գուլակյան, Հասմիկ; Խանիկյան, Էսթեր; ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, eds. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ։ Հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան. ISBN 978-5-89700-042-5.
- ↑ «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի ազգային գրադարանի նորանշանակ տնօրեն Աննա Չուլյանին». 2020 թ․ օգոստոսի 25. Վերցված է 4/06/2024-ին.
- ↑ «ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՏՆՕՐԵՆ ԱՆՆԱ ՉՈՒԼՅԱՆԻՆ — Հայաստանի Ազգային Գրադարան». nla.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ ORCID. «Anna Chulyan (0000-0003-4316-7284)». orcid.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Հայաստանի Ազգային գրադարան — 101 — Հայաստանի Ազգային Գրադարան». nla.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Գլխավոր գրապահոց» (PDF). 2004.
- ↑ 23,0 23,1 «ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ. Վերցված է 2024 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Հայ մամուլ քարտարան». tert.nla.am. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ = Union Catalog of Armenian Libraries քարտարան». armunicat.nla.am. Վերցված է 2024 թ․ մարտի 18-ին.
- ↑ Հայաստանի ազգային գրադարան։ Ուղեցույց. Երևան: ՀՀ մշակույթի նախարարություն. 2007. էջեր 25–26. ISBN 978-99930-65-48-7.
- ↑ «Կառուցվածք». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Հայաստանի Ազգային Գրադարան 175. Երևան. 2008. էջեր 75–78.
- ↑ «Մուտք գործել Ֆեյսբուք». Facebook. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ 31,0 31,1 «The Museum of Printing / Գրատպության թանգարան». www.facebook.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Հարությունյան, Բալասան (2018 թ․ հունվարի 29). «ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ». Բանբեր Հայաստանի գրադարանների: 102–105. ISSN 1829-4685. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «CENL brings together the National Libraries of Europe». The Conference of European National Librarians. Վերցված է 24/11/2023-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրապետյան, Ներսես։ Ազգային գրադարան. պատմահամեմատական վերլուծության փորձ //Լրաբեր հասարակական գիտությունների. - 2003. - #1, էջ 182-188.
- Հայաստանի ազգային գրադարանի կայքը
- Հայաստանի ազգային գրադարանը՝ հայ ժողովրդի մշակութային հիշողության պահպանման ու զարգացման կենտրոն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաստանի ազգային գրադարան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 227)։ |