Աղավնի Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղավնի
Ստեփանյան
Ծնվել էնոյեմբերի 15, 1906(1906-11-15)
ԾննդավայրԴիլիջան
Մահացել էհուլիսի 24, 1980(1980-07-24) (73 տարեկանում)
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմատենագետ-գրադարանավար

Աղավնի Հակոբի Ստեփանյան[1][2](15 նոյեմբերի, 1906, Դիլիջան- 24 հուլիս, 1980, Երևան), Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, Դիլիջանի դպրոցի կոմերիտական բջջի քարտուղար, Դիլիջանի պիոներական գավառային շտաբի պետի տեղակալ, Դարալագյազի և Էջմիածնի ԼԿԵՄ գավառային կոմիտեի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղավնի Հակոբի Ստեփանյանը ծնվել է 1906 թվականին Դիլիջանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում և այստեղ էլ հաղորդակցվել կոմունիստական գաղափարախոսությանը։ 1923թ. եղել է դպրոցի կոմերիտական բջջի քարտուղար, ապա Դիլիջանի պիոներական գավառային շտաբի պետի տեղակալ։ 1926թ. նշանակվել է Դարալագյազի ԼԿԵՄ գավառային կոմիտեի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ։ Երկու տարի աշխատելուց հետո նույն պաշտոնով տեղափոխվել է Էջմիածին։ 1929թ. ՀԼԿԵՄ Կենտկոմը Ա. Ստեփանյանին գործուղել է Մոսկվա սովորելու «Պրավդայի» անվան ժուռնալիստիկայի համամիութենական ինստիտուտում։ 1937թվականին քաղաքական հետապնդումների ծանր պայմաններում ՀԿԿ Կենտկոմը նրան նշանակել է Ալ. Մյասնիկյանի անվան Հանրային գրադարանի տնօրեն։ 1942թ. համատեղության կարգով մարքսիզմ-լենինիզմ է դասախոսել բժշկական, պոլիտեխնիկական ինստիտուտներում, իսկ 1953թ. նաև պետական համալսարանում։ Ա. Ստեփանյանը ընտրվել է կուսակցական, հասարակական, պետական օրգաններում պատմագավոր, պլենումների անդամ, «Գիտելիք» ընկերության նախագահ և այլն[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Սկսած 1926 թվականից՝ Աղավնի Ստեփանյանը 100-ից ավելի գրախոսություններ և հոդվածներ է տպագրել[1]։ Սակայն, դասախոսական աշխատանքից առավել գնահատելի է Ալ. Մյասնիկյանի անվան գրադարանի տնօրենի նրա պաշտոնավարությունը։ Նա տնտեսապես և կազմակերպչորեն ամրապնդել է գրադարանը, որը դարձել է գիտության կարևոր կենտրոններից մեկը՝ պետական համալսարանից հետո։

Աղավնի Ստեփանյանն աշխատել է «Սոցիալիստական անասնապահություն», «Ավանգարդ», «Սոցիալիստական գյուղատնտեսություն», «Բոլշևիստկայա պեչատ» և այլ պարբերականների խմբագրություններում։

1933թ. աշխատանքի է նշանակվել Ղամարլուի (Արտաշատ) մեքենատրակտորային կայանի քաղաքական բաժնի «Բոլշևիկյան կորիզ» թերթի խմբագրությունում։ Մեկ տարի անց սկսել է աշխատել «Խորհրդային Հայաստան», «Կոմունիստ», «Խորհրդային դպրոց» թերթերի խմբագրություններում։

Հայաստանի Ալ. Մյասնիկյանի անվան հանրային (այժմ՝ ազգային) գրադարանի տնօրեն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937թվականին քաղաքական հետապնդումների ծանր պայմաններում ՀԿԿ Կենտկոմը Աղավնի Ստեփանյանին նշանակել է Ալ. Մյասնիկյանի անվան Հանրային գրադարանի տնօրեն։

1940 թվականին նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել գրադարանի նոր շենքի բացումը, որին ներկա են եղել ակադեմիկոսներ՝ Հովսեփ Օրբելին, Ս.Դ.Գրեկովը, Էզրաս Հասրաթյանը, Մանուկ Աբեղյանը և շատ այլ ճանաչված գիտնականներ[3]։ Պետական արխիվներում պահպանվում են Ա. Ստեփանյանի, Ա. Բաբայանի և այլոց ստորագրություններով գրություններ, զեկուցագրեր գրադարանի պրոբլեմները լուծելու մասին։


1940թ. օգոստոսի 16-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմը որոշում է ընդունել, որ գրադարանը ազգային գրապահոց է և պետք է ձեռք բերել այլ երկրներում տպագրված գրքեր, որի համար անհրաժեշտ է ստեղծել «Դեզիդերատ» (պակասող գրքերի) գրացուցակ և ձեռք բերել, համալրել։ 1935թ. գրադարանը համարվել է մեթոդական կենտրոն հանրապետության բոլոր գրադարանների համար։ Այդ իրագործելու նպատակով 1947թ. սկսվել է տպագրել «Նշանավոր և հիշարժան տարեթվերի օրացույցները» եռամսյակը մեկ անգամ, որը խմբագրում էր Աղավնի Ստեփանյանը։ Նա գրել և կազմել է գրադարանագիտական, մատենագիտական գրքեր ու ձեռնարկներ։ 1953 թվականին անցնում է պետական համալսարան դասախոսական աշխատանքի[2]։

Աղավնի Ստեփանյանը հանրային գրադարանում աշխատելու տարիների գրել է մի շարք հոդվածներ.

  • Հայաստանի հանրային գրադարանի 30 տարին։ «Լենինյան դրոշ» 1951, թիվ 75, էջ 2[4]։
  • Հայկական ՍՍՌ պետական հանրային գրադարան։ «Սովետական գրականություն և արվեստ» 1951, թիվ 7, էջ 144-150[5]։
  • Պետական հանրային գրադարան։ «Սովետական Հայաստան» 1946, թիվ 7, էջ 29-31։
  • Պետական հանրային գրադարան։ «Սովետական Հայաստան» 1951, թիվ 146, էջ 3։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մելյան, Բալաբեկ (2002). Գրքի Երախտավորներ. Գիրք. ISBN 99930-65-08-0.
  2. 2,0 2,1 Աղավնի, Ստեփանյան (1976). «https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/yerevanihamals/1976(3)_ocr.pdf». Երևանի համալսարան. թիվ (3): էջ 77. {{cite journal}}: External link in |title= (օգնություն)
  3. Իշխանյան, Ռաֆայել; Ոսկանյան, Նինել (1960). ՀՍՍՌ Ալ. Մյասնիկյանի անվան գրադարանը. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Ստեփանյան, Աղավնի (6.04.2024). «Հայաստանի հանրային գրադարանի 30 տարին» (PDF).
  5. Ստեփանյան, Աղավնի (1951). «Հայկական ՍՍՌ պետական հանրային գրադարանը» (PDF). Սովետական գրականություն և արվեստ: 144–150.