Ծնվել է հեղափոխականներ Ավետիս Մելքոնի Կիրակոսյանի (1896-1937), գնդակահարվել է ստալինյան բռնաճնշումներին) և Հայկանուշ Արսենի Իշխանյանի (1900-1930) ընտանիքում։ 1939 թվականին ավարտել է Կրուպսկայայի անվան (այժմ՝ Նիկոլ Աղբալյան) դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1940 թվականին զորակոչվում է Կարմիր բանակ, մասնակցում Հայրենական մեծ պատերազմի գործողություններին, վիրավորվում և գերի է ընկնում, գերությունից ազատվելուց հետո կրկին մասնակցում է ռազմական գործողություններին։ Պատերազմի ավարտից հետո զորացրվում է։ 1949 թվականին ավարտում է Երևանի պետական համալսարանը։ 1954 թվականին ավարտում է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը։ 1962 թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Ակսել Բակունց» թեմայով, իսկ 1973 թվականին դոկտորական ատենախոսություն՝ «Հայ նոր գրականության լեզվի պատմություն» թեմայով։ 1955-1963 թվականներին աշխատել է Հանրային գրադարանում (այժմ` Ազգային)` որպես ավագ գրադարանավար, ենթաբաժնի վարիչ, ապա բաժնի վարիչ, Մաշտոցի անվան մատենադարանում գիտական գրադարանի տնօրեն։ Դասավանդել է Հայաստանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1963-1992 թվականներին աշխատել է համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոններում, դասավանդել է ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտություն, հայ գրականության լեզվի պատմություն։ 1991 թվականից մինչև կյանքի վերջը Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենն էր և Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 376)։