Թեմզա Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեմզա Զաքարյան
Դիմանկար
Ծնվել է1898
ԾննդավայրԻգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիս 1965
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրադարանավար

Թեմզա (Թենի) Մկրտչի Զաքարյան-Մալխասյան (1898, Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիս 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, արհմիության կենտկոմի, լուսժողկոմատի աշխատակից, քաղլուսվարների և գրադարանային վարչության պետ, Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմզա Մկրտչի Զաքարյանը ծնվել է 1898 թվականին Իգդիր գյուղաքաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1915 թվականին Մեծ Եղեռնից փրկվելով նրանց ընտանիքը հաստատվել է Թիֆլիսում։ 1918 թվականին ավարտել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցը:1931 թվականին ավարտել է նաև Մոսկվայի Ն. Կ. Կրուպսկայայի անվան կոմունիստական ակադեմիան։ 1918 թվականին մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանության համար մղված պայքարին, իսկ 1921 թվականին Ղամարլուի ռազմաճակատին։ 1919 թվականին եղել է կոմունիստական կուսակցության անդամ, որն էլ պատճառ է հանդիսացել Հայաստանի Խորհրդայնացումից հետո վարել մի շարք պաշտոններ՝ արհմիության կենտկոմում, լուսժողկոմատում, քաղլուսվարների և գրադարանային վարչության պետ։ 1936 թվականին նշանակվել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի տնօրեն։ 1937 թվականին ձեռբակալել են ամուսնուն՝ Վասյա Մալխասյանին, որը Հայաստանի ժողկոմներից մեկն էր։ Կարճ ժամանակ հետո ձերբակալել են նաև Թեմզա Զաքարյանին։ Ստալինի մահից հետո ամուսիններն արդարացվել են, և 1956 թվականին նրանց հաջողվել է վերադառնալ երևան[1]։ Թեմզա Մկրտչի Զաքարյանը մահացել է 1965 թվականի մայիսին Երևանում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմզա Զաքարյանը նպաստել է հանրապետությունում նոր գրադարաններ, մշակույթի օջախներ բացելուն։ Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի տնօրեն նշանակվելուց հետո նա մեծ եռանդ է ներդրել գրադարանի գրքային ունեցվածքը հարստացնելու համար և 1936 թվականի հոկտեմբերին միջնորդել է Կ. Պոլսում ապրող հայ մշակույթի մեծ գործիչ Թորոս Ազատյանի (1898-1955) անձնական արխիվը, գրադարանը Հայաստան տեղափոխելու համար, որը մեծ պայքարից հետո հաջողվել է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Մելյան, Բալաբեկ (2002). Գրքի երախտավորներ. Գիրք. էջեր 34–35. ISBN 99930-65-08-0.