Jump to content

Ազգային գրադարանային շաբաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային գրադարանային շաբաթ
պատկեր
Հայկական գրադարանային միության հիմնադիր նախագահ Ներսես Հայրապետյանը ելույթի պահին
Պարբերականությունամենամյա
ՏարածքԵրևան
Երկիր Հայաստան
Տարիներ2002 - առայսօր
Հիմնվել է2002
Հիմնադիրներ(ներ)Ներսես Հայրապետյան
Կազմակերպիչ(ներ)ՀԳԱ և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հովանավոր(ներ)Ամերիկյան գրադարանային միություն
Հայկական ազգային գրադարանային շաբաթ 2024

Ազգային գրադարանային շաբաթ (ԱԳՇ), Հայաստանի գրադարանների և գրադարանային ծառայություններից օգտվող հանրության միջև ակտիվ համագործակցության շաբաթ է, որի ժամանակ գրադարանները տարբեր բնույթի միջոցառումների միջոցով քաղաքացիական հանրությանը և իշխանության մարմիններին ներկայացնում են իրենց դերը որպես կրթության, մշակույթի և համայնքային կյանքի կարևոր հաստատություններ։ ԱԳՇ-ները Հայաստանում նշվում են 2002 թվականից։ Առաջին ԱԳՇ-ն անցկացվել է 2002 թվականի ապրիլի 14-20-ը։ Գրադարանային շաբաթների անցկացման ավանդույթը Հայաստանի գրադարանները վերցրել են ԱՄՆ գրադարանների աշխատանքի փորձից, որտեղ գրադարանային շաբաթներն անցկացվում են 1958 թվականից։ ԱԳՇ անցկացման որոշումն ընդունվել է 2001թ. մայիսի 5-8-ը Հարավ-Կովկասյան երկրների գրադարանային և տեղեկատվական մասնագետների Թբիլիսիում անցկացված եռօրյա գիտաժողովի ընթացքում։ Առաջին ԱԳՇ ծրագրի հովանավորը եղել է Ամերիկյան գրադարանային միությունը։

ԱԳՇ նպատակը և ծրագրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԳՇ նպատակն է հանրության ուշադրության կենտրոնում պահել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ներկայացնել գրադարանների դերը գիտելիքահենք հասարակություն ձևավորելու խնդրում և պետական ու տեղական իշխանության մարմինների ուշադրությունը հրավիրել գրադարանային խնդիրների վրա։

ԱԳՇ-ները ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ընթերցող հանրության աջակցությամբ կազմակերպում է Հայկական գրադարանային ասոցիացիան (ՀԳԱ)։ Յուրաքանչյուր տարի ՀԳԱ վարչությունը ԱԳՇ գլխավոր թեմա և կարգախոս է ընտրում, որի գաղափարները գրադարանները տարբեր միջոցառումների միջոցով հասցնում են իրենց համայնքներին։

ԱԳՇ անցկացման ավելի քան 20 տարիների ընթացքում Հայաստանի գրադարանները բազմաթիվ նոր ծրագրեր և մտահղացումներ են կյանքի կոչել։ 2016 թ-ից սկսած Հայաստանի ամերիկյան անկյունները գրադարանային շաբաթվա շրջանակում «Ընթերցանության մարաթոն» են կազմակերպում, որի մասնակիցները օրվա ընթացքում գրադարաններում մեկը մյուսին շարունակելով նույն գիրքն են կարդում սկզբից մինչև վերջ։ Նախորդ տարիներին մարաթոնների ընթացքում ընթերցված գրքերից են Ուիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն», Հարփեր Լիի «Ծաղրասարյակ սպանելը», Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայտի», Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» և այլ վեպեր։ 2024 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ ընթերցվելու են Ակսել Բակունցի «Կյորես» անավարտ վեպը, ինչպես նաև նրա «Մթնաձոր», «Միրհավ», «Ալպիական մանուշակ» և այլ պատմվածքներ։

Առ 2024 թվականը Հայաստանում ընթերցանության բոլոր մարաթոններն անցկացվել են ԱԳՇ շրջանակում ապրիլին։ Դրանք են՝

  • 2016 - Ուիլյամ Սարոյան «Մարդկային կատակերգություն»
  • 2017 - Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները»[1]
  • 2018 - Մադլեն Լենգլ «Ժամանակի մի փոքրիկ ծալ»
  • 2019 - Ռեյ Բրեդբերի «451 աստիճան ըստ Ֆարենհայտի»
  • 2020 - Հարփեր Լիի «Ծաղրասարյակ սպանելը»
  • 2021 - Փիթեր Բալաքյան «Ճակատագրի սև շունը»
  • 2022 - Ռ․ Ջ․ Պալացիո «Հրաշքը»
  • 2023 - Ուիլյամ Սարոյան «Մայրիկ, ես սիրում եմ քեզ»
  • 2024 - Ակսել Բակունց «Կյորես»

ԱԳՇ կարգախոսները և պաստառները

Յուրքանչյուր տարի Շաբաթվա կարգախոս է ընտրվում, որի շրջանակներում անցկացվում են հանդիպումներ գիտության, մշակույթի և գրականության նշանավոր դեմքերի հետ, կազմակերպվում ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, դասախոսություններ, գրական ընթերցումներ, գրադարանային բազմապիսի միջոցառումներ, որոնց մասնակցում են Հայաստանի հանրային, համայնքային, համալսարանական, գիտական և դպրոցական գրադարանները։ Նախորդ տարիներին շաբաթներն անցկացվել են «Մեր ապագան կարդացող երեխան է» (2005), «Գրադարան՝ քաղաքակրթությունների խաչմերուկ» (2006)[1], «Գրադարան՝ գիտելիքի տուն» (2007)[2], «Հայացք գյուղի գրադարանին» (2010)[3], «Գրադարան՝ այժմ նաև թվային» (2013)[4], «Ես կարդում եմ , իսկ դու...» (2014)[5], «Պահպանիր և հիշիր» (2015)[6], «Գրադարանը կրթության բաց հարթակ» (2023)[7]։ 2024 թվականի ԱԳՇ կարգախոսն է՝ «Գրադարանը նորարարության հարթակ»։

Առաջին շաբաթվա առիթով Հայկական գրադարանային միությունը երկու քարոզչական պաստառ հրատարակեց։ Դրանցից մեկի վրա պատկերված էին գրադարակ և սեղանի վրա դրված հնատիպ գրքեր։ Այն ներկայացնում էր ԱԳՇ անցկացման ժամկետները և նախաձեռնության կազմակերպիչներին, իսկ երկրորդը նվիրված էր շաբաթվա կարևոր միջոցառումներից մեկին՝ «Ընտանեկան ընթերցանության երեկո» նախաձեռնությանը։ Այս պաստառի լուսանկարն արվել է հայ մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի տանը։ Լուսանկարում բանաստեղծուհին գիրք է ընթերցում երեխաների համար։ Հետագայում յուրաքանչյուր տարի ԱԳՇ հիմնական թեմայի մոտիվներով գրադարանային պաստառներ են շրջանառվել։ Գրադարանային գործի բնույթի ժամանակի միտումներին հարիր 2003 թվականի պաստառում տպագիր գրքին միացված համակարգչի մկնիկ է պատկերված։

Ազգային գրադարանային շաբաթն իր ուրույն դերն ունի ՀՀ գրադարանային համակարգի զարգացման, արդիականացման, նորարարական լուծումների տարածման, գրադարանների միջև փորձի փոխանակման ու գրադարանավարների կարողությունների ավելացման մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ ԲԱՑՎԱԾ Է». Ա1+. Վերցված է 23/11/2023-ին.
  2. Հայկական գրադարան. Երևան: Հայկական գրադարանային ասոցիացիա. 2008. էջեր 29–32. ISBN 978-99930-65-60-9.
  3. «Քննարկվեցին գրադարաններին աջակցման հարցեր». «Արմենպրես» լրատվական գործակալություն. 17/04/2010. Վերցված է 23/11/2023-ին.
  4. «Մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 23/11/2023-ին.
  5. ««Ես կարդում եմ, իսկ դու՞»». Հայաստանի ազգային ագրարային համալսարան. Վերցված է 23/11/2023-ին.
  6. ««Պահպանիր և հիշիր» կարգախոսի ներքո մեկնարկում է «Ազգային գրադարանային շաբաթ»-ը». «Արմենպրես» լրատվական գործակալություն. Վերցված է 23/11/2023-ին.
  7. «Ազգային գրադարանային շաբաթ 2023». Վերցված է 22/11/2023-ին.