Jump to content

Լուսնի լույս (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսնի լույս
անգլ.՝ Moonlight
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և հասունացման պատմություն
Թեմաաղքատության շրջան[1][2], անհաջող ընտանիք[3], համասեռականություն[4], մոբինգ[5], ինքնաբացահայտում[4] և թմրանյութերի հետ կապված հանցանք[2]
Թվականնոյեմբերի 18, 2016, մարտի 9, 2017[6], փետրվարի 16, 2017[7], փետրվարի 9, 2017 և սեպտեմբերի 2, 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲարրի Ջենքինս[8]
ՊրոդյուսերԱդել Ռոմանսկի, Դեդե Գարդներ և Ջերեմի Քլեյներ
Սցենարի հեղինակԲարրի Ջենքինս և Թարել Ալվին ՄակՔրեյնի
ԴերակատարներՆաոմի Հարիս, Թրևանթե Ռոդս, Անդրե Հոլանդ, Ժանել Մոնե, Էշթոն Սանդերս, Մահերշալա Ալի, Ջարել Ջերոմ և Ալեքս Ռ. Հիբերթ
ՕպերատորՋեյմս Լեքսթոն
ԵրաժշտությունՆիկոլաս Բրիթել
ՄոնտաժՆեթ Սանդերս և Ջոյ ՄակՄիլոն
Պատմվածքի վայրՄայամի[5], Ատլանտա[5] և Liberty City?
Նկարահանման վայրՄայամի
ԿինոընկերությունA24 և Plan B Entertainment
Տևողություն111 րոպե
Բյուջե1 500 000 ± 50 000 $[9]
Շահույթ65 336 603 $[10] և 27 854 932 $[10]
Պաշտոնական կայքէջ
 Moonlight (film) Վիքիպահեստում

«Լուսնի լույս» (անգլ.՝ Moonlight), 2016 թվականի դրամա ժանրի ամերիկյան ֆիլմ։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Բարրի Ջենքինսն է։ Ֆիլմը հիմնված է Թարել Էլվին Մաքքրենիի համանուն վեպի վրա։ Օսկարի 89-րդ մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթող։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Մայամի քաղաքի Լիբերթի Սիթի թաղամասում։ 9- ամյա Շայրոնը, ով ամաչկոտ տղա է և հայտնի է «Լիթլ» մականվամբ, ֆիլմի սկզբում փախչում է համադասարանցիներից, ովքեր նրան փորձում են ծեծել։ Փախչելով նրանցից նա թաքնվում է ինչ-որ տնակում, որտեղ նրան գտնում է Հուանը, ով իր ապրուստը վաստակում է թմրանյութեր վաճառելով։ Հուանը վախեցած Շայրոնին տանում է իր տուն և այդ գիշեր նա անցկացնում է Հուանի և նրա ընկերուհու՝ Թերեզայի հետ։ Հաջորդ առավոտ Հուանը տղային հանձնում է նրա մորը՝ Փոլային, ով հետագայում պարզվում է, որ թմրանյութեր է օգտագործում։

Դրանից հետո Շայրոնը շարունակում է իր ժամանակն անցկացնել Հուանի հետ, ով նրան սովորեցնում է լողալ և խորհուրդներ տալիս։ Մեկ գիշեր, Հաունը նկատում է տղայի մորը՝ Փոլային, փողոցում թմրանյութ ծխելիս և նրան նախատում է դրա համար, սակայն Փոլան էլ իր հերթին Հուանին մեղադրում է թմրանյութեր վաճառելու միջոցով գումար վաստակելու համար։ Այդ գիշեր Փոլան վերադառնալով տուն, իր բարկությունը թափում է Շայրոնի վրա և նրան անվանում է «faggot», որը վիրավորական արտահայտություն է ուղղված գեյերին։

Հաջորդ օրը Շայրոնը խոստովանում է Հուանին և Թերեզային, որ ատում է իր մորը և նրանցից հարցնում է «faggot» բառի նշանակությունը։ Հուանը նրան բացատրում է, որ գեյ լինելը նորմալ է, սակայն մարդ չպետք է թույլ տա, որ իրեն ծաղրեն դրա համար և այդպես անվանեն։ Շայրոնը այնուհետև նաև հարցնում է, թե արդյոք Հուանը երբևէ թմրանյութեր վաճառել է իր մորը, սակայն Հուանը լռում և կախում է գլուխը։

Ֆիլմի երկրորդ հատվածում, Շայրոնը արդեն դեռահաս է, իսկ նրա մայրը դարձել է թմրամոլ և զբաղվում է մարմնավաճառությամբ։ Շայրոնը իր ժամանակն անցկացնում է Թերեզայի հետ, ով Հուանի մահվանից հետո ապրում է միայնակ։ Փոլան թմրանյութեր ձեռք բերելու նպատակով, երբեմն Շայրոնից պահանջում է այն գումարը, որը նրան տալիս է Թերեզան։

Մեկ գիշեր, Շայրոնին այցելում է նրա ամենամոտ դասընկերը՝ Քևինը։ Նրանք նստելով լողափի մոտ ծխում են, քննարկում իրենց ամբիցիաներն ու «Բլեք» մականունը, որը Քևինը տվել է Շայրոնին։ Այնուհետև մի պահ լռելուց հետո, նրանք համբուրվում են և Քևինը սկսում է դիպչել նրա առնանդամին։

Հաջորդ առավոտ Շայրոնը դպրոցում կրկին խնդիրներ է ունենում։ Նրա համադասարանցի Թերելը, ով միշտ փորձում է կռվի մեջ մտնել իր հետ, բազմաթիվ այլ տղաների հետ, որոնց շարքում է նաև Քևինը, փորձում է ծեծել Շայրոնին։ Նրանք վանկարկումներով Քևինին ոգևորում են, որպեսզի նա հարվածի Շայրոնին։ Քևինի մի քանի հարվածից հետո, նա ընկնում է գետնին ու հավաքված ամբոխը հարձակվում է նրա վրա և շարունակում ծեծել։ Այդ միջադեպից քիչ հետո Շայրոնը հանդիպում է սոցիալական աշխատողի հետ, ով նրան կոչ է անում բացահայտել իրեն ծեծողների ինքնությունը, սակայն նա հրաժարվում է պատասխանել, մտածելով, որ այդ ձևով չի լուծի իր խնդիրը։ Շայրոնը դպրոցից վերադառնում է տուն վերքերով, իսկ հաջորդ օրը վրեժի զգացումով նա մտնում է դասասենյակ և աթոռը ջարդում Թերելի մեջքին։ Ոստիկանությունը Շայրոնին ձերբակալած դուրս է հանում դպրոցից, որի ընթացքում նա դրսում տեսնում է Քևինին։

Ֆիլմի վերջին՝ երրորդ հատվածում, Շայրոնը արդեն հասուն տղամարդ է։ Նա տեղափոխվել է Ատլանտա և սկսել է թմրանյութերի վաճառքով զբաղվել։ Նա հաճախակի զանգեր է ստանում Փոլայից, ով այժմ գտնվում է թմրամոլների բուժման կենտրոնում և ցանկանում է, որ որդին այցելի իրեն։ Մեկ գիշեր Շայրոնը հեռախոսազանգ է ստանում Քևինից, ով իրենից ներողություն է խնդրում անցյալում կատարվածի համար և առաջարկում նրան այցելել իրեն Մայամիում։ Այդ գիշեր նա երազում է Քևինի մասին և առավոտյան արթնանում է, հայտնաբերելով, որ գիշերը քնած ժամանակ սերմնաժայթքում է ունեցել։

Շայրոնը ի վերջո այցելում է մորը թմրամոլների բուժման կենտրոնում, որտեղ խոստովանում է, որ զղջում է նրա նկատմամբ կարեկցանքի բացակայության պատճառով։ Փոլան էլ իր հերթին որդուց ներողություն է խնդրում, որ նրա կողքին չի եղել այն պահերին, երբ նա իր կարիքն է ունեցել։ Շայրոնը ապա մեկնում է Ֆլորիդա Քևինին այցելության, ով այժմ աշխատում է ճաշարանում։

Տեսնելով միմյանց, Քևինը խոստովանում է, որ զարմացած է Շայրոնի նոր տեսքից և պահելաձևից։ Ճաշարանում ընթրելուց հետո նրանք մեքենայով գնում են Քևինի բնակարան։ Քևինը այնտեղ նրան պատմում է, որ չնայած իր կյանքը ուզածի պես չդասավորվեց, սակայն այնուամենայնիվ նա դեռ ուրախ է։ Շարյոնը նրան խոստովանում է, որ իրենց միջև լողափում տեղի ունեցածից հետո որևէ այլ տղայի հետ ինտիմ կապ չի ունեցել։ Միմյանց այդ ամենը խոստովանելուց հետո, հաջորդ կադրում նրանք նստած են իրար կողքի, իսկ Շայրոնը գլուխը դրել է Քևինի ուսին։ Ֆիլմը ավարտին կրկին ցուցադրվում է երեխա Շայրոնը, ով մեջքով կանգնած է լողափի մոտ։

Միայն Շայրոնի և Քևինի կերպարները մարմնավորող դերասաններն են փոխվում ֆիլմի երեք հատվածների ընթացքում.

Կերպար Մարմնավորող դերասան
Շայրոն Թրեվանթե Ռոդս (հասուն Շայրոն, մաս 3)
Էշթոն Սանդերս (դեռահաս Շայրոն, մաս 2)
Ալեքս Հիբերթ (երեխա Շայրոն, մաս 1)
Քևին Անդրե Հոլենդ (հասուն Քևին, մաս 3)
Ջարել Ջերոմ (դեռահաս Քևին, մաս 2)
Ջեյդեն Փայներ (երեխա Քևին, մաս 1)
Փոլա Նաոմի Հարիս
Թերեզա Ժանել Մոնե
Հուան Մահերշալալհաշբազ Ալի
Թերել Պատրիկ Դեսայլ

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։ Նկարահանումները սկսվել են 2015 թվականին, իսկ համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել «Telluride Film Festival»-ի շրջանակներում՝ 2016 թվականին։ Ֆիլմը ցուցադրություններից հավաքել է 13 միլիոն դոլլար։

Ֆիլմը Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի կողմից ճանաչվել է որպես 2016 թվականի տարվա լավագույն տաս ֆիլմերից մեկը։ Ներկայացված է եղել Ոսկե գլոբուս՝ լավագույն ռեժիսորական աշխատանք, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, լավագույն սցենար, երկրորդ պլանի լավագույն դերասան,, լավագույն երգ, ինչպես նաև լավագույն դրամա ֆիլմ անվանակարգերում։ Վերջին անվանակարգում ֆիլմը հաղթել է։ Օսկարի 89-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը ճանաչվել է որպես տարվա լավագույն ֆիլմ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսնի լույս (ֆիլմ)» հոդվածին։