Jump to content

Էյակուլյացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էյակուլյացիա կամ սերմնաժայթքում (լատին․՝ ejaculatio— արտանետում, ժայթքում), սերմնահեղուկի արտազատումն է տղամարդու միզուկից (urethra)[1][2][3] սեռական հարաբերության կամ սեռական ակտիվության այլ ձևերի ժամանակ (ձեռնաշարժություն, օրալ սեքս, պետտինգ, երազախաբություն և այլն):

Էյակուլյացիային և դրա հետ սերտորեն կապված օրգազմին սովորաբար հանգեցնում է սեռական գրգռվածության կտրուկ աճը՝ ֆրիկցիաների (շփումների)[4] ընթացքում առնանդամի խթանման արդյունքում: Էյակուլյացիան (սերմնաժայթքումը) սովորաբար ուղեկցվում է օրգազմով: Այն ինքնաբերաբար կարող է տեղի ունենալ նաև քնի ժամանակ (երազախաբություն):

Սերմնաժայթքմանը սովորաբար նախորդում է առնանդամի էրեկցիան: Սերմնաժայթքումից հետո առնանդամի արյունալցումը սկսում է նվազել, և էրեկցիան աստիճանաբար թուլանում է: Էյակուլյացիան իրենից ներկայացնում է բարդ ռեֆլեկտորային ակտ, որի կենտրոնը գտնվում է ողնուղեղի գոտկային հատվածում: Բացի այդ, սերմնաժայթքման գործընթացի կարգավորման մեջ որոշակի դեր են խաղում գլխուղեղի հատուկ բաժինները:

Տղամարդու սեռական օրգանների կառուցվածքը։ Ձախ կողմում պատկերված առնանդամը գտնվում է հանգիստ (թուլացած) վիճակում, գլխիկը ծածկված է թլիպով (ծայրային մաշկով)։

Նախաէյակուլյացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախասերմնահեղուկը թափանցիկ, անգույն, մածուցիկ հեղուկ է, որն արտազատվում է տղամարդու առնանդամի միզուկից, երբ նա գտնվում է սեռական գրգռվածության վիճակում: Նախասերմնահեղուկն արտազատվում է նաև ձեռնաշարժության ժամանակ, սեռական հարաբերության նախապատրաստվելիս կամ զուգավորման վաղ փուլում՝ որոշ ժամանակ առաջ, քան տղամարդը կհասնի լիարժեք օրգազմի և տեղի կունենա սերմնաժայթքում:

Էյակուլյացիայի փուլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյակուլյացիայի գործընթացը բաղկացած է երկու փուլից.

  1. Սերմի դուրսբերում ամրձու հավելումից դեպի միզուկի շագանակագեղձային հատված։
  2. Սերմնահեղուկի արտանետում միզուկից։

Էյակուլյատոր ռեֆլեքսի առաջին (էմիսիոն) փուլը գտնվում է սիմպաթիկ նյարդային համակարգի վերահսկողության տակ։ Երկրորդ փուլը (սերմի ժայթքումը միզուկից) կառավարվում է ողնուղեղային ռեֆլեքսով՝ ողնուղեղի S2-S4 արմատիկների մակարդակում։ Էյակուլյացիայի ավարտն ապահովող նյարդային իմպուլսի փոխանցումը տեղի է ունենում ամոթույքային նյարդի միջոցով։ Էյակուլյացիայի ավարտից հետո սկսվում է հանգստի փուլը, որի ընթացքում կրկնակի էյակուլյացիայի հասնելը անհնար է կամ դժվար։

Էմիսիոն փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյակուլյացիայի գործընթացի էմիսիոն փուլի ժամանակ ամորձու հավելումների սերմնատար խողովակների հարթ մկանունքը կծկվում է, ինչի հետևանքով սերմը դուրս է մղվում ամորձու հավելումներից և հասնում սերմնատար ծորանի լայն վերին ամպուլյար (սրվակային) հատվածին։ Էմիսիոն փուլի սկիզբը սովորաբար ուղեկցվում է էյակուլյացիայի անխուսափելիության զգացումով։ Այնուհետև սերմն անցնում է էյակուլյատոր ուղիով՝ խառնվելով սերմնաբշտերի, շագանակագեղձի և բուլբոուրետրալ (կուպերյան) գեղձերի հեղուկի հետ, ինչի արդյունքում ձևավորվում է սերմը կամ էյակուլյատը[5]։

Սերմի արտանետման փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էյակուլյացիայի ուղու սխեման (կանաչ գծով): Առնանդամը (ձախից՝ վարդագույնով) էրեկցիայի վիճակում է, գլխիկը (ձախից՝ կարմիրով) մերկացած է:

Արտանետման փուլի ժամանակ նախապես ձևավորված էյակուլյատը ժայթքում է միզուկից՝ այսպես կոչված բուլբոսպոնգիոզ մկանի ռիթմիկ կծկումների օգնությամբ[5]։ Այս ռիթմիկ կծկումները տղամարդու օրգազմի մասն են կազմում։ Օրգազմի սկսվելուց հետո սերմը հրումներով արտանետվում է միզուկից: Երկրորդ և երրորդ (իսկ երբեմն նաև առաջին՝ կախված տղամարդու ֆիզիոլոգիայից) արտանետումները կատարվում են առավելագույն ծավալով և ուժով, ինչը հոգեպես առողջ տղամարդկանց մոտ համապատասխանում է օրգազմի գագաթնակետին։ Այնուհետև արտանետման ծավալն ու ուժը աստիճանաբար նվազում են, առնանդամի գլխիկը դառնում է գերզգայուն, և վերջին մի քանի ներհրումները կարող են լինել դատարկ կծկումներ, որոնց դեպքում սերմի հավելյալ արտանետում այլևս տեղի չի ունենում։

Տիպիկ տղամարդկային օրգազմը բաղկացած է բուլբոսպոնգիոզ մկանի 10-15 կծկումներից, որոնցից յուրաքանչյուրն ուղեկցվում է տղամարդու մարմնում ֆիզիոլոգիապես չափազանց հաճելի զգացողություններով։ Բուլբոսպոնգիոզ մկանի առաջին կծկումից հետո ոչ մի գործողություն չի կարող կանխել հետագա սերմնաժայթքումը՝ չնայած ուղեկցող օրգազմը կարող է ընդհատվել։ Օրգազմի ընթացքում մկանների կծկման հաճախականությունը աստիճանաբար նվազում է։ Սկզբնական կծկումները տեղի են ունենում միջինում յուրաքանչյուր 0,6 վայրկյանը մեկ՝ կծկման տևողության և միջակայքերի աստիճանական ավելացմամբ (մոտ 0,1 վայրկյանով յուրաքանչյուր կծկման համար)։ Տղամարդկանց մեծամասնության մոտ այս մկանի կծկումները տեղի են ունենում ռիթմիկ և կանոնավոր՝ օրգազմի ողջ ընթացքում։ Շատ տղամարդիկ կարող են զգալ նաև անկանոն հավելյալ կծկումներ օրգազմի վերջում[6]։

Տղամարդու էյակուլյացիա:

Սերմի բաղադրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերտոլիի բջիջները, որոնք սնուցում, պաշտպանում և աջակցում են հասունացող սպերմատոզոիդների բնականոն զարգացմանը, ամորձիների սերմնատար խողովակների մեջ արտազատում են հեղուկ, որը, բացի երիտասարդ սպերմատոզոիդների սնուցումից և պաշտպանությունից, օգնում է դրանց տեղափոխմանը դեպի սերմնատար ծորաններ։ Սերմնատար ծորանները պարունակում են հատուկ խորանարդաձև բջիջներ՝ միկրոթավիկներով և լիզոսոմային հատիկներով, որոնք ներծծում են հեղուկի մի մասը՝ փոխելով սերմի քիմիական բաղադրությունը[7]։

Էյակուլյացիայի բնութագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյակուլյատի արտանետման ուժը և քանակը տարբեր տղամարդկանց մոտ զգալիորեն տարբերվում են։ Բնականոն էյակուլյացիան սովորաբար ավարտվում է 1,5-ից մինչև 5 միլիլիտր սերմի արտանետմամբ, թեև գրանցվել են այնպիսի քանակներ, ինչպիսիք են 7, 8 իսկ հազվադեպ դեպքերում՝ նույնիսկ 10 մլ[8]։ Որոշ միզաբանական հիվանդություններ, օրինակ՝ ամորձու հավելման էպիդիդիմիտը, կարող են ուժեղացնել տղամարդու լիբիդոն (սեռական ցանկությունը)՝ դրանով իսկ մեծացնելով նրա էյակուլյատի ծավալը։

Սերմնահեղուկի ծավալը, օրգազմի ժամանակ դրա արտամղման ուժը, ինչպես նաև սպերմայի կենսունակությունը, սովորաբար, իրենց գագաթնակետին են հասնում 17–18 տարեկանում և սկսում են նվազել 45–55 տարեկանից հետո։ Սակայն, ի տարբերություն կանացի վերարտադրողական համակարգի, տղամարդունը վերջնականապես իր պիտանիությունը չի կորցնում, և պատշաճ հանգամանքների դեպքում նույնիսկ յոթանասուն տարեկան տղամարդը կարող է երեխա բեղմնավորել։

Էյակուլյատի որակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյակուլյատում սպերմատոզոիդների քանակը նույնպես զգալիորեն տատանվում է տղամարդուց տղամարդ և կախված է բազմաթիվ գործոններից, ինչպիսիք են՝ նախորդ էյակուլյացիայից անցած ժամանակահատվածը, ամորձիների ջերմաստիճանը, տղամարդու տարիքը, տեստոստերոնի մակարդակը, սննդառության և ջրային փոխանակության վիճակը, սերմի ընդհանուր ծավալը։

  • Օլիգոզոոսպերմիա — սպերմատոզոիդների ախտաբանական ցածր քանակը էյակուլյատում։
  • Օլիգոսպերմիա — էյակուլյացիայի ժամանակ արտանետվող սերմի անսովոր փոքր քանակը։
  • Ազոոսպերմիա — սպերմատոզոիդների իսպառ բացակայությունը սերմի մեջ։
  • Աստենոզոոսպերմիա — սպերմայում շարժուն ձևերի քանակի, ինչպես նաև սպերմատոզոիդների շարժման արագության նվազումը։
Տղամարդու էյակուլյացիայի փուլերը:

Բավարարվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլբոսպոնգիոզ մկանի յուրաքանչյուր կծկում ուղեկցվում է սեռական հաճույքի (օրգազմի) ալիքով, հատկապես՝ ուժեղ զգացողություններ են առաջանում առնանդամի, գլխիկի և մարմնի ստորին հատվածում։ Առաջին և երկրորդ կծկումները սովորաբար ուղեկցվում են հաճույքի ամենաուժեղ զգացողությամբ և սերմի ամենամեծ քանակի արտանետմամբ։ Հաջորդող կծկումները, որպես կանոն, հանգեցնում են սերմի ավելի փոքր հավելյալ արտանետման և ուղեկցվում են հաճույքի պակաս ուժեղ զգացողությամբ։ Օրգազմի աստիճանն ուղղակիորեն կապված է արտազատվող սերմի քանակի հետ։ Հոգեպես ոչ առողջ տղամարդկանց մոտ էյակուլյացիայի ժամանակ օրգազմը կարող է լինել ուշացած կամ ընդհանրապես բացակայել։

Էյակուլյացիայի խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղաժամ էյակուլյացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյակուլյացիան համարվում է (բացարձակ) վաղաժամ, եթե այն տեղի է ունենում նախքան ինտրոմիսիան (առնանդամի ներմուծումը հեշտոց) կամ անմիջապես դրանից հետո, և հարաբերականորեն վաղաժամ՝ եթե թույլ չի տալիս սեռական բավարարվածություն պատճառել զուգընկերուհուն[9] (կոչվում է հարաբերական, քանի որ կարող է պայմանավորված լինել կնոջ սեռական ռեակցիաների արգելակմամբ): Այս պատկերացումները մեծապես կապված են սեռական ակտիվության տարբեր դրսևորումների (բացի վագինալ սեքսից) ավանդական մերժման հետ, որոնք նույնպես կարող են կնոջը հասցնել օրգազմի: Վաղաժամ էյակուլյացիայի պատճառ կարող է հանդիսանալ նաև սեռական ժուժկալության երկարատև շրջանը[10]:

Ուշացած էյակուլյացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև «ուշացած էյակուլյացիա» տերմինը կարող է օգտագործվել բժշկության մեջ, ամենից հաճախ խոսքը վերաբերում է տղամարդու՝ տարբեր հոգեբանական գործոնների պատճառով օրգազմի հասնելու անհնարինությանը: Նման դեպքերում, նույնիսկ օրգազմի հասնելիս, էյակուլյատի քանակը կարող է անբավարար լինել բեղմնավորման համար (ի հեճուկս ժողովրդական այն կարծիքի, թե «որքան ուշ՝ այնքան շատ»), և պացիենտին կարող են առաջարկվել որոշակի ֆիզիկական և հոգեբանական վարժություններ՝ օրգազմին ճիշտ հասնելուն նպաստելու համար: Հաճախ դրա համար առաջարկվում են «Կամասուտրայի» դիրքերը:

Ընդհատված ֆրիկցիաների տեխնիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տղամարդիկ, ձգտելով հասնել առավելագույն օրգազմի, կարող են մարզել իրենց մեջ սեռական ակտը մոտենալու պահին ընդհատելու ունակությունը՝ դրանով իսկ պահելով էյակուլյատը միզուկի ելքի մոտ և հետաձգելով օրգազմի սկիզբը: Այդուհանդերձ, նման տեխնիկան կարող է հանգեցնել էյակուլյացիայի հետ կապված խնդիրների առաջացմանը, ինչպես նաև բուլբոսպոնգիոզ մկանի ատրոֆիայի կամ առաջացնել պրոստատիտ (շագանակագեղձի բորբոքում):

Գեղարվեստական գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր դարաշրջանների և մշակույթների գեղարվեստական գրականությունը, նկարագրելով սեռական ակտը, անդրադարձել է էյակուլյացիայի գործընթացի տարբեր կողմերին: Այսպես, այն փաստը, որ տղամարդիկ սերմնաժայթքումից հետո կարող են քնկոտություն զգալ, իր արտացոլումն է գտել դեռևս Հոմերոսի «Իլիականի» XIV երգում (Զևսը, վայելելով սերը Հերայի հետ, քնում է): Նորագույն շրջանի գրականության էրոտիկ տեսարաններում ֆիզիոլոգիական ակտի նկարագրությունը հաճախ զուգորդվում է դրան ուղեկցող հուզական և հոգեբանական ապրումների նկարագրության հետ:

Պոռնոգրաֆիայի մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոռնոգրաֆիկ հոլովակի «դասական» ավարտ է համարվում տղամարդու էյակուլյացիան, որը ընդունված է ցուցադրել խոշոր պլանով։ Պոռնոգրաֆիայում գոյություն ունեն մի քանի հնարքներ, որոնք կենտրոնանում են էյակուլյացիայի գործընթացի վրա:

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. В статье утверждается, что в норме при эрекции сперма направляется в мочеиспускательный канал. А при болезни «ретроградная эрекция» – в мочевой пузырь. https://tamc.co.il/article/retrogradnaya-eyakulyatsiya-prichiny/ https://tamc.co.il/article/retrogradnaya-eyakulyatsiya-prichiny/ Արխիվացված է Հուլիս 3, 2024 Wayback Machine-ի միջոցով:
  2. in the second stage, ejaculation proper, the semen is moved through the urethra and expelled from the body. на второй стадии, собственно эякуляции, сперма перемещается через уретру и выбрасывается из организма. https://www.britannica.com/science/ejaculation
  3. The urethra, the tube that urine and semen flow through, runs along the underside of them, in the spongy tissue of the corpus spongiosum. Уретра — трубка, по которой текут моча и сперма, — проходит по нижней стороне полового члена, в губчатой ткани губчатого тела. https://www.webmd.com/erectile-dysfunction/how-an-erection-occurs Արխիվացված է Հուլիս 1, 2024 Wayback Machine-ի միջոցով:
  4. «Медицинская энциклопедия — Эякуляция». Արխիվացված օրիգինալից 2011-09-20-ին. Վերցված է 2011-09-06-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 25 (օգնություն)
  5. 5,0 5,1 Walter F. Boron, Emile L. Boulpaep, Medical Physiology: A Cellular and Molecular Approach. — Philadelphia, PA: Нп3|Saunders (imprint)|Elsevier/Saunders|en|Saunders (imprint), 2005.
  6. Bolen, J. G., The male orgasm: pelvic contractions measured by anal probe(անգլ.) // Archives of Sexual Behavior : journal. — 1980. — № 6. — С. 503—521. — doi:10.1175/1520-0442 (2002)015<0487:SOCASI>2.0.CO;2 — PMID 7458658.
  7. Gerstenburg, T. C. Erection and ejaculation in man. Assessment of the electromyographic activity of the bulbocavernosus and ischiocavernosus muscles(անգլ.) // Нп3|BJU International|British Journal of Urology||BJU International : journal. — 1990. — Т. 65. — № 4. — С. 395—402. — PMID 2340374.
  8. «Swimming Toward Conception: The Semen Analysis». Focus on Fertility, American Infertility Association and Organon Pharmaceuticals USA Inc. Արխիվացված է օրիգինալից 2008-01-12-ին.
  9. «Относительно преждевременная эякуляции». slovari.yandex.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին. Վերցված է 2009-07-10-ին. // Словарь по естественным наукам
  10. «Преждевременная эякуляция (эякуляцио прекокс)». Արխիվացված օրիգինալից 2009-02-01-ին. Վերցված է 2008-07-18-ին.