Էվա Կյուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվա Կյուրի
էվա Կյուրին 1937 թվականին
Ծննդյան անունֆր.՝ Ève Denise Curie[1]
Ծնվել էդեկտեմբերի 6, 1904(1904-12-06)[2][3][4][…]
ԾննդավայրՓարիզ[5]
Վախճանվել էհոկտեմբերի 22, 2007(2007-10-22)[2][3][4][…] (102 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Մասնագիտությունլրագրող, դաշնակահարուհի, գրող, երաժշտական քննադատ, սցենարիստ, կենսագիր, դիվանագետ և Ֆրանսիական դիմադրության մարտիկ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԱՄՆ
ԿրթությունCollège Sévigné?
Ուշագրավ աշխատանքներJourney Among Warriors?
ԱնդամակցությունFree French Forces?
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
Պարգևներ
ԱմուսինHenry Richardson Labouisse?
ԱզգականներԺակ Կյուրի, Józef Skłodowski?, Բրոնիսլավա Դլուսկա, Helena Skłodowska-Szaley?, Maurice Curie? և Helena Dłuska?
 Ève Curie Վիքիպահեստում

Էվա Դենիս Կյուրի Լաբյուզի (անգլ.՝ Ève Denise Curie Labouisse, դեկտեմբերի 6, 1904(1904-12-06)[2][3][4][…], Փարիզ[5] - հոկտեմբերի 22, 2007(2007-10-22)[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ֆրանսիացի և ամերիկացի գրող, լրագրող, երաժշտական քննադատ, դաշնակահարուհի։ էվա Կյուրին Պիեռ և Մարի Կյուրիների կրտսեր դուստրն էր։ Նրա քույրն էր Իրեն Կյուրին, իսկ փեսան՝ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրին։ Էվան ընտանիքի միակ անդամն էր, որ չի ընտրել գիտնականի կարիերա և Նոբելյան մրցանակ չի ստացել, թեև նրա ամուսինը՝ Հենրի Ռիչարդսոն Լաբյուզին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ 1965 թվականին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի անունից։ Էվա Կյուրին լրագրությամբ է զբաղվել և հեղինակել է իր մոր մասին կենսագրական գիրք՝ «Մադամ Կյուրի» և մեկ գիրք ևս պատերազմական տպավորությունների մասին՝ «Ճանապարհորդություն մարտիկների մեջ»[6][7]։ 1960-ական թվականներից ի վեր նա սկսել է աշխատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար՝ օգնություն ապահովելով զարգացող երկրների երեխաներին ու մայրերին։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվա, Մարի և Իրեն Կյուրիները 1908 թվականին

էվա Դենիս Կյուրին ծնվել է 1904 թվականի դեկտեմբերի 6-ին Փարիզում, Ֆրանսիա։ Նա գիտնականներ Պիեռ և Մարի Կյուրիների կրտսեր դուստրն էր և ուներ ավագ քույր՝ Իրենը, ծնված 1897 թվականին։ Էվան ըստ էության չի ճանաչել իր հորը, որը մահացել է 1906 թվականին ճանապարհային դժբախտ պատահարից, երբ էվան ընդամենը երկու տարեկան էր։ Այդ դժբախտությունից հետո Մարի Կյուրիին և իր դուստրերին որոշ ժամանակ աջակցություն է ցուցաբերում երեխաների հորական պապիկը՝ Էժեն Կյուրին։ Երբ նա մահանում է 1910 թվականին, Մարի Կյուրին ստիպված է լինում ինքը պահել երեխաներին՝ դաստիարակչուհիների օգնությամբ։ Չնայած սրան, Էվան հետագայում խոստովանում է, որ մանուկ հասակում ինքը շատ է տառապել մոր ուշադրության պակասից և որ միայն դեռահասության տարիքում է մտերմացել նրա հետ[8], թեև Մարին մեծ ուշադրությամբ էր հետևում դստրերի թե՛ կրթությանը և թե՛ հետաքրքրությունների զարգացմանը։ Հետագայում Իրենը հետևում է մորը գիտության բնագավառում և դառնում նշանավոր գիտնական (1935 թվականին նա Նոբելյան մրցանակի է արժանացել ամուսնու՝ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի հետ մեկտեղ)։ Մինչդեռ էվան ցուցաբերում էր ավելի շատ գրական և գեղարվեստական հետաքրքրություններ և վաղ տարիքից սկսած օժտված էր հատուկ երաժշտական տաղանդով։ Կյուրիները բազմաթիվ հետաքրքրություններ ունեին։ Ինչպիսին էլ լիներ եղանակը, նրանք սիրում էին հեծանիվով երկար ուղևորությունների գնալ։ Նրանք ամռանը գնում էին լողալու, իսկ իրենց տան այգում Մարին տեղադրել էր մարմնամարզական գույք, որպեսզի երեխաները կարողանային մարզվել։ Իրենը և էվան նաև սովորում էին եփել, կարել և այգեգործություն։ Չնայած աղջիկները ֆրանսուհիներ էին (էվան հետագայում դարձավ ԱՄՆ քաղաքացի) և նրանց առաջին լեզուն ֆրանսերենն էր, նրանք ծանոթ էին իրենց լեհական արմատներին և խոսում էին լեհերեն։ 1911 թվականին նրանք այցելեցին Լեհաստան (հարավային մաս, որն այդ ժամանակ Ավստրիայի տիրապետության տակ էր գտնվում)։ Լեհաստանում գտնվելու ընթացքում նրանք նաև ձիավարում էին, գնում ոտքով արշավների և մագլցելու[9]։

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվա Կյուրին (աջից) մոր, քրոջ և լրագրող Մարի Մելոնիի հետ, 1921 թվականի մայիսի 12-ին, Նյու Յորքում

1921 թվականին էվան Ատլանտյանի վրայով իր առաջին ճանապարհորդությանն է մեկնում. այդ գարնանը նա մոր և քրոջ հետ մեկնում է Նյու Յորք։ Մարի Կյուրին, որպես Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր, պոլոնիում և ռադիում տարրերի հայտնագործող, ջերմ ընդունելություն է գտնում այնտեղ և բազմաթիվ պատիվների արժանանում։ Կյուրիի դստրերը նույնպես լավ ընդունելություն են գտնում ամերիկյան բարձր հասարակությունում։ Երեկույթներում շողացող, աշխույժ և թռվռուն Էվան մամուլում լուսաբանվում է որպես «ճառագայթող աչքերով աղջիկ»[10]։ Ճանապարհորդության ընթացքում Էվան և Իրենը հանդես են գալիս որպես իրենց մոր «թիկնապահներ»՝ Մարին, որ սովորաբար կենտրոնանում էր հետազոտական աշխատանքների վրա և համեստ կենսակերպ էր վարում, անհարմար էր զգում իրեն այդքան ուշադրության և հարգանքի դրսևորումներից։ Մինչ Միացյալ Նահանգներում էին, Մարին, Իրենը և Էվան Վաշինգտոնում հանդիպում են նախագահ Ուորեն Հարդինգին, տեսնում են Նիագարայի ջրվեժը և գնացքով գնում են տեսնելու Մեծ կիրճը։ Նրանք Փարիզ են վերադառնում 1921 թվականի հունիսին։ Էվան, քրոջ՝ Իրենի նման, ավարտել է Փարիզի Սևին քոլեջը 1925 թվականին, որտեղ ստանում է երկու բակալավրի աստիճան՝ բնագիտության և փիլիսոփայության։ Միևնույն ժամանակ, նա բարելավում է դաշնակահարուհու իր հմտությունները և 1925 թվականին Փարիզում տալիս է իր առաջին համերգը։ Հետագայում նա բազմիցս ելույթ է ունենում տարբեր բեմերում, համերգներ տալիս Ֆրանսիայի մայրաքաղաքում, շրջաններում և Բելգիայում։ Երբ Իրենը 1926 թվականին ամուսնանում է Ֆրեդերիկ Ժոլիոյի հետ, էվան մնում է մոր հետ Փարիզում՝ հոգ տանելով նրա մասին և ընկերակցելով նրան ճանապարհորդությունների ժամանակ Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում և Շվեյցարիայում։ 1932 թվականին նրանք ընկերակցում են Չեխոսլովակիայի նախագահ Թոմաշ Մասարիկին Իսպանիա կատարած նրա ուղևորության ժամանակ։ Չնայած էվան սիրում էր մորը, որպես անհատականություն շատ էր տարբերվում նրանից (և իր քույր Իրենից)։ Նա չէր հետաքրքրվում գիտությամբ և ի տարբերություն մոր, նրան միշտ գրավում էր հարմարավետ կենսակերպը։ Մինչ Մարին սովորաբար հասարակ, սև շրջազգեստներ էր կրում, Էվան գերադասում էր շքեղ զգեստներ, բարձրակրունկ կոշիկներ և շպար։ Նա սիրում էր փայլել երեկույթների ժամանակ։ Այնուամենայնիվ, թե՛ էվան և թե՛ Իրենը սիրով և նվիրվածությամբ հոգ էին տանում իրենց մոր մասին մինչև նրա մահը։ 1934 թվականի հուլիսի 4-ին մահանում է Մարին, որ հիվանդ էր ապլաստիկ անեմիայով, որ հավանաբար ռադիոակտիվ նյութերի հետ երկար ժամանակ առանց պաշտպանիչ միջոցների աշխատելու արդյունք էր[9]։

Մոր մահից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Կյուրիի մահից հետո, Էվան որոշում է մոր նկատմամբ տածած իր սերն արտահայտել գրելով նրա կենսագրականը։ Այդ պատճառով նա ժամանակավորապես հեռանում է հասարակական կյանքից և տեղափոխվում մի փոքր բնակարան՝ Ֆրանսիայի հյուսիսային շրջաններից մեկում, որտեղ նա հավաքում և տեսակավորում է մորից մնացած փաստաթղթերն ու նամակները։ 1935 թվականի աշնանը Էվան այցելում է մոր ընտանիքին՝ Լեհաստան, տեղեկություններ հավաքելու մոր մանկության և պատանեկության մասին։ Այս ամենի արդյունքում ծնվում է «Տիկին Կյուրին» կենսագրական գիրքը, որը միաժամանակ հրատարակվում է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Միացյալ Նահանգներում և այլ երկրներում՝ 1937 թվականին[11]։ Գիրքը մեծ ժողովրդականություն է վայելում։ Շատ երկրներում, ներառյալ ԱՄՆ-ում այն բեսթսելլեր է դառնում։ Միացյալ Նահանգներում գիրքը մասնակցելով «Ամերիկյան գրավաճառների ընկերության» քվեարկությանը[12][13], արժանանում է գրքերի ամենամյա ազգային մրցանակի՝ «ոչ գեղարվեստական գրքեր» անվանակարգում։ 1943 թվականին Մետրո Գոլդուին Մայեր կինոընկերությունը գրքի հիման վրա նկարահանում է համանուն ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Գրիր Գարսոնը։ Էվան ավելի ու ավելի է ներգրավվում լրագրողական և գրական գործունեության մեջ։ Բացի իր մոր մասին կենսագրական գրքից, նա երաժշտական ակնարկներ և թատրոնի, երաժշտության և ֆիլմերի մասին հոդվածներ է հրապարակում Փարիզի Candide շաբաթաթերթում և ուրիշ պարբերականներում[9]։

Երկրորդ Համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից հետո, 1939 թվականին, Ժան Ժիրոդուն, որը նույն տարում նշանակվել էր ֆրանսիական տեղեկատվության հանձնակատար (ֆր.՝ Commissaire général à l'information), Էվա Կյուրիին նշանակում է իր գրասենյակի կանանց բաժնի տնօրեն։ Երբ գերմանական զորքերը ներխուժում են Ֆրանսիա, էվան հեռանում է Փարիզից 1940 թվականի հունիսի 11-ին, իսկ երբ Ֆրանսիան հանձնվում է, էվան ուրիշ փախստականների հետ միասին գերծանրաբեռնված նավով, գերմանական օդուժի գնդակոծության տակ, փախչում է Անգլիա։ Այնտեղ նա միանում է գեներալ Շառլ դը Գոլի «ազատ Ֆրանսիայի բանակին» և սկսում ակտիվորեն պայքարել նացիզմի դեմ, որի արդյունքում, 1941 թվականին Վիշի կառավարությունը զրկում է նրան ֆրանսիական քաղաքացիությունից և բռնագրավում ունեցվածքը։ Պատերազմական տարիների մեծ մասը Էվան անցկացնում է Մեծ Բրիտանիայում, որտեղ հանդիպում է Ուինսթոն Չերչիլին և Միացյալ Նահանգներում, որտեղ ելույթներ է ունենում և հոդվածներ է գրում ամերիկյան պարբերականների, հատկապես «New York Herald Tribune»-ի համար։ 1940 թվականին Սպիտակ տանը նա հանդիպում է Էլեոնոր Ռուզվելտին։ Ոգեշնչված այս հանդիպումներից, Էվան ավելի ուշ՝ 1940 թվականի մայիսին դասախոսությունների մի ամբողջ շարք է տալիս «Ֆրանսիացի կանայք և պատերազմը» խորագրով, որոնք «The Atlantic» ամսագիրը հրատարակում է նույն վերնագրով։ 1941 թվականի նոյեմբերից մինչև 1942-ի ապրիլը էվա Կյուրին որպես ռազմական լրագրող մեկնում է Աֆրիկա, Խորհրդային Միություն և Ասիա. 1941 թվականի դեկտեմբերին Եգիպտոսում և Լիբիայում ականատես է լինում բրիտանական հարձակմանը, իսկ 1942 թվականի հունվարին՝ Մոսկվայի ճակատամարտին։ Այս ուղևորությունների ընթացքում էվան հանդիպում է Իրանի շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիին, ազատ Չինաստանի առաջնորդ Չան Կայշիին և Մահաթմա Գանդիին։ Մի քանի անգամ հնարավորություն է ունենում հանդիպել մայրական գծով իր հայրենակիցներին՝ լեհ զինվորների, որոնք մարտնչում էին Մեծ Բրիտանիայի կամ Խորհրդային Միության կողմից։ Էվա Կյուրիի զեկույցները այս ճանապարհորդությունների մասին հրատարակվում են ամերիկյան լրագրերում, իսկ 1943 թվականին միավորվում են «Ճանապարհորդություն մարտիկների մեջ» գրքում, որը 1944 թվականին առաջադրվում է գրականության Պուլիցերյան մրցանակի[9]։ ԱՄՆ-ում լույս տեսնող «The Russian Review» պարբերականի 1943 թվականի աշնան համարում մի հոդված է տպագրվում, որտեղ հոդվածի հեղինակը նախ հաճոյանում է Կյուրիին, գովելով նրա համարձակությունն ու ոգևորությունը և այն սիրալիր ձևը, որով նկարագրել է ԽՍՀՄ-ում իրեն հանդիպած մարդկանց։ Այնուամենայնիվ, հոդվածի հեղինակ Կարպովիչը գտնում է, որ Կյուրին ճիշտ չի նկարագրել ռուս մարդկանց։ Գրքում Կյուրին գրում է իր հանդիպումների մասին հույն ուղղափառ եկեղեցու քահանայի, բալետի նշանավոր պարուհու, Կարմիր բանակի գեներալի, գործարանի բանվորների, տեղական կոմունիստ առաջնորդների և գիտնականների հետ։ Կարպովիչը կարծում է, որ Կյուրին իր գրքում խեղաթյուրել է փաստերը և իրար է խառնել իր կարծիքն ու տեսլականը[14]։ Եվրոպա վերադառնալով, էվան կամավոր ծառայության է անցնում ազատ Ֆրանսիայի կանանց բժշկական կորպուսում՝ իտալական կամպանիայի տարիներին (1943-1945), որտեղ Ֆրանսիայի առաջին բանակային դիվիզիայի կողմից նրան շնորհվում է լեյտենանտի կոչում։ 1944 թվականին նա մասնակցում է հարավային Ֆրանսիայի Պրովանս քաղաքի ազատագրմանը և իր ծառայությունների համար արժանանում Մարտական խաչ (1939-1945) շքանշանի։

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի ազատագրումից հետո, 1944-1949 թվականներին էվա Կյուրին աշխատում է «Paris-Presse» օրաթերթի խմբագրությունում, սակայն նա ակտիվորեն զբաղվում էր նաև հասարակական գործունեությամբ։ Օրինակ, դը Գոլի կառավարությունում նա պատասխանատու էր կանանց վերաբերվող գործերի համար, իսկ 1948 թվականին եվրոպացի այլ նշանավոր մտավորականների հետ մեկտեղ դիմում է Միավորված Ազգերին՝ Իսրայելի կարգավիճակի ճանաչման համար։ 1952-1954 թվականներին նա ՆԱՏՕ-ի առաջին գլխավոր քարտուղար Հասթինգս Լայոնել Իսմեյի հատուկ խորհրդականն էր։ 1954 թվականի նոյեմբերի 19-ին նա ամուսնանում է ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ Հենրի Ռիչարդսոն Լաբյուզիի հետ, որը 1962-1965 թվականներին եղել է Հունաստանում ԱՄՆ-ի դեսպանը։ 1958 թվականին էվա Կյուրին ամերիկյան քաղաքացիություն է ստանում։

Աշխատանք ՅՈւՆԻՍԵՖ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին էվայի ամուսինը դադարում է աշխատել Միացյալ Նահանգների կառավարությունում, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ու Տանը առաջարկում է նրան ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի պաշտոնը։ Լաբյուզին զբաղեցնում է այս պաշտոնը մինչև 1979 թվականը, կնոջ ակտիվ աջակցությամբ, որը նույնպես աշխատում էր կազմակերպությունում և հաճախ արժանանում «ՅՈւՆԻՍԵՖ-ի առաջին տիկին» տիտղոսին։ Միասին նրանք այցելում են հարյուրից ավելի երկրներ, հիմնականում Երրորդ աշխարհում, որտեղ շատ էին կազմակերպության շահառուները։ 1965 թվականին Լաբյուզին, կնոջ ընկերակցությամբ ընդունում է Խաղաղության Նոբելյան մրցանակը, որը շնորհվել էր նրա գլխավորած կազմակերպությանը[15]։

Կյանքի մայրամուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնու մահից հետո՝ 1987 թվականին, Էվան ապրում էր Նյու Յորքում։ Նա երեխաներ չուներ Հենրի Լաբյուզիի հետ ամուսնությունից և խորթ աղջիկը միակ մարդն էր, որն այցելում էր նրան (Լաբյուզիի միակ դուստրը՝ առաջին ամուսնությունից)։ 2004 թվականի դեկտեմբերին Էվա Կյուրին տոնեց իր հարյուրամյա հոբելյանը։ Այս առիթով նրան նյույորքյան իր բնակարանում այցելեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։ Էվա Կյուրին շնորհավորանքներ է ստանում նաև ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշից և Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակից։ 2005 թվականի հուլիսին էվա Կյուրի Լաբյուզին ՅՈւՆԻՍԵՖ-ում իր գործունության համար արժանանում է Ֆրանսիայի Պատվավոր Լեգեոնի շքանշանին՝ երկրի բարձրագույն պարգևին։ Շնորհակալական խոսքում նա ասում է.

Ես ինձ հպարտ և հարգված եմ զգում։ Ես մի փոքր շփոթված եմ, քանի որ չեմ կարծում, որ արժանի եմ այս բոլոր հրաշալի հաճոյախոսություններին, այնպես որ պարզապես չգիտեմ, թե ինչպես ինձ պահեմ։ Բայց սա իսկապես հիասքանչ օր է ինձ համար և ես սա երկար կհիշեմ[16]։

Նա երբեմն կատակում էր, թե ինքն իր ընտանիքի ամոթն է. «Իմ ընտանիքում հինգ Նոբելյան մրցանակ կա՝ երկուսը մայրս է ստացել, մեկը՝ հայրս, մեկը՝ քույրս և փեսաս, մեկն էլ՝ ամուսինս։ Միայն ես եմ անհաջողակ գտնվել...»[17]: Էվա Կյուրին մահացել է քնած ժամանակ, 2007 թվականի հոկտեմբերի 22-ին, 102 տարեկան հասակում, Մանհեթենի իր բնակարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France Record #14009081q // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 GeneaStar
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Deutsche Nationalbibliothek Record #131488910 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Curie, Ève (1938). Madame Curie, translated by Vincent Sheean (1 ed.). Garden City, New York: Doubleday, Doran and Co., Inc. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին – via Internet Archive.
  7. Curie, Ève (1943). Journey Among Warriors (1 ed.). Garden City, New York: Doubleday, Doran and Co., Inc. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին – via Internet Archive.
  8. Fox, Margalit (2007 թ․ հոկտեմբերի 25). «Ève Curie's obituary in New York Times». The New York Times. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Ève Curie's biography». Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
  10. «Ève Curie's obituary in The Times». London. 2007 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
  11. Eve Curie (1937), Madame Curie, London: William Heinemann
  12. "Books and Authors", The New York Times, 1936-04-12, page BR12. ProQuest Historical Newspapers The New York Times (1851–2007).
  13. "Booksellers Give Prize to 'Citadel': Cronin's Work About Doctors Their Favorite ...", The New York Times 1938-03-02, page 14. ProQuest Historical Newspapers The New York Times (1851–2007).
  14. Book Reviews, Russian Review, Volume 3, Number 1, Autumn 1943, pg. 104.
  15. Pace, Eric (1987 թ․ մարտի 27). «Henry Labouisse's obituary in New York Times». The New York Times. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
  16. «UNICEF hosts award ceremony in honour of Madame Eve Labouisse». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
  17. «Ève Curie's obituary (Polish)». Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվա Կյուրի» հոդվածին։