Սփյուռքահայ մամուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գաղթավայրերի և սփյուռքի հայ մամուլը արտասահմանում հայերի կողմից հրատարակվող պարբերականները, թերթերն ու ամսագրերն է։ Սփյուռքահայության մամուլը առաջին անգամ լույս է տեսել XVIII դարի վերջում։ Արտերկրում հայ մամուլը գործում է մինչ օրս։

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն անդրանիկ պարբերականը՝ «Ազդարար» ամսագիրը, հրատարակել է 1794-1796 թվականներին' Մադրասում Հարություն Շմավոնյանը։ Հանդեսը ձգտել էր գաղութահայությանը հաղորդակից դարձնել քաղաքակիրթ աշխարհի իրադարձություններին, մատաղ սերնդին դաստիարակել հայեցի ոգով։ Տպագրել էր հրապարակախոսական հոդվածներ, բնագիտական հանրամատչելի զրույցներ, թարգմանական նյութեր։ Այնուհետև լույս էին տեսել «Շտեմարան» (1821-1823), «Ազգասեր» (1845-1848), «Ազգասեր արարատյան» (1848-1852, բոլորն էլ Կալկաթայում), «Բանասեր» (1948-1949, Մադրաս) և այլ պարբերականներ։ Հնդկաստանում հրատարակված վերջին պարբերականը «Նոր ազդարար» հանդեսն է (1950-1960, Կալկաթա)։ Իտալիա, Ավստրիա։ Ժամանակագրական առումով «Ազդարար»-ից հետո երկրորդ հայ պարբերականը Վենետիկի մխիթարյանների «Տարեգրություն» էր (1799-1802, Վենետիկ), որը լուսաբանել է քաղաքական, տնտեսական, եկեղեցական, ու մշակութային հարցեր։ 1803-1820 թվականներին Վենետիկում լույս էր տեսել քաղաքական, բանասիրական, եկեղեցական «Եղանակ բյուզանդյան» ժողովածուն, ուր տեղ էին գտել նաև օդերևութաբանական տեղեկություններ, խրատական զրույցներ, վիճակագրական տվյալներ, բնագիտական հանրամատչելի նյութեր։ Հայերեն քաղաքական անդրանիկ լրագիրը՝ «Եվրոպա» շաբաթաթերթը, հրատարակել էին Վիեննայի մխիթարյանները 1847-1863 թվականներին։ Այն պատմական, ճանաչողական արժեք ունի 19-րդ դարի 40-60-ական թվականների եվրոպական հեղափոխությունների և քաղաքական անցքերի լուսաբանման տեսանկյունից։ Մխիթարյանների առավել մեծարժեք պարբերականները, սակայն, «Բազմավեպ» (լույս է տեսնում 1843 թվականից, Վենետիկում) և «Հանդես ամսօրյա» (1887 թվականից, Վիեննա) ամսագրերն էին։ Ազգային, բանասիրական, գրական և գիտական այս պարբերականներն անգնահատելի ծառայություն ունեն հայ հին ու միջնադարյան գրականության, հայոց պատմության ու մշակույթի ամենաբազմազան հարցերի լուսաբանման ասպարեզում։ Նրանք մեծ տեղ էին հատկացրել նաև անտիկ աշխարհի, միջին և նոր դարերի եվրոպական գրականությանն ու մշակույթին։ Ներկայումս Իտալիայում հրատարակվում էին նաև «Հայ ընտանիք» (1969 թվականից, Վենետիկ) Ա <Զեյթուն» (1980 թվականից, Հռոմ) հանդեսները։ Վիեննայում լույս էր տեսնում «Հրայրք» (1984 թվականից) մշակութային-հասարակական շաբաթաթերթը։

Ֆրանսիա և Անգլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում առաջին հայ պարբերականը Ս․ Ոսկանի «Արևելք» (Փարիզ, 1855-1856) կիսամսյա հանդեսն էր։ Մինչև 1920 թվականը Ֆրանսիայում հրատարակվել են 30-ից ավելի պարբերականներ, որոնց թվում՝ «Մասյաց աղավնի» (1855-1858), «Արևմուտք» (1859, 1864-1865), «Փարիզ» (1860-1863), «Անահիտ» (1898-1949, ընդհատումներով, բոլորը՝ Փարիզում), «Արմենիա» (1885-1923, Մարսել) և այլ թերթեր ու հանդեսներ։ 1920-1930-ական թվականներին Ֆրանսիայում լույս է տեսել տարբեր բնույթի ավելի քան 90 պարբերական։ 1924-1925 թվականներին Փարիզում հրատարակվել է Ֆրանսիայի կոմկուսի հայկական սեկցիայի անդրանիկ օրգան «Բանվոր-Փարիզ» թերթը, որին հաջորդել էին աշխատավորական նոր օրգաններ՝ «Վերելք» (1926-1927) հանդեսը, «Բանվոր» (1928-1929), «Արշավ» (1932) շաբաթաթերթերը, «Դարբնոց» (1932) երկօրյան։ 1925-1930 թվականներին հրատարակվել էր «Երևան» քաղաքական, ընկերային և գրական մեծածավալ եռօրյա թերթը։ 1935-1937 թվականներին Մ․ Մանուշյանը լույս էր ընծայել «Զանգու» հասարակական-քաղաքական շաբաթաթերթը։ Այս պարբերականները զգալի դեր էին կատարել ֆրանսահայ աշխատավորությանը հայրենիքին մերձեցնելու, նրանց դասակարգային շահերը պաշտպանելու, դաշնակցության հայրենադավ ոտնձգությունները մերկացնելու գործում։ Հիշատակելի է ռամկավարների «Ապագա» (1920-1940, 1946-1950, Փարիզ) շաբաթաթերթը, որն առաջին տարիների տատանումներից հետո կողմնորոշվել էր դեպի Սովետական Հայաստանը, այն ճանաչել որպես համայն հայության միակ հայրենիք։ Հնչակյան կուսակցության օրգան «Հնչակյան մամուլ»-ը (1929-1931, Փարիզ) լուսաբանել է Սովետական Հայաստանի շինարար, ձեռնարկումները, ջատագովել սփյուռքահայ աշխատավորության կապերի ամրապնդումը հայրենիքի հետ, պայքարել դաշնակցության դեմ։ 1925 թվականից Փարիզում հրատարակվում էր «Հառաջ» հասարակական-քաղաքական թերթը, որն ունենալով դաշնակցական կողմնորոշում, վերջին շրջանում որոշ տեղ էր հատկացնում Սովետական Հայաստանի նվաճումներին, արտատպություններ կատարում սովետահայ պարբերականներից։ 1920-1930-ական թվականներին Փարիզում լույս էին տեսել մի շարք գրական հանդեսներ՝ «Արագած» (1926), «Ցոլք» (1928), «Ցանք» (1930-1931), «Մենք» (1931-1932), «Մշակույթ» (1935-1937)։ Հրատարակվել էին նաև Հայ բարեգործական միության «Միություն» (1928-1940), «ՀՕԿ» (1933-1935) և այլ պարբերականներ։ Ֆաշիստ, օկուպացիայի շրջանում է ստեղծվել «ժողովուրդ» (1944-1948, Փարիզ) թերթը (մինչև օկուպացիայի վերջը անլեգալ), որը կազմակերպել և համախմբել է Դիմադրության հայ ուժերի պայքարը ֆաշիզմի դեմ։ Հետպատերազմյան տարիներին թերթն աջակցել է սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդմանը, հայրենադարձության կազմակերպմանը, լուսաբանել ԽՍՀՄ խաղաղասիրական քաղաքականությունը։ Հետպատերազմյան շրջանում Ֆրանսիայում հրատարակվել է շուրջ 60 անուն հայերեն պարբերական՝ հիմնականում գրական-գեղարվեստական։ Ֆրանսահայ մամուլի պատմության մեջ հետք էր թողել «Լուսաղբյուր» (1952-1971, Փարիզ) գրական գեղարվեստական և գիտական ամսագիրը։ Ուշագրավ է «Անդաստան» (1952-1969, Փարիզ) հանդեսը։ 1960 թվականից լույս տեսնող «Աշխարհ» գրական-հասարակական առաջադիմական շաբաթաթերթը անդրադառնում էր սփյուռքի կենսական պրոբլեմներին, ինչպես նաև Սովետական Հայաստանի նվաճումներին՝ տնտեսության, գիտության ու մշակույթի բնագավառներում։ Մինչև մեր օրերը Ֆրանսիայում լույս էր տեսել ավելի քան 190 հայկական պարբերական։

Անգլիայի հայ մամուլի առաջնեկն այստեղ «Երկրագունդ» (1863-1864, Մանչեստր) լրագիրն է։ Գաղթավայրի առաջին պարբերականներից էին նաև հայկական հայրենասիրաց ընկերության հրատարակություն «Հայաստան» (1888-1892, Լոնդոն) հայերեն և ֆրանսիական ամսագիրը և վերակազմյալ հնչակյան կուսակցության «Մարտ» (1897-1901, Լոնդոն) ամսաթերթը։ Լոնդոնում էր շարունակվել հրատարակվել 1894 թվականին Աթենքում հիմնված «Ապտակ» (1895-1897) երգիծական-քաղաքական ամսաթերթը, 1887 թվականին՝ Մոնպելիեում հիմնված հնչակյանների կենտրոնական օրգան «Հնչակ» (1894-1904) հասարակական քաղաքական ամսաթերթը։ Անգլիայի հայ մամուլը որոշ զարթոնք է ապրել 1960-ական թվականներից հետո։ 1964-1968 թվականներին Լոնդոնում լույս է տեսել «Արեգակ» հասարակական-գրական ամսաթերթը, որը լուսաբանել էր սփյուռքի կյանքը, նյութեր տպագրել Սովետական Հայաստանի առօրյայի մասին։ 1971-1973 թվականներին հրատարակվել էր Լոնդոնի հայ երիտասարդ, միության առաջադիմական-հայրենասիրական «Սարդարապատ» ամսագիրը (հայերեն և անգլերեն), 1974-1976 թվականներին՝ «Արեգակ»-ի շարունակությունը հանդիսացող «Լոնդոն» ամսաթերթը։ Անգլիայում լույս է տեսել 17 հայկական պարբերական։

Բուլղարիա, Հունաստան, Կիպրոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի առաջին հայ պարբերականը Վառնայում հրատարակված «Հույս» (1884-1885) լատինատառ շաբաթաթերթն էր։ Արժանահիշատակ էին հնչակյանների «Հայելի» (1897-1904, Վառնա) երգիծական, «Պալքանյան մամուլ» (1915-1918, 1920-1922, Ռուսչուկ, 1918-1920, 1931-1943, Սոֆիա), ռամկավարների «Լուսարձակ» (1920-1924, Վառնա) քաղաքական-հասարակական շաբաթաթերթերը, «Վիթոշ-Արարատ» (1935, Պլովդիվ) տարեգիրքը և այլն։ Բուլղարիայում էր լույս տեսել սփյուռքի հայ կոմունիստների առաջին պարբերականը՝ «Կարմիր լուրեր» (1920-1921, Ֆիլիպե) ամսաթերթը, որին հաջորդել էր «Նոր աշխարհ» (1922-1923) երկշաբաթաթերթը։ 1944 թվականից Սոֆիայում հրատարակվում էր «Երևան» գրական, քաղաքական և հասարակական շաբաթաթերթը, որը ծանոթացնում էր Սովետական Հայաստանի կյանքին, անդրադառնում միջազգային կարևոր իրադարձություններին։ Մինչև մեր օրերը Բուլղարիայում լույս է տեսել 93 անուն հայերեն թերթ ու հանդես։ Ռումինիա։ 1895-1899 թվականներին Գալաց քաղաքում հայերեն և ռումիներեն լույս էր տեսել «Հայկական տարեցույց»-ը։ Ուշագրավ էին նաև Բուխարեստի «Հայ մամուլ» (1934-1942), «Պահակ» (1935-1941, 1944- 1946) շաբաթաթերթերը, «Սևան» (1950- 1958) պատկերազարդ ամսագիրը։ 1950 թվականից լույս է տեսնում ՌՍՀ հայ ազգաբնակչության դեմոկրատական կոմիտեի օրգան «Նոր կյանք» շաբաթաթերթը։ Ռումինիայում (հիմնականում՝ Բուխարեստում) մինչև մեր օրերը լույս էր տեսել շուրջ 50 անուն հայկական պարբերական։

Հունաստանի առաջին հայ պարբերականը «Ասպարեզ» (1891, Աթենք) կիսամսյա հանդեսն էր։ 1920-ական թվականներին աչքի ընկնող հրատարակություններից էր հնչակյանների «Երկունք» (1922-1923, Աթենք) երկօրյա թերթը, որն անդրադարձել էր Սովետական Հայաստանի առաջին քայլերին, Հունաստանում ապաստանած գաղթականների ու որբերի ճակատագրին։ «Աշխատանք» (1926-1927, Սալոնիկ) եռօրյա թերթը Հունաստանի կոմկուսի հայկական սեկցիայի օրգանն էր։ Հունահայ կոմունիստների հրատարակություններն էին նաև «Ժողովուրդի ձայն» (1930-1931) և «Նոր շարժում» (1931-1934, երկուսն էլ՝ Աթենք) շաբաթաթերթերը, որոնք պայքարել էին բուրժուական գաղափարախոսության ու ազգայնական քաղաքական հոսանքների դեմ, պաշտպանել հայ և հույն աշխատավորության շահերը։ Այդ տարիներին էին հրատարակվել նաև ռամկավարների «Արևելք» (1930-1936, Սալոնիկ) և «Արամազդ» (1934-1936, Աթենք) օրաթերթերը։ Պատերազմի տարիներին Հունաստանում հայերեն թերթեր լույս չեն տեսել։ Ֆաշիզմի ջախջախումից հետո 1944 թվականին Աթենքում հրատարակվել է «Երևան» առաջադիմական թերթը, որին փոխարինել էր «Նոր կյանք (1945-1947) օրաթերթը։ Սրանք լուսաբանել էին գաղթավայրի կյանքը, օգնել հայրենադարձության կազմակերպմանը, քննադատել իմպերալիստական պետությունների հետպատերազմյան քաղաքականությունը։ «Երկիր» (1957-1965, 1968 թվականներից, Աթենք) շաբաթաթերթն անդրադառնում էր հունահայ համայնքի իրադարձություններին, Սովետական Հայաստանի նվաճումներին։ Մինչև մեր օրերը Հունաստանում լույս էր տեսել 70 անուն հայկական պարբերական։

Կիպրոսում առաջին հայ պարբերականը «Ազատ կիպրահայ» (1922-1923, Նիկոզիա) շաբաթաթերթն է։ 1959-1962 թվականներին ռամկավարները Նիկոզիայում լույս էին ընծայել քաղ-ազգային «Հենարան» շաբաթաթերթը, որը լուսաբանել էր գաղթավայրի կյանքը, աջակցել հայրենադարձությանը, պայքարել դաշնակցության դեմ, լուրեր տպագրել Սովետական Հայաստանից։ Հայախոս միության օրգան «Լուսարփի» (1926-1928, Լառնակա) ամսաթերթի խնդիրն էր պահպանել ու տարածել մայրենի լեզուն։ 1937-1978 թվականներին (ընդհատումներով) Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատության սաները հրատարակել էին «Այգ» պարբերականը, որտեղ տպագրվել էին գրական ստեղծագործություններ, տեղեկատվություններ հաստատության կյանքից։ 1973 թվականից մելգոնյանցիները լույս էին ընծայում «Ցոլք» պարբերականը։ Տեղեկատու հրատարակություններ ունեն ՀԲԸՄ Կիպրոսի մասնաճյուղը, Ազգային առաջնորդարանը։

Եվրոպական երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի Ժնևում հրատարակվել էին հայ սոցիալ-դեմոկրատների «Հանդես» (1900) և նրա շարունակությունը հանդիսացող «Բանվոր» (1904) ամսագրերը, որոնցում տեղ էին գտել տեսական հոդվածներ սոցիալ-դեմոկրատիայի գաղափարախոսության, նպատակների ու խնդիրների մասին։ 1891-1914 թվականներին Ժնևում (1925-1934 թվականներին՝ Փարիզում) լույս էր տեսել դաշնակցության «Դրոշակ» կիսամսյա, ապա միամսյա թերթը։ 1975 թվականից Ժնևում հրատարակվում էր Շվեյցարիայի հայոց միության «Ցոլք» հայերեն և ֆրանսիական պարբերականը։ Գերմանիայում առաջին հայ պարբերականը՝ «Հանդես հայագիտության»-ը, լույս էր տեսել Մարբուրգում 1901-1902 թվականներին (երկու գիրք, նյութերի մի մասը՝ Գերմանիա)։ Ավելի ուշ հրատարակվել է «Մեսրոպ» (1914, Բեռլին) երկամսյա հանդեսը։ Հայերեն պարբերականներ հրատարակելու փորձեր էին կատարվել նաե հաջորդ տասնամյակներում՝ «Թիքա» (1922, Լայպցիգ), «Հայ երիտասարդ» (1927, Բեռլին)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայերեն պարբերականներ էին լույս տեսել ԳՖՀ-ում և Արևմտյան Բեռլինում։

Շվեդիայի հայագետ-լեզվաբան Ն․ Բյուզանդացու նախաձեռնությամբ 1887-1888 թվականներին Ստոկհոլմում լույս էր տեսել «Քննասեր» հայագիտություն հանդեսը (վիմատիպ, երեք համար)։ 1980 թվականից Ուփսալայի հայ ուսանողներն ու երիտասարդները հրատարակում էին «Արագիլ» պարբերաթերթը։ Հունգարիայում հայերեն միակ հրատարակությունը Բուդապեշտի «Մասիս» միության «Նոր դար» (1919) ամսաթերթն էր։ Բելգիայում առաջին հայ պարբերականը «Լրագիր» (1927, Բրյուսել) հասարակական-քաղաքական կիսամսյան է։ Այնուհետև հրատարակվել են «Գիտություն և գիտելիք» (1928-1929, Անտվերպեն) ամսագիրը, «Հայ աշխարհ» (1937-1939, Բրյուսել) հայերեն-ֆրանսերեն պատմա-մշակութային ամսաթերթը։ Նիդերլանդներում 1975 թվականին Ամստերդամում հայերեն և հոլանդերեն լույս էր տեսել ազգային, մշակութային և հասարակական «Տեղեկաթերթ» պարբերականը։ Այնուհետև, նույնպես երկու լեզվով, հրատարակվել էին հայրենասիրական բովանդակության «Դեպի հայրենիք» (1978, Ռեյսվեյք) ամսագիրը և «Պայքար» (1979, Ալմելո) ամսաթերթը։

Մերձավոր Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսում գաղթավայրի առաջին պարբերականը «Արմավենի» (1865, Կահիրե) կիսամսյան էր։ Դարասկզբին հրատարակվել էր «Ազատ բեմ» (1903-1905, Ալեքսանդրիա, 1906-1907, Կահիրե) պարբերականը։ Այնուհետև լույս էին տեսել «Եգիպտահայ տարեցույց»-ը (1914-1916, Կահիրե, 1917-19, 1925-26, Ալեքսանդրիս), «Արաքս» (1925-1965, Ալեքսանդրիս) շաբաթաթերթը։ 1913 թվականից Կահիրեում հրատարակվում է դաշնակցության օրգան «Հուսաբեր» օրաթերթը։ Ռամկավար ազատական կուսակցության օրգանն էր (1922 թվականից) «Արև» օրաթերթը (1915-1924, Ալեքսանդրիա, 1924 թվականից՝ Կահիրե), որը լուսաբանում էր միջազգային հարցեր, հանդես գալիս խաղաղության պաշտպանության դիրքերում, անդրադառնում եգիպտահայ համայնքի և Սովետական Հայաստանի առօրյային։ Մինչև մեր օրերը Եգիպտոսում լույս էր տեսել շուրջ 160 հայկական պարբերական։

Լիբանանում հայերեն առաջին պարբերականը «Լույս» խմորատիպ թերթն էր, որը տպագրվել էր Զահլեում, 1918 թվականին։ Լիբանանահայ մամուլի կենտրոնը, սակայն, դարձել էր Բեյրութը։ Առաջադիմական, դեմոկրատական-հայրենասիրական ուղղության պարբերականներից առավել նշանակալին «Մեր նշանաբանն էր Հառաջ» (1957-1964), «Կանչ» (1971 թվականից) շաբաթաթերթերն էին, որոնց բնորոշ էր հետևողական պայքարը հանուն երկրում խաղաղության հաստատման, իմպերալիստական մեքենայությունների մերկացման, Սովետական Հայաստանի հետ կապերի ամրապնդման։ Նույն նպատակին էին ծառայում նաև հնչակյանների «Արարատ» և ռամկավարների «Զարթոնք» (երկուսն էլ՝ Բեյրութում, 1937 թվականից) օրաթերթերը։Բեյրութում լույս էին տեսել նաև մի շարք գրական-գեղարվեստական հանդեսներ, որոնցից էին «Անի» (1946-1955), «Մշակույթ» (1954-1955), «Գիրք գրականության և արվեստի» (1955-1956, 1959), «էջեր գրականության և արվեստի» (1965-1972) պարբերականները։ Սրանք կարևոր դեր էին կատարել սփյուռքահայ մշակույթի և հասարակական մտքի զարգացման գործում, պարբերաբար տպագրել սփյուռքի և հայ սովետական գրողների ստեղծագործություններ։ 1932-1934, 1947-1968 թվականներին հրատարակվել էր «Երիտասարդ հայուհի» ամսագիրը։ Ուշագրավ էին նաև «Շիրակ» (1956 թվականից) Թեքեյան մշակութային միության պատկերազարդ ամսագիրը, «Նաիրի» (1941 թվականից) շաբաթաթերթը, Բեյրութի Հայկազյան կոլեջի հայագիտարանի ամբիոնի «Հայկազյան հայագիտական հանդես» (1970 թվականից) տարեգիրքը։ Մինչև մեր օրերը Լիբանանում հրատարակվել էր շուրջ 190 անուն հայկական պարբերական։

Սիրիաում 1913-1914 թվականներին Հալեպում լույս էր տեսել «Աղբյուր» խմորատիպ ամսաթերթը։ 1918-1922 թվականներին ռամկավար կուսակցությունը հրատարակել էր «Հայ ձայն» (Հալեպ, Ադանա) օրաթերթը։ Սիրիահայ կարևոր հրատարակություններից էր հնչակյան կուսակցության «Սուրիական մամուլ» (1922-1927, Հալեպ) օրաթերթը, որը լուսաբանել էր ազգային խնդիրներ, անդրադարձել հայ գաղթականների ու որբերի անմխիթար վիճակին, միջազգային իրադարձություններին։ «Սուրիահայ տարեցույց» (1924-1925, Հալեպ) տպագրել էր փաստագրական և տեղեկատու նյութեր Սիրիայի և հարևան երկրների հայ համայնքների կյանքից, դրվագներ Մեծ եղեռնից և հայ ազատագրական պայքարի պատմությունից։ Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնական օրգան «Եփրատ» (1927-1949, Հալեպ) քաղաքական, գիտական և ազգագրակ․ օրաթերթը հանդես էր եկել Սիրիայի անկախության համար արաբ ժողովրդի ազատագրական պայքարի պաշտպանությամբ, լուսաբանել Սովետական Հայաստանի առաջընթացը, ակտիվորեն մասնակցել հայրենադարձության կազմակերպմանը։ Հալեպում 1975 թվականից լույս է տեսնում «Գեղարդ» գրական-գեղարվեստական, պատմական տարեգիրքը, 1980 թվականից՝ «Նոր ապրիլ» բազմաբնույթ քառամսյան։ Մինչև մեր օրերը Սիրիայում (հիմնականում Հալեպում) լույս էր տեսել ավելի քան 70 անուն հայկական պարբերական։

Իրանում հայերեն առաջին պարբերականը «Շավիղ» (1894-1997, Թեհրան) չափավոր-լիբերալ ուղղության ազգայի նգրական և յշաղ․ շաբաթաթերթն էր։ Իրանահայ առաջադիմական հրատարակություններից էին «Զանգ» (1910-1922, Թավրիզ) և «Վերածնունդ» (1930-1953, Թեհրան) հասարակական, քաղաքական և գրական շաբաթաթերթերը, որոնք հիմնականում լուսաբանել էին գաղթավայրի առօրյան։ 1931 թվականից Թեհրանում լույս էր տեսնում դաշնակցական կուսակցության օրգան «Ալիք» օրաթերթը, որն ունի շեշտված հակակոմունիստական բնույթ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թավրիզում հրատարակվել են «Հակաֆաշիստական թերթիկ» (1943-1944), «Հակաֆաշիստ» (1944-1945), «Արևելք» (1945-1946) պարբերականները, որոնք պարզաբանել էին ԽՍՀՄ դերը ֆաշիզմի դեմ մղվող պայքարում, հավատ ներշնչել սովետական ժողովրդի հաղթանակի նկատմամբ։ Իրանահայ հիշարժան պարբերականներից էին նաև «Հուր» (1971-1976, Թեհրան, հայերեն և պարսկական) պատմաբանասիրական և մշակութային ամսագիրը, «Արարատ» (1979 թվականից, Թեհրան) գրականության և արվեստի տեղեկատու հանդեսը։ Մինչև մեր օրերը Իրանում լույս էր տեսել շուրջ 85 անուն հայկական պարբերական։

Երուսաղեմում առաջին հայ պարբերականը Երուսաղեմի հայոց պատրիարքարանի «Սիոն» (1866 թվականից) եկեղեցական, գրական և բանասիրական ամսագիրն էր։ Գաղթավայրի հասարակական-մշակութային կյանքը և Սովետական Հայաստանի առօրյան էր լուսաբանում «ՀԵՄ» գրական-հասարակական եռամսյա հանդեսը (1940-1945, 1977 թվականից)։ 1980 թվականից լույս է տեսնում նաև Հայ մարմնամարզական ընդհանուր միության Երուսաղեմի մասնաճյուղի պաշտոնաթերթ «ՀՄԸՄ տեղեկատու»-ն։

Եթովպիաում 1932 թվականին Ադիս Աբեբայում լույս էր տեսել «Նոր ծաղիկ» գրական-գեղարվեստական և գիտական կիսամսյա հանդեսը, որը տեղեկություններ էր տպագրել գաղթավայրի իրադարձությունների, մայր հայրենիքի վերաբերյալ։ 1958-1962 թվականներին Ադիս Աբեբայում հրատարակվել է «Փյունիկ» դեմոկրատ, հայրենասիրական պարբերականը, որը ծանոթացրել է համայնքի իրադարձություններին, տպագրել գրական-գեղարվեստական գործեր։

ԱՄՆ և Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն առաջին պարբերականը՝ «Արեգակ» ամսաթերթը, լույս է տեսել 1888 թվականին, Ջերսի Սիթիում։ Դարավերջին Նյու Յորքում հրատարակվել են «Սուրհանդակ» (1889-1890) ամսաթերթը, «Ազատություն» (1890-1892) առաջին հայերեն-անգլերեն կիսամսյան, «Հայք» (1891 - 1898) գրական, քաղաքական շաբաթաթերթը, որոնք լուսաբանել են կազմավորվող ամերիկահայ համայնքի ներքին կյանքը, ամերիկահայությանը հաղորդակից դարձրել միջազգային իրադարձություններին, արձագանքել Արևմտյան Հայաստանի անցքերին։ Ամերիկահայ մամուլի զարգացումը հիմնականում պայմանավորված էր ԱՄՆ-ում հայկական կուսակցությունների, հայրենակցական միությունների, բարեգործական ընկերությունների և այլ կազմակերպությունների ստեղծմամբ։ 1899 թվականից Նյու Ցորքում հրատարակվող «Ձայն հայրենյաց» շաբաթաթերթը դառնում է վերակազմյալ հնչակյան կուսակցության Ամերիկայի շրջանի պաշտական օրգանը (1900-1902, 1903- 1908)։ 1900 թվականից Բոստոնում լույս է տեսնում դաշնակցության Ամերիկայի կենտրոնական օրգան «Հայրենիք» թերթը (հիմնական 1899 թվականին, Նյու Ցորքում)։ Ունի շեշտված հակակոմունիստական և հակասովետական դիրքորոշում։ 1903 թվականից հնչակյանները հրատարակում են «Երիտասարդ Հայաստան» (Փարամուս, Նյու Ջերսի նահանգ) հասարակական-քաղաքական և տնտեսական շաբաթաթերթը։ 20-րդ դարի սկզբի ամերիկահայ հիշարժան հրատարակություններից են նաև «Քաղաքացի» (1902-1909, Ֆրեզնո) և «Ազգ» (1907-1921, Բոստոն) շաբաթաթերթերը։ Հիշյալ պարբերականներում մեծ տեղ էին գրավել հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հարցերը, Թուրքիայի հայահալած քաղաքականության մերկացումը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկահայ մամուլը լուսաբանել է պատերազմական գործողությունների ընթացքը, պատմել հայ կամավորական շարժման և հայոց հերոսամարտերի մասին։ Հետեղեռնյան շրջանում գաղթավայրում գործող հայկական կուսակցությունների վերախմբավորմամբ ստեղծվում էին նոր պարբերականներ։ Ռամկավար և վերակազմյալ հնչակյան կուսակցությունների, նրանց «Ազգ» և «Պահակ» (1915- 1921, Բոստոն) օրաթերթերի միավորումով 1921 թվականին Բոստոնում լույս էր տեսել ռամկավար ազատականների «Ազգ-Պահակ» օրաթերթը, որը 1922 թվականից կոչվում է «Պայքար»։ Նույն սկզբունքով ոգևորվել էին ռամկավարների «Նոր կյանք» (1914- 1921) և ռամկավար ազատականների «Արոր» (1919-1921, երկուսն էլ Ֆրեզնոյում) օրաթերթերը (1921 թվականին՝ «Նոր կյանք-Արոր, 1922 թվականից՝ «Նոր օր»)։ Խորհրդային Հայաստանի ծնունդը հզոր ազդակ հանդիսացավ ԱՄՆ-ի հայ բանվորական մամուլի օրգանների գործունեության համար։ ԱՄՆ-ի բանվորական կուսակցության հայկական հատվածի օրգան «Գործավոր» (1924) և ԱՄՆ-ի հայ բանվորական կուսակցության օրգան «Բանվոր» (1922-1924) շաբաթաթերթերի միավորումով ստեղծվել է ԱՄՆ-ի բանվորական (կոմունիստական) կուսակցության հայկական հատվածի օրգան (1925 թվականից) «Պրոլետար» (1924-1926) թերթը, որը 1926-1930 թվականներին լույս էր տեսել «Նոր աշխարհ» (ԱՄՆ-ի կոմկուսի օրգան), 1930-1938 թվականներին՝ «Բանվոր» անուններով։ Հայ բանվորական մամուլի օրգանները զգալի ներդրում էին ունեցել ամերիկահայ աշխատավորությանն ազգայնական գաղափարախոսությունից ձերբազատելու գործում, լուսաբանել Խորհրդային Հայաստանի առօրյան, նրան համակիր կազմակերպությունների (ՀՕԿ, Պետակաբն կարմիր խաչ, հայրենակցական միություններ և այլն) գործունեությունը։ Նշանակալի էր Ամերիկահայ առաջադիմական միության նախաձեռնությամբ 1938 թվականից Նյու Ցորքում հրատարակվող «Լրաբեր» թերթի դերը, որը պարբերաբար տպագրում է Խորհրդային և ամերիկյան ժողովուրդների մերձեցմանը նպաստող նյութեր, հանդես գալիս ԽՍՀՄ-ԱՄՆ տնտեսական, առևտրական, գիտատեխնիկական կապերի զարգացման օգտին։ Հայրենակցական միությունների «Նոր Արաբկիր» (1925 թվականից, Նյու Ցորք, Ֆիլտդելֆիա, Բոստոն էին), «Գերմանիկ» (1930 թվականից), «Նոր Չնքոլշ> (1931-1935), «Կյուրինի հուշ» (1930-1933), «Նոր Կեսարիա» (1934-1972, բոլորը՝ Նյու Ցորքում) և այլ պարբերականներ ոչ միայն սփյուռքը մայր հայրենիքին կապող կարևոր օղակ են հանդիսացել, այլև կորստից փրկել էին հայրենի երկրամասի բազմաթիվ ավանդություններ, երգեր, ժողովրդական բանահյուսության նմուշներ և այլն։ Գաղթավայրի գրական-գեղարվեստական լավագույն պարբերականներից է «Նոր գիր» (1936-1954, Նյու Ցորք) եռամսյա հանդեսը, որի շուրջն էին համախմբված սփյուռքահայ առաջադեմ գրողներ ու մտավորականներ։ Անգլախոս սերնդին հայ կյանքին հաղորդ պահելու նպատակով դեռևս 1930-ական թվականներին ձեռնարկվեց անգլիական պարբերականների հրատարակումը, որն առավել տարածում ստացավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1958 թվականից լույս է տեսնում «Արմինիըն օբսերվեր» («The Armenian Observer», Ֆրեզնո, Լոս Անջելես), 1960 թվականից՝ «Արարատ» («Ararat», Նյու Ցորք), 1967 թվականից՝ «Արմինիըն ռիփորթըր» («The Armenian Reporter», Նյու Ցորք), 1970 թվականից՝ «Արմինիըն դայջեսթ» («Arme- nian Digest», Լոս Անջելես) և այլ պարբերականներ։ 1970-1980-ական թվականների Միջին և Մերձավոր Արևելքի երկրներից ԱՄՆ արտագաղթից հետո գաղթավայրի հայ պարբերական մամուլի խոշորագույն կենտրոն է դարձել Լոս Անջելեսը, որտեղ 1986 թվականին հրատարակվել է ավելի քան 40 անուն պարբերական։ Այստեղ են շարունակվում հրատարակվել «Նոր օր»-ը (1964 թվականից), «Ասպարեզ»-ը (1970 թվականից), «Լրաբեր»-ը (1979 թվականից), հիմնվել են նոր պարբերականներ՝ ազգային, գրական «Նոր սերունդ» (1975 թվականին), «Ապրիլ» ամսաթերթերը (1977 թվականին), «Նոր կյանք» շաբաթաթերթը (1978 թվականին), Հայ եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդարանի «Մայր եկեղեցի» պաշտոնաթերթը (1979 թվականին), Ամերիկահայ միջազգային կոլեջի «Տարեգիրք»-ը (1977 թվականին), «Մանկական աշխարհ» պատկերազարդ հանդեսը (1980 թվականին), Ազգային ւիսրժարանի աշւսկերտների «Մեր ձայնը» պարբերաթերթը (1980 թվականին) և այլն, որոնք հիմնականում հայերեն-անգլերեն ե այլն։ Մինչև մեր օրերը ԱՄՆ-ում լույս է տեսել ավելի քան 400 հայկական պարբերական։ Արգենտինա։ Գաղթավայրի առաջին հայերեն պարբերականը՝ «Արժենթինյան մամուլ» շաբաթաթերթը, հրատարակել էր Ամերիկայի բանվորական կուսակցության հայկական ֆեդերացիան (հնչակյաններ)՝ 1922-1924 թվականին։ 1920-1930-ական թվականներին հրատարակվել էին «Նոր երկիր» (1922-1925) ժողովրդական շաբաթաթերթը, «Շիրակ» բարեգործական միության կենտրոնական վարչության «Շիրակ» (1929-1936) հասարակական, գրական կիսամսյան (վերջում շաբաթաթերթ), որը ծանոթացրել էր Սովետական Հայաստանի կյանքին, լուսաբանել ՀՕԿ-ի, բարեգործական, վերաշինաց, հայրենակցական և այլ կազմակերպությունների գործունեությունը, «Արժենթին» (1929-1931) անկախ հայաթերթը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու «Հայ կեդրոն» (1932-1970) պաշտոնաթերթը և այլն։ 1935 թվականից լույս էր տեսնում Հաճընի հայրենակցական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի «Նոր Հաճըն» հանդեսը, որտեղ ներկայացվում էին միության աշխատանքները, նյութեր տպագրվում Հաճընի պատմության, ավանդությունների, բարբառի, հաճընցիների կենցաղի ու սովորությունների վերաբերյալ։ Արգենտինահայ մարաշցիների հայրենակցական միությունը հրատարակել է«Մարաշ» (1955-1966) հայերեն-իսպաներեն երկամսյա տեղեկատուն։ Գաղթավայրի արժանահիշատակ պարբերականներից էր նաև «Սևան» (1961 թվականից, բոլորը Բուենոս Այրեսում) գրական, հասարակական շաբաթաթերթը։ 1970 թվականից Կորդովայում տպագրվում էր հայ եկեղեցու «Արևագալ» տեղեկատուն, 1979 թվականից «Սարդարապատ» ազգային, հասարակական, մշակութային պարբերականը։ Մինչև մեր օրերն Արգենտինայում լույս է տեսել շուրջ 40 հայկական պարբերական։

Կանադայում 1926 թվականին Ջորջթաունում հրատարակվել էր Կանադայի հայորդիների միության օրգան «Արարատ» ամսաթերթը, որը 1927 թվականին շարունակվել էր «Արագած» անունով։ Պարբերականները ձգտել են աջակցել ազգապահպանման ջանք fa-ll ին, նպաստել մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը։ 1955 թվականից Տորոնտոյում հրատարակվում է հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպության «Նոր սերունդ» (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն) ամսաթերթը։ Կանադայի Պոլսահայ միությունը լույս էր ընծայում «Գեղարդ» (1969 թվականից) գրական, մշակութային եռամսյա պարբերաթերթը, Թեքեյան հրատարակչական կենտրոնը՝ «Ապագա» (1975 թվականից, երկուսն էլ՝ Մոնրեալ) շաբաթաթերթը, (1977 թվականից՝ ֆրանսիական և անգլիական)։ Կանադայում մինչև մեր օրերը լույս է տեսել 21 հայկական պարբերական։

Բրազիլիա և Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայում հայերեն առաջին պարբերականը 1933-1937 թվականներին Սան Պաուլոյում հրատարակված հնչակյան ուսանողական միության օրգան «Կայծ» ազգային, գրական, գեղարվեստական և մարզական ամսագիրն է։ 1946-1947 թվականներին լույս էր տեսել Սան Պաուլուի «Հայկական միություն» մշակութային ընկերության «Վերելք» տեղեկատուն։ Հնչակյանները 1947-1950 թվականներին հրատարակել էին «Հայաստանի ձայն» քաղ․, գրական և հասարակական պարբերականը, որտեղ տպագրված նյութերը ծանոթացրել են համայնքի անցուդարձին, Սո- վետական Հայաստանի վերելքին։ 1960- ական թթ․ սկսում են լույս տեսնել նաե հայերեն-պորտուգալ․ պարբերականներ՝ «Հայաստան» (1965-1967, Սան Պաուլու) ազգային, գրական, քաղաքական ամսագիրը, ՀԲԸՄ Սան Պաուլուի մշակութային հանձնախմբի «Նոր Անի» (1980 թվականից) գրական, գեղարվեստական պարբերականը։ Ավստրալիական միություն։ Առաջին պարբերականն Ավստրալիայի հայոց եկեղեցու «Լույս» (1955 թվականից, Սիդնեյ) ամսագիրն էր։ Գաղթավայրում հրատարակված հայկական պարբերականների զգալի մասը կրոնաեկեղեցական բնույթի էին. դրանցից էին՝ «Ձայն» (1956- 1961, հայերեն-անգլերեն) ամսաթերթը, «Լրատու» (1962-1965, հայերեն-անգլերեն) պարբերականը, «Հույս» (1966 թվականից, բոլորը՝ Մելբուռնում) ամսագիրն էր։ Այս պարբերականները նպաստել էին հայապահպանության ձեռնարկներին, ավստրալահայությանը հաղորդ պահել մայր հայրենիքի և Էջմիածնի առաքելական եկեղեցու իրադարձություններին։ Ավստրալիայում գործող հայ ազգային կոմիտեն լույս էր ընծայել «Հայ դատ» (1975-1979) կիսամյա հանդեսը, ՀԲԸ Միության Ավստրալիայի մասնաճյուղը 1979 թվականից, հրատարակում էր «Արագած» ամսաթերթը։ Լույս էին տեսնում նաև ուսանողական, պատանեկան պարբերականներ՝ «Շիրազ» (1978 թվականից), «Նոր սերունդ» (1979 թվականից, բոլորը՝ Սիդնեյում) և այլն։ Մինչև մեր օրերը Ավստրալիայում լույս էր տեսել 14 հայկական պարբերական։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարսեղյան Խ․ Հ․, Բոլշևիկյան հայ պարբերական մամուլի պատմություն, 1900-1920, Երևան, 1956։
  • Ֆելեքյան Տ․ ՝՝ Հայաստանի պարբերական մամուլը սոցիալիզմի կառուցման պայքարում, Երևան, 1970։
  • Հայ պարբերական մամուլը, մատենագիտական համահավաք ցուցակ (1794-1980), կազմումը Մ․ Ա․ Բաբլոյան, Երևան, 1986։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։