Ֆրանսահայ մամուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Յառաջ» թերթի խմբագրություն (փետրվար 1928, Փարիզ), Շավարշ Միսաքյան, Շահան Շահնուր, Նշան Պեշիկթաշլյան, Մելքոն Քեպապչյան, Շավարշ Նարդունի, Թեոդիկ

Ֆրանսիայի հայկական մամուլ, Ֆրանսիայում լույս տեսնող հայալեզու և ֆրանսալեզու պարբերականներ։

Ֆրանսիայում ցայսօր լույս են տեսել 200-ից ավելի հայերեն պարբերականներ, այդ թվում՝ 87-ը՝ Փարիզում, 21-ը՝ Մարսելում, 9-ը՝ Լիոնում։ Առաջինը «Արևելք» (1855-1856, խմբագիր՝ Ստեփան Ոսկան) և «Մասյաց աղավնի» (1855-1888, խմբագիր՝ Գաբրիել Այվազովսկի) հանդեսներն են (երկուսն էլ՝ Փարիզ)։ Մինչև 1920 թվականը Ֆրանսիայում հրատարակվել են 30-ից ավելի պարբերականներ, որոնցից են «Արևմուտք» 1859, 1864-1865, «Փարիզ» 1860-1863, «Անահիտ» 1898-1949, անկանոն, խմբագիր՝ Արշակ Չոպանյան), «Բանասեր» 1899-1907, «Պրո Արմենիա» (1900-1914, բոլորն էլ՝ Փարիզ), «Արմենիա» (1885-1923, Մարսել) թերթերն ու հանդեսները և այլն։

1920-1930-ական թվականներին տպագրվել են Ֆրանսիայի կոմկուսի հայկական բաժնի «Բանվոր-Փարիզ» 1924-1925 պաշտոնաթերթը, որին հաջորդել են «Վերելք» 1926-1927 հանդեսը, «Բանվոր» 1928-1929 շաբաթաթերթը, «Դարբնոց» 1932 երկօրյան, «Երևան» 1925-1930 քաղաքական, ընկերային, գրական եռօրյան, «Զանգու» (1935-1937, խմբագիր՝ Միսաք Մանուշյան) հասարակական-քաղաքական շաբաթաթերթը, «Արագած» 1926, «Ցոլք» 1928, «Ջանք» 1930-1931, «Մենք» 1931-1932, «Կյանք և արվեստ» 1931-1940, «Վեմ» 1933-1939 գրական, գեղարվեստական, մշակութային հանդեսները, ՀՅԴ-ի «Դրոշակ» 1925-1933, ՌԱԿ-ի «Ապագա» 1920-1940, 1946-1949, ՍԴՀԿ-ի «Հնչակյան մամուլ» 1929-1932 և «Զանգ» 1933-1934 պաշտոնաթերթերը, Հայաստանի օգնության արտասահմանյան կոմիտեների «ՀՕԿ» 1933-1935 պաշտոնական հանդեսը, «Կավռոշ» 1927-1936 (1908-1926 թվականներին՝ Կ. Պոլիս) երգիծաթերթը, «Մշակույթ» «Յառաջ», օրաթերթ 1925 թվականից, Փարիզ 1935-1937 գրական, երիտասարդ, ամսաթերթը (բոլորն էլ՝ Փարիզ) և այլն։ 1940-ական թվականներից (պատերազմ, և հետպատերազմական շրջանում) լույս են տեսել Ֆրանսահայ ազգային ընդհանուր միության «Ժողովուրդ» 1944-1948, համախմբել է Դիմադրության շարժման հայկական ուժերի պայքարը, աջակցել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը) օրաթերթը, «Լուսաղբյուր» 1952-1971 և «Անդաստան» 1952-1969, բոլորն էլ՝ Փարիզ) գրական, գեղարվեստական, գիտական հանդեսները և այլն։

Ֆրանսիայում ամենից երկարատև թերթը եղել է ՀՅԴ-ի, ապա՝ անկախ «Յառաջ» օրաթերթը (1925-2009, 1940-1945 թվականներին ընդհատվել է)։ Լույս են տեսել նաևև «Հայաստան» 1947 թվականից ու «Կամք» (1985 թվականից, երեքն էլ՝ Փարիզ) պարբերաթերթերը, «Աշխարհ» (1960 թվականից, Փարիզ) գրական-հասարակական շաբաթաթերթը, «Ազատ մագազին» (1977 թվականից, Գրենոբլ), «Ֆրանս Արմենի» (1982 թվականից, Լիոն), «Նուվել դ՚Արմենի» (1992 թվականից, Փարիզ) հանդեսները, «Նոտրը վուա», «Տրե դ՚Ունյոն», Ֆրանսահայ բժիշկների միության՝ «ՅՈՒՄԱՖ», «Բարև» պարբերաթերթերը, «Ռևյու դեզ էտյուդ արմենիեն» 1964 թվականից, «Ռևյու դյու մոնդ արմենիեն...» 1994 թվականից, «Ռևյու դ՚իստուար արմենիեն...» 1995 թվականից գիտական հանդեսները, Հայ ավետարան, եկեղեցու «Լյումինյոն» պարբերաթերթը և «Բանբեր» 1925 թվականից ամսաթերթը, Հայ կաթողիկե եկեղեցու «Հայ եկեղեցի» պաշտոնաթերթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։