Շավարշ Միսաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շավարշ Միսաքյան
Դիմանկար
Ծնվել է1884
ԾննդավայրՍիվասի մարզ, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 26, 1957(1957-01-26)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն, Սենա
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Chahnour
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունԿեդրոնական վարժարան
Մասնագիտությունլրագրող, գլխավոր խմբագիր, մտավորական և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԱրաջ, Արածանի, Հայկաշէն, Ազդակ, Ճակատամարտ և Դրօշակ
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր, գլխավոր խմբագիր և գլխավոր խմբագիր
ԿուսակցությունՀՅԴ
ԵրեխաներԱրփիկ Միսաքյան
 Chavarche Missakian Վիքիպահեստում

Շավարշ Միսաքյան (ավազանի անունը՝ Եղիազար, 1884, Սիվասի մարզ, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունվարի 26, 1957(1957-01-26), Նյոյի սյուր Սեն, Սենա), հայ հրապարակագիր, ազգային-քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շավարշ Միսաքյանը (կենտրոնում), 1911 թ. նոյեմբերի 26-ին Էրզրումում

Շավարշ Միսաքյանը ծնվել է Սեբաստիա նահանգի Զիմառա գյուղում[1]։ 1890 թվականին ընտանիքը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ Շավարշը դպրոց է հաճախել, այնուհետև սովորել է Գում Գափուի վարժարանում, Կալաթայի կեդրոնականը և Կետիկ Փաշայի Կարկուրյան դպրոցում։ 16 տարեկան հասակում աշխատանքի է անցել «Սուրհանդակ» թերթի խմբագրությունում։ Գաղտնի աշխատել է Ռուբեն Զարդարյանի խմբագրությամբ լույս տեսնող դաշնակցական «Ռազմիկ» թերթում։ 1908 թվականին օսմանյան սահմանադրության հաստատումից հետո, օգտվելով ազատության առաջին շրջանից, Միսաքյանը Գեղամ Բարսեղյանի, Վահրամ Թաթուլի և Զաբել Եսայանի հետ ձեռնարկել է «Ազդակ» շաբաթաթերթի հրատարակությունը, հիմնել է նաև «Արծիվ» գրատունը և «Ազդակ»-ի մատենաշարը։ Շաբաթաթերթին աշխատակցել են Դանիել Վարուժանը, Միսակ Մեծարենցը, Սիամանթոն, Ահարոն Տատուրյանը, Հակոբ Օշականը, Հակոբ Մնձուրին, Հարություն Շահրիկյանը, Բարսեղ Շահպազը։ Թերթի գործունեությունը դադարել է 1909 թվականի հոկտեմբերին, երբ լույս տեսավ ՀՅԴ պաշտոնաթերթ «Ազատամարտ»-ը։ 1911 թվականին մեկնում է Կարին և ամբողջ տարին խմբագրում տեղի «Յառաջ» թերթը, որի հիմնադիր Եղիշե Թոփչյանը սպանվել էր 1909 թվականին։ Կոստանդնուպոլիս վերադառնալով «Ազատամարտ» թերթում ստանձնում է գրական բաժնի խմբագրությունը` մինչև 1915 թվականի ապրիլ 11/24-ի պոլսահայ մտավորականության զանգվածային ձերբակալությունը և «Ազատամարտ»-ի խափանումը թուրքական իշխանության կողմից[2]։

Փարիզ, փետրվարի 1928 թ. «Յառաջ» թերթի խմբագրությունը։ Ձախից աջ` Շավարշ Միսաքյան, Արմեն Լուբին (Շահան Շահնուր), Նշան Պէշիկթաշլեան, Մելքոն Քեպապչյան, Շավարշ Նարտունի և Թեոդիկ

Հրապարակագրական ու գրականագիտական աշխատանքներին զուգահեռ Շավարշ Միսաքյանը ներգրավվել է կուսակցական աշխատանքներում։ 1907 թվականին անդամագրվել է ՀՅԴ շարքերը։ 1915 թվականի ապրիլին, որպես հայտնի խմբագիր ու կուսակցական գործիչ, նրա անունը նունպես ներառած էր թուրք գաղտնի ոստիկանության պատրաստած ցուցակում[2]։ Պատահականորեն կարողանում է խուսափել թուրքական ոստիկանության հետապնդումներից[Նշում 1], բայց ի վերջո ձերբակալվում է, երբ փորձում էր Պոլսից հեռանալ ու Բուլղարիայում ապաստանել։ Բանտում է մնում մինչև 1918 թվականի նոյեմբերի 17-ը, ապա ազատ է արձակվում[3]։

1919 թվականին Շավարշ Միսաքյանը ժամանում է Երևան՝ որպես Կ. Պոլսի պատգամավոր մասնակցելու ՀՅԴ 9-րդ ժողովին։ Վերադառնալով Պոլիս՝ շարունակում է գլխավորել Պոլսի Կեդրոնական կոմիտեն` միաժամանակ խմբագրելով «Ճակատամարտ»-ը մինչև 1922 թվականի նոյեմբեր, երբ քեմալական վարչակարգը վերջնականապես հաղթանակ է տանում Թուրքիայում։ Կեդրոնական կոմիտեի մյուս անդամների հետ մեկնում է Սոֆիա, որտեղ շարունակում է կանոնավոր լերպով խմբագրականներ ուղարկել Պոլսի «Ճակատամարտ»-ին` մինչև 1924 թվականին դրա փակումը։ Նույն թվականին մեկնում է Փարիզ և մասնակցում Դաշնակցության 10-րդ Ընդհանուր ժողովին, որտեղ ընտրվում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, 1929 թվականին վերընտրվում հաջորդ Ընդհանուր ժողովում և շուրջ տասը տարի վարում կուսակցական-կազմակերպական պատասխանատու պաշտոններ` միաժամանակ Սիմոն Վրացյանի և Արշակ Ջամալյանի հետ մասնակցելով «Դրօշակ»-ի խմբագրումին, լինում Հունաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, ավելի ուշ Եգիպտոսում, Պաղեստինում, Սիրիայում, Լիբանանում։

«Յառաջ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում հաստատվելուց հետո, կուսակցական գործունեությանը զուգահեռ, 1925 թվականի օգոստոսին հիմնում է «Յառաջ» հասարակական-քաղաքական և գրական օրաթերթը։ Միսաքեանը «Յառաջ»-ի խմբագրությունը վարել է 1925 թվականից մինչև իր մահը՝ 1957 թվականի հունվար։ Օրաթերթի հրատարակությունը 5 տարուան ընդմիջում է ունեցել (1940-1945 թթ.) Գերմանիայի կողմից Փարիզի գրավման պատճառով։ Պատերազմի տարիներին լույս է ընծայել «Հայկաշէն» (3 գիրք) և «Արածանի» (երկու հատոր) հավաքածուները, որտեղ գրական և ուսումնասիրական ուշագրավ էջեր կան հայ լեզվի, հրապարակագրության և գրականության մասին[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chavarche Missakian (trad. Arpik Missakian, postface Krikor Beledian). Face à l'innommable : avril 1915, Éditions Parenthèses, coll. « Diasporales », 2015, 144 p. (ISBN 978-2863642993)
  • «Մեծ եղեռնի առաջին վաւերագրողը Շաւարշ Միսաքեան», 483 էջ։ Խմբագիր` Երուանդ Փամպուքեան։ «Խաչիկ Պապիկեան հրատարակչական հիմնադրամ», Անթիլիաս, 2017։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ապրիլ 11/24-ի երեկոյեան, տուն վերադարձի ճամբուն վրայ կը հանդիպի ընկերոջ մը, որ իրեն կը հաղորդէ Գր. Պալաքեան վարդապետի, Սիամանթոյի եւ շատ մը ուրիշներու ձերբակալութեան մասին։ Ոստիկաններն ալ յաջորդաբար երկու գիշեր կը խուժեն Միսաքեանի յաճախ այցելած մէկ բնակարանը եւ կը ձերբակալեն տան երիտասարդը, որ այդպէս ալ իբրեւ Շաւարշ կ՛աքսորուի ու կ՛առաջնորդուի դէպի մահ…։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sébastien de Courtois et Anahide Ter Minassian, « Anahide Ter Minassian, pour Chavarche Missakian... »
  2. 2,0 2,1 2,2 «Մեծ Եղեռնի Առաջին Վաւերագրողը Շաւարշ Միսաքեան» Գիրքին Յառաջաբանը. Շաւարշ Միսաքեան (1884-1957)
  3. «Շաւարշ Միսաքեան (1884 – 1957) Հայկական Հրապարակագրութեան Անմահ Վարպետը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]