Jump to content

Շտեմարան (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շտեմարան (այլ կիրառումներ)
Շտեմարան
Տեսակհանդես
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1821
ԵրկիրՀնդկաստան
ԳրասենյակԿալկաթա, Բրիտանական կայսրություն
Լուծարվել է1823

«Շտեմարան», հանդես, լույս է տեսել 1821-1823 թվականներին, Կալկաթայում։ խմբագիր՝ Մարտիրոս Մկրտչյան։

Խմբագիր Մարտիրոս Մկրտչյանի մասին տեղեկությունները քիչ են։ «Շտեմարանի» նյութերից դատելով՝ նա Հնդկաստան է եկել Շիրազից, բացի հայերենից տիրապետել է անգլերենի և պարսկերենի։ Ջուղայահայ բարբառով գրել է կատակերգություններ։

«Շտեմարանը» աշխարհաբար առաջին պարբերականներից է։

Բավանդակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շտեմարանի» յուրաքանչյուր տետրակ սկսվում է «Հետևումն հորդորացն» ընդհանուր վերնագրով գրաբարով գրված բարոյախրատական զրույցով։

«Շտեմարամի» հիմնական հեղինակը խմբագիրն է, որը հանդես է գալիս հոդվածներով, առակներով, բանաստեղծություններով և այլ նյութերով։ Տպագրվել են նաև աշուղական երգեր, արևելյան բանաստեղծների ստեղծագործություններից հատվածներ, առակներ, ասույթներ։ «Շտեմարանի» էջերում խմբագիրը բանավիճում է կալկաթահայ հոգևորական տեր Հովսեփի և նրա կողմնակիցների դեմ։

«Շտեմարանի» քաղաքական հայացքները ցայտուն ու միանշանակ չեն։ Թեև նկատվում են բուրժուական զարթոնքի նշույլներ, ազգային-ազատագրական գաղափարախոսության դրսևորումներ, սակայն կրոնաավատական ըմբռնումները գերիշխում են։

«Շտեմարանի» գաղափարախոսությունը նկաըելի է հատկապես արևելյան և արևմտյան երկրների հարաբերությունների մասին նյութերում։ Դրանց մեջ ամենացայտուններից են հույների ապստամբությանը նվիրված նյութերը։ Խմբագիրը ներբող է ձոնում հույն ապստամբներին, որովհետև Օսմանյան պետության դեմ պայքարի մեջ է տեսնում նաև հայ ժողովրդի փրկության հույսը։ Դրվատում է հույներին օգնելու Ռուսաստանի պատրաստակամությունը և պարսավում Անգլիայի ընդունած դիրքը։

Հայաստանի ազատագրության գաղափարը Մարտիրոս Մկրտչյանը անց էր կացնում իր նախասիրությունների ոսպնյակով։ Նա մերժում էր սահմանադրական պառլամենտիզմի ծրագիրը որոնք պաշտպանում էին Շահամիր Շահամիրյանը, Մովսես Բաղրամյանը, Հարություն Շմավոնյանը։

«Շտեմարան»-ում հատվածներ է հրապարակվել ճանապարհորդ-վաճառական Թոմաս Խոջամալյանի «Պատմությունից»[1]։

Լուսաբանել է գաղթավայրի առօրյան, անդրադարձել տարբեր խավերի բախումներին, սուր քննադատության ենթարկել հոգևորականներին, «ազգի հոգսերի նկատմամբ անտարբեր» մեծահարուստներին ու առևտրականներին, կոչ արել բարձր պահել ազգային ոգին, առաջնորդվել ազատագրական գաղափարներով։

Ունեցել է պրոռուսական կողմնորոշում, անդրադարձել է ժամանակի քաղաքական իրադարձություններին, մասնավորապես թուրքական բռնությունների դեմ հույն ժողովրդի ազատագրական պայքարին, քննադատել Օսմանյան պետության հայակործան քաղաքականությունը, շեշտել զինվորական գործ և քաղաքականության արվեստ սովորելու անհրաժեշտությունը։

Տպագրել է հայրենասիրական, պատմական, գրական բնույթի նյութեր, բանավիճային հոդվածներ, զրույցներ, առակներ, լուրեր, արհեստներ ու կենցաղավարություն ուսուցանող խորհուրդներ, անդրադարձել թատրոնի, հայոց լեզվի և այլ հարցերի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայ պարբերական մամուլի պատմություն XVIII-XIX դարեր, հատոր 1, Գահիրէ, 2006, էջ 33-36։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 578