Կորդովա (Իսպանիա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կորդովա (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կորդովա | |||||
Córdoba | |||||
| |||||
Գվադալկիվիր գետն անցնում է Կորդովա քաղաքի միջով | |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար մարզ | Անդալուսիա | ||||
Համայնք | Կորդովա | ||||
Այլ անվանումներ | Կորդուբա | ||||
Մակերես | 1252 կմ² | ||||
ԲԾՄ | 120±1 մետր | ||||
Բնակչություն | 328 547 մարդ (2012) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 140xx | ||||
Ավտոմոբիլային կոդ | CO | ||||
Պաշտոնական կայք | cordoba.es | ||||
| |||||
Կորդովա (անգլ.՝ Córdoba), քաղաք Իսպանիայի հարավում, Անդալուզիայում, Գվադալկիվիր գետի ափին` բերրի ու շատ շոգ տեղանքում։ Հիմնադրվել է Հռոմի տիրապետության շրջանում։ Ներկայումս միջին չափերի ժամանակակից քաղաք է, Կորդովա նահանգի վարչական կենտրոնը։ Ունի 328 547 բնակչություն (2012): Հին քաղաքում պահպանվել են Պիրենեյան գրեթե ողջ թերակղզին նվաճած Կորդովայի խալիֆայության շրջանի պատմական բազմաթիվ հուշարձաններ։
Ունի գինեգործություն, ձիթապտղի, ալյուրի, կաշվի արտադրություն, պղնձաձուլություն, էլեկտրատեխնիկական և գյուղատնտեսական մեքենաշինություն։
2016 թվականին քաղաքը հավակնել է դառնալու Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորդովան հայտնի է փյունիկյան գաղութատիրական շրջանից։ Ստրաբոնի ու Պտղոմեոսի վկայությամբ` Կորդովան եղել է տուրդետան ցեղի կենտրոնը։ Պունիկյան երկրորդ պատերազմի ժամանակ (մ. թ. ա. 218-201) գրավվել է հռոմեացիների կողմից։ Օկտավիանոս Օգոստոս կայսեր օրոք եղել է հին հռոմեական Բետիկա նահանգի կենտրոնը։ Նվաճվել է վանդալների, Բյուզանդիայի, վեստգոթերի կողմից, իսկ 711 թվականին բնակավայրը նվաճել են արաբական զորքերը։ 756 թվականից Կորդովան եղել է Կորդովայի էմիրության, իսկ 929 թվականից` Կորդովայի խալիֆայության մայրաքաղաքը։ 10-րդ դարում հասել է իր ծաղկման գագաթնակետին` դառնալով գիտության, մշակույթի կենտրոններից մեկը։ Այդ ժամանակ այն ունեցել է մոտ մեկ միլիոն բնակիչ։ Քաղաքում կառուցվել են պալատներ, մզկիթներ, քարվանսարաներ։ Կորդովան եղել է արաբական գիտության ու արվեստի կենտրոն։ 1031 թվականին Կորդովայի խալիֆայության անկումից հետո Կորդովան պահպանել է իր ինքնուրույնությունը մինչև 1070 թվականը, ինչից հետո ենթարկվել է Սևիլյայի էմիրությանը։ Ռեկոնկիստայի շրջանում Կորդովան 1236 թվականին անցել է Կաստիլիայի թագավորության տիրապետության տակ, և նրա պատմական ճակատագիրը ձուլվել է Կաստիլյայի, ապա Իսպանիայի պատմությանը[1]
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալաորի աշտարակ և Հռոմեական կամուրջ Գվադալկիվիր գետի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական կամուրջն ունի 250 մ երկարություն և 16 կամար։ Գտնվում է քաղաքի պատմական մասում և միացնում է Նահատակների սուրբ դաշտի (Campo Santo de los Mártires) շրջանները և Մայր տաճարը։ Սկզբնական շրջանում կամուրջը կառուցել են հռոմեացիները մ. թ. 1-ին դարում Օկտավիանոս Օգոստոս կայսեր տիրապետության շրջանում Ավգուստինյան ճանապարհով (Հռոմից Կադիս) առևտրական փոխադրումների նպատակով։
Կամուրջն ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն` միացնելով Գվադալկիվիրի հյուսիսային ու հարավային ափերը։ Հետագայում այն վերակառուցվել է 8-րդ դարում մավրերի կողմից և Ռեկոնկիստայի ժամանակ։ Քսան հարյուրամյակների ընթացքում Հռոմեական կամուրջը եղել է քաղաքի միակ կամուրջը, մինչև 20-րդ դարում կառուցել են Սուրբ Ռաֆայելի կամուրջը։ Հռոմեական կամուրջը եղել է մի կետ, որով Իսպանիայի հարավից անցել են բազմաթիվ ճանապարհորդներ ու առևտրականներ։ Այստեղ է գտնվել Կորդովայի հարավային մաքսակետը։ 2004 թվականի մայիսի 1-ից կամուրջը դարձել է հետիոտնային. տրանսպորտային միջոցների երթը կամրջով արգելվել է։
Գվադալկիվիրի հարավային ափին (ձախ)` կամրջի հարավային վերջավորության մոտ է գտնվում Կալաորի պաշտպանական աշտարակը, որը կառուցվել է 14-րդ դարում։ Աշտարակը Կորդովայի իսլամական ուշ շրջանի ճարտարապետության օրինակ է, որը կառուցվել է 12-րդ դարի վերջին Ալ-Մոհադների օրոք պաշտպանական նկատառումներով։ Քաղաքի ազաագրման ժամանակ աշտարակը վնասվել է, սակայն վերականգնվել 1369 թվականին Էնրիկե II Կաստիլացու ջանքերով։ Ներկայումս այն թանգարան է։
Կամրջի հանդիպակաց ափին Պուերտա դել Պուենտե կամուրջն է, որը կառուցվել է 14-րդ դարում Գերման Ռուիս ճարտարապետի նախագծով հին հռոմեական դարպասների տեղում Ֆիլիպ II արքայի` քաղաք այցելության առիթով։ Պուերտա դել Պուենտեն սխալմամբ անվանում են հաղթական կամար, սակայն այն եղել է ամրոցային պատի մուտքը։ Նույն տեղում վեր է խոյանում Կորդովայի հովանավոր Ռաֆայել հրեշտակապետի պատկերով սյունը (17-րդ դար)։
-
Գվադալկիվիր. տեսքը կամրջից -
Պուերտա դել Պուենտե (Հռոմեական կամրջի հյուսիսային կողմ) -
Ռաֆայել հրեշտակապետի սյունը -
Կալաորի աշտարակ. հետին պլանում Հռոմեական կամուրջն է։
Քրիստոնյա թագավորների Ալկասար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալկասար դե լոս Ռեյես Կրիստիանոսը (Alcázar de los Reyes Cristianos) հռոմեական գավառ Կորդովայի պատմության համառոտ բնութագիրն է, որի մայրաքաղաքը եղել է Կորդովան։ Դա պայմանավորված է հաջող դիրքով հատկապես Գվադալկվիվիր գետի ափերի և Հռոմեական կամրջի շնորհիվ, որը եղել է Անդալուզիայի ռազմական ու առևտրական գլխավոր ճանապարհը։ Հնագիտական բազմաթիվ գտածոները ցույց են տալիս մշակութային հերթագայությունը, որը քաղաքում իշխող է եղել տարբեր ժամանակներում` հռոմեական սյուներ, շինություններ, վեստգոթական մոլդինգներ, արաբական գրություններ, որոնք դրոշմված են ամրոցների պատերին ու աշտարակներին։
Այս կողմերում մուսուլմանների երկարատև ներկայության դրսևորումն է Ալկասարը, որը եղել է խալիֆայության պալատը` միաժամանակ հանդիսանալով պաշտպանական շինություն։ Արդյունքում տարբեր ներխուժումների հետևանքով այն մասամբ ավերվել է։ 1236 թվականին, երբ քրիստոնյաները Ֆերդինանդ III արքայի գլխավորությամբ նվաճել են Ալկասարը, ավերված ամրոցը դարձել է արքայի նստավայր։ Ավելի ուշ` 1327 թվականին, Ալկասարն ամբողջովին վերակառուցվել է Կաստիլիայի արքա Ալֆոնսո XI արքայի հրամանով` ստանալով ներկայիս տեսքը։ Ալֆոնսո XI-ի զորքերը հաղթել են Սալադոյի ճակատամարտում, ինչի առիթով Կորդովայում կառուցել են գոթական պալատ ու Սան Իպոլիտո եկեղեցին, որտեղ Ալֆոնսո XI արքան իր կողմնակիցների հետ հուղարկավորվել է ճակատամարտից հետո։
Ալկասարը պաշտպանական համալիր է, որը շեղվում է արաբական տիպիկ պահանջներից, որոնք Կորդովայում Ռեկոնկիստայի ժամանակների ռազմական ճարտարապետության ուղենիշն էին։ 1482 թվականից Ակլասարը հանդիսացել է կաթոլիկ արքաների շտաբ-բնակարանը։ Տասը տարի Ալկասարում մշակվել է Գրանադայի էմիրայության նվաճման ռազմավարությունը. այն դարձել էր մուսուլմանների վերջին հենարանը Իսպանիայում։ Այդ ժամանակ Ֆերդինանդ II արքայի և Իզաբելլա I թագուհու պալատում աջիկ է ծնվել` արքայադուստր Մարիան` Պորտուգալիայի հետագա թագուհին։ Նույն ժամանակ այստեղ Քրիստափոր Կոլումբոսի հետ մշակվել է ծրագիր և կատարվել Ամերիկա ուղևորության նախապատրաստական աշխատանքներ։
1492 թվականին Իսպանիան միավորվել է Գրանադայի էմիրայության հետ։
Նույն ժամանակ Կորդովան դադարել է մայրաքաղաք լինելուց. Ալկասարը փոխանցվել է ինկվիզիցիային, որը հաստատվել էր ամրոցում մինչև 1812 թվականը։ 1822 թվականին ամրոցը վերածվել է բանտի, որ գոյություն է ունեցել մինչև 1931 թվականը։ Այս ընթացքում տուժել են բոլոր շինությունները, նրանց ներքին բակերն ու այգիները։ Ավելի ուշ Ալկասարը հանձնվել է ռազմական իշխանություններին, իսկ 1955 թվականին շինությունների, այգիների ողջ համալիրը հանձնվել է Կորդովա քաղաքին։
1994 թվականին Ալկասարը Կորդովայի պատմական կենտրոնի հետ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
-
Ալկասարի ջրավազաններ -
Ներքին բակ Ալկասարում -
Շատրվաններ -
Իսպանացի արքաների ծառուղին Ալկասարում -
Իսպանացի արքաների ծառուղին Ալկասարում
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալկասարը գրեթե քառակուսի ամրոց է` անկյունային աշտարակներով։ Նրա մակերեսը մոտ 4.100 մ² է։ Մավրիտանական շինությունների մնացորդների ու հին հիմքի վրա Ալֆոնսո XI արքան ստեղծել է ճարտարապետական կատարյալ համալիր։ Օգտագործելով քաղաքի գոթական քրիստոնեական ճարտարապետության եվրոպական ավանդույթները, որ կրել էին արաբական արվեստի ազդեցությունը` նա ստեղծեց ամրոց-պալատ` այն հակադրելով մուսուլմանականին և դրանով մարտահրավեր նետելով իսլամին հաղթողների տնտեսական զարգացման ակնկալիքներով[2]։
Մեդինա Ասաարա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորդովայից 8 կմ արևմուտք գտնվում են Մեդինա Ասաարա հին քաղաքի ավերակները։
Կորդովայի մզկիթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորդովայի մզկիթը հռոմեա-կաթոլիկ շինություն է (նախկինում մզկիթ` ժամանակին Եվրոպայում ամենախոշորը)։
Մզկիթի շինարարությունը սկսվել է մոտ 600 թվականին։ Այն կառուցվել է որպես վեստգոթական եկեղեցի, սակայն հետագայում վերածվել է մզկիթի (սկզբնական շրջանում կոչվել է Ալ Ջամի մզկիթ), ապա դարձյալ վերափոխվել ու նորից դարձել մզկիթ[3]։ Սկզբնական շինությունը չի պահպանվել մինչև մեր օրերը. այն ավերվել է 711 թվականին[4][5]։ 784 թվականին Աբդ ար Ռահման I-ը մզկիթ է կառուցել կնոջ հիշատակին։ Էմիրը հողը գնել էր նախորդ սեփականատերերից, իսկ մզկիթը մտել է նրա տարածքների մեջ[6]։ 1236 թվականին Կորդովան մավրերից ազատագրել է Ֆերդինանդ III Կաստիլացին, և մզկիթը դարձյալ վերածվել է քրիստոնեական եկեղեցու։
-
Կորդովայի մզկիթի զանգակատունը -
Մավրիտանական ճարտարապետության դրսևորումը մզկիթում
Սինագոգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորդովայի սինագոգը (Sinagoga de Cordoba) Անդալուզիայում նախնական տեսքով պահպանված միակ սինագոգն է, Իսպանիայում պահպանված երեք սինագոգերից մեկը։ Կառուցվել է 14-րդ դարում` կաթոլիկ արքաների կառավարման շրջանում։ Գտնվում է Պուերտա դե Ալմոդովար դարպասների մոտ, որը հրեական թաղամասի մուտքն է։ 1492 թվականին Կորդովայից հրեաներին արտաքսելուց հետո սինագոգը վերածվել է քրիստոնեական եկեղեցու, իսկ ավելի ուշ օգտագործվել է որպես հոսպիտալ։
1884 թվականին սինագոգին ուշադրություն է դարձրել նշանավոր ճարտարապետ, պատմաբան Ռաֆայել Ռոմերո Բարասը, ով ուշադիր ուսումնասիրել է նրան առնչվող բոլոր նյութերը` արժևորելով նրա պատմական նշանակությունը։ 1929 թվականին սինագոգը համարվել է ազգային հուշարձան։ Սինագոգ կարելի է մտնել ներքին բակով, որը տանում է դեպի ներքին սրահ` նախատեսված բացառապես տղամարդկանց համար։ Ներքին սրահից աստիճանը ձգվում է վերին հարկ, որը նախատեսված է եղել կանանց համար։
Սինագոգի մուտքի վերևում եբրայերենով գրված է. «Դարպասը բացե'ք միայն նրանց համար, ովքեր արդար են ու իրավացի»։ Սինագոգի պատերը զարդարված են մուդեխար ոճով, երկրաչափական ու բուսական զարդապատկերներով, ինչպես նաև Հին կտակարանի դրվագներով։ Սինագոգի արևելյան պատին կա որմնախորշ. այնտեղ փորագրված են ճարտարապետ Իսահակ Մուջիբի անունն և շինարարության ավարտի տարեթիվը` 1315։ Արևմտյան պատին կա հին կամար, որի վրա մինչ օրս կարելի է տեսնել խաչի ուրվապատկերը։ Կաթոլիկ այս խորհրդանշանը վերաբերում է 1588 թվականին, երբ շինությունն օգտագործել են կոշկակարների գիլդիայի անդամները` այն վերածելով իրենց հովանավոր սուրբ Կրիսպինի կապելլայի։
Սինագոգի առաջ կա արձան` նվիրված միջնադարի նշանավոր փիլիսոփա, բժշկապետ, իրավաբան Մայմոնիդին։ Նա ազգությամբ հրեա է եղել։ Հուշարձանն ու հուշատախտակը տեղադրվել են նրա ծննդյան 800-ամյակի առթիվ։
-
Սինագոգ -
Սինագոգի մուտք -
Ներքին սրահի տեսքը ներքին բակից -
Ներքին սրահ -
Վերին սրահ -
Հրեական թաղամաս
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանավոր մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կորդովայում ծնվել են`
- Լուցիուս Աննեուս Սենեկա — հռոմեացի ստոիկ փիլիսոփա
- Լուկանոս — հռոմեացի բանաստեղծ, Վիրգիլիոսից հետո ամենանշանավոր հռոմեացի բանաստեղծը
- Իբն Ռուշդ (Ավերոես) — արաբ փիլիսոփա
- Մայմոնիդ — հրեա աստվածաբան
- Մանոլետե — ցլամարտիկ
- Կորդովայում է աշխատել աստղագետ Ազ Զարկալին (1029—1099)
- Կորդովան հայտնի է ֆլամենկոյի նշանավոր պարողներով։
Անվանակոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կորդովայի պատվին է անվանակոչվել Կորդուբա աստերոիդը, որը հայտնաբերվել է 1893 թվականին։
- Կորդովա անունն ունեն մի շարք քաղաքներ։ Դրանցից են արգենտինական, մեքսիկական (Վերակրուս նահանգ և) ամերիկյան (Ալյասկա) Կորդովաները։
- Կորդովա անունն ունեն Իսպանիայի ու Արգենտինայի երկու նահանգներ։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կորդովայում է նկարահանվել ցլամարտիկ Մանոլետեի մասին ֆիլմը (2008, ռեժիսոր` Մենո Մեյես)։ Գլխավոր դերերում նկարահանվել են Էդրիեն Բրոուդին, Պենելոպա Կրուսը, Սանտյագո Սեգուրան։
- Քաղաքի անունը հիշատակված է Դինա Ռուբինայի վեպի վերնագրում` «Կորդովայի սպիտակ աղավնին»։
- Նիկարագուայի դրամական միավորը կոչվում է նիկարագուական կորդովա։
Տոներ ու փառատոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ շաբաթ (Զատիկի նախընթաց շաբաթ)
- Ծաղիկների մարտ (Batalla de las Flores) — այս տոնով բացվում է «կորդովյան մայիսը»։ Կառքերից մարդկանց վրա ծաղիկներ են նետում, հիմնականում մեխակներ, որոնք նրանք հետ են նետում։ Նշվում է ապրիլի վերջին կիրակին։
- Կորդովյան մայիս (Mayo cordobés) — այս ամսին քաղաքում նշվում են հիմնական տոնակատարությունները։ Մայիսյան խաչեր — փողոցներում ու հրապարակներում հայտնվում են երեքմետրանոց խաչեր` զարդարված կանաչով ու ծաղիկներով։ Պատիո մրցույթ-փառատոն (Festival y Concurso Popular de los Patios), Պատշգամբների ու բազրիքների մրցույթ (Concurso de Rejas y Balcones), Քաղաքային տոնավաճառ կամ Ֆերիա (Feria de Nuestra Señora de la Salud):
- Ֆերիա դե Ֆուենսանտա (Feria de la Fuensanta) — ժողովրդական տոնախմբություն` ի պատիվ կույս Ֆուենսանտայի համանուն եկեղեցու մոտ։ Նշվում է սեպտեմբերի 8-ին։
- Սուրբ Ռաֆայելի օր (Día de San Rafael Arcángel) — Կորդովայի հովանավորի տոնը։ Նշվում է հոկտեմբերի 24-ին։
- Միջնադարյան շուկ (Mercado medieval) — հունվար։
- Բլյուզի փառատոն` «Կորդովա քաղաք» — մայիս։
- Ֆլամենկոյի գիշեր Կորդովայում (La Noche Blanca del Flamenco en Córdoba) — հունիս։
- Կիթառի միջազգային փառատոն (Festival Internacional de la Guitarra) — հուլիս[7]։
- Անիմակոր (Animacor) — անիմացիայի միջազգային փառատոն — նոյեմբեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кордова (город в Испании) статья из Большой советской энциклопедии (3-е издание)
- ↑ Официальный сервер городского самоуправления Кордовы (Аyuntamiento de Córdoba)
- ↑ David Levering Lewis, God’s Crucible: Islam and the Making of Europe, 570 to 1215, W. W. Norton & Company, 2008. — P. 272 ff.
- ↑ Josef W. Meri and Jere L. Bacharach, Medieval Islamic Civilization, Routledge, (2005), p. 176 ff.
- ↑ Irving, T. B. (1962). The Falcon of Spain. Ashraf Press, Lahore. էջ 82.
- ↑ Lapunzina, Alejandro (2005). Architecture of Spain. Greenwood Publishing Group. էջեր 82–83.
- ↑ «Cordoba Guitar Festival». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կորդովայի պաշտոնական կայք
- Տեղեկություն Կորդովայի մասին(իսպ.)(անգլ.)(գերմ.)(իտալ.)
- Կորդովա (Անդալուզիա, Իսպանիա) — YouTube
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորդովա (Իսպանիա)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 645)։ |