Jump to content

Մուդեխար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաճարի աշտարակ Թերուելում, Իսպանիա

Մուդեխար (իսպ.՝ mudéjar, արաբ․՝ مدجّن‎‎‎, բառացի` վարժեցված, ընտանեկան), ինքնատիպ ոճ, որ դրսևորվել է 11-16-րդ դարերի իսպանական արվեստում` ճարտարապետության, գեղանկարչության, դեկորատիվ-կիրառական արվեստի մեջ։ Անվանումն առաջացել է կրոնական «մուդեխար» խմբավորման անունից։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

12-16-րդ դարերում իսպանական մշակույթում ի հայտ է եկել ինքնատիպ սինթեզված ոճ, որի մեջ սերտորեն ձուլվել են գոթական, մավրիտանական, իսկ ավելի ուշ նաև Վերածննդի մշակույթի բնորոշ տարրերը։ Մուդեխար ոճի ստեղծագործությունները ստեղծվել են ինչպես մուսուլման, այնպես էլ քրիստոնյա վարպետների կողմից։ Մուդեխարների արվեստը ոչ միատարր երևույթ է և ոչ միշտ է անթերի իր գեղարվեստական որակներով. հետազոտողները նշում են, որ այս ոճի նույնիսկ լավագույն դրսևորումներին բնորոշ են երկրորդական հատկանիշները[1]։

Մուդեխար ոճում պահպանվել են մավրիտանական ճարտարապետության կոնստրուկտիվ տարրերը` պայտանման կամարներ, սյունազարդ ծածկեր, որոնք ձևավորում են ութանկյուն աստղ, հավաքովի փայտե տանիքներ, գիպսե զարդաքանդակներ և պատերին գունավոր սալիկներ։ Կոմպոզիցիայի ազատ տարածական հիմքը ներքին բակն է, որի շուրջ խմբավորվել են մնացած շինությունները, որոնք տարբերվում են պարզ, ռացիոնալ նախագծումով։ Մուդեխար ոճով կառուցվել են բնակելի շենքեր, քանի որ գրավիչ էին ոչ թանկ նյութերը` աղյուս, փայտ, գիպս, և ժողովրդական վարպետների էժան աշխատուժը։ Ոճը իր զարգացումն է ապրել Կաստիլիայում, Արագոնում, Անդալուսիայում, մասնավորապես Տոլեդո, Սարագոսա, Կորդովա և Սևիլյա քաղաքներում։

Ոճի ներսում առանձնացնում են երկու ուղղություններ` ժողովրդական ու պալատական։ Ժողովրդական մուդեխարը հիմնականում զարգացել է իսպանացիների կողմից գրավված շրջաններում, որտեղ մավրիտանական արվեստի ավանդույթներն ավելի բնական են կիրառվել կրոնում ու քրիստոնեական կենցաղային մշակույթում։ Ժողովրդական մուդեխարի շինությունները կառուցվել են հիմնականում աղյուսից. նրանք տարբերվել են կայուն ձևերով և զարդարանքի մոտիվներով։ Ժողովրդական մուդեխար ոճը բնորոշ է Սևիլյայի տաճարներին` Սանտա Կատալինա, Սան Խիլ, Սան Անդրես, Սան Էստեբան, Սան Իսիդրո, Սան Մարկոս (հատկապես հայտնի է կրկնակ պատուհաններով մինարե-աշտարակներով)։ Տաճարները կառուցվել են աղյուսով, ունեցել են հարթ փայտե տանիքներ, գոթական ոճի ճակատային մասերը համադրվել են պայտաձև կամարներով, երկրաչափական ձևերով։ Մավրիտանական ավանդույթներն այս կառույցներում ավելի վառ են դրսևորվել, քան գոթական տարրերը։

Պալատական մուդեխարը ձևավորվել է իսպանացիների իշխանությունը նվաճված տարածքներում ամրապնդելուց հետո և զարգացել է ընդհուպ 16-րդ դարը։ Այս ուղղության մեջ արտացոլվել են իսպանական ազնվական ու հոգևոր դասի ձգտումները շքեղության ու հարմարավետության նկատմամբ։ Այս ուղղությանն են վերաբերում Սևիլյայի Ալկասարի առավել հին հատվածները (14-րդ դար)։ Շենքի դիմային հատվածում, որ կոչվում է թագավոր Պեդրոյի պալատ (1364), կարելի է նմանություններ գտնել Գրանադայի Ալ-Համբրայի ճարտարապետության հետ։ Հնարավոր է, որ այն կերտել են Գրանադայի մավրիտանացի վարպետները, որոնց Կաստիլիայի հոգևոր հովվի խնդրանքով ուղարկել էր էմիրաթի ղեկավար Մուհամեդ V-ը։ Պալատական մուդեխարի ոճով են կառուցվել 14-րդ դարի սևիլյական այլ կառույցներ` Ալբա հերցոգների Լաս Դուենյաս պալատը և Մեդինասելի հերցոգների կառուցած Պիղատոսի տունը, որի շինարարությունն ավարտվել է 16-րդ դարում. այն մավրիտանական և վերածննդի ոճերի միախառնման փայլուն օրինակ է։ Ոճի գլխավոր հուշարաձաններից է նաև Ինֆանտադո հերցոգների պալատը Գվադալախարայում (15-17-րդ դարեր)։

14-րդ դարից գոթական ու մավրիտանական ավանդույթների միաձուլումը ավելի ամբողջական ու ներդաշնակ բնույթ է ստանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուդեխար» հոդվածին։