Գունային խորհրդանիշներ
Գունային խորհրդանիշներ, հոգեբանության և մշակույթի մեջ գույների նշանակություն և ազդեցություն։ Գույները միշտ հրապուրել են մարդկանց թե էսթետիկ և թե սոցիալական պատճառներով։ Սակայն պետք է հիշել, որ գույնի զգացումը կախված է ֆիզիոլոգիական, հոգեբանական և սոցիալ-մշակութային համակարգերից, այսինքն՝ գույնի հոգեբանական ընկալումը սուբյեկտիվ է, և կարելի է միայն ընդհանրական մեկնաբանություններ անել նրանց հատկանիշների և գործածման մասին։
Հիմնական գույներն են կարմիրը, կանաչը և կապույտը։ Հիմնական գույները, ինչպես նաև սևը և սպիտակը (որոնք գույներ չեն համարվում), իրար խառնելով, կարող ենք ստանալ ցանկացած գույնի ցանկացած երանգ[1]։
Գունային խորհրդանիշները մարդաբանության համատեքստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գույները համընդհանուր չեն. որոշ լեզուներ չեն տարբերակում կապույտն ու կանաչը կամ դեղինն ու նարնջագույնը, մինչդեռ օրինակ Էսկիմոսները սպիտակ գույնի համար 17 բառ ունեն` կախված ձյան պայմաններից։
Հուզական ասոցիացիաներից ելնելով, գործոնները, որոնք ազդում են գույների ընկալման վրա, ներառում են դիտորդի տրամադրությունը, տարիքը և հոգեկան առողջությունը։ Մարդիկ, ովքեր հստակ անհատական կարողություններ ունեն, հաճախ կիսում են գունավոր ընկալումներն ու անձնական նախասիրությունները։
Օրինակ հայտնի է, որ շիզոֆրենիայով հիվանդ մարդիկ գույների աննորմալ ընկալում ունեն։ Կամ օրինակ երեխաները երբ նոր են սկսում տարբերել գույները, հաճախ շփոթում են կարմիրն ու նարնջագույնը։ Բազմաթիվ հոգեբաններ կարծում են, որ վերլուծելով անհատի ընկալումները գույների մասին, կարելի է բացահայտել տեղեկատվություններ անձի հոգեբանական վիճակի մասին։ Եվ յուրաքանչյուրի համար մի գույն կարող է ունենալ բուժական հատկություն ֆիզիկական և մտավոր արատներով մարդկանց համար[2]։
Գույնը թերապիայի առաջին տեսակն է, որից օգտվել են Ադամն ու Եվան։ Նրանք մեղք գործեցին` ուտելով խնձորը, ինչը կարմիր գույնի էր, որը խթանում է և ակտիվացնում արյան շրջանառությունը` մարդուն տալով էներգիա։
Ֆրանսիացի ստղագետ Կամիլ Ֆլամմիրոնը փորձով ապացուցել է, որ բույսերն ու կենդանիներն էլ անտարբեր չեն գույների հանդեպ։ Լոբին կարմիր և սպիտակ լույսից ծաղկում է, իսկ կանաչ և կապույտ լույսից թառամում է[3]։
Գույնը ազդում է նաև աշխատունակության վրա, նաև կախված է աշխատանքի բնույթից ու մարդու բնավորությունից։
Գերմանացի մեծ քնարերգու, մտածող և պետական գործիչ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն կախված իր ստեղծագործական բնույթից կրում էր տարբեր գույներ ունեցող ակնոց։ Նա նկատել էր, որ կարմիր և դեղին գույները բարձրացնում են տրամադրությունը և էներգիա են հաղորդում, իսկ կապույտը առաջացնում է հուսալքություն, տրամադրության անկում և ճնշվածություն։ Ի դեպ հաստատված է, որ թռչունների և միջատների մեծ մասը վախենում է երկնագույնից և կապույտից[4]։
Այժմ արդեն ապացուցված է, որ գույները ազդում են սրտի աշխատանքի, շնչառության, արյան ճնշման և մկանների լարվածության վրա։ Օրինակ` դեղին սենյակում մարդու պուլսի աշխատանքը նորմայի մեջ է, կապույտում` դանդաղում է, իսկ կարմիր սենյակում` արագանում։ Եթե աչքերը փակ մարդու դեմքին կարմիր լույս ուղղել, ապա նա հակված կլնի ձեռքեր դեպի կողք տարածել, իսկ կապույտ լույսի դեպքում, ավելի հաճախ, ձեռքերը միացնում է իրար։
Գունային օղակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գունային օղակը ամենալավ միջոցն է գունային կողմնորոշման համար։ Այն առաջին անգամ ստեղծել է անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը և հետագայում բարելավվել այլ մասնագետների կողմից։ Գունային օղակը ցույց է տալիս, թե ինչպես են հիմնական գույները խառնվում՝ ստեղծելով այլ ակնառու երանգներ։
Գունային օղակը բաղկացած է.
- Հիմնական գույներից (կարմիր, դեղին, կապույտ),
- Երկրորդական գույներից (կանաչ, նարնջագույն, մանուշակագույն),
- Օժանդակ գույներից - դրանք երանգներ են, որոնք ստացվում են հիմնական գույների խառնումից երկրորդական գույների հետ։ Օժանդակ գույներ են, օրինակ, կապտականաչը, կարմրա-մանուշակագույնը, դեղնա-նարնջագույնը և այլն։
Գունային օղակը օգնում է մեզ առավել լավ հասկանալ, ինչպես են գույները կապված միմյանց հետ, և որ կոմբինացիայի դեպքում է ստացվում հարմոնիկ համակցություն[5]։
Գույների նշանակությունը հոգեբանության և մշակույթի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբանության մեջ յուրաքանչյուր գույն ունի իր կարևորությունը եւ ազդում է գիտակցության վրա տարբեր ձեւով։ Գույների ազդեցության տակ մարդիկ ենթագիտակցորեն որոշակի ընտրություն են անում, քանի որ տեսնելով որեւէ գույն՝ մենք ունենում ենք որոշակի հուզական ապրումներ։
Սև գույնը արտաքնապես ամենաանհունչ գույնն է, որի ֆոնի վրա ցանկացած այլ գույն երևում է ուժեղ, ճիշտ ու արտահայտիչ։ Խորհրդանշում է վիշտ, տխրություն, պաշտոնականություն։ Սովորաբար դիտվում է որպես իշխանության, ուժի և կայունության խորհրդանիշ։ Միևնույն ժամանակ, սև գույնը դիմացինին փոխանցում է ինչ-որ հնարավորություն պարունակող գաղտնիք կամ անհանգստանալու տեղիք չտվող անորոշության զգացում։ Սեւը ենթադրում է հավակնոտություն։ Այն հեղինակություն եւ ծանրակշռություն է ներկայացնում, երբեմն նաև ագրեսիվություն[6]։ Սևը ամենամուգ գույնն է, լույսի բացակայության կամ ամբողջական կլանման արդյունքը։ Սևը արվեստում օգտագործված առաջին գույներից մեկն է։ Ֆրանսիայի Լասկո քարանձավում կան պալեոլիթի նկարիչների կողմից 18 000 - 17 000 պատկերված ցուլեր և այլ կենդանիներ։ Սկզբում օգտագործվել է ածուխը, իսկ հետո ավելի հագեցած սևի համար՝ վառված ոսկորներ, մագնեզիումի օքսիդի փոշի։
Չինաստանում այն երիտասարդ տղաների գույնն է։
Արևմուտքում խորհրդանշում է թաղում, մահ, ապստամբություն։
Հին Եգիպտոսում սևը ասոցացվում էր դրական երևույթների հետ։ Այն Նեղոսի բերած հագեցած սև գույն ունեցող բերրի հողի գույնն էր։ Այն Անուբիսի՝ ստորգետնյա երկրի աստծո գույնն էր, ով ուներ շնագայլի դեմք և պատշտպանում էր չարից և մահից։
Հին հույների համար սևը նույնպես ստորգետնյա աշխարհի գույնն էր, որը աշխարհի մյուս մասից առանձնանում էր Աքերոն գետով, որի ջուրը սև էր։ Ամենածանր մեղք գործած մարդիկ ուղարկվում էին Տարտարոս, ստորգետնյա աշխարհի ամենախոր և մութ մակարդակը։ Տարտարոսի կենտրոնում Հադեսի՝ ստորգետնյա աշխարհի աստծո պալատն էր, որտեղ նա նստում էր էբենոսի փայտից պատրաստված գահին։
Նկարչության մեջ սև գույնը ասոցացվում է «Սև քառակուսի» նկարի հետ։ Այն ռուս նկարիչ, ռուսական ավանգարդի դրոշակակիր, կոնստրուկտիվիստ, սուպրեմատիզմի հիմնադիր Կազիմիր Մալևիչի նշանավոր ստեղծագործություններից մեկն է, որում նկարիչը ուսումնասիրել է գույնի և կոմպոզիցիայի հիմնային հնարավորությունները։ Մտահղացմամբ համարվում է տրիպտիխի մասը, որի մեջ մտնում են Սև շրջանը և Սև խաչը[7]։
Սպիտակը խորհրդանշում է մաքրություն, պարզություն, անմեղություն, հստակություն, ինչպես նաև իմաստություն։ Այն նաև որևէ այլ գույն չլինելու այլընտրանքն է և, այս իմաստով, արտահայտում է չեզոքություն։ Սպիտակ գույնն ունի տարածության ընդլայնման տեսողական առանձնահատկություն։ Որպես կանոն, այն դրական ազդեցություն ունի. սպիտակ աղավնին խորհրդանշում է խաղաղություն, սպիտակ դրոշը՝ հաշտություն (հաշտության կամ կապիտուլյացիայի միջազգային խորհրդանիշ), հաճախ փրկարար է հանդիսանում սպիտակ ձիով ասպետը։ Հին հույները կարծում էին, որ եթե սպիտակ շորով քնես, երազները հաճելի կլինեն։
Հիվանդանոցների բոլոր աշխատակիցները հագնում են ճերմակ խալաթներ, հավանաբար այն պատճառով, որ սպիտակ գույնը մաքրության հետ է ասոցացվում։ Սպիտակը խորհրդանշում է կատարելություն, հնարավորությունների ազատություն եւ արգելքների վերացում։ Սպիտակը նաեւ հավասարության խորհրդանիշ է, քանի որ նրանում են համատեղվում բոլոր գույները։
Սպիտակ ագռավը բնության հազվագյուտ դրսևորում։ Այդպես բնորոշում են հազվագյուտ, անսովոր հատկություններով մարդկանց՝ շրջապատի մարդկանցից կտրուկ տարբերվող։
Միջերկրածովյան որոշ երկրներում, ինչպես նաև Հնդկաստանում սպիտակը սգո գույն է[8]։
Մոնղոլական բուդդայականության մեջ «Սպիտակ ծերուկը» կապված է երկարակեցության և պտղաբերության աստվածության հետ։
Ավստրալիայում թաղման ծիսակատարության ժամանակ տախտակամածի վրա կանայք եւ տղամարդիկ ներկում էին իրենց սպիտակ կավով, «որովհետեւ սպիտակ գույնը հանդերձյալի հոգու գույնն է։
Սպիտակ մեխակը Ճապոնիայում խորհրդանշում է մահ։ Արևելյան մշակույթում՝ թաղումներ։ Արևմտյան մշակույթում այն ասոցացվում է հարսնացուների, հրեշտակների, հիվանդանոցի, բժիշկների և խաղաղության հետ։ Սպիտակ գույնը Մոզամբիկի պետական դրոշի վրա խորհրդանշում է խաղաղություն։
Հարսանեկան շորի ավանդական գույնը։ Սպիտակ շորը անմեղության և մաքրության խորհրդանիշ է[9]։
Մոխրագույնը չեզոք գույն է։ Մոխրագույն, սևի և սպիտակի խառնուրդ գույնը։ Գույնի մեջ կա նաև կանաչ և կարմիր։ Այն խորհրդանշում է գործնական հարաբերություններ և շարունակական գործընթաց։ Մոխրագույնը չի շեղում կարեւոր գործից, այդ պատճառով գործարար մարդիկ նախընտրում են այն։ Սովորաբար նրանք, ովքեր նախընտրում են մոխրագույնը, նախապատվությունը տալիս են բանականությանը, այլ ոչ թե զգացմունքին։
Մոխրագույնը թերևս ամենահաճախ օգտագործվող և այլ գույների հետ համադրվող գույնն է, սակայն, որքան էլ զարմանալի է, մարդիկ հաճախ մոխրագույնն ասոցացնում են կորստի, անհանգստության եւ ընկճվածության հետ։
Հնում և միջնադարում մոխրագույնը չներկված բուրդի գույնն էր, այդ պատճառով էլ հիմնականում կրում էին գյուղացիները և աղքատ մարդիկ։ Այն նաև կրում էին Ֆրանցիսկյան և Ցիստերցյան միաբանության վանականները՝ որպես ազքատության և խոնարհության խորհրդանիշ[10]։
Կարմիր գույնի ալիքներն ամենաերկարն են։ Այն համարվում է խթանող և ուշադրությունը գրավող գույն, որն իր մեջ պարունակում և դիմացինին փոխանցում է էներգիա, ոգևորություն եւ ինքնավստահություն։ Կարմիրը նաև կյանքի եւ աշխուժության խորհրդանիշն է։ Պարզվում է, որ կարմիրը խթանում է մարդու և՛ միտքը, և՛ մարմինը (օրինակ, ակտիվացնում է արյան շրջանառությունը)։ Այն գրգռող է, տաք, ակտիվացնող, ասոցացնում է վտանգը եւ ագրեսիան։ Կարմիր գույնով հեշտությամբ է ուշադրություն հրավիրվում ցանկացած գովազդի վրա։ Սրտի զարկերակային եւ արյան ճնշումը կարող է բարձրանալ, եթե երկար ժամանակ նայեն կարմիր գույնին։ Կարմիրը շատ արագ հոգնեցնում է։
Մարդիկ, ովքեր նախընտրում են կարմիրը, հիմնականում սիրում են լինել առաջնորդներ։
Հնուց ի վեր կարմիր գույնի հանդեպ ցուցաբերվել է բուռն հակում։ Շատ ժողովուրդների համար կարմիրը նշանակում է այն ամենը, ինչ գեղեցիկ ու հրաշալի է։ Կարմիր գույնը, նախ և առաջ, զուգակցվել է արյան և կրակի հետ։ Այն խորհրդանշում է ուրախությունը, գեղեցկությունը, սերը, միաժամանակ նաև թշնամանքը, պատերազմը, ագրեսիան և մարմնական ցանկությունը։
Կարմիրը զինանշանի հիմնական գույնն է։ Դրոշների վրա այն խորհրդանշում է խռովությունը, հեղափոխությունը, պայքարը, անկախությունը։ Կարթագենցիները և սպարտացիները պատերազմի ժամանակ կրում էին կարմիր զգեստներ։ Հին Չինաստանում ապստամբներն իրենց անվանում էին «կարմիր զինվորներ», «կարմիր նիզակներ», «կարմիր հոնքեր»։ Կարմիրը նշանակում է նաև իշխանություն։ Բյուզանդիայում միայն կայսրուհին էր կրում կարմիր ճտքակոշիկներ, իսկ կայսրը ստորագրում էր ծիրանագույն թանաքով և բազմում կարմիր գահին։
Հին Եգիպտոսում կարմիր գույնն ասոցացվում էր կյանքի, առողջության և հաղթանակի հետ։
Հարավային Աֆրիկայում կարմիրը խորհրդանշում է վիշտ և սուգ։
Ռուսաստանում այն կոմունիզմի և հեղափոխության խորհրդանիշն է։
Չինաստանում հարսնացուները կրում են կարմիր հարսանեկան զգեստ։ Այն խորհրդանշում է հաջողություն և բարի բախտ։
Շատ երկրներում (Եգիպտոս, Հնդկաստան) օգտագործում էին տորոնի (լատին․՝ Rúbia) արմատը ալիզարին ներկանյութ ստանալու համար[11]։
Կանաչը բնական, հանգստացնող եւ թուլացնող գույն է։ Կանաչ գույնն ունի ապաքինող հատկություն, կարգավորում է արյան բարձր ճնշումը։ Մարդիկ, ովքեր նախընտրում են կանաչ գույնը, հստակ ու ողջամիտ ձևով ընտրում են իրենց կյանքի ուղին։ Կյանքի ցանկացած խնդրի շատ լրջորեն են վերաբերվում։ Սիրում են օգնել ուրիշներին։ Նրանց ներքին աշխարհը հարուստ է, բայց բացել այն նրանք չեն շտապում։
Մարդկանց կողմից ընդունելի լինելու առումով զիջում է միայն կապույտին։ Այն կենդանի բնության եւ թարմության, հավասարակշռության, իսկ որոշ երկրներում նաև փողի խորհրդանիշն է (ԱՄՆ դոլար)։ Մուգ կանաչը պահպանողականության, հզորության և հարստության նշան է, որին հակառակ, բաց կանաչը (սալաթագույն) ունի հանգստացնող և տագնապամարիչ ազդեցություն։ Կանաչ երանգները դիմացինին փոխանցում են խաղաղության, ներդաշնակության և հարմարավետության զգացումներ։
Կանաչ գույնը մարմնավորում է քլորոֆիլը։ Դրա հիմնական հատկանիշը օրգանիզմը մաքրելու ընդունակությունն է։ Այն լուծում է արյան մակարդունակները, խթանում և ակտիվացնում հիպոֆիզը, որը ղեկավարում է մեր օրգանիզմի բոլոր գեղձերը և օրգանները։
Կանաչը ասոցացվում է բնության, առողջության և հզորության հետ։ Շրջակայքով և բնապահպանությամբ զբաղվող ընկերություններն ու կազմակերպությունները հիմնականում օգտագործում են կանաչ գույնը։
Հին Հունաստանում կանաչ և կապույտ գույները երբեմն համարում էին նույն գույնը, և այն անվանում էին ծովերի և ծառերի գույն։
Հին Եգիպտոսում կանաչը վերածնության գույնն էր համարվում։
Միջին դարերում և Վերածնունդի ժամանակաշրջանում հագուստի գույնը ցույց էր տալիս մարդկանց գրաված դերը հասարակության մեջ։ Կանաչ հագուստ կրում էին առևտրականները, բանկիրները և ջենտրիները։
Վերածննդի իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» (իտալ.՝ La Gioconda) ստեղծագործության մեջ Մոնա Լիզան պատկերաված է կանաչ հագուստով, ինչն էլ նշանակում է, որ նա պատկանում է ջենտրիների խավին։
Հոլանդացի նկարիչ, 15-րդ դարի Վերածննդի հայտնի ներկայացուցիչ Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը» ստեղծագործության մեջ կնոջ կանաչ զգեստը խորհրդանշում է նրա հարուստ և բարձր խավին պատկանելը[12]։
Կապույտը թերևս մարդկանց կողմից ամենասիրված գույնն է։ Բաց կապույտն ունի հանգստացնող ազդեցություն, այնինչ մուգ կապույտը կարող է արտահայտել սառնություն, իսկ էլեկտրական կամ բրիլիանտ կապույտը՝ աշխուժություն։ Որոշ դեպքերում կապույտը նաեւ խորհրդանշում է կախվածություն, անվստահություն եւ օգնության կարիք։ Որոշ հետազոտողների կարծիքով բաց կապույտի որոշ երանգներ ունեն ցավազրկող ազդեցություն։ Ջրի եւ սառույցի կապույտը հանգստացնում է սառեցնելով։ Զարկերակի հաճախականությունը դառնում է ավելի ցածր։
Կապույտը խաղաղության, հանգստության, վստահության խորհրդանիշն է։ Հենց այդ պատճառով էլ գրեթե բոլոր սոցիալական կայքերը օգտագործում են այն՝ որպես բրենդի հիմնական գույն։ Օրինակ՝ Facebook, Twitter և LinkedIn սոցիալական ցանցերը։
Չիրոկի ցեղի հնդկացիների մոտ (Հյուսիսային Ամերիկա) կապույտ գույնը նշանակում է պարտություն պատերազմում և ցույց է տալիս Հյուսիսի հոգիներին։
Քրոմոֆոբիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի հազվագյուտ, կայուն և իռացիոնալ վախ, որոշակի գույների նկատմամբ, որը կոչվում է քրոմոֆոբիա կամ քրոմատոֆոբիա։ Այդպիսի շեղումներով որոշ մարդկանց մոտ առաջ է գալիս ուժեղ ռեակցիա որոշակի երանգների նկատմամբ, իսկ որոշներն էլ ընդհանրապես փորձում են հեռու մնալ որոշակի գույներից։ Այս ֆոբիան ունեցող մարդկանց մոտ այնպիսի ախտանշաններ են ի հայտ գալիս, ինչպիսիք են՝ սրտխառնոց, գլխապտույտ, շնչառության դժվարացում, խուճապի զգացողություն, արագանում է սրտի աշխատանքը նաև բարձրանում է արյան ճնշումը։ Այդ ֆոբիան բուժվում է պսիխոթերապիայի տարբեր մեթոդներով[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Il significato, la simbologia e le proprietà dei Colori
- ↑ «Schizophrenia». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Camille Flammarion
- ↑ Goethe on the Psychology of Color and Emotion
- ↑ Fisica del colore
- ↑ The Color Black
- ↑ Kasimir Severinovich Malevich
- ↑ Color Meaning: Meaning of The Color White
- ↑ The Color White
- ↑ The Color Gray
- ↑ «The Many Meanings of Red». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Meaning of The Color Green
- ↑ 10 զարմանահրաշ փաստ գույների մասին