Հոգեկան առողջություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեկան առողջություն, սահմանվում է որպես անձի հոգեբանական բարեկեցության վիճակ (անգլ.՝ well-being), որում նա կարողանում է իրացնել իր անձնային ներուժը, հաղթահարել առօրյա սթրեսները, արդյունավետորեն աշխատել, ինչպես նաև ներդրում ունենալ հասարակական կյանքում։ Հոգեպես առողջ մարդը ձգտում է հավասարակշռել և զարգացնել իր ես-ի բոլոր կողմերը՝ ֆիզիկական, հոգեկան, կոգնիտիվ, հուզական, վարքային։ Հոգեկան հիվանդությունների բացակայությունը դեռևս երաշխիք չէ հոգեկան առողջության համար[1][2]:

Հոգեկան առողջության չափանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առանձնացրել է հոգեկան առողջության հետևյալ չափանիշները.

  • ֆիզիկական և հոգեկան ես-ի անընդհատության և ամբողջականության գիտակցում,
  • նմանատիպ իրադրություններում ապրումների անընդհատության և նույնականության գիտակցում,
  • քննադատական վերաբերմունք սեփական անձի և գործունեության արդյունքների նկատմամբ,
  • հոգեկան ռեակցիաների համապատասխանություն միջավայրի ներգործություններին, պայմաններին և իրադրություններին,
  • սոցիալական նորմերին, կանոններին և օրենքներին համապատասխան սեփական վարքագծի ինքնակառավարման կարողություն,
  • սեփական կենսագործունեությունը պլանավորելու և այդ պլաններն իրականացնելու կարողություն,
  • կենսական իրադրությունների փոփոխության դեպքում վարքագիծը փոխելու կարողություն[3]:

Հոգեկան առողջության համաշխարհային օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեկան առողջության համաշխարհային օրը նշվում է 1922 թվականից յուրաքանչյուր տարի՝ հոկտեմբերի 10-ին:

Հոգեկան առողջության պահպանման ուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սնունդ – որոշ սննդամթերքների (աղ, շաքարավազ, կծու կերակուրներ, գազավորված ըմպելիքներ և այլն) հաճախակի օգտագործումը կարող է նպաստել այնպիսի հորմոնների ավելացմանը, որոնք առաջացնում են հուզական լարվածություն։
  2. Ֆիզիկական ակտիվություն – ֆիզիկական վարժությունների կատարումը ոչ միայն ամրապնդում է մկանները, օրգանների աշխատանքը, այլև նպաստում էնդորֆինների առաջացմանը, որոնք բարձրացնում են տրամադրությունը: Կարևոր է նաև օրվա ռեժիմում բավականաչափ ժամանակ հատկացնել մաքուր օդում զբոսնելուն, հանգստին և քնին:
  3. Հույզերի կառավարում և դրսևորում – հոգեկան առողջության պահպանման տեսանկյունից կարևոր է ինչպես դրական, այնպես էլ բացասական հույզերի արտահայտումը։ Բացասական հույզերը օրգանիզմի նորմալ արձագանքն են ոչ սովորական պայմաններին, դրանք պետք չէ ժխտել կամ թաքցնել։ Կարելի է գտնել արտահայտման առավել ռացիոնալ եղանակներ, կատարել ռելաքսացիոն վարժություններ, զբաղվել մեդիտացիայով, յոգայով:
  4. Ճանաչել սեփական թուլություններն ու թերությունները – եթե անձը գիտի, թե որ իրադրություններն են իր մեջ առաջացնում չափազանց ուժեղ ռեակցիա, ապա կարող է պաշտպանվել դրանցից։
  5. Դրական մտածելակերպի ձևավորում – պետք է սովորել գնահատել ունեցածը, չկենտրոնանալ բացասական ինֆորմացիայի վրա, դադարել զբաղվել քննդատությամբ։
  6. Հետաքրքրությունների ձևավորում և կարողությունների զարգացում – իրենց դժբախտ համարող մարդիկ հազվադեպ են ունենում շատ հետաքրքրություններ։ Որքան մարդը շատ հետաքրքրություններ է ունենում, փորձում է իրեն տարբեր բնագավառներում, այնքան հետաքրքիր է դառնում նրա կյանքը։
  7. Ժպտալ – հաճախակի ժպտալը դրական է անդրադառնում մարդու ինքնազգացողության վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. About.com (2006, July 25). What is Mental Health?. Retrieved June 1, 2007, from About.com
  2. Princeton University. (Unknown last update). Retrieved June 1, 2007, from Princeton.edu
  3. World Health Organisation։ «Mental Health: Strengthening Our Response (Fact sheet N°220)»։ World Health Organisation։ Վերցված է փետրվարի 3, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]