Լասկո քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լասկո քարանձավ
Տեսակառաջնակենցաղ արվեստի պատկերներով անձավ, prehistoric archaeological site? և տեսարժան վայր
Երկիր Ֆրանսիա[1]
ՎարչատարածքՄոնտինյակ (Դորդոն)[1]
Մասն էPrehistoric Sites and Decorated Caves of the Vézère Valley?
Հայտնաբերման տարիսեպտեմբերի 12, 1940 և մ.թ.ա. 16 հազարամյակ
Հայտնաբերողանհայտ և Marcel Ravidat?
Քարտեզ
Քարտեզ

Լասկո կամ Լյասկո քարանձավ (ֆր.՝ Grotte de Lascaux), Ֆրանսիայում գտնվող ուշ քարեդարյան կարևորագույն հուշարձան` պահպանված ժայռապատկերների քանակի, որակի և պահպանվածության առումով։ Երբեմն Լասկոն անվանում են «նախնական գեղանկարչության Սիքստինյան կապելլա»։ Այնտեղ գտնվող նկարված ու փորագրված պատկերների ստեղծման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ. դրանք ի հայտ են եկել մ. թ. ա. 18-15-րդ հազարամյակներում։ Երկար ժամանակ դրանք վերագրվում էին մադլենյան մշակույթին, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք ամենայն հավանականությամբ վերաբերում են ավելի վաղ շրջանի սոլյուտրեյան մշակույթին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավը գտնվում է Ֆրանսիայի պատմական Պերիգոր (ֆր.՝ Périgord) շրջանի Մոնտինյակ համայնքում (Դորդոն դեպարտամենտ)` Պերիգյո քաղաքից մոտ 40 կմ հարավ-արևելք։ Այն գտնվում է Վեզեր գետի ձախ ափին` կրաքարե բլրի վրա։ Ի տարբերություն այդ շրջանում գտնվող շատ այլ քարանձավների` Լասկոն համեմատաբար չոր քարանձավ է. անջրաթափանց մարմարի շերտը խոչընդոտել է ջրի ներծծումը և կալցիտային գոյացությունների առաջացումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավը պատահաբար բացահայտվել է 1940 թվականի սեպտեմբերի 12-ին չորս դեռահասների կողմից[2]։ Նրանք հանդիպել են մի նեղ բացվածքի, որ առաջացել էր կայծակնահար սոճու ընկնելուց հետո։ Մարսել Ռավիդան, Ժակ Մարսելը, Ժորժ Անյելը և Սիմոն Կոենկան այդ բացվածքի մասին տեղեկությունը հայտնել են իրենց ուսուցչին։

Նախնադարի պատմության մասնագետ Անրի Բրեյլը, որ գերմանական օկուպացման ժամանակ թաքնվել էր այդ շրջանում, 1940 թվականի սեպտեմբերի 21-ին Ժան Բուիսնիի, Անդրո Շեյնիեի, ապա նաև Դենի Պեյրոնի և Անրի Բեգուենի հետ դառնում է քարանձավի առաջին այցելուն։ Բրեյլը առաջինն է բացահայտել ժայռապատկերները` նկարագրելով և ուսումնասիրելով դրանք[3]։ 1940 թվականի ավարտին նա, մի քանի ամիս անցկացնելով տեղանքում, շարդեն բազմաթիվ չափագրումներ էր իրականացրել` ուսումնասիրելով նախնադարյան նկարչությունը և այն վերագրելով պերիգորյան մշակույթին։

Մի քանի տարի Անրի Բրեյլը անցկացնում է Իսպանիայում, Պորտուգալիայում և Հարավային Աֆրիկայում, սակայն 1949 թվականին վերադառնում է Ֆրանսիա` Սևերին Բլանի և Մորիս Բուրգոնի հետ ձեռնամուխ լինելով Լասկո քարանձավի պեղմանը։ Նա այնտեղ հուղարկումներ գտնելու հույս ուներ, բայց փոխարենը հայտնաբերում է բազմաթիվ այլ ժայռապատկերներ։ Բրեյլը հետագայում այսպես է բնորոշել Լեսկոն.

Եթե Ալտամիրան քարանձավային նկարչության մայրաքաղաքն է, ապա Լասկոն նրա Վերսալն է[4]։

1952-1963 թվականներին Բրեյլի խնդրանքով Անդրե Գլորին 120 մ² մակերեսով տարածքում նոր պեղումներ է իրականացնում` հայտնաբերելով ևս 1433 պատկեր (ներկայումս դրանց թիվը մոտ 1900 է)։

Հետագայում Լասկոյի ժայռապատկերներն ուսումնասիրել են Անետ Լամինգ-Ամպերերը, Անդրե Լերուա-Գուրանը, իսկ 1989-1999 թվականներին` Նորբեր Օժուլը[5]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացահայտումից անմիջապես հետո` 1940 թվականի դեկտեմբերի 27-ին, Լասկո քարանձավը հռչակվել է Ֆրանսիայի պատմական հուշարձան։

1979 թվականի հոկտեմբերին Լասկոն Վեզեր գետի հովտի այլ քարանձավների նախապատմական ժայռապատկերների հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Զբոսաշրջություն և պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմական գտածո, որ Լասկոյում հայտնաբերել է Անդրե Գլորին: Մադլենյան մշակույթ

1948 թվականին քարանձավի մուտքը հարմարեցվել է զբոսաշրջային այցելությունների համար, ինչի թիվն օրեցօր ավելանում էր` սպառնալով պատկերների պահպանմանը։ Պահպանումն ավելի լավ իրականացնելու նպատակով ձեռնարկվում են հողային լուրջ աշխատանքներ` փոփոխելով քարանձավի գրունտի հատկություններն ու մակարդակը։ Բացի այդ` անցկացվում է էլեկտրական լուսավորություն և կառուցվում է հատուկ աստիճան, ինչը հեշտացնում է «ցլերի սրահ» մուտքը, իսկ քարանձավի մուտքին բրոնզե ծանր դուռ է տեղադրվում։

1955 թվականին նկատվում են պատկերների վնասման առաջին նշանները։ Դրանք այցելուների արտաշնչումից առաջացած ածխաթթու գազի ավելցուկի արդյունք են եղել. գազը և խոնավությունը ռեակցիայի մեջ են մտել կալցիտային աղերի հետ, որոնք պատկերները ծածկող լաքի շերտի դեր են կատարել[6]։ Արդյունքում առաջացել է կալցիումի հիդրոկարբոնատի (HCO3)2) լավ լուծվող շերտ, ինչը վնասում էր ժայռապատկերները։

1957 թվականին քարանձավում տեղադրվում է առաջին համակարգը, որը պետք է վերականգներ բնական մթնոլորտը` կայունացնելով խոնավությունն ու ջերմաստիճանը։ Սակայն այցելությունների թիվը գնալով աճում էր` օրական հասնելով 1000-ի։ Այսինքն` օրական արտադրվում էր մոտ 2.500 լ ածխաթթու գազ և 50 կգ ջրային գոլորշի այն դեպքում, երբ քարանձավն ուներ բավական փոքր չափեր` մոտ 1.500 մ³[7]: Գլորին, ով այդ ժամանակ պեղումներ էր իրականացնում Լասկոյում, աշխատում էր գիշերով, որ չխանգարի զբոսաշրջիկների մեծ հոսքին։

Լասկոյի ժայռապատկերներից

1960 թվականին Լասկոյում ի հայտ եկավ այսպես կոչված «կանաչ հիվանդություն». ածխաթթու գազի ավելցուկը, համեմատաբար բարձր ջերմաստիճանը և արհեստական լուսավորությունը քարանձավի պատերին ջրիմուռների առաջացման պատճառ հանդիսացան։ Դրանից հետո միջավայրի` ածխածնի դիօքսիդով հարստանալու պատճառով տարածվեց «սպիտակ հիվանդությունը», այսինքն` պատերն ու պատկերները ծածկվեցին կալցիտային ծածկույթով։ 1963 թվականին միկրոօրգանիզմները շարունակում էին արագ տարածվել` չնայած օզոնային ֆիլտրացման համակարգի տեղադրմանը։ 1963 թվականի ապրիլին մշակույթի նախարար Անդրե Մալրոն որոշում ընդունեց կասեցնել լայն հասարակության մուտքը քարանձավ։

1965-1967 թվականներին ջերմությունն ու խոնավությունը կարգավորող համակարգերը վերջապես կարողացան վերականգնել բնական նախկին պայմանները, ինչը գոյություն ուներ հազարամյակներ շարունակ։ Սառեցնող համակարգի սկզբունքը բնական կոնվեկցիան էր որոշակի տեղում ջրային գոլորշիների կոնդենսացման համար։

1970-ական թվականների սկզբներին սկսվում են քարանձավի շահագործման աշխատանքները, ինչի արդյունքում 1983 թվականին լայն հասարակության համար բացվում է քարանձավի կրկնօրինակը` ստանալով Լասկո II անվանումը։

2000 թվականին քարանձավում փոխում են կլիմայի կարգավորման համակարգը։ 2001 թվականի գարնանը Բրյունո Դեպլան և Սանդրին վան Սոլինը, ովքեր քարանձավի հսկիչներ էին նշանակված, քարանձավում նկատում են բորբոս. գրունտը ծածկվել էր ֆուզարիում սնկերով, ինչը պայմանավորված էր հիդրոթերմիկ նոր համակարգով։ Սնկերը կայուն էին ֆորմալդեհիդի նկատմամբ, ինչով տասնամյակներ շարունակ դեզինֆեկցվել են քարանձավ մտնողների կոշիկները։ Սնկերը տարածվում էին նաև պատկերների վրա, որոնք շուտով ծածկվում են սնկերի սպիտակ շերտով։ Ֆուզարիումը սիմբիոզ եղանակով գոյատևում էր նաև Pseudomonas fluorescens բակտերիայի հետ, որի դեմ մինչ այդ կիրառվում էր ֆունգիցիդ։ Սկսեցին կիրառել համակցված անտիբիոտիկներ։

2002 թվականի Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը ստեղծում է Լասկո քարանձավի ուսումնասիրման միջազգային հետազոտական կոմիտե, որը պետք է լուծեր այդ հարցը։ 2006 թվականին վարակը գրեթե վերացվում է, սակայն երկու շաբաթը մեկ պաշտպանիչ հատուկ համազգեստով մասնագետների խումբը պետք է ձեռքով մաքրեր պատերը սնկերի մնացորդներից, քանի որ դրանք, անկախ ամեն ինչից, շարունակում էին գոյանալ[8][9][10]։

Զբոսաշրջիկների 15-ամյա ակտիվ այցելությունը խաթարել էր քարանձավի բալանսը, ինչի շնորհիվ Լասկոն պահպանվել էր հազարամյակներ շարունակ. եզակի ժայռապատկերների գոյությունը վտանգված էր։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավի հատակագիծը

Լասկո քարանձավը համեմատաբար այնքան էլ մեծ չէ. սրահի ամբողջական երկարությունը մոտ 250 մ է, միջին բարձրությունը` 30 մ։ Քարանձավի նկարազարդված մասը հիմնականում համակարգի վերին մասում է։

Ժամանակակից մուտքը համապատասխանում է նախապատմական մուտքին` բացառությամբ այն հանգամանքի, որ ներկայումս այն ունի հողմարգելի համակարգ։ Նախնական մուտքը պետք է որ ավելի երկար եղած լինի, սակայն հնում քարանձավի վերին մասի փլուզման հետևանքով թեքություն է առաջացել, որից ներկայումս օգտվում են քարանձավի այցելուները։

Նկարագրությունը հեշտացնելու նպատակով քարանձավը պայմանականորեն բաժանել են մի քանի մասերի։ Պատկերային այդ անվանումները առաջարկել է Անրի Բրեյլը։ Դրանք են.

  • Առաջին սրահ - «Ցուլերի սրահ» կամ «Ռոտոնդա» (ֆր.՝ salle des Taureaux, Rotonde); Երկարությունը 17 մ է, լայնությունը` 6 մ, իսկ բարձրությունը` 7 մ։
  • «Ցուլերի սրահին» հաջորդում է այսպես կոչված «Առանցքային միջանցքը» (ֆր.՝ Diverticule axial), որը նույն ուղղությամբ ձգվող ավելի փոքր սրահ է` գրեթե նույն երկարությամբ։
  • «Ցուլերի սրահից» աջ «Պասաժն» է (ֆր.՝ Passage)` 1 մ երկարությամբ սրահը։
  • Միջանցքին հաջորդում է «Նավը» (ֆր.՝ Nef)` 20 մ երկարությամբ և ավելի մեծ բարձրությամբ։
  • Նավին հաջորդում է մի մաս, որտեղ չկան ժայռապատկերներ, ինչից հետո գտնվում է «Կատվի սողանցքը» (ֆր.՝ Diverticule des Félins)` 20 մ երկարությամբ նեղ միջանցքը։
  • «Աբսիդը» (ֆր.՝ Abside) կլոր սրահ է, որ գտնվում է «Միջանցքի» և «Նավի» միացման տեղում։
  • «Աբսիդի» հետևում «Հանքահորն» է կամ «Ջրհորը» (ֆր.՝ Puits): Այնտեղ հայտնվելու համար քարանձավի սկզբնական մակարդակից 4-5 մ խոր պետք է իջնել։

Հնագիտական բացահայտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական բացահայտումների մեծ մասն արել է Ա. Գլորին, երբ մուտքի մոտ և սրահներում հողմարգելի համակարգի տեղադրման աշխատանքներ էին կատարվում, իսկ հետո նաև պեղումների ժամանակ հատկապես «Հանքահորում»։ Հնագիտական հանածոների թվում կան քարե (403), ոսկորե (28), բուսական ծագման առարկաներ (113), զարդեր (10 խեցի), բազմաթիվ բեկորներ և գույների մնացուկներ։

«Նավում» հայտնաբերվել են ջահեր, ներկված իրեր և ուտելիքի մնացորդներ։ Մի շարք կարևոր իրեր են հայտնաբերվել «Աբսիդում»` արոսի սայրեր, քերոցներ, հատիչներ, ջահեր։ «Հանքահորում» հայտնաբերվել են ներկած իրերի մնացորդներ, թիակներ, խեցիներ, ջահեր։

Ներկված իրերի ուսումնասիրություններ են կատարվել էլեկտրոնային միկրոսկոպով, ինչի արդյունքում հաստատվել է, որ սև գույնը ստացվել է մանգանի օքսիդից, իսկ դեղին, նարնջագույն և կարմիր գույները` երկաթի օքսիդից։ Դրանք բոլորն օգտագործվել են մաքուր ձևով` առանց ջերմային մշակման և խառնուրդների[11]։

Ժայռապատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ցլերի սրահում» է գտնվում Լասկոյի ամենագեղեցիկ պատկերը։ Նրա կալցիտային պատերն այնքան էլ հարմար չեն եղել փորագրության համար, այդ պատճառով էլ նկարել են հսկայական չափերի պատկերներ. որոշ պատկերներ ունեն 5 մ երկարություն։

Իրար դիմաց պատկերված է զուբրերի երկու շարք. մի կողմից` երկու, մյուս կողմից` երեք զուբր։ Հյուսիսային պատի երկու զուբրերին ուղեկցում են տասնյակ ձիեր և մի հսկա կենդանի, որի ճակատին եղջյուրանման ելուստ է. դրա համար այն ստացել է «Միաեղջյուր» անվանումը։ Հարավային պատին երեք մեծ զուբրեր են պատկերված կարմիր գույնի երեք ավելի փոքր զուբրերի, վեց եղջերուների և մեկ արջի հետ, որը պատկերված է զուբրերից մեկի փորին և այդ պատճառով էլ դժվար է տարբերակվում։ Համարվում է, որ զուբրերից մեկի գլխին պատկերված վեց կետերը խորհրդանշում են Բազմունքի կուտակումը Ցուլ համաստեղության մեջ։

  • «Առանցքային միջանցքում» նույնպես պատկերված են ցուլեր և ձիեր` շրջապատված եղջերուներով և քարայծներով։ Պատկերում գրունտից 2.5 մ բարձրության վրա առանձնանում է մանգանի կավճով նկարված փախչող ձի։ Որոշ կենդանիներ պատկերված են առաստաղին. դրանք կարծես թռչում են մի պատից մյուսը։ Այս պատկերներին հարկ է ավելացնել բազմաթիվ նշանները` գծեր, կետեր, ուղղանկյուններ։
  • «Պասաժում» շատ պատկերներ խիստ վնասվել են, մասնավորապես օդային զանգվածի տեղաշարժից։
  • «Նավում» հաշվվում են կերպարների չորս խմբեր` ձեռքերի դրոշմներ, սև կովեր, լողացող եղջերուներ և բիզոններ։ Այս պատկերախմբերին գումարվում են երկրաչափական առեղծվածային սիմվոլները, այդ թվում` գույներով հավասար քառակուսիների բաժանված։ Ա. Բրեյլը դրանք գերբեր է անվանել։ Կան նաև այլ վարկածներ, օրինակ` դրանք ծուղակ են կենդանիների համար կամ նախատեսված են ներկած մորթիներից զգեստների համար։
  • «Կատվի սողանցքը» իր անվան համար պարտական է կատվազգիների ընտանիքի ներկայացուցիչների պատկերների առկայությանը, որոնցից մեկը նշան է բռնել տարածքին։ Բավական դժվար է այս սրահ մտնելը, սակայն այնտեղ կարելի է տեսնել վայրի կենդանիների փորագրություններ` կատարված բավական պարզ ոճով։ Կա նաև կիսադեմով պատկերված մեկ ձի, ինչը հազվադեպ է հանդիպում քարեդարյան պատկերագրության մեջ. կենդանիները սովորաբար պատկերվել են դիմային մասով։
  • «Աբսիդում» կա փորագրված մոտ 1.000 պատկեր, որոնցից շատերն արված են նկարված պատկերների վրա։ Այստեղ կան ինչպես կենդանիներ, այնպես էլ սիմվոլներ, ինչպես նաև հյուսիսային եղջերվի միակ պատկերը Լասկոյում։
  • «Հանքահորում» է գտնվում Լասկոյի ամենաառեղծվածային պատկերներից մեկը` բիզոնի և ռնգեղջյուրի մեջ ընկնող մարդը։ Մարդն ունի թռչնի գլուխ, բիզոնը վիրավորված է տեգով, իսկ ռնգեղջյուրը կարծես փախչում է այդ տեսարանից։ Մարդու մոտ պատկերված է երկարացված սարք` զարդարված թռչնի կերպարով։ Հնարավոր է, որ դա այն ձողն է, որ ամրացրել են տեգին կամ հարպունին նետման ուժը մեծացնելու համար։ Հանդիպակաց պատին ձի է պատկերված։ Բացի այդ` տվյալ կոմպոզիցիայում առկա է հետաքրքիր նշանների երկու խումբ.
Մարդու և բիզոնի պատկերները «Հանքահորում»
    • Մարդու և ռնգեղջյուրի միջև երեք զույգ կետեր են (նման կետեր կան նաև «Կատվի սողանցքի» խորքում և քարանձավի ամենահեռավոր անկյունում)։
    • Մարդու և բիզոնի պատկերների միջև ատամնաձև բարդ խորհրդանիշ է։ Նման նշաններ կարելի է գտնել նաև մյուս պատերին, տեգերի ծայրերին, ավազաքարե ջահերին, որոնք հայտնաբերվել են այս տեղանքի հարևանությամբ։

Ամենայն հավանականությամբ այս տեսարանը ներկայացնող բոլոր առարկաները սերտորեն առնչվում են իրար, և դա սոսկ պայմանավորված չէ նույն պատին դրանց պատկերումով։ Ֆրանսիացի հնագետ Անդրե Լերուա-Գուրանը հայտնել է տեսակետ, որի համաձայն` տեսարանը դիցաբանական հիմք ունի, որի նշանակությունը բացահայտված չէ և այլևս հնարավոր էլ չէ բացահայտել[12]։

2000 թվականին գերմանացի գինական Միախայել Ռապենգլյուկը պատկերային համակարգում հայտնաբերել է ամառա-աշնանային եռանկյունը (առավել լավ նկատելի եռանկյուն աստղային համակարգում), որ ձևավորել էին բիզոնի աչքը, մարդը և թռչունը։

Գեղարվեստական հնարանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնադարյան նկարիչների կիրառած հնարանքներից են.

  • Պոլիքրոմիա` բազմագույն ներկերի կիրառում
  • Ստվերագծում
  • Հեռապատկեր
  • Նկարում չներկված մասեր
  • Պատկերի աղավաղում։

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լասկո քարանձավում հայտնաբերվել են ոսկրե և կայծքարե բազմաթիվ զենքեր։ Դատելով եղած փաստերից` քարանձավում երբեք չեն ապրել. այնտեղ հիմնականում այցելել են ժայռապատկերների համար։

Լասկոյի պատերին պատկերված կենդանիները հիմնականում ձիեր են, զուբրեր, բիզոններ, եղջերուներ, քարայծեր։ Այլ կենդանիների պատկերներ հազվադեպ են հանդիպում. դրանք մարդու համար վտանգ ներկայացնող կենդանիներ են` արջ, ռնգեղջյուր, կատվազգի խոշոր գիշատիչներ։

Նկարված կենդանիները այնպիսի կենդանիներ չեն, որոնց որսացել է նախնադարյան մարդը կամ օգտագործել տարբեր կարիքների համար` միս, մորթի, ոսկոր։ Փորագրված պատկերներից միայն հյուսիսային եղջերվի ոսկորներից են հայտնաբերվել քարանձավում (գտնված ոսկորների 80 %-ը)։

Պատկերները ռեալիստական են (դա հատկապես վերաբերում է կենդանիների կազմվածքին և դիրքին), սակայն Լասկոյի նկարիչները չեն ձգտել դրանց անթերի պատկերմանը։ Ի տարբերություն քարեդարյան այլ ժայռապատկերների` նկարներում չկան բույսեր, արտացոլված չէ լանդշաֆտը։

Ակնհայտ է, որ նկարների որոշ տարրեր սիմվոլներ են պատկերում։ Այդպիսին են, օրինակ, երեք զույգ կետերը, որոնք հայտնաբերվել են «Կատվի սողանցքի» խորքում և «Հանքահորում»։ Այդպիսին են նաև ատամնաձև սիմվոլները, «գերբերը» և առանձին կետերը, որոնք ցրված են քարանաձավի տարբեր մասերում։

Անդրե Լերուա-Գուրանը կարծում էր, որ Լասկոն եղել է սրբավայր, նախամարդու պաշտամունքային վայր։

Թվագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային եղջերվի փորագրված պատկերը «Աբսիդում»

Լասկոն քարեդարյան առաջին քարանձավներից է, որի թվագրումը կատարվել է ռադիոածխածնային հետազոտությամբ, որ կատարել է Ուիլարդ Լիբին։ Այս վերլուծությունը կատարվել է քարանձավի սրահներից մեկից` «Հանքահորից» վերցված քարածխի անալիզով։ Ստացված առաջին արդյունքը վկայում էր, որ Լասկոն ամենայն հավանականությամբ վերաբերում է մադլենյան մշակույթին (մ. թ. ա. 15.5 հազար տարի), սակայն այդ տեսակետը շուտով կասկածի տակ է դրել Անրի Բրեյլը, ով կարծում էր, որ ժայռապատկերները վերաբերում են գրավետյան մշակույթին[13]։

Ավելի ուշ անցկացվել են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքները հաստատել են, որ ժայռապատկերները, այնուամենայնիվ, պատկանում են մադլենյան մշակույթին։ Հետազոտվել է Գլորիի պեղումների ժամանակ «Պասաժում» և «Հանքահորում» հայտնաբերված քարածուխ, որը թվագրվել է վաղ և միջին շրջանի մադլենյան մշակույթին (մ. թ. ա. 17-15 հազար տարի)։

1998 թվականին կատարված ռադիոածխածնային և և փայտե ցուպի մաս-սպեկտրոսկոպիայի հետազոտությունների արդյունքում ստացվել է մ. թ. ա. 18.6 հազար տարի առաջվա թվագրություն, ինչը ցույց է տալիս, որ քարանձավը սոլյուտրեյան մշակույթի շրջանին է վերաբերում[14]։ Սակայն հարց է` արդյոք մարդիկ քարանձավ են մտել` ժայռապատկերներ ստեղծելու՞, թե՞ նայելու արդեն եղածներին։

Ժայռապատկերների և փորագրությունների անմիջական հետազոտություն կարելի էր կատարել քարանձավում, եթե դրանք ածխով նկարված լինեին։ Սակայն Լասկոյում այդպիսի պատկերներ չկան, դրանք նկարվել են մանգանով։ Պատերին ներկերի հետքեր են գտնվել տարբեր շերտերի հնագիտական պեղումների ժամանակ։ Դրանք թույլ են տվել եզրակացնել, որ որոշ պատկերներ ստեղծվել են այն նույն ժամանակ, ինչ որոշ գտածոներ` կայծքարե զենքեր, սրածայր տեգեր, ճարպի ջահեր։ Սակայն նման առարկաները բնորոշ են եղել ինչպես մադլենյան, այնպես էլ սոլյուտրեյան մշակույթին։ Այդ պատճառով մինչ օրս ժայռապատկերների ճշգրիտ ժամանակագրությունը որոշված չէ։ Ն. Օժուլի կարծիքով կան որոշ ապացույցներ, որ Լասկոն վերաբերում է սոլյուտրեյան մշակույթին[12]։ Դրանք են.

  • Երկրաչափական պատկերների առկայություն
  • Զուբրերի եղջյուրների պատկերում
  • Մարդուն դեմ հանդիման սնամեջ եղջյուրավորների պատկերում (Ռոկ դե Սերում հայտնաբերված` սոլյուտրեյան մշակույթի ժայռապատկերներից մեկում մարդը պատկերված է խոյի դիմաց)։

Լասկո II[խմբագրել | խմբագրել կոդը]

Լասկո քարանձավի ժամանակակից մուտքը

Քարանձավը պահպանելու նպատակով լայն հասարակության համար մուտքը փակելուց հետո 1960-ական թվականներին Ֆրանսիայի աշխարհագրական ինստիտուտը (IGN) քարանձավի նկարազարդված բոլոր մակերևույթներին անցկացրել է ձայնա-ֆոտոգրամետրային տեսագրություն։ Դրանից հետո Լասկոն հսկող ընկերությունը առաջարկել է ստեղծել քարանձավի տարբեր մասերի ճշգրիտ կրկնօրինակները։ Ծրագիրը մասամբ ֆինանսավորվել է 1972 թվականին Լասկոն պետությանը վաճառելու հաշվին։ Աշխատանքներն ընդհատվել են 1980 թվականին, ապա շարունակվել Դորդոն դեպարտամենտի կողմից։

Կառուցվել է բետոնե շինություն, որի ներսում Ֆրանսիայի աշխարհագրական ինստիտուտի նկարների հիման վրա վերարտադրվել են Լասկոյի որոշ մասերի պատկերներ։ Աշխատանքները ղեկավարել է Մ. Պեյտրալը[15]։ Քարանձավի կրկնօրինակը, որ կոչվել է Լասկո II, գտնվում է իսկական քարանձավից 200 մ հեռավորության վրա։ Այն այցելությունների համար բացվել է 1983 թվականի հուլիսի 18-ին։ Ժայռապատկերների այլ վերարտադրություններ ներկայացված են Թո պալատի այգում` Մոնտինյակից մի քանի կիլոմետր հեռո։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կյանքը մարդկանցից հետո» վավերագրական ֆիլմում նկարագված է, թե ինչ կպատահի Լասկո քարանձավին 10 տարի առանց մարդու. քարանձավը կսկսի քանդվել, մինչդեռ իրական քարանձավը չի փոփոխվի մոտակա հազարավոր և նույնիսկ միլիոնավոր տարիների ընթացքում։
  • Քարանձավը ներկայացված է Ալեն Ժոբերի «Արվեստի նախապատմություն» ֆիլմում (Ֆրանսիա, 1996)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. По одной версии они искали пропавшую собаку, по другой — подземный ход или клад.
  3. Breuil H. Découverte d’une remarquable grotte ornée, au domaine de Lascaux, Montignac (Dordogne) // C.R. de l’Acad. des Inscr. et Belles-Lettres. Séance du 11 oct. 1940. Р. 387—390.
  4. Эпиграф к статье Х. Збигнева
  5. Aujoulat N. Lascaux — Le geste, l’espace et le temps. Seuil, 2004.
  6. Збигнев Х. Варвар в саду Արխիվացված 2007-04-02 Wayback Machine. — СПб.: 2004. С.29.
  7. Roussot A. Breuil et Lascaux // Lascaux, premier chef d’œuvre de l’humanité. Les Dossiers d’Archéologie, 1990. № 152.
  8. Graff J. Saving Beauty Արխիվացված 2008-07-04 Wayback Machine // Time. 2006. Vol. 167. № 20. Р. 36-42
  9. Lascaux toujours victime du Fusarium solani Արխիվացված 2009-10-10 Wayback Machine, статья с Hominidés.com
  10. Sire M.-A. Lascaux : la rechute Արխիվացված 2012-07-29 archive.today
  11. Chalmin E., Menu M., Pomiès M.-P., Vignaud C., Aujoulat N. et Geneste J.-M. Les blasons de Lascaux // L’Anthropologie, 2004. T. 108. Р. 571—592.
  12. 12,0 12,1 Aujoulat N.Lascaux — Le geste, l’espace et le temps. Seuil, 2004.
  13. Breuil H. Les datations par C14 de Lascaux (Dordogne) et Philip Cave (S.W. Africa) // Bulletin de la Société Préhistorique Française. 1954. Т. LI, 11-12. Р. 554—559.
  14. Aujoulat N., Cleyet-Merle J.-J., Gaussen J., Tisnerat N. et Valladas H. Approche chronologique de quelques sites ornés paléolithiques du Périgord par datation carbone 14 en spectrométrie de masse par accélérateur de leur mobilier archéologique // Paléo. 1998. № 10. Р. 319—323.
  15. Soutif M. Lascaux II, le nouveau chef d'œuvre // Géo. 1983. № 51. Р. 42-58.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զ. Ա. Աբրամովա Լասկո— Քարեդարյան ժայռապատկերային արվեստի հուշարձան // Նախնական մշակույթ. —Նովոսիբիրսկ, 1971. — С. 53-80.
  • Ժորժ Բատայ Մահ Լասկո քարանձավի «Ջրհորի» հատակին // Էրոսի մահագրություն։ Ժորժ Բատայը և 20-րդ դարակեսի ֆրանսիական փիլիսոփայությունը. —СПб., 1994. — С. 271-308. Архивировано из первоисточника 16 Մայիսի 2007.
  • Խ. Զբիգնև Բարբարոսը այգում. — СПб., 2004. — С. 13-31.
  • Լ. Դ. Լյուբիմով Հին աշխարհի պատմություն. — Մ., 1971. (Գլուխ «Նախապատմական գեղանկարչության Սիքստինյան կապելան»).
  • Aujoulat N. Lascaux. Le Geste, l'Espace et le Temps. — Seuil, 2004. — ISBN 2-02-025726-2
  • Bataille G. La Peinture préhistorique, Lascaux ou la naissance de l'art. — Skira, 1994. — ISBN 2-605-00044-3
  • Breuil H. Quatre cent siècles d’art pariétal. — Centre d'Études et de Documentation préhistoriques, 1952.
  • Collectif sous la dir. de Arl. Leroi-Gourhan et J. Allain. Lascaux inconnu // Gallia Préhistoire. —CNRS, 1979. — Т. XII (supplément). ISBN 2-222-02178-2
  • Collectif sous la dir. de B.et G. Delluc. Le Livre du Jubilé de Lascaux 1940-1990 // Société historique et archéologique du Périgord. — 1990. — Т. CXVII (supplément).
  • B. et G. Delluc. Lascaux retrouvé. Les recherches de l'abbé André Glory. — Pilote 24 édition. — 2003.
  • B. et G. Delluc. Connaître Lascaux. — Sud Ouest, 2006.
  • Collectif sous la dir. de Arl. Leroi-Gourhan et J. Allain. Lascaux inconnu // Gallia Préhistoire (XII-e supplément). —CNRS, 1979. ISBN 2-222-02178-2
  • Leroi-Gourhan A. Grotte de Lascaux // L'Art des cavernes. Atlas des grottes ornées paléolithiques françaises. —Ministère de la culture, 1984. ISBN 2-11-080817-9
  • Lascaux, premier chef d’œuvre de l’humanité // Les Dossiers d’Archéologie. — 1990. — № 152. ISBN 2-11-080817-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասկո քարանձավ» հոդվածին։