Շովե քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շովե քարանձավ
Տեսակառաջնակենցաղ արվեստի պատկերներով անձավ և prehistoric archaeological site?
Երկիր Ֆրանսիա[1]
ՎարչատարածքՎալոն Պոն դ'Արկ[1]
Մակերես9 հեկտար և 1353 հեկտար
Հայտնաբերման տարիդեկտեմբերի 18, 1994
ՀայտնաբերողJean-Marie Chauvet? և Eliette Brunel Deschamps?
Անվանված էJean-Marie Chauvet?
Քարտեզ
Քարտեզ

Շովե քարանձավ (ֆր.՝ grotte Chauvet), նախապատմական ժայռապատկերներով քարանձավ Ֆրանսիայի հարավում` Վալյոն Պոն դ'Արկ ոչ մեծ քաղաքի հարևանությամբ` Արդեշ գետի հովտում։ Ընդգրկված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում (1995). պետական սեփականություն է (1997)։ 2014 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցուցակում[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առյուծների ժայռապատկերներ
Քարայծների ժայռապատկերներ
Շովեի ժայռապատկերը նամականիշի վրա, 2001

Չափերով այն գերազանցում է Լասկո քարանձավին` ներառելով 80 մ երկարությամբ և 18 մ բարձրությամբ սրահներ։ Մարդիկ քարանձավը բնակեցրել են 37.000-33.500, ապա կրկին 31.000-28.000 տարի առաջ[3]։

Շովե քարանձավում հայտնաբերվել է կենդանիներ ներկայացնող 435 ժայռապատկեր[4]։ Պատկերագրությունը համանման արվեստի հնագույն դրսևորումներից է աշխարհում։ Ամենահին պատկերների տարիքը հաշվվում է 36.000 տարի (օրինյակի մշակույթ), սակայն դրանց ստեղծման ճշգրիտ ժամանակաշրջանը վեճերի տեղիք է տալիս[5]։

Ժայռապատկերները հրաշալի պահպանվել են այն բանի շնորհիվ, որ Շովեն սառցադաշտային ժամանակաշրջանից հետո մուտքի մոտ ընկած քարաբեկորների պատճառով կտրվել է արտաքին աշխարհից[4]։ Քարանձավը բացահայտվել է 1994 թվականի դեկտեմբերի 18-ին երեք քարանձավագետների` Ժան-Մարի Շովեի (Jean-Marie Chauvet), Էլիեթ Բրյունելի (Éliette Brunel) և Քրստիան Իլերի (Christian Hillaire) շնորհիվ։

Քարանձավը փակ է լայն հասարակության համար, քանի որ խոնավության աննշան փոփոխությունն անգամ կարող է վնասել ժայռապատկերները։ Սահմանափակ ժամանակով մուտքի իրավունք ունեն միայն ոչ մեծ թվով հնագետներ։ Լայն հասարակության համար քարանձավից մի քանի կիլոմետր հեռավորության վրա պատրաստվել է քարանձավի կրկնօրինակը, որի բացումը տեղի է ունեցել 2015 թվականին[4]։

Շովեի ժայռապատկերներում պատկերված են ռնգեղջյուր, տարպան (ժամանակակից ձիերի նախահայրը), քարանձավային առյուծ, արջ, հովազ, բիզոն և սառցադաշտային դարաշրջանի այլ կենդանիներ։ Քարանձավում հայտնաբերվել են հիմնականում արջի ոսկորներ։ Հարց է առաջանում, թե ինչպես են արջի` նման մեծ քանակությամբ ոսկորներ հայտնաբերվել այնտեղ. հնարավոր է, որ քարանձավի բնակիչները արջի պաշտամունք են ունեցել։

Մարդու և շան համակեցության առաջին նշանները հայտնաբերվել են հենց Շովեում (շան կամ գայլի թաթերի հետքեր երեխայի ոտնահետքերի հետ);

2010 թվականին Վեռներ Հերցոգը քարանձավի և նրա շրջակայքի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել` «Մոռացված երազների քարանձավը» վերնագրով։ Հասարակության շրջանում առաջացած հետաքրքրությունը բավարարելու համար կառավարությունը որոշում է ընդունել մոտակայքում կառուցել քարանձավի կրկնօրինակը, որը բաց կլինի զբոսաշրջիկների համար։ 2014 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է քարանձավին համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակ շնորհելու առաջարկը։

Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետին Շովեն անվանել է «մարդկության սրբազան վայրերից մեկը», որ պատմաբաններին թույլ է տվել հայացք գցել դարերի խորքը։ 2015 թվականի ապրիլին լայն հասարակության համար բացվել է քարանձավի կրկնօրինակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jean-Marie Chauvet, Eliette Brunel Deschamps, Christian Hillaire, Eliette Bruel Deschamps: Grotte Chauvet bei Vallon-Pont-d’Arc. Jan Thorbecke, Stuttgart 1995. ISBN 3-7995-9000-5
  • Jean Courtin: Die vergessene Höhle. Roman. Piper, München 2000. ISBN 3-492-23035-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շովե քարանձավ» հոդվածին։