Կոնդենսացում
Կոնդենսացում (ուշ լատ. condensatio — խտացում, թանձրացում, լատ. condenso—խտացնել, թանձրացնել), սեղմման կամ սառեցման հետևանքով նյութի անցումը գազային (գոլորշի) վիճակից հեղուկ կամ պինդ վիճակի։ Կոնդենսացումը, ինչպես և հակառակ երևույթը՝ գոլորշիացումը, առաջին կարգի ֆազային անցում է։ Ընթանում է տվյալ նյութի կրիտիկականից ցածր ջերմաստիճանում, որոշակի ճնշման (հագեցած գոլորշիների ճնշում) ներքո և ուղեկցվում է ջերմության այնպիսի քանակի անջատումով, ինչպիսին կլանվում է շոգեգոյացման կամ սուբլիմացման ժամանակ։ Ճնշումը և անջատված ջերմությունը կոնդենսացման պրոցեսում կախված են ջերմաստիճանից և որոշվում են Կլապեյրոն-Կլաուզիուսի հավասարումով։ Ամբողջ սպինով մասնիկների (բոզոններ) համակարգում հնարավոր է յուրատեսակ կոնդենսացոմ Բոզե-Էյնշտեյնյան կոնդենսացում), որը պայմանավորված է ոչ թե միջմասնիկային փոխազդեցությամբ, այլ բոզոնային համակարգի քվանտամեխանիկական հատկություններով։ Հաստատուն խտության իդեալական բոզոնային գազում մասնիկները որոշակի ջերմաստիճանից (Բոզե-էյնշտեյնյան կոնդենսացման կամ այլասերման ջերմաստիճան) սկսած (իսկ T=0°K ջերմաստիճանում՝ ամբողջովին) հավաքվում են նվազագույն էներգիայի մակարդակում։ Չունենալով համընթաց շարժման իմպուլս՝ այդ մասնիկները ներդրում չեն ունենում ճնշման մեջ։ Այդպիսի կոնդենսացումը երկրորդ կարգի ֆազային անցում է։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 568)։ |