Մոնա Լիզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Մոնա Լիզա
LaJoconde
Mona Lisa, by Leonardo da Vinci, from C2RMF retouched.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Լեոնարդո դա Վինչի[1]
տարի 1503
բարձրություն 77 սմ
լայնություն 53 սմ
ստեղծման վայր Ֆլորենցիա
ստեղծման երկիր Իտալիա
ուղղություն Բարձր վերածնունդ
ժանր դիմանկար
նյութ յուղաներկ և կաղամախի
գտնվում է իտալական գեղանկարչության սրահ համար 6
հավաքածու Լուվրի գեղանկարի բաժին
քաղաք Փարիզի 1-ին շրջան
սեփականատեր Ֆրանսիա
պատվիրատու Ֆրանչեսկո դել Ջոկոնդո[2]
louvre.fr
Mona Lisa Վիքիպահեստում

Մոնա Լիզա (Ջոկոնդա, անգլ.՝ Mona Lisa, իտալ.՝ La Gioconda, լրիվ անունը՝ Տիկին Լիզա Ջոկոնդայի դիմանկարը, իտալ.՝ Ritratto di Monna Lisa del Giocondo), կերպարվեստի գլուխգործոց, աշխարհի ամենահայտնի գեղանկարչական ստեղծագործություններից մեկը, որի մասին ամենաշատն է գրվել, որը նայելու համար այցելել են ամենաշատ մարդիկ և որի թեմայով արված պարոդիաներն ամենաշատն են։

Ենթադրվում է, որ դա ոմն ֆլորենցիացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ՝ Լիզա Գերարդինիի դիմանկարն է, որն ստեղծել է Լեոնարդո դա Վինչին՝ 1503 - 1507 թվականների միջև։ Մոնա Լիզայի դեմքի առեղծվածային արտահայտությունը գրավել և հրապուրել է միլիոնավոր մարդկանց։ Իսկ նրա ետևի բնապատկերը էլ ավելի խորհրդավորություն է հաղորդում ամբողջ նկարին. այն կարծես թե երևակայության արդյունք է, և ոչ՝ իրական վայր։ Այն ձեռք է բերել Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա I-ը և ներկայումս հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության սեփականությունը։ 1797 թվականից պահվում է Փարիզի Լուվր թանգարանում։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս նկարի «Մոնա Լիզա» անվան ծագումը գալիս է Վերածննդի արվեստի պատմագիր Ջորջո Վազարիից, ով գրում է. «Լեոնարդոն Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի համար ձեռնարկեց նրա կնոջ՝ Մոնա Լիզայի դիմանկարի ստեղծումը»[3][4] «Մոնա» բառը իտալերեն ma donna (թարգմանաբար՝ իմ տիրուհի) դիմելաձևի քնքշացված տարբերակն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոնա Լիզան» հարվածադիմացկուն ապակու ետևում
Դատարկ պատը, որտեղ կախված է եղել «Մոնա Լիզան» 1911 թ.
Գողությունը կատարած Վինչենցո Պերուջան

Լեոնարդո դա Վինչին «Մոնա Լիզայի» վրա սկսել է աշխատել 1503 կամ 1504 թվականին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։[5] 1516 թվականին Ֆրանսուա I թագավորը հրավիրում է Լեոնարդոյին աշխատելու Ամբուազի մոտ գտնվող դղյակում։ Կարծիք կա, որ նա իր հետ վերցրել է «Մոնա Լիզան»՝ նրա վրա Ֆրանսիայում գտնվելու ժամանակ աշխատելու համար և դա արել է մինչև 1517 թվականը[6][7]։ Նրա մահից հետո այս նկարը մյուս աշխատանքների հետ միասին ժառանգեց իր աշակերտ և օգնական Սալաին։[8] Արքան նկարը գնեց 4000 էքյու վճարելով և պահեց Ֆոնտեբլո պալատում, որտեղ այն մնաց մինչև Լուի XIV-ին հանձնելը։ Լուի XIV-ն այն տեղափոխեց Վերսալի պալատ։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո նկարը տեղափոխվեց Լուվր, սակայն մի կարճ ժամանակ մնալով Տյուիլրի պալատում գտնվող Նապոլեոնի ննջարանում։ Ֆրանս-Պրուսական պատերազմի ընթացքում (1870–1871) այն գտնվել է Բրեստի զինանոցում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը նորից են հանել Լուվրից և տեղափոխել անվտանգ տեղ, սկզբում՝ Շատո դ'Ամբուազ, հետո՝ Լոկ-Դյո աբբայություն և Շատո դը Շամբոր, հետո, ամենավերջում՝ Մոնտոբան քաղաքի թանգարան։ Քսաներորդ դարում նկարը միայն երկու անգամ է հանվել Լուվրից։ 1963 թվականին այն ցուցադրվել է ԱՄՆ-ում, իսկ 1974֊ին՝ Ճապոնիայում։

Վազարիի նամակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Ջորջո Վազարիի (1511-1574)` իտալացի նկարիչների կենսագրի, ով Լեոնարդոյի մասին գրել է 1550 թվականին` նրա մահից 31 տարի անց, Մոնա Լիզան եղել է ֆլորենտացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը (իտալ.՝ Francesco del Giocondo), ում դիմանկարի վրա Լեոնարդոն ծախսել է 4 տարի, թողնելով այն անավարտ։

Aquote1.png Լեոնարդոն անցավ աշխատանքի և սկսեց նկարել Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ` Մոնա Լիզայի դիմանկարը, և ծախսելով դրա վրա 4 տարի, այն թողեց անավարտ։ Այս գործը գտնվում է ֆրանսիացի թագավոր Ֆոնտենբլոյի մոտ։

Այս աշխատանքը, բոլոր նրանք, ովքեր տեսել են, հիացրել է իր բնականությամբ, այն տալիս է հնարավորություն հասկանալու գործը ամենաթեթև ձևով, քանզի նրա մեջ առկա բոլոր մանրամասները հաղորդում են նկարին մեծ նրբություն։ Այդ իսկ պատճառով, աչքերն ունեն այն փայլն ու խոնավությունը, որոնք սովորաբար տեսանելի են միայն կենդանի մարդկանց մոտ, իսկ աչքերի շուրջ հոյակապ ներկայացված են բոլոր փոքրիկ մանրամասները, որն էլ պահանջում է մեծ ու նուրբ վարպետություն։

Թարթիչները կարծես իրական լինեն, մեծ հնարամտությամբ ներկայացված են մարմնի մասերի հետ համապատասխանեցված գույները։ Քիթը իր վարդագույն և նուրբ երանգով կարծես իրական լինի։ Բերանը մի փոքր բացված է, իսկ գույներին նայելով կարծես ոչ թե ներկեր լինեն, այլ իրական մարմին։ Ուշադիր նայելով պարանոցին կարող ենք տեսնել նրա զարկերակը։ Եվ իսկապես, կարելի է ասել, այս նկարը այնպես է ստեղծված, որ շփոթության մեջ է գցում անգամ ամենաանբարտավան նկարչին, ով էլ որ նա լինի։

Եվ պետք է նշել, որ Լեոնարդոն ընդունում է մի ծրագիր. մոնա Լիզան եղել է շատ գեղեցիկ և նկարի ստեղծման ժամանակ Լեոնարդոն մարդկանց էր հրավիրում, ովքեր երգում էին և անընդհատ կատակում, որպեսզի պահպանեն կնոջ ուրախ տրամադրությունը։ Լեոնարդոյի մոտ ժպիտը հիանալի է ստացվել և թվում է, թե դա ավելի շուտ աստվածային, քան մարդկային երևույթ է:

Aquote2.png


Նկարի գողության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոնա Լիզայի» պատմության մեջ եղել է գողության մեկ դեպք։ Այն տեղի է ունցել 1911 թվականի օգոստոսի 21-ին։ Նկարը հայտնաբերելու համար փակվեցին երկրի սահմանները։ Թանգարանի ղեկավարությունն ազատվեց աշխատանքից։ Կասկածի տակ էին ընկել բանաստեղծ Գիյոմ Ապոլիները, ում նույնիսկ կալանավորեցին, նկարիչ Պաբլո Պիկասոն։ Նկարը գտնվեց միայն երկու տարի անց՝ Իտալիայում։ Պարզվեց, որ գողությունն իրականացրել է Լուվրի աշխատող, հայելիների իտալացի վարպետ Վինչենցո Պերուջան (իտալ.՝ Vincenzo Peruggia)։ Կարծիք կա, որ նրա նպատակն է եղել նկարը պատմական հայրենիք վերադարձնելը, համարելով, որ ֆրանսիացիներն իրենցից են գողացել և մոռանալով, որ Լեոնարդոն ինքն է այն տարել Ֆրանսիա։ Նկարը գտնվեց նույնպես այն գողացողի մեղքով՝ Վինչենցոն պատասխանել էր թերթում տպագրված Ուֆիցիի պատկերասրահի տնօրենի հայտարարությանը և առաջարկել էր վաճառել իր գողացած նկարը։ Գողության համար Պերուջան փոքր ժամկետով բանտ նստեց, չնայած նրան, որ իտալացիները գովում էին հայրենասիրության համար։ Իտալական քաղաքներում ցուցադրվելուց հետո 1914 թ. հունվարի 4-ին Ջոկոնդայի դիմանկարը վերադարձավ Փարիզ։ Այդ ամբողջ ընթացքում «Մոնա Լիզան» պատկերվում էր ամբողջ աշխարհի թերթերի և ամսագրերի երեսներին, փոստային բացիկների վրա և, շնորհիվ դրա, դարձավ պաշտամունքի առարկա ամբողջ աշխարհում։

Վանդալիզմի դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնարդո դա Վինչիի ստեղծած նկարը և Պրադո թանգարանում պահվող պատճենը

1956 թվականին այցելուներից մեկը նկարի վրա ծծմբաթթու լցնելով վնասեց նրա ներքևի մասը, իսկ նույն տարվա դեկտեմբերի 30-ին երիտասարդ բոլիվիացի Ուգո Վիլյեգասը քարով նկարին խփելով վնասեց արմունկի մոտի ներկի շերտը։ Դրանից հետո նկարի պաշտպանության համար այն տեղադրեցին հարվածադիմացկուն ապակու ետևում։ 2009 թվականին ապրիլի 2-ին ֆրանսիական քաղաքացիություն չստցած մի ռուսաստանցի կին ապակու վրա է նետել կավե աման։

Մինչ այդ՝ 1974 թվականի ապրիլին, Տոկիոյում ցուցադրվելու ժամանակ մի կին, վիրավորված լինելով հաշմանդամների հանդեպ թանգարանի վերաբերմունքից, փորձել էր կարմիր ներկ փչել նկարի վրա։ Այս վերջին երկու դեպքերում նկարը չի տուժել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://musee.louvre.fr/oal/joconde/indexFR.html
  2. Joconde
  3. իտալ.՝ Prese Lionardo a fare per Francesco del Giocondo il ritratto di mona Lisa sua moglie(Vasari 1879, էջ 39)
  4. Clark, Kenneth (March 1973)։ «Mona Lisa»։ The Burlington Magazine (vol 115 ed.) 115 (840): 144–151։ ISSN 0007-6287։ JSTOR 877242 
  5. Wiesner-Hanks, Merry E. (2005). An Age of Voyages, 1350–1600. New York: Oxford University Press. էջ 26. ISBN 0-19-517672-3. 
  6. Chaundy, Bob (սեպտեմբերի 29, 2006)։ «Faces of the Week»։ BBC։ Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 5 
  7. Leonardo, Carmen Bambach, Rachel Stern, and Alison Manges (2003). Leonardo da Vinci, master draftsman. New York: Metropolitan Museum of Art. p. 234. ISBN 1588390330
  8. (Kemp 2006, էջեր 261–262)