Բրազիլիայի հայոց թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բրազիլիայի թեմից)
Սուրբ Գևորգ եկեղեցի, Սան Պաուլո

Բրազիլիայի հայոց թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Հարավային Ամերիկայի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող երեք թեմերից (Արգենտինայի և Ուրուգվայի թեմերի հետ միասին) մեկը, որը ներկայացնում է առաքելական բրազիլահայության հոգևոր կյանքը։

Առաջնորդանիստը՝ Սան Պաուլոյի Սուրբ Գևորգ եկեղեցի։ Թեմի առաջնորդն է Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը (2014 թվականից)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմը կազմավորվել է 1983 թվականին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Թեմի վարչական տարածքն ընդգրկում է գլխավորապես Սան Պաուլո, Օզասկու, Ռիո դե Ժանեյրո և մի քանի այլ քաղաքներ, որտեղ բնակվում են մեծաթիվ հայ ընտանիքներ։ Առաջին հայ հոգևորականը, որը 1923 թվականին Մերձավոր Արևելքից գաղթածների հետ հաստատվել է Բրազիլիայում, Գաբրիել ավագ քահանա Սամուելյանն էր։ Նոր վերաբնակեցվածները կազմել են հանձնաժողով՝ գաղութը կազմակերպելու և վարչություն ստեղծելու համար։ Հանձնաժողովը դիմել է ամերիկահայոց թեմի առաջնորդին (Նյու Յորք)՝ իրենց վարչությունը վավերացնելու և Բրազիլիայի հայ համայնքի եկեղեցի ու ազգային կյանքն իր հովանու տակ առնելու խնդրանքով։

1933 թվականին Բրազիլիան ընդգրկվել է Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակության կազմում (կենտրոնը՝ Բուենոս Այրես)։ Հայրապետական պատվիրակ է նշանակվել Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանը (1938-1951, ապա 1951-1961 թվականներին՝ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք

1983 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակությունը բաժանվել է երեք առանձին թեմերի։ Բրազիլիայում առաջին հայկական եկեղեցին՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչը, կառուցվել է 1935 թվականին, Օզասկու քաղաքում (ներկայումս եկեղեցու սպասարկումը կատարում են Սան Պաուլոյի Սուրբ Գևորգ եկեղեցու քահանաները)։ Բրազիլիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1938 թվականին, վերակառուցվել՝ 1948 թվականին։ 1980-2014 թվականներին Բրազիլիայի թեմի առաջնորդ է եղել Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը։

2014 թվականի մարտի 31-ին Սան Պաուլոյում, նախագահությամբ Բրազիլիայի հայոց թեմի նախկին առաջնորդ Տեր Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանի և ատենապետությամբ թեմական խորհրդի նախագահ Անդրե Կիսաջիկյանի, թեմի պատգամավորական ժողովը Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրել առաջնորդական փոխանորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Բերբերյանին[2]։ Թեմում իրենց հոգևոր սպասավորությունն են բերում երկու քահանաներ՝ Տ. Եզնիկ ավագ քահանա Կյուզելյան և Տ. Պողոս ավագ քահանա Պարոնյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. Ընտրվել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: