Բնակվում են հայեր, կան նաև վրացիներ։ Հայերի մի մասը բնիկներ են, մյուսները գաղթել են Ալաշկերտից և Արդահանից՝ 1829-1830 թվականներին։ Համաձայն 2014 թվականի հաշվառումների, գյուղն ուներ 770 բնակիչ։
Բնակիչներն զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Խորհրդային Միության տարիներին գյուղում կար մեքենավերանորոգման կայան, կարի արհեստանոց, հայկական միջնակարգ և վրացական ութամյա դպրոցներ, գրադարան, հիվանդանոց և այլն։ Հայկական դպրոցի շենքը կառուցվել էր 1867 թվականին, սկզբում եղել է մեկդասյան, հետագայում ` երկդասյան։
Բարալեթում կա երկու եկեղեցի` վրացական (XI դար) և հայկական («Սուրբ Աստվածածին»), որը կառուցվել է հին եկեղեցու տեղում ` 1868 թ-ին։
Բարալեթը հիշատակվում է XVIII դարում ` Վախուշտիի կողմից որպես քաղաք։ Գյուղի շուրջը պահպանվել են վանքի, շենքերի, պարիսպների ավերակներ և գերեզմաններ, որտեղ հայտնաբերվել են քարե դագաղներ, իսկ 0,5 կմ հյուսիս գտնվում է սրբատաշ քարով կառուցված «Սուրբ Ստեփանոս» մատուռը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 308)։