Ալաթուման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Ալաթուման
վրացերեն՝ ალათუმანი
Դրոշ Զինանշան
Flag of Akhalkalaki Municipality.svg COA of Akhalkalaki.svg

GEO-SJ-AK.svg
Կոորդինատներ: 41°35′18.996″ հս․ լ. 43°31′37.992″ ավ. ե. / 41.58861000° հս․. լ. 43.52722000° ավ. ե. / 41.58861000; 43.52722000
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՍամցխե-Ջավախք
ՄունիցիպալիտետԱխալքալաքի մունիցիպալիտետ
Մակերես1150 ար. կմ²
ԲԾՄ1800մ մ
Բնակչություն388[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
##Ալաթուման (Վրաստան)
Red pog.png
##Ալաթուման (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Red pog.png

Ալաթուման (վրացերեն՝ ალათუმან՝ Ալաթուման), հայաբնակ բնակավայր Վրաստանի Ախալքալաքի մունիցիպալիտետում, պատմական Ջավախքի գավառի տարածքում, շրջկենտրոն Ախալքալաքից ուղիղ գծով 20 կմ դեպի հյուսիս։ 1987 թվականի տվյալներով ուներ 185 տուն և 907 մարդ բնակչություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալաթուման գյուղը հիմնադրել են Էրզրումի Գաղտառիճ գյուղից Ջավախք գաղթած գաղտառիճցիները: 1959 թ.-ին այն կոչվել է Ալիսուբան, ունեցել է 14 տուն և հարկվել է 14.000 ակչե: Դարձյալ Ալաիսուբան անունով այս գյուղից Մեհմեդ Իբրահիմը 1718-1719 թթ. գանձել է 26000 ակչե: Գյուղացիների հիմնական զբաղմունքը եղել է ու մնում է հողագործությունը, այնուհետև սկսել են զբաղվել նաև անասնապահությամբ: Գյուղացիները հիմնականում զբաղվում են կարտոֆիլի մշակությամբ: Կան ընտանիքներ, որոնք ունեն մրգատու ծառեր ու այգիներ:

Ալաթումանի հանրային տնտեսության գաղափարը հաղթանակեց միայն 1937 թ.: Տնտեսությունը վերելք ապրեց հիմնականում 1970-1980-ական թվականներին, իսկ 1995 թ-ից սկսվեց գյուղն անկում ապրել: Գյուցացիների ամեն մի ընտանիք ստացավ միայն 1.25-ական հա հողակտոր: Գյուղի բնակիչների մեծ մասը հողատարածքները վերցրել են վարձակալությամբ: 1937 թվականին գյուղի հանրայնացման օրը անհիմն ձևով գյուղից աքսորվեց Հակոբ Կուրղինյանը, որը Սիբիրում էլ կնքեց իր մահկանացուն: Ավելի ուշ 1941 թվականի երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակից եղան նաև 120 երիտասարդ ալաթումանցիներ, որոնցից 45-ը հերոսաբար ընկան մարտի դաշտում: Պատերազմում երեք որդու կորուստ ունեցավ Հայրապետ Կուրղինյանը (Անդրանիկ, Փայլակ, Վաղարշակ): Հավերժ փառք ընկածներին…

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրենց ակտիվ մասնակցություններն են ունեցել Փայլակը Չախոյան (1917 թ.), Հովհաննեսը Գալոյան և այլոք: Վերոնշյալ երկու մասնակիցներն իրենց առաքելությունները արժնապատվորեն իրականացնելուց հետո արժանացել են բազում շքանշանների Իոսիֆ Ստալինի կողմից, նույնիսկ Փ. Չախոյանը շքանշան է ստացել մեկ ռազմական օպերացիա իրականացնելու ընթացքում 7 գերմանացի սպաների սպանելու համար, սակայն դժբախտաբար վիրավորվում է 2 տեղից, ոտքից և ուսից այդպես էլ վերադառնում հայրենի տուն` Ալաթուման:

Կյանքն ապացուցել է, որ մարդ-արարածը ի վիճակի է հաղթահարելու ճակատագրի մատուցած բոլոր տեսակի դառնություններն ու դժվարությունները: Ալաթումանցիներն էլ կարողացան հաղթահարել իրենց բաժին ընկած բազում դժվարություններ, համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասնել տնտեսական վերելքի: Դա եղավ 1960-1970-ական թվականներին. փոխվեց մարդկանց կենցաղն ու ապրելակերպը, կառուցվեցին տուֆակերտ և լուսավոր բնակարաններ (շինարար Խաչիկ Չախոյանի 1930-2009 թթ. կողմից), մարդիկ ձեռք բերեցին անձնական օգտագործման մեքենաներ, բնակարաններում բացվեցին հեռուստացույցների կապույտ էկրանները, գյուղում կառուցվեց դպրոցի տիպային երկհարկանի (1976-1978 թթ.) շենք` 400-450 աշակերտի համար:

Ալաթումանը դասվում է Ախալքալաքի գավառի այն գյուղերի շարքին, որոնք տուժեցին 1895 թ. դեկտեմբերի 19-ի աղետալի երկրածարժի հետևանքով: Գյուղի տներից 15-ը փլվեց, զոհվեց 4 բնակիչ: երկրաշարժը վնասեց նաև գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցուն, որն այսօրվա դրությամբ դեռ կանգուն է: Մեծ բանահավաք Ե. Լալայանը իր «Ջավախք» ուսումնասիրության մեջ (էջ 50) հիշատակել է Ալաթուման գյուղի սահմանների բլրակների միջև գտնվող Արնքատեր անունով լճի մասին: Լիճը այդպես է կոչվել` նրա մեջ մի հոտաղ տղա խեղդվելու պատճառով:

Ալաթուման գյուղի հնադարյան լինելու փաստը ապացուցվում է Ժամի աղբյուրով, Մեծ քարանձավով ու Հին գերեզմանատնով: Ալաթումանի շրջակայքում գոյություն են ունեցել հին գերեզմանատներ, որոնք ավերվել են ու վերացել: Այժմ պահպանվում են մի քանի խաչքարեր (2012 թ): Ալաթումանցիները Գաղտառիճից գաղթելով Ջավախք, իրենց հետ բերել են մի ձեռագորշ դրոշակ, որի վրա ասեղնագործած են եղել` «Ի գյուղն Գաղտառիճ» բառերը: գաղթականների ասելով դա Աստղիկ Մակարյանի ձեռքի գործն է եղել, որը երկար ժամանակ պահվել է Սահակ Պետրոսյանի տանը: Այս տանը պեհելիս են եղել նաև Նարեկ ու մի քանի կրոնական գրքեր:

Գյուղն ունի, ընդհանուր առմամբ, 7 աղբյուրներ` Մեծ աղբյուր, Փոքր աղբյուր, Ժամի աղբյուր, Վավարենց աղբյուր: Մնացածները աննշան են: Մի հորդառատ աղբյուր էլ կա գյուղից կես կիլոմետր հեռավորության վրա, որը կոչվում է Միմինեթ: Այս աղբյուրից ջուր են տարել հարևան Կաջո գյուղն ու Ալաթումանի բնակիչների մի մասը: Ալաթումանցիների մյուս մասը խողովակներով խմելու ջուր են քաշել հարևան Բեժանո գյուղից (մոտ 3,5-4 կմ երկարությամբ):

Ալաթումանի Սուրբ Երրորդություն եկեղեցին մինչև վերանորոգում (2012 թ.)

Տեսարժանիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Երրորդություն եկեղեցի (Սուրբ Հովհաննես եկեղեցի), որը գյուղացիների օժանդակությամբ կառուցել է տերտեր Արոյանը՝ 1830-ական թվականներին, վերանորոգվել է 1856 թվականին, սակայն տուժել է 1895 թվականի դեկտեմբերի 19-ի երկրաշարժից: Եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 2013 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գյուղի բարերար Ալիկ Մակարյանի հովանավորությամբ, որից հետո այն սկսել է գործել: Այս եկեղեցին քարաշեն, փայտածածկ, արևմտյան ճակատում միակ մուտքով, նույն ճակտոնի գագաթին զանգակատնով ու խաչքարով ուղղանկյունաձև կառույց է: Բացի արևմտյան ճակատից և լուսամուտներից, որոնք սրբատաշ քարից են, մնացած հատվածները անմշակ քարից են:

Գյուղի անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յորգին Չախոյան (Գերմանիա)
  • Թաթոս Չախոյան (Ռուսաստանի Դաշնություն՝ Թաթարստան)
  • Եղո Մանուկյան
  • Ռուբեն Տոնոյան
  • Գարուշ Պետրոսյան (Հայաստան)
  • Անդրանիկ Չախոյան
  • Հովհաննես Գալոյան
  • Պետրոս Պետրոսյան
  • Փայլակ Չախոյան
  • Խաչիկ Չախոյան
  • Հենրիկ Տոնոյան
  • Նորիկ Կարապետյան
  • Ալիկ Մակարյան
Ալաթումանում Երկրորդ աշխարհամարտի զոհերի հուշարձան

Բժիշկներ՝ Յորգին Չախոյանը (Գերմանիա) և Թաթոս Չախոյանը (Ռուսաստանի Դաշնություն) «հայտնի է Դարզան անվամբ»: Յորգին Չախոյանի բարեգործության շնորհիվ գյուղում կանգնեցվել է Հայրենական մեծ պատերազմում անհետ կորածների հուշարձանը: Նա նաև գյուղի բնակիչների համար տարբեր տեսակի իրեղեն օգնություն է ուղարկել Գերմանիայից մինչև 2000 թվականը: Ալաթումանի (այդ ժամանակ) միջնակարգ դպրոցի առաջին ուսուցիչներ Եղո Մանուկյանն ու Ռուբեն Տոնոյանը մեծ ներդրում են ունեցել գյուղի դպրոցի ձևավորման և կայացման գործում: Գյուղի անվանի մարդկանցից 1941 թվականին ծնված Պետրոսյան Գարուշ Պետրոսին մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկայի ուսուցման տեսության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ: Գիտնականը այսօր 100-ից ավելի գրամեթոդական հոդվածների և թեզիսների, ինչպես նաև 8 հրատարակած գրքերի հեղինակ է: Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներից միայն Փայլակ Չախոյանն է, որ լինելով սպա պարգևատրվել է տասնյակ մեդալներով, նույնիսկ իր խիզախության համար պարգևատրվել է անձամբ Իոսիֆ Ստալինի կողմից: Շինարար Խաչիկ Չախոյանը (1930-2009) կառուցել է գյուղի բնակարանների ու շինություների կեսից ավելին: Նա նաև կառուցել է Ախալքալաքի տասնյակ գյուղերի հարյուրավոր բնակարաննր ու շինություններ, իսկ 1990-ական թվականների սկզբներին դարձել է գյուղի ջրաղացպան: Գյուղի ջրաղացի երկու քարերը կանգ են առել Խաչիկ Չախոյանի մահից մի քանի օր հետո (2009 թվականի հունվար):

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակչության թիվը գնալով աճել է մինչև Խորհրդային միության փլուզում: 1841թ-ին ունեցել է 109 բնակիչ, որից 69-ը արական սեռի, 40-ը`իգական: 20-րդ դարի սկզբին Ալաթուման գյուղն ուներ 67 տուն, 1916-ին՝ 678, 1969-ին՝ 1120, իսկ 1987-ին՝ 907 բնակիչ: Ալաթուման գյուղի բնակչությունը կտրուկ աճել է 1929-1930թթ-ին: Թուրքերի հերթական հալածանքներից խուսափելու համար, հայերի հոծ զանգված պատմական Հայաստանի Կարնո նահանգի Էրզրում վիլայեթից 40կմ հեռավորության վրա գտնվող Մեծ Գաղտառիճ գյուղից թողնելով իրենց բնակավայրը բնակություն են հաստատել Ալաթուման գյուղում 7-9 ընտանիք (Չախոյանների՝Չախոյենք, Տոնոյանների՝ Տոնոյենք, Պետրոսյանների՝Պետրոսենք, Գալոյանների՝Գալոյենք և ավելի ուշ (1930թ-ին) Միքայելյանները՝Քնեյենք), 70 հայ: Ցավոք, Մեծ Գաղտառիճ գյուղի բնակիչների մեծ մասը մնաց տեղում և չտեղափոխվեց: 1915թ-ին Մեծ եղեռնի ժամանակ նրանք մորթվեցին թուրքերի արյունաշաղաղ ձեռքերով: Այս գյուղում մինչև մեր օրերը պահպանվել էին զանազան հնություններ: Բնակիչները 1915թ-ին հազարավոր հայերի հետ հոշոտվեցին հունիսի 14-ին, Կամախի կիրճում:

Ալաթումանի բնակչությունը մինչև ԽՍՀՄ-ի փլուզումն ուներ մոտ 1300 բնակիչ և 370 կառույց, որից 360-ը բնակելի տներ են: Գյուղն ուներ նաև Ջրաղաց, Հարսանյաց տուն, Փուռ, Բուժկետ, 2 դպրոց`Ալաթումանի հին ու նոր դպրոցներ և այլ կառույցներ: Հին դպրոցը, որը 1960-ականներին դարձավ մշակույթի կենտրոն, որտեղ գյուղացիները գնում էին սովորելու հայկական ավանդական քոչարի՝ պարը կոչվում է«Երկուս գնա, մեկ արի», իսկ Ալաթումանի արդեն նորակառույց դպրոց հաճախում էին հարևան 4 գյուղերի՝Ագանայի, Մեծ Կաջոյի, Փոքր Կաջոյի և Մոդեգամի, թվով 430 աշակերտներ մինչև ԽՍՀՄ-ի փլուզում: 1990-ական թվականներից սկսած Ալաթումանի միջնակարգ դպրոց են հաճախել ալաթումանցիները և որոշ մոդեգամցի աշակերտներ (մոդեգամցիները 9-ամյա դպրոցն ավարտելուց հետո գալիս էին Ալաթումանի 11-ամյա միջնակարգ դպրոցում ուսումը շարունակելու նպատակով), իսկ աշակերտների թիվը գնալով նվազել է 2011-2012 ուստարում մինչև 96 աշակերտի: Այժմ Ալաթումանի աշակերտների թիվը 72 է (2018 թ.):

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 7 ნოემბერი, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 134 CC-BY-SA-icon-80x15.png